ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2018 թվականի N 1310-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի մշակման աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 4 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Զ. Մաթևոսյան |
- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական |
Գ. Մամիկոնյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական |
Մ. Ղազարյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թափոնների |
Վ. Լալայան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ |
Ս. Շահնազարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ |
Տ. Մանուկյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար |
Ա. Գևորգյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ |
Ռ. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության առաջատար մասնագետ |
Գ. Ալեքսանյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար |
Ա. Ալեքսանդրյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ |
Ա. Խաչիկյան |
- Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ (համաձայնությամբ) |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Ավետյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի մշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում աղբահանության, այդ թվում՝ աղբի հավաքման, տեղափոխման, հեռացման, աղբի կրկնօգտագործման և վերամշակման գործընթացների ապահովումն է, ինչպես նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու գործընթացներին հասարակության մասնակցության բարձրացման և էկոկրթական աշխատանքների իրականացումն է:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խումբը մշակում է հանրապետությունում աղբահավաքության և աղբի վերամշակման ծրագիրը, բանակցում է տեղի և օտարերկրյա մասնավոր ընկերությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:
5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:
7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):
10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/3-ը (կամ կեսից ավելին):
11. Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթի են: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է խորհրդի քարտուղարը:
14. Նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից:
15. Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը և քարտուղարը:
16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը՝
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.
4) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Աշխատանքային խմբի անդամը՝
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.
2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին:
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |