ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0500/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0500/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 20-ին
քննարկելով Անահիտ Ղազարյանի, Գառնիկ և Արթուր Բաբայանների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարատ Ափինյանի ընդդեմ Անահիտ Ղազարյանի, Գառնիկ, Արթուր, Գուրգեն և Գևորգ Բաբայանների` տան նկատմամբ փոխհատուցմամբ օգտագործման իրավունքները դադարեցնելու և վտարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Դիմելով դատարան` Մարատ Ափինյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Անահիտ Ղազարյանի, Գառնիկ, Արթուր, Գուրգեն և Գևորգ Բաբայանների օգտագործման իրավունքները Վանաձորի Նարեկացու 3-րդ փողոցի թիվ 22 բնակելի տան նկատմամբ և վտարել։
Դատաքննության ընթացքում Անահիտ Ղազարյանի ներկայացուցիչը միջնորդել է կասեցնել սույն քաղաքացիական գործի վարույթը, պատճառաբանելով, որ նշված քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Մանիկ և Մարուսյա Բաբայանների ընդդեմ Վանաձորի նոտարի, Վանաձորի կադաստրի ստորաբաժանման և երրորդ անձ Մարատ Ափինյանի` 05.01.2001 թվականին Հրաչիկ Բաբայանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և գույքի նկատմամբ Մանիկ և Մարուսյա Բաբայանների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով վճիռ կայացնելը։
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.03.2010 թվականի որոշմամբ Անահիտ Ղազարյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.04.2010 թվականի որոշմամբ Մարատ Ափինյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և վերացվել է Դատարանի 17.03.2010 թվականի <<Գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Ղազարյանի, Գառնիկ և Արթուր Բաբայանների ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարատ Ափինյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքը քննել և որոշում է ընդունել` առանց բողոքի վերաբերյալ ներկայացված պատասխանի հետազոտման և գնահատման։ Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։ Մինչդեռ վերաքննիչ բողոքի պատասխանն առաքվել է 29.03.2010 թվականին, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է 28.04.2010 թվականին։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը բողոքը քննել և որոշում է կայացրել առանց բողոքի վերաբերյալ ներկայացված պատասխանի հետազոտման և գնահատման։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.04.2010 թվականի որոշումը։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ բողոքի պատասխանը սույն գործի լուծման համար որևէ նշանակություն ունենալ չէր կարող, դրանում նշված հերքումները Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքերին որևէ ձևով չեն առնչվել, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանը քննության չառնելը կարող է դիտվել ձևական խախտում և գործի լուծման համար նշանակություն չի ունեցել։ Հետևաբար վերաքննիչ բողոքի պատասխանի բովանդակությունը որոշմամբ չնշելը չի կարող որոշումը բեկանելու հիմք հանդիսանալ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները։
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը որոշման ներածական` <<գործի դատավարական նախապատմություն>> մասում, նշել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։ Մինչդեռ Անահիտ Ղազարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 31.03.2010 թվականին /հատոր 2-րդ, գ.թ. 165/, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է 28.04.2010 թվականին։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը որոշման մեջ չի նշել պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները` խախտելով կողմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածով ամրագրված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ ներկայացված դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում քննարկվելու իրավունքը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի պատասխանը քննարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է կայացներ հակառակ որոշում։ Վերաքննիչ բողոքի պատասխանում, մասնավորապես, նշված է. <<Բողոքաբերը բողոքի մեջ որպես էական նշանակություն ունեցող հանգամանք` նշել է`<<…Վարչական դատարանը քննության է առնում քաղաքացիական գործն ըստ հայցի` …. <<2001 թվականի հունիսի 5-ի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն ու առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, 2001 թվականի փետրվարի 5-ի սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու և որպես տիրապետող ժառանգներ` իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին>>։ Սակայն նման հայցապահանջ ներկայումս չկա, ներկայացված ձևակերպմամբ հայցը երեք անգամ փոփոխվել է։ Հայցադիմումի քննությունը տարբեր ժամանակներում տարբեր դատարաններում քննության ենթակա լինելու պատճառով հայցվորները կատարել են հայցի հիմքի և առարկայի լրացում կամ փոփոխություն։ Մասնավորապես` Վարչական դատարանում սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը հանվել է, քանի որ այդ պահանջը Վարչական դատարանում քննության ենթակա չէ>>։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի 17.03.2010 թվականի <<Գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշմամբ տրված պատճառաբանությունը հետևյալի մասին` <<ՀՀ վարչական դատարանի վարույթում եղած հայցադիմումի լրացման այլ պահանջների հետ միասին, ներկայացված է նաև պահանջ` Մարատ Ափինյանի և հայցվորների եղբոր` Հրաչիկ Բաբայանի միջև 16.01.2001 թվականին կնքված վիճելի տան առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Ըստ էության չի բացառվում, ինչը պարզ կլինի գործի քննության արդյունքում Վարչական դատարանի կողմից վճիռ արձակելուց հետո, որ վիճելի տան առուվաճառքի պայմանագիրը ճանաչվի անվավեր, ինչն անշուշտ, գործով հայցվոր Ափինյանի համար կառաջացնի իրավական հետևանքներ, այդ թվում` սույն գործով պատասխանողներին վտարման պահանջ ներկայացնելու իրավունքի բացակայություն>>։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերագրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2010 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |