Գլխավոր տեղեկություն
Համար
N 1415-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1415-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

     

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով 11-րդ հոդվածում նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնց համաձայն՝ արգելվում է ամուսնություն կնքել նույն սեռի անձանց միջև, ինչպես նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը փոխել է սեռը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ առաջին հերթին՝ ՀՀ Սահմանադրությունը, չեն տալիս «ամուսնության» հասկացությունը, սակայն թե հիմնական օրենքը, և թե ՀՀ ընտանեկան օրենսգիրքն «ընտանիք» հասկացությունն օգտագործում են կնոջ և տղամարդու կայուն միության համատեքստում:

.... Ոչ ՀՀ Սահմանադրությունը, ոչ էլ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները չեն սահմանում նույն սեռի անձանց միության համար իրավական նախադրյալներ ապահովելու՝ պետությանը պարտավորեցնող պահանջներ»:

Անդրադառնալով նախագծով նախատեսվող՝ նույն սեռի անձանց միջև ամուսնության կնքման արգելք սահմանող կարգավորմանը՝ հայտնում ենք հետևյալը:

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց՝ ամուսնական տարիքի` տասնութ տարեկանի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրորեն ամրագրել է կամքի ինքնավարության հիման վրա տղամարդու և կնոջ միմյանց հետ ամուսնության իրավունքը, իսկ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը որպես ամուսնության կնքման հիմնական պայման, բացի կամքի ազատությունից և սահմանված տարիքից, նշել է նաև սուբյեկտներին, դրանք են` կինն ու տղամարդը: Այսինքն՝ գործող կարգավորմամբ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը, ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ, ամուսնության կնքման էական պայման է դիտարկել ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը, ինչից բխում է, որ տվյալ պայմանի բացակայության դեպքում ամուսնություն չի կարող կնքվել: Հետևաբար՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված պայմանի բացակայության հիմքով ամուսնության կնքման արգելքն իրավաչափ է՝ անկախ առաջարկվող արգելքը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածում ամրագրելուց:

Ինչ վերաբերում է այն կարգավորմանը, որի համաձայն՝ արգելվում է ամուսնություն կնքել այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը փոխել է սեռը, ամուսնացող անձանցից թեկուզև մեկի սեռը փոխած լինելու հանգամանքով պայմանավորված արգելք նախատեսող կարգավորմանը, հայտնում ենք հետևյալը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ ամուսնությունը նույն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:

Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտի գրառում կատարելու համար պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք հիմք են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման համար, և դիմողի անձը հաստատող փաստաթուղթ։ Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը, որոնք տվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինները և ներկայացվել են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար, պետք է հյուպատոսական օրինականացման ենթարկվեն, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, և թարգմանվեն հայերեն։

Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը, եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:

Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժվում է, եթե այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Այսպիսով՝ պետական գրանցում իրականացնող մարմինները կարող են մերժել քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը միայն օրենքով հստակ սահմանված դեպքերում: Կարծում ենք, որ նախագծով նախատեսված կարգավորումը՝ սեռը փոխած անձանց ամուսնության գրանցման արգելքի մասով, խնդրահարույց է՝ հետևյալ հիմնավորմամբ:

Նախագծի ընդունման դեպքում խնդիր է առաջանալու հետևյալ հարցերի պարզաբանման մասով՝ ու՞մ վրա է դրվելու ամուսնության գրանցման դիմում ներկայացրած անձանց սեռափոխված լինելը կամ չլինելը գնահատելու պարտականությունը, արդյո՞ք պետական գրանցում իրականացնող անձը բոլոր դիմում ներկայացրած անձանց պետք է դիտարկի որպես սեռը փոխած, կամ ո՞ր դեպքերում կամ ի՞նչ հանգամանքներից ելնելով կարող է ենթադրել, որ դիմողի սեռը փոխված է, արդյո՞ք պետական գրանցում իրականացնող անձն է որոշելու՝ ում վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պահանջել, իսկ ում վերաբերյալ՝ ոչ՝ հաշվի առնելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքները, և արդյո՞ք գրանցում իրականացնող անձի կասկածները կամ ենթադրությունները բավարար են պետական գրանցումը մերժելու համար: Այսինքն՝ վարչարարության իրականացման ընթացքում խնդիրներ են ծագելու վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանման առումով (այդ թվում՝ կամայականության արգելք, վարչարարության համաչափություն, ձևական պահանջները չարաշահելու արգելք): Ընդ որում՝ առավել ևս օտարերկրյա քաղաքացիների պարագայում խնդրահարույց է լինելու անձի սեռափոխված լինելու հանգամանքի բացահայտումը: Այսինքն՝ նախագծի ընդունման դեպքում նախագծի գործնական կիրառումը խնդիրներ է առաջացնելու:

Ամփոփելով վերոգրյալը` կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագիծը ներկայացված տարբերակով ընդունելու նախաձեռնությունից՝ ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան