ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 հուլիսի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մայիսի 14-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Բրյուսելում:
2. Համաձայնագրով փոխադարձության սկզբունքի, միջազգային իրավունքի սահմանված նորմերի ու սկզբունքների և իրենց պետությունների ներպետական օրենսդրության հիման վրա Կողմերը համաձայնվում են թույլատրել ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի համապատասխան անդամներին՝ ընդունող Պետության տարածքում կատարել վարձատրվող աշխատանք (հոդվ. 1):
3. Ըստ Համաձայնագրի՝ վարձատրվող աշխատանքով զբաղվելու թույլտվությունը տրվում է ընդունող Պետության իշխանությունների կողմից՝ համաձայն այդ պետության օրենքների ու կանոնակարգերի և Համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդվ. 3, կետ 1): Միաժամանակ, նույն Համաձայնագրի համաձայն՝ այդպիսի թույլտվությունը չի տարածվում ընդունող Պետության քաղաքացիների կամ նրա տարածքում մշտական բնակություն ունեցող անձանց վրա (հոդվ. 3, կետ 2): Թույլտվությունը պետք է գործի այն ժամկետի ընթացքում, որով դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անձնակազմը նշանակված է ընդունող Պետության տարածքում ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում մինչև լիազորությունների ժամկետի ավարտը (հոդվ. 3, կետ 4):
4. Համաձայնագրով նախատեսված այն դեպքերում, երբ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» և 1963 թվականի՝ «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիաների (այսուհետ՝ Վիեննայի կոնվենցիաներ) կամ ցանկացած այլ կիրառելի միջազգային փաստաթղթի դրույթների համաձայն, օգտվում է ընդունող Պետության քաղաքացիական և վարչական իրավազորության անձեռնմխելիությունից, այսպիսի անձեռնմխելիությունը չի տարածվում վարձատրվող աշխատանքի ընթացքում կատարված ցանկացած գործողության վրա, և նրա վրա տարածվում է ընդունող Պետության քաղաքացիական կամ վարչական օրենսդրությունը (հոդվ. 5):
5. Համաձայնագրով նախատեսված այն դեպքերում, երբ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ստացած շահառուն՝ Վիեննայի կոնվենցիաների կամ ցանկացած այլ կիրառելի միջազգային փաստաթղթի դրույթների համաձայն, օգտվում է ընդունող Պետության քրեական իրավազորության անձեռնմխելիությունից.
ա) ուղարկող Պետությունը պետք է հրաժարվի վարձատրվող աշխատանքի թույլտվություն ստացած շահառուի՝ քրեական իրավազորության անձեռնմխելիությունից վարձատրվող աշխատանքից բխող ցանկացած գործողության կամ անգործության նկատմամբ՝ բացի այն հատուկ դեպքերից, երբ ուղարկող Պետությունը գտնում է, որ նման հրաժարումը կարող է հակասել իր շահերին,
բ) քրեական իրավազորության անձեռնմխելիությունից նման հրաժարումը չպետք է մեկնաբանվի որպես դատավճռի իրականացումից անձեռնմխելիության վրա տարածում, որի համար կպահանջվի հատուկ հրաժարում: Նման հարցում ստանալու դեպքում ուղարկող Պետությունը պետք է լրջորեն դիտարկի ընդունող Պետության խնդրանքը (հոդվ. 6):
6. Ըստ Համաձայնագրի՝ Վիեննայի կոնվենցիաների կամ ցանկացած այլ կիրառելի միջազգային փաստաթղթի դրույթների համաձայն՝ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ստացած շահառուները ընդունող Պետությունում ենթակա են հարկման և սոցիալական ապահովության ռեժիմներին այդ Պետությունում իրենց վարձատրվող աշխատանքի հետ կապված բոլոր առումներով (հոդվ. 7):
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) որպես ընդունող Պետություն՝ տալ վարձատրվող աշխատանքով զբաղվելու թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, կանոնակարգերի և Համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդվ. 3, կետ 1),
բ) որպես ուղարկող Պետություն՝ ապահովել, որ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվության բոլոր դիմումները շահառուի անունից ՀՀ դեսպանության կողմից ուղարկվեն Բելգիայի Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության արտաքին գործերի դաշնային, հանրային ծառայության արարողակարգի բաժին (հոդվ. 4, կետ 1),
գ) որպես ընդունող Պետություն՝ Բելգիայի Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամ լինելը հավաստելուց և պաշտոնական հարցմանն ընթացք տալուց հետո Բելգիայի Թագավորության դեսպանությանը ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տեղեկացնել, որ ընտանիքի անդամն ունի վարձատրվող աշխատանք կատարելու իրավունք (հոդվ. 4, կետ 2),
դ) որպես ուղարկող Պետություն՝ հրաժարվել դատարանի ցանկացած վճռի կատարման անձեռնմխելիությունից՝ կապված այն դեպքերի հետ, երբ ընդունող Պետության քաղաքացիական և վարչական իրավազորության անձեռնմխելիությունը չի տարածվում այդ պետությունում վարձատրվող աշխատանքի ընթացքում կատարված ցանկացած գործողության վրա (հոդվ. 5),
ե) ապահովել, որ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն լուծվի Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով (հոդվ. 9):
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում հղում է կատարվում մի շարք միջազգային փաստաթղթերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է Գերագույն Խորհրդի՝ 06.10.1992 թ. Հ.Ն-0703-I որոշմամբ), 1963 թվականի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է Գերագույն Խորհրդի՝ 06.10.1992 թ. Հ.Ն-0700-I որոշմամբ):
9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, մասնավորապես՝ նպատակաուղղված են պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
2 հուլիսի 2019 թվականի ՍԴՈ-1466 |