«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 586-Ն
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում գնահատման միասնական համակարգ ստեղծելու նպատակով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին ու 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
ա) «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման իրականացումն է.
բ) «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման չափանիշների և դրանց իրականացման մեխանիզմների ու գործիքակազմի մշակման ապահովումը,
սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը,
տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը,
սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ստուգման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների թեստավորումն ու քննությունների գործընթացի կազմակերպումը,
ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպումը,
սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը,
սովորողների գիտելիքների ստուգումների և քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրապարակումը,
կրթության համակարգի գնահատման չափանիշների մշակման ապահովումը,
գնահատման մեթոդների կատարելագործման նպատակով փորձարարական ծրագրերի մշակումն ու իրականացումը,
դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուղղակի կապի պահպանումը և քննությունների արդյունքների տրամադրումը.
գ) «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:
4. Թույլատրել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.
2) թեստերի փորձաքննության իրականացում.
3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.
4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.
5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:
(4-րդ կետը խմբ. 10.05.12 N 591-Ն)
5. «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 29.10.09 N 1290-Ն, 24.10.19 N 1469-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) իրականացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը.
բ) ապահովել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը:
7. «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված կրթության որակի և համապատասխանության առաջարկված ծրագրի` նախապատրաստման կանխավճար նամակ-համաձայնագրի (N ՊՊՖ Ք-339-0 ԱՄ) հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ինչպես նաև կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
5. Կազմակերպությունը պատասխանատու չէ իր հիմնադրի պարտավորությունների համար: Կազմակերպության հիմնադիրը պատասխանատու չէ կազմակերպության պարտավորությունների համար:
6. Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
7. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, իր անունից կնքում է պայմանագրեր, ձեռք բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում հանդես գալիս որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է բանկերում (այդ թվում` նաև օտարերկրյա) բացել հաշիվներ ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով։ Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են կազմակերպությանը:
9. Կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` | «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ |
հայերեն կրճատ՝ | «ԳԹԿ» ՊՈԱԿ |
ռուսերեն լրիվ՝ | ԳՈՍՈՒԴԱՐՍՏՎԵՆՆԱՅԱ ՆԵԿՈՄՄԵՐՉԵՍԿԱՅԱ ՕՐԳԱՆԻԶԱՑԻՅԱ «ՑԵՆՏՐ ՕՑԵՆԿԻ Ի ՏԵՍՏԻՐՈՎԱՆԻՅԱ» |
ռուսերեն կրճատ՝ | ԳՆԿՈ «ՑՕՏ» |
անգլերեն լրիվ՝ | «ԱՍՍԵՍՍՄԵՆՏ ԱՆԴ ՏԵՍՏԻՆԳ ՍԵՆՏԵՐ» ՍՏԱՏԵ ՆՈՆ ՏՐԱԴԵ ՕՐԳԱՆԻԶԱՏԻՕՆ |
անգլերեն կրճատ՝ | «ԱՏՍ» ՍՆՏՕ |
10. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Այգեստան 9/4:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Կազմակերպության գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման իրականացումն է:
12. Կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա) գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման չափանիշների ու դրանց իրականացման մեխանիզմների և գործիքակազմի մշակման ապահովումը.
բ) սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը.
գ) տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը.
դ) սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների թեստավորումը և քննությունների գործընթացի կազմակերպումը.
ե) ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպումը.
զ) սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը.
է) սովորողների գիտելիքների ստուգումների և քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրապարակումը.
ը) կրթության համակարգի գնահատման չափանիշների մշակման ապահովումը.
թ) գնահատման մեթոդների կատարելագործման նպատակով փորձարարական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժ) դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուղղակի կապի պահպանումը և քննությունների արդյունքների տրամադրումը:
13. Կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն.
2) թեստերի փորձաքննության իրականացում.
3) թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.
4) կազմակերպությունների աշխատողների թեստավորում.
5) մանկավարժական աշխատողների վերապատրաստում:
(13-րդ կետը խմբ. 10.05.12 N 591-Ն)
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը (Հայաստանի Հանրապետություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, գործադիր մարմինը` ի դեմս տնօրենի, և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:
(14-րդ կետը փոփ. 29.10.09 N 1290-Ն, 24.10.19 N 1469-Ն)
15. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) կազմակերպության հիմնադրումը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
դ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը.
ե) կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծումը` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
16. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, որը`
ա) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.
գ) հիմնադրի անունից կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 4 տարի ժամկետով.
դ) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
ե) սահմանում է կազմակերպության կառավարման համակարգը.
զ) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
է) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ը) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
ժ) հաստատում է կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը.
ժա) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.
ժգ) հաստատում է կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները.
ժդ) հաստատում է կազմակերպության կողմից մշակված և (կամ) մշակումն ապահովված նյութերի` գնահատման չափանիշների, իրականացման մեխանիզմների, գործիքակազմի և քննական առաջադրանքների վերջնական տարբերակները.
ժե) ստեղծում է հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան.
ժզ) սահմանում է կազմակերպության գործադիր մարմնի աշխատանքների նկարագրությունը.
ժէ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
(16-րդ կետը փոփ. 29.10.09 N 1290-Ն, 24.10.19 N 1469-Ն)
17. Կազմակերպության գործադիր մարմինը տնօրենն է, որը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) մասնակցում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
ժ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
18. Կազմակերպության գործադիր մարմնի թեկնածուների առաջադրումը և ընտրությունը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(18-րդ կետը խմբ. 29.10.09 N 1290-Ն)
19. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որը`
ա) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.
բ) ընթացիկ վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ.
գ) հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.
դ) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ.
ե) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.
զ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.
է) հաստատում է իր աշխատակարգը.
ը) իր կազմից ընտրում է կոլեգիալ կառավարման մարմնի նախագահին և քարտուղարին.
թ) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.
ժ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.
ժա) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.
ժբ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժգ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին.
ժդ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկությունները.
ժե) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
20. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը կազմված է 14 անդամից`
ա) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,
ա.1.) մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից,
բ) 3 անդամ` «Դպրոցների տնօրենների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից,
գ) 3 անդամ` «Ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպությունից,
դ) 2 անդամ` ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից,
ե) (ենթակետն ուժը կորցրել է 29.10.09 N 1290-Ն)
զ) (ենթակետն ուժը կորցրել է 29.10.09 N 1290-Ն)
է) 4 անդամ` կազմակերպության աշխատավորական կոլեկտիվից:
Բացառությամբ սույն կետի «է» ենթակետի` մնացած ենթակետերում նշված` կազմակերպության անդամների թեկնածուներն առաջադրվում են տվյալ հաստատությունների ղեկավար մարմինների կողմից` առաջին անգամ 2 տարի ժամկետով, այնուհետև` 4 տարի ժամկետով: Սույն կետի «է» ենթակետում նշված` կազմակերպության աշխատողներից կոլեգիալ մարմնի անդամներին ընտրում է կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը` առաջին անգամ 2 տարի ժամկետով, այնուհետև` 4 տարի ժամկետով:
(20-րդ կետը փոփ., լրաց. 29.10.09 N 1290-Ն, փոփ. 24.10.19 N 1469-Ն)
21. Լիազորված պետական մարմնի ղեկավարը չի կարող միաժամանակ լինել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նախագահը:
22. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են կոլեգիալ կառավարման մարմնի նախագահը և քարտուղարը:
23. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 2 ամիսը մեկ անգամ, կամ իր անդամների հարցման միջոցով:
24. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նախագահը նախագահում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերը, իսկ նրա բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ` կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամներից մեկը, իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերի օրակարգերը, կազմակերպում կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` սույն կանոնադրությամբ և օրենքով նախատեսված գործունեությունը:
25. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի քարտուղարն արձանագրում է նիստերը, կազմակերպում կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի գործավարությունը:
26. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինն իր արտահերթ նիստերի օրակարգի և ժամի մասին գրավոր տեղեկացնում է իր անդամներին` առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
27. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերի քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է նրա անդամների կեսից ավելիի մասնակցությունը: Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:
28. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համաշխարհային համակարգչային ցանցից` ինտերնետից, ընդ որում, որոշումներն ընդունվում են, եթե կողմ է քվեարկել նիստի օրակարգի մասին ինտերնետի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների պարզ մեծամասնությունը:
29. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
30. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ և այլ անձինք:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
31. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
32. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
33. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
34. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
35. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
36. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
37. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:
38. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
39. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:
40. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
41. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
42. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
43. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
44. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
45. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
46. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
47. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 29.10.09 N 1290-Ն, խմբ. 10.05.12 N 591-Ն, փոփ. 24.10.19 N 1469-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |