ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1241-Ն
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ ու 36-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Մոլդովական 29/1) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 170.898.369 դրամ արժեք, 21037.02 քառ. մետր մակերես և 2.642487 հեկտար հողամաս ունեցող գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 22.11.12 N 1462-Ն, 20.10.16 N 1070-Ն)
2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն, 20.10.16 N 1070-Ն)
5. Ստեղծել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
6. Հաստատել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
7. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկով նախատեսված շենքերի բնակիչների սոցիալական խնդիրների դեպքում խորհրդատվության ապահովումը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.15 N 345-Ն)
3) սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների) սպասարկումը՝ պահպանումը և ընթացիկ նորոգումը, սանիտարահիգիենիկ պայմանների, լուսավորության և էլեկտրասնուցման ապահովման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպման սպասարկմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
(7-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն, լրաց. 16.05.19 N 574-Ն)
8. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը գրանցել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն: Սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկով նախատեսված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(8-րդ կետը խմբ. 02.04.15 N 345-Ն, լրաց. 16.05.19 N 574-Ն)
8.1. (կետն ուժը կորցրել է 16.05.19 N 574-Ն)
8.2. Սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում նշված գույքը սեփականաշնորհման ենթակա չէ:
(8.2-րդ կետը լրաց. 16.05.19 N 574-Ն)
8.3. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկի 3-րդ կետում նշված շենքի N 127 սենյակը (17.4 քառ.մ) և 4-րդ կետում նշված շենքի N 313 սենյակը (18.6 քառ.մ) և սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկի 1-ին կետում նշված շենքի N 301 սենյակը (51.2 քառ.մ) և 2-րդ կետում նշված շենքի N 47 սենյակը (45.6 քառ.մ) օգտագործել որպես աշխատասենյակներ։
(8.3-րդ կետը լրաց. 16.05.19 N 574-Ն)
9. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողեր, նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք:
10. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` տարածքների սպասարկման աշխատանքների իրականացում: Տարածքների սպասարկման աշխատանքների իրականացման դիմաց վճարի սակագները սահմանվում են «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ լիազոր մարմնի համաձայնեցմամբ:
(10-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն, լրաց. 16.05.19 N 574-Ն)
10.1. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սպասարկվող տարածքները նշված են սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկում և N 2 ցանկում:
(10.1-ին կետը լրաց. 16.05.19 N 574-Ն)
11. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությանը:
(11-րդ կետը փոփ. 02.04.15 N 345-Ն, 20.10.16 N 1070-Ն, 16.05.19 N 574-Ն)
12. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին:
13. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հատկացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
14. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը.
3) լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում նշված մարմինների ներկայացուցիչներին:
(14-րդ կետը փոփ. 07.03.12 N 250-Ն, 22.11.12 N 1462-Ն, 02.04.15 N 345-Ն, 20.10.16 N 1070-Ն)
15. Սահմանել, որ «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ հանձնաժողովը պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնելու նպատակով:
(15-րդ կետը լրաց. 02.04.15 N 345-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետ` կազմակերպություն):
2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշմամբ` հիմնադրման միջոցով:
3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
4. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:
6. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
8. Կազմակերպության անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «Հանրակացարաններ» ՊՈԱԿ.
3) անգլերեն լրիվ` «Hanrakacaranner» State Non Comertion Organization.
4) անգլերեն կրճատ` «hanrakacaranner» SNCO:
9. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մոլդովական 29/1:
(9-րդ կետը փոփ. 20.10.16 N 1070-Ն)
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների)՝ պահպանման և ընթացիկ նորոգման, սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության, էլեկտրասնուցման ապահովման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների կատարումն է, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկով նախատեսված շենքերի բնակիչների սոցիալական խնդիրների դեպքում խորհրդատվության ապահովումը: Սույն կետով նախատեսված նպատակների իրականացման համար կազմակերպությունն ապահովում է՝
1) ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկումը և պահպանումը.
2) էլեկտրասնուցման ապահովումը.
3) սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հսկողությունը.
4) ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղի) համակարգերի անխափան գործունեության կազմակերպումը.
5) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակիչներին հատկացված սենյակների պահպանումը, սպասարկումը և ընթացիկ նորոգումը (դռների, լուսամուտների, փականների անսարքությունների վերացում, վերականգնում).
6) սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկում և N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակվող փախստականների և ոչ փախստական (տեղաբնակ) անձանց հաշվառումը.
7) սույն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկում և N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակվող փախստականների և ոչ փախստական (տեղաբնակ) անձանց շենքում բնակվելու և նրանց ընտանիքի կազմի մասին անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկանքների (նոտար, դատարան, անշարժ գույքի կադաստրի կոմիտե, բժշկական կազմակերպություն և այլն) տրամադրումը.
8) ազատ սենյակների առկայության վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնելը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն.
9) անհրաժեշտության դեպքում իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ իր կանոնադրական նպատակներից բխող պայմանագրերի կնքումը.
10) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում ընդգրկված շենքերում բնակվող անձանց սոցիալական խնդիրների դեպքում խորհրդատվության ապահովումը՝ համապատասխան ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցով.
11) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ցանկում ընդգրկված շենքերի բնակիչների կողմից բնակարաններում բնակությունից և գույքի օգտագործումից բխող պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունը, ներքին կարգ ու կանոնի ապահովումը.
12) կազմակերպության հաշվեկշռում գտնվող գույքի տարեկան գույքագրման իրականացման ապահովումը:
(10-րդ կետը փոփ. 20.10.16 N 1070-Ն, խմբ. 16.05.19 N 574-Ն)
11. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության «տարածքների սպասարկման աշխատանքների իրականացում» տեսակը:
(11-րդ կետը փոփ. 20.10.16 N 1070-Ն)
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Կազմակերպության իրավունակությունը ծագում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
13. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով:
14. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
15. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար:
16. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:
17. Կազմակերպությունը պարտավոր է`
1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.
2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի պահպանումը:
18. Կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
19. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր տնօրենը:
20. Կազմակերպության հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`
1) կազմակերպության հիմնադրումը.
2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
4) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
5) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
6) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
21. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
1) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
2) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.
3) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
4) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5) կազմակերպության գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
6) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
8) օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:
22. Կազմակերպության գործադիր տնօրենը գործում է սույն կանոնադրության, հիմնադրի և լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն:
23. Կազմակերպության գործադիր տնօրենը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և դրա հետ կապված`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից.
2) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
3) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
5) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և հսկում դրանց կատարումը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում կազմակերպության աշխատողներին.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին.
10) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի և լիազոր մարմնի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
24. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող ու կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, ինչպես նաև՝ կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:
25. Կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ, տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
26. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
27. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
28. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Կազմակերպությունը, սույն կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելիս, ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:
30. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մնացած կազմակերպության շահույթը կազմակերպության լիազորած պետական մարմնի թույլտվությամբ ուղղվում է կազմակերպության տեխնիկական զարգացման ֆոնդին:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
31. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
32. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
33. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
34. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
35. Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
36. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
37. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը փոփ. 20.10.16 N 1070-Ն, խմբ. 16.05.19 N 574-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման |
ՑԱՆԿ N 1
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Գտնվելու վայրը |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/1 (չսեփականաշնորհված տարածքներ) |
2. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/2 (չսեփականաշնորհված տարածքներ) |
3. |
Քաղ. Երևան, Շիրակի 2 ա/7 (չսեփականաշնորհված տարածքներ) |
4. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան (չսեփականաշնորհված տարածքներ) |
ՑԱՆԿ N 2
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Գտնվելու վայրը |
Շենքը, շինության |
1. |
Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 29/1 շենքի 1-ին հարկի մուտքից ձախ հատվածի NN 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 բնակարանները (201.3 քառ. մ) և 3-րդ հարկում գտնվող NN 301, 302, 303, 304, 305, 306, 307, 309, 310, 311, 312, 313, 314 բնակարանները (557.24 քառ. մ) |
758.54 քառ. մ մակերեսով |
2. |
ՀՀ Արարատի մարզ, գ. Դարբնիկ, Անդրանիկի փողոց, N 4 |
2695.9 քառ. մ մակերեսով |
(հավելվածը փոփ. 22.11.12 N 1462-Ն, 26.05.16 N 543-Ն, 20.10.16 N 1070-Ն, խմբ. 16.05.19 N 574-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |