ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2019 թվականի N 478-Լ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-071-26.03.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 3 Երևան |
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-071-26.03.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հարկ է համարում նշել, որ նախագծից պարզ չէ, թե ովքեր են լինելու օրենքի շահառուները, այլ կերպ ասած՝ ովքեր են համարվում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողներ, ինչ հիմնավորող փաստաթղթերի հիման վրա է հարկադիր կատարողը որոշելու պարտապան զինծառայողը մարտական հերթապահություն իրականացնող անձ է, թէ ոչ: Ավելին, հարց է ծագում, թե արդյոք մարտական հերթապահությունը տվյալ զինծառայողի համար մշտական կանոնակարգված աշխատանք է, թե վերջինս կարող է ամսվա մեջ մի քանի օր կամ շաբաթ իրականացնել մարտական հերթապահություն, իսկ մնացած ժամանակ որպես զինծառայող իրականացնել իր այլ պարտականությունները: Նշված դեպքերում, հարց է ծագում, թե ինչ չափով է բռնագանձում տարածվելու զինծառայողի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարների վրա: Բացի դրանից, կարծում ենք նախագծով առաջարկվող կարգավորումն արդարացի հավասարակշռում չի ապահովում զինծառայող պարտապանի և պահանջատիրոջ շահերի միջև:
Հարկ է նաև նշել, որ համաձայն գործող օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից հիսուն տոկոսից ոչ ավելի պահումներ կատարելու սահմանափակումը չի տարածվում ալիմենտի բռնագանձման, առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի վրա: Այս առումով առաջարկում ենք նախագծով նախատեսված` զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կատարվող պահումների վերաբերյալ սահմանափակումը նույնպես չտարածել օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերոհիշյալ դեպքերի վրա և նախատեսված լրացումը կատարել 58-րդ հոդվածի 1-ին մասում՝ մասը լրացնելով հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել տասը տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:»:
Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ, համաձայն որի օրենքի դրույթները տարածվելու են սույն օրենքի ընդունումից հետո հարուցված կատարողական վարույթների վրա: Նշված անցումային դրույթի անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներով պահանջատերերի իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից, որոնք արդեն իսկ պարբերաբար ստանում են մինչև 50 տոկոս: Երկրորդ, ներկայացված տեսքով նախագծի ընդունման դեպքում՝ անհնար է լինելու վեր հանել պարբերաբար վճարումներ կատարվելու հիմքով տարիներ առաջ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ավարտված բոլոր կատարողական վարույթները՝ դրանց չափերը օրենքի նախագծով սահմանված չափին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, հիշյալ կետի դրույթները վերաբերում են այն դեպքերին, երբ պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ: