ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2019 թվականի N 415-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-066-21.03.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 22 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-066-21.03.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը սահմանել միայն Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց: Ստորև նշվում են ներկայացված առաջարկության համար հիմք հանդիսացող հանգամանքները՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումներին համապատասխան՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցելը գյուղատնտեսական արտադրանքի օտարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկ չեն հաշվարկում ու չեն վճարում.
2) օրենսգրքի 126-րդ հոդվածին համապատասխան՝ շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Եկամտային հարկի հաշվարկման առումով, օրենսգրքի 148-րդ հոդվածին համապատասխան` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց՝ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները.
3) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքով ավելացված արժեքի հարկից ազատվում է նաև տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների (ԱՏԳ ԱԱ 0102 21 ծածկագիր) ներմուծումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության ոլորտի զարգացման խթանման համար համապատասխան կարգավորումները, մասնավորապես, հարկերից ազատման արտոնության տեսքով սահմանված են գործող հարկային օրենսդրությամբ, հետևաբար, ներկայացված հիմնավորմամբ տոհմային անասնաբուծության զարգացումը խթանելու նպատակով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների շրջանակն ընդլայնելու հետ կապված ներկայացնում է իր առաջարկությունը: