ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1329/02/10
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան
Դատավորներ՝ |
Հ. Ենոքյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. Ավանեսյան |
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2019 թվականի հունիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Գրադինվեստ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Ազատ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2018 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) դիմումի` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է վերականգնել թիվ ԵԿԴ/1329/02/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.06.2016 թվականին տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 26.04.2018 թվականի որոշմամբ Նախարարության դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.08.2018 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 26.04.2018 թվականի որոշումը վերացվել և կայացվել է նոր որոշում` Նախարարության դիմումը բավարարվել է` վերականգնվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.07.2013 թվականի վճռի հիման վրա 30.06.2016 թվականին տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 11-րդ, 13-րդ, 66-րդ հոդվածները, 94-րդ հոդվածը, 95-րդ հոդվածի 4-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը, 96-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Կատարողական թերթ տված դատարանը նման դիմումի առկայության պայմաններում պարտավոր է պարզել` թե ինչ պատճառներով և ինչ փաստական հանգամանքների ուժով է պահանջատերը բաց թողել նշված ժամկետը. եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո 1 տարին գերազանցող ժամկետով կամ պարտապանի կողմից դատական ակտի կամովին կատարման ընդհատմամբ, ապա դատարանն իրավունքի ուժով պարտավոր է բավարարել բաց թողնված ժամկետը մինչև կատարման ենթակա դատական ակտով պարտապանի կատարման համար ժամկետի ավարտից հետո 1 ամյա ժամկետը:
Նախարարությունը կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմումը կատարողական թերթը տված դատարանին պիտի ներկայացներ մինչև 31.07.2016 թվականը, սակայն վերջինս նման դիմում ներկայացրել է միայն 23.03.2018 թվականին, այսինքն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով կարգավորվող հարգելի համարվող ժամկետից ավելի քան 1 տարի 7 ամիս անց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.08.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.04.2018 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշմանը կամ փոփոխել այն` կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ պարտապանը պարտավորությունները պետք է կատարեր մինչև 31.07.2015 թվականը, այսինքն` հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունների կատարման ներկայացնելու համար օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը, ուստի նման պայմաններում Նախարարությունն իր կամքից անկախ պատճառներով օբյեկտիվորեն չէր կարող դատարանից ստանալ կատարողական թերթ և այն ներկայացնել հարկադիր կատարման: Կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու արդյունքում հարկադիր կատարողի կողմից օրենքով սահմանված կարգով 30.06.2016 թվականին հարուցվել է կատարողական վարույթ: Նշված հանգամանքների առկայության պայմաններում Նախարարությունը ողջամտորեն չէր կարող ենթադրել, որ առկա է դատարանի կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի համարելու անհրաժեշտություն:
Միաժամանակ Նախարարությունը, համարելով, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա. Հարությունյանի 02.09.2016 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» որոշումն իրավաչափ չէ, այն բողոքարկել է վարչական, այնուհետև`դատական կարգով: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրել է մերժել Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2011 թվականի վճռով բավարարվել է Երևան համայնքի հայցն ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին (հատոր 1-ին գ.թ. 81-84).
2. Վերը նշված վճռի հիման վրա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 29.08.2011 թվականին տվել է կատարողական թերթ (հատոր 1-ին գ.թ. 96).
3. Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գագիկ Սախոյանի դիմումի հիման վրա վերանայվել է դատարանի վճիռը, և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2013 թվականի վճռով հաստատվել է Ընկերության և Նախարարության միջև կնքված հաշտության համաձայնությունը, համաձայն որի` «Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 202-204-րդ հոդվածների դրույթներով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 29.08.2011թ. տրված ԵԿԴ/1329/02/10 կատարողական թերթի շրջանակներում 128,730,000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման համար հարուցված թիվ 01/02-4543/11 կատարողական վարույթով կնքում են սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին. (…) կողմերը ընդունում են, որ ք. Երևան, Եկմալյան փողոց 1-3 հասցեում գտնվող 0,115805հա մակերեսով հողամասի և այդ հողամասում կառուցվող 19158,6քմ ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ շենքի զրոյական նիշից բարձր 17985.7քմ կազմող արտաքին մակերեսի համար վերգետնյա վճարի գումարը շենքի կառուցման ավարտից հետո կկազմի 377,699,000 ՀՀ դրամ, որը ներառում է 29.08.2011թ. տրված ԵԿԴ1329/0210 կատարողական թերթով բռնագանձման ենթակա 128,730,000 ՀՀ դրամը, համաձայնվում են, որ Պարտապանը պարտավոր է վերգետնյա վճարի գումարը լրիվ վճարել մինչև ք. Երևան, Եկմալյան փողոց 1-3 հասցեում գտնվող 0,115805հա մակերեսով հողամասում կառուցվող 19158,6քմ ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության ավարտի փաստագրման ակտի ստացումից հետո երեք ամիսը լրանալը, բայց ոչ ավել մինչև 31.07.2015թ-ը» (հատոր 1-ին գ.թ. 129-131).
4. Նախարարության դիմումի համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2013 թվականի վճռի հիման վրա 30.06.2016 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին գ.թ. 162).
5. Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա.Հարությունյանի 02.09.2016 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» որոշմամբ վերացվել է Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գագիկ Սախոյանի վարույթում գտնվող թիվ 02074946 կատարողական վարույթով «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 22.07.2016 թվականի որոշումը, և կատարողական թերթը վերադարձվել է պահանջատիրոջը (հատոր 2-րդ, գ.թ. 24).
6. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Դ. Բեգինյանի 13.10.2016 թվականի որոշմամբ Նախարարության 19.09.2016 թվականի թիվ 11-3/22174-16 գրությամբ ներկայացված վարչական բողոքը մերժվել է, և Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա. Հարությունյանի 02.09.2016 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ գ.թ. 30-33).
7. «Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա. Հարությունյանի 02.09.2016 թվականի որոշումը Նախարարության կողմից վիճարկվել է ՀՀ վարչական դատարան, ինչն էլ 05.06.2017 թվականին թիվ ՎԴ/9953/05/16 վարչական գործով կայացված վճռով մերժվել է (հատոր 2-րդ գ.թ. 34-50).
8. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշմամբ 05.06.2017 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է` վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ գ.թ. 51-56).
9. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.01.2018 թվականի թիվ ՎԴ/9953/05/16 վարչական գործով կայացված որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ գ.թ. 58-61).
10. Վերաքննիչ դատարանը 20.08.2018 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 26.04.2018 թվականի որոշումը վերացրել և կայացրել է նոր որոշում` Նախարարության դիմումը բավարարել է` վերականգնել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.07.2013 թվականի վճռի հիման վրա 30.06.2016 թվականին տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը (հատոր 2-րդ գ.թ. 47-52):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, միաժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի համարելու առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...)։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին անգամ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` uկuած այն oրվանից, երբ oրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31րդ հոդվածի համաձայն` (...) եթե լրացել է [կատարողական թերթը] կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, (...) հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի իրավակարգավորմանը, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վկայակոչված հոդվածի 1-ին մասում առկա «քաղաքացի-պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է նաև վերջիններիս նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում վերջնական դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, BURDOV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:
ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե´ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները՝ ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պարտատիրոջը, եթե բացակայում է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումը պետք է տեղի ունենա դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո։
Իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության պայմաններում նման դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը ևս պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Նման իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից` միաժամանակ բացառելով պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման որևէ հնարավորությունն առանց վարչական հարկադրանքի։ Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.
1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,
2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,
3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:
Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած` օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։ Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2011 թվականի վճռով բավարարվել է հայցվոր Երևան համայնքի հայցը, և վճռվել է Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 128.730.000 ՀՀ դրամ` որպես քաղաքացիական ծրագրերի օժանդակության համար չվճարված գումար: Ընկերությունից հօգուտ պետական բյուջե բռնագանձվել է 2.574.600 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Վճռի հիման վրա 29.08.2011 թվականին տրվել է կատարողական թերթ:
Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գագիկ Սախոյանի դիմումի հիման վրա վերանայվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2011 թվականի վճիռը, և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2013 թվականի վճռով հաստատվել է Ընկերության և Նախարարության միջև կնքված հաշտության համաձայնությունը, նշված հաշտության համաձայնությամբ պարտապանի կողմից պարտավորությունների կատարման ժամկետ է սահմանվել 31.07.2015 թվականը:
Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշմամբ նշել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Նախարարության դիմումի համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2013 թվականի վճռի հիման վրա դատարանի կողմից 30.06.2016 թվականին տրվել է կատարողական թերթ։ Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գագիկ Սախոյանի կողմից 22.07.2016 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 02074946 կատարողական վարույթը: Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա. Հարությունյանը 02.09.2016 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» որոշմամբ վերացրել է Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գագիկ Սախոյանի վարույթում գտնվող թիվ 02074946 կատարողական վարույթով «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 22.07.2016 թվականի որոշումը և կատարողական թերթը վերադարձրել է պահանջատիրոջը` այն պատճառաբանությամբ, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը լրացել է, և այդ ժամկետը վերականգնելու մասին դատարանի համապատասխան որոշումը բացակայում է:
«Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա. Հարությունյանի 02.09.2016 թվականի որոշումը Նախարարության կողմից վիճարկվել է ՀՀ վարչական դատարան:
ՀՀ վարչական դատարանը 05.06.2017 թվականի թիվ ՎԴ/9953/05/16 վարչական գործով կայացված վճռով` Նախարարության հայցն ընդդեմ Ծառայության` «ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի սեպտեմբերի 19-ի N-11-3/22174-16 գրությամբ ներկայացված վարչական բողոքի վերաբերյալ» ծառայության 13.10.2016 թվականի որոշումն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` «Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» Ծառայության 02.09.2016 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին, մերժել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշմամբ 05.06.2017 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է` վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշումն ուժի մեջ է մնացել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.01.2018 թվականի «Վճռաբեկ որոշումը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ:
Նախարարությունը, 23.03.2018 թվականին դիմելով դատարան, խնդրել է վերականգնել թիվ ԵԿԴ/1329/02/10 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.06.2016 թվականին տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը:
Դատարանը մերժել է ՀՀ ֆինանսների նախարարության դիմումը` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում դիմողը 30.07.2013 թվականին կայացված վճռի հիման վրա կատարողական թերթ ստանալու համար դիմել է 23.06.2016 թվականին, ապա միայն 23.03.2018 թվականին է դիմել դատարան կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու խնդրանքով և չի նշել կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելու համար այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնք կարող են գնահատվել որպես հարգելի պատճառներ:
Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի 26.04.2018 թվականի որոշումը, արձանագրելով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2013 թվականի վճռի` որպես վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը 2013-2016 թվականներն ընկած ժամանակահատվածների համար իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել այդ դատական ակտով պահանջատեր հանդիսացող Նախարարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության իրավունքների երաշխավորված իրացումը: Ինչ վերաբերում է 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի համար կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելուն, ապա դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ 2016 թվականին կատարողական թերթը կատարման ներկայացնելու փաստով այդ ժամկետն ընդհատվել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարությունը կարող էր թիվ ԵԿԴ/1329/02/10 քաղաքացիական գործով 30.07.2013 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթը ներկայացնել հարկադիր կատարման մինչև 31.07.2016 թվականը, այսինքն` հաշտության համաձայնությամբ նշված ժամկետից` 31.07.2015 թվականից հետո, մեկամյա ժամկետում` ներկայացնելով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կատարման ներկայացնելու համար բացթողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենքով և/կամ պետական լիազորված մարմինների կողմից սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում դրանց վերականգնումը` բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելն իրավունքի ուժով, չի նշանակում դիմումի կամ միջնորդության ինքնաբերաբար բավարարում: Հակառակ պայմաններում օրենքով որոշված ցանկացած ժամկետ կդադարի ծառայել իր նպատակին` դրանով անորոշ դարձնելով ցանկացած իրավահարաբերության ծագման սկիզբը և ավարտը:
Տվյալ դեպքում Նախարարությունը Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա. Հարությունյանի 02.09.2016 թվականի «Հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին» որոշումը ստանալուց հետո, որով վերացվել է «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» 22.07.2016 թվականի որոշումը և կատարողական թերթը վերադարձվել է պահանջատիրոջը, պետք է դիմեր կատարողական թերթ տված դատարան` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջով, մինչդեռ ՀՀ վարչական դատարանում Նախարարությունը վիճարկել է նշված որոշումը` այն պատճառաբանությամբ, որ կատարողական թերթը դատարան ներկայացնելու ժամկետը բաց թողնված չի եղել: Այս համատեքստում անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում բացակայել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը վերականգնելու անհրաժեշտությունը, որովհետև 2016 թվականի կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետն ընդհատվել է, քանի որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ընդհատման հասկացություն (եզրույթ) իրավահարաբերությունը կարգավորող իրավական ակտերը չեն պարունակում:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2018 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշմանը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
|
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
|
|
Վ. Ավանեսյան |
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |