ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0327/02/17 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0327/02/17 |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Ս. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ռ. Հակոբյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի մարտի 05-ին
քննարկելով ըստ հայցի Գեորգի Ավետիսյանի ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն)` աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության վճռաբեկ բողոքը,Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գեորգի Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրենի` աշխատանքից ազատելու մասին 01.12.2016 թվականի թիվ 361Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 02.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը և 213-րդ հոդվածի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը բողոք բերած անձը ստացել է 24.07.2017 թվականին: Բողոք բերած անձի կողմից 31.07.2017 թվականին խախտումը վերացվել է և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է Վերաքննիչ դատարան, սակայն թյուրիմացաբար գործին մասնակցող անձին և Դատարան վերաքննիչ բողոքն ուղարկելը հավաստող փոստային անդորրագրերը չեն կցվել: Մինչև վերաքննիչ բողոքում թույլ տրված սխալները շտկելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտը` 04.08.2017 թվականին, Վերաքննիչ դատարան ներկայացվել է դիմում, որին կցվել են վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին և Դատարան ուղարկելը հավաստող փոստային անդորրագրերը, սակայն Վերաքննիչ դատարանը 04.08.2017 թվականին վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելը հավաստող որևէ ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վերաքննիչ դատարանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս կաշկանդված է բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետով:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, (...), գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տալիս սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է միմիայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում և այն պարագայում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետ է տրամադրում դրանք վերացնելու և կրկին ներկայացնելու համար, իսկ մնացած բոլոր դեպքերում թերությունները շտկելու և բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում: Ընդ որում, նշված երկշաբաթյա ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածը, որը վերնագրված է «Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը», սահմանել է այն պահանջները, որին պետք է համապատասխանի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Մասնավորապես` վերաքննիչ բողոքը պետք է պարունակի դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել նաև, որ օրենսդրի կողմից գործածվող «բողոք» եզրույթը պետք է դիտարկել որպես վերաքննիչ բողոքի բովանդակային տարրերի` տեքստային և բողոքին կից ներկայացվող պարտադիր փաստաթղթերի միասնություն, ինչը բխում է նաև այն հանգամանքից, որ այդ երկու տարրերը սահմանված են մեկ հոդվածով և կազմում են մեկ տրամաբանական միասնություն: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև այն իրողությունից, որ դրանցից որևիցե մեկի կապակցությամբ թույլ տրված խախտումը հիմք է վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձնելու համար:Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետում գործածվող «բողոք» եզրույթը պետք է մեկնաբանվի նշված տրամաբանությանը համապատասխան:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերաքննիչ վարույթի հարուցումը պայմանավորված է օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացմամբ, որը ենթադրում է օրենսդրի կողմից նախատեսված ժամկետում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ վերաքննիչ բողոքի ներկայացում վերաքննիչ դատարան: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ վարույթի հարուցման փուլի առանձնահատկություններին` նշելով, որ վերաքննիչ վարույթի հարուցման փուլը ներառում է վերաքննիչ բողոքարկման և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու շրջանակներում իրականացվող դատավարական գործողությունները: Վերաքննիչ վարույթի հարուցումը պայմանավորված է օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացմամբ, որը ենթադրում է օրենսդրի կողմից ամրագրված ժամկետում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ վերաքննիչ բողոքի ներկայացում վերաքննիչ դատարան: Պայմանավորված բողոքարկման ենթակա դատական ակտի տեսակով` գործն ըստ էության լուծող, թե միջանկյալ, օրենսդիրը նախատեսել է բողոքարկման իրավունքի իրացման տարբեր ժամկետներ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի և 140-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման պարագայում այդ ժամկետը մեկ ամիս է: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ նշված մեկամսյա ժամկետն օրենսդրի տեսանկյունից այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որի շրջանակներում անձը կարող է իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Հետևաբար այդ ժամանակահատվածում բողոքարկման իրավունքի սուբյեկտն օժտված է իրավունքների առավել լայն շրջանակով, քան վերաքննության մյուս փուլերում, և հակառակը, վերաքննիչ վարույթի հարուցման փուլում վերաքննիչ դատարանի մասնակցությունը դատավարական իրավահարաբերություններին կրում է պասիվ բնույթ` ի տարբերություն վերաքննության մյուս փուլերի: Վերոգրյալով պայմանավորված` վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքն առավել լայն դրսևորում ունի, քան վերաքննության մյուս փուլերում: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքը կարող է դրսևորվել նաև վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները փոփոխելով կամ լրացնելով, ինչը, սակայն, կարող է կատարվել մինչև բողոքարկման իրավունքի իրականացման համար սահմանված մեկամսյա ժամկետի ավարտը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, համաձայն որի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Նշված մեկամսյա ժամկետի ավարտից հետո կայացնելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում` վերաքննիչ դատարանը հարուցում է վերաքննիչ վարույթ, իսկ վերաքննիչ վարույթի հարուցմամբ սկսվում է բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, որի ընթացքում գործում է վերաքննիչ բողոքի հիմքերը փոփոխելու, լրացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված արգելքը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքի հիմքերը կարող են փոփոխվել և/կամ լրացվել բացառապես վերաքննության հարուցման փուլում` մինչև բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը լրանալը (տե′ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ դրանք կիրառելի են նաև այն դեպքերի նկատմամբ, երբ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով երկշաբաթյա ժամկետ որոշումն ստանալուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է հետևյալով. օրենսդիրը, սահմանելով բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, վերաքննիչ բողոքարկման ընդհանուր ժամկետը երկարաձգել է երկշաբաթյա ժամկետով՝ երաշխավորելով դատարանի մատչելիության իրավունքը: Դատավարական այս կարգը, սակայն, բացարձակ բնույթ չի կրում և վերաբերում է միայն բողոքի այն թերություններին, որոնք իրենց բնույթով շտկման ենթակա են և չեն բացառում վերաքննության հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ այդպիսի թերությունները կարող էին և թույլ տրված չլինել բողոքարկման ընդհանուր ժամկետի ընթացքում, այդուհանդերձ, վերաքննիչ դատարանի կողմից այդպիսիք արձանագրվելու դեպքում անձը պետք է հնարավորություն ունենա շտկելու դրանք: Օրենսդրի կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որի շրջանակներում անձը կարող է բողոքում թույլ տրված խախտումները վերացնել և բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան` դրանով իսկ հնարավորություն ունենալով իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Միաժամանակ նկատի ունենալով, որ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ըստ էության, բողոքարկման ընդհանուր ժամկետի շարունակությունն է, հետևաբար դրա նկատմամբ ենթակա են կիրառման այն նույն իրավակարգավորումները, որոնք վերաբերելի են ընդհանուր ժամկետում վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը:
Վերոգրյալից հետևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը, ստանալով վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, պետք է հնարավորություն ունենա երկշաբաթյա ժամկետում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` խախտումները վերացված տարբերակով, ինչը ենթադրում է, որ բողոք բերած անձը հնարավորություն պետք է ունենա բողոքը ներկայացնել բողոքի տեքստային և բողոքին կից ներկայացվող պարտադիր փաստաթղթերի հետ միասին: Նշված պահանջը կատարելու համար օրենքով սահմանված է դատավարական ժամկետ, այն է՝ որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետ, որի ընթացքում ցանկացած ժամանակ բողոք բերած անձն իրավազոր է կատարել բողոքում թույլ տված խախտումների վերացում` ներկայացնելով բողոքը բովանդակային առումով` որպես տեքստային և բողոքին կից ներկայացվող պարտադիր փաստաթղթերի միասնություն: Ընդ որում, վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատավարական երկշաբաթյա ժամկետով և կրկին ներկայացված բողոքի կապակցությամբ իրավազոր է կայացնելու որոշում միայն այդ ժամկետն ավարտվելուց հետո: Հակառակ դեպքում` կսահմանափակվի բողոք բերած անձի` բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքը` խաթարելով անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետով, կրկին ներկայացված բողոքի վերաբերյալ, պայմանավորված կայացվող որոշման բնույթով, որոշում կարող է կայացնել հետևյալ ժամկետներում՝
1) այն պարագայում, երբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, ապա վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի բողոքը վերադարձնելու մասին.
2) այն պարագայում, երբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը բացակայում են, ապա վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ընդունի որոշում` բողոքը վարույթ ընդունելու մասին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանի 02.06.2017 թվականի վճռով Գեորգի Ավետիսյանի հայցն ընդդեմ Կազմակերպության բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 44-48): Կազմակերպությունը 30.06.2017 թվականին Դատարանի 02.06.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել (հատոր 1-ին, գ.թ. 57-66):
Վերաքննիչ դատարանը 14.07.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը վերադարձրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, մասնավորապես` վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանվել է, որ բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված (հատոր 1-ին, գ.թ. 131-132): Նշված որոշումը Կազմակերպությունը ստացել է 24.07.2017 թվականին (հիմք հետադարձ ծանուցման անդորրագիր) (հատոր 1-ին, գ.թ. 138):
Կազմակերպությունը 31.07.2017 թվականին վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է Վերաքննիչ դատարան (հատոր 2-րդ, գ.թ. 18-26)` կցելով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 31):
Վերաքննիչ դատարանը 04.08.2017 թվականի որոշմամբ վերադարձրել է Կազմակերպության վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կանոնը, մասնավորապես` կրկին ներկայացված վճռաբեկ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց (հատոր 2-րդ, գ.թ. 39-40):
Կազմակերպությունը 04.08.2017 թվականին դիմումով Վերաքննիչ դատարան է ներկայացրել գործին մասնակցող անձի ներկայացուցչին և Դատարան վերաքննիչ բողոքը ուղարկելը հաստատող փոստային անդորրագրերը, որոնց վրա առկա է «31 JUL 2017» նշագրումով կնիքը (հատոր 2-րդ, գ.թ. 44-45, 42):
Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետն ավարտվել է 08.08.2017 թվականին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կազմակերպությունը, Վերաքննիչ դատարանի 14.07.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստանալով 24.07.2017 թվականին, 31.07.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետը դեռևս չավարտված` 04.08.2017 թվականին, Կազմակերպությունը Վերաքննիչ դատարան է ներկայացրել գործին մասնակցող անձի ներկայացուցչին և Դատարան վերաքննիչ բողոքն ուղարկելը հաստատող փոստային անդորրագրերը, որոնց վրա առկա կնիքի նշագրումից հետևում է, որ վերջիններս տրվել են 31.07.2017 թվականին, այսինքն` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն արդեն իսկ 31.07.2017 թվականին` կրկին վերաքննիչ բողոքի ներկայացման օրը, ուղարկվել է գործին մասնակցող անձին և Դատարան, սակայն Վերաքննիչ դատարան ներկայացվել է 04.08.2017 թվականին: Այսպիսով, ակնկալելով, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում Վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո միայն, այն է` ոչ շուտ, քան 08.08.2017 թվականը, Կազմակերպությունը դեռևս 04.08.2017 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացրել 31.07.2017 թվականին գործին մասնակցող անձի ներկայացուցչին և Դատարան վերաքննիչ բողոքն ուղարկելը հաստատող փոստային անդորրագրերը, սակայն նույն օրը` 04.08.2017 թվականին, մինչև օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետի ավարտը Վերաքննիչ դատարանը կայացրել է «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, ինչի արդյունքում նշված փոստային անդորրագրերը քննարկման առարկա չեն դարձվել` սահմանափակելով անձի` օրենքով սահմանված ժամկետներում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետով, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ կայացրել է որոշում` նշված ժամկետն ավարտված չլինելու պայմաններում, ինչի հետևանքով քննարկման առարկա չի դարձվել բողոք բերած անձի կողմից 04.08.2017 թվականի դիմումին կից ներկայացված՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչին և Դատարան վերաքննիչ բողոքն ուղարկելը հաստատող փոստային անդորրագրերը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը նման որոշում իրավազոր էր կայացնել նշված ժամկետի ավարտից հետո, որպիսի պայմանը չպահպանելու հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցին վերստին անդրադարձ կատարելու նպատակով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ռ. Հակոբյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |