ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1220-Լ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-260-20.08.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-260-20.08.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-260-20.08.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (Պ-260-20.08.2019-ՏՀ-011/0) առաջարկվում է 2017-2020 թվականների մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է, որ ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու նպատակով եղել են առաջարկություններ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ նաև աշխատանքային կոլեկտիվի կողմից: Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով՝
1) ներդրումներ ներգրավելու և բժշկական հաստատության պրոֆիլը պահպանելու նպատակով առաջարկվել է ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման` մրցութային եղանակով.
2) ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 749157087 դրամ.
3) սահմանվել են մրցույթի հաղթողի որոշման պայմանները՝ գին, որը չի կարող ցածր լինել բաժնետոմսերի գնահատված արժեքի 75 տոկոսից, վճարման ժամկետներ, ներդրումների չափ, ինչպես նաև ներկայացվող առաջարկությունները գնահատելու կշռային գործակիցներ.
4) սահմանվել է, որ գնորդը մասնավորեցումից և պայմանագրի կնքումից հետո վեց ամիս պետք է պահպանի ընկերության աշխատողների թիվը և աշխատավարձերի չափերը, պայմանագրի կնքումից հետո պետք է ապահովի ընկերության պրոֆիլի պահպանումը և ընդլայնումը` պոլիկլինիկական գործառույթներով, ինչպես նաև առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է ապահովի ընկերության կողմից իրականացվող բժշկական օգնության ծառայության ծավալները, որոնք չեն կարող պակաս լինել 2018 թվականի ընթացքում ընկերության կողմից բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալներից՝ 12000 հիվանդ, որից 3000-ը` ստացիոնար։
Նշված նախագիծը համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ։
Հարկ է նշել, որ ներկայումս մաշկային և սեռափոխանցվող հիվանդություններն ախտորոշվում ու բուժվում են ամբուլատոր պայմաններում, իսկ բարդացված կամ այլ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում պացիենտները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են բազմապրոֆիլ հիվանդանոցներում:
Միաժամանակ հստակեցման կարիք ունի օրենքի նախագծին կից հիմնավորման մեջ նշված այն պնդումը, որ ընկերության գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, սակայն, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը կամ պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից առաջարկվող՝ նշված պայմաններով ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցումը ներդրումների ներգրավման միջոցով ավելի կնպաստի մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, քան ընկերության` որպես պետական հաստատություն մնալը։ Ավելին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նախապես հայտնել է նաև պետական պատվերի ծավալների նվազեցման մասին:
Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող օրենքի N 1 հավելվածը թողնել անփոփոխ: