ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0240/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0240/02/13 |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտչյան |
Ի. Վարդանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյնաի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի դեկտեմբերի 18-ին,
քննարկելով ըստ հայցի Նարինե Համբարձումյանի ընդդեմ Վարդան Ներսեսյանի՝ ամուսնալուծության, շարժական գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հավասարաչափ սեփականատերերի միջև բաժանելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Անահիտ Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նարինե Համբարձումյանը պահանջել է թույլատրել իր և Վարդան Ներսեսյանի ամուսնալուծությունը, առանց հաշտեցման ժամկետ տրամադրելու, հրապարակային սակարկություններով վաճառել «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետական համարանիշի ավտոմեքենան և ստացված գումարն իրենց միջև բաժանել հավասարաչափ:Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.09.2013 թվականի որոշմամբ Դատարանի 07.06.2013 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Անահիտ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Մելքոնյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նարինե Համբարձումյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 201-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճիռը վերաբերում է իր իրավունքներին և շահերին, քանի որ բողոքարկվող վճռով հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետական համարանիշի ավտոմեքենան ի ապահովումն Վարդան Ներսեսյանի իր հանդեպ ունեցած 7.000 ԱՄՆ դոլարի փոխառության պարտավորության` թողնվել է իր մոտ: Վարդան Ներսեսյանի կողմից փոխառության պարտավորությունը սահմանված ժամկետում չի կատարվել, ուստի Անահիտ Մելքոնյանը ձեռնամուխ է եղել վերջինիս կողմից տրված լիազորագրի հիման վրա նշված ավտոմեքենան իր անվամբ ձևակերպելուն, սակայն պարզվել է, որ ավտոմեքենան գրավադրված է «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ-ում: Ավտոմեքենան չկորցնելու նպատակով Անահիտ Մելքոնյանը «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ-ին վճարել է Վարդան Ներսեսյանի կողմից ավտոմեքենայի արժեքի չվճարված մասը` 1.695.500 ՀՀ դրամ: Ուստի գտնում է, որ նման պարագայում Վարդան Ներսեսյանը չէր կարող համարվել «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետհամարանիշի ավտոմեքենայի լիիրավ սեփականատեր, հետևաբար հիշյալ ավտոմեքենան չէր կարող դառնալ սակարկությունների առարկա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.09.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի 17.09.2013 թվականի որոշումը հիմնավորված է, այն բեկանելու հիմքեր չկան, քանի որ Դատարանի 07.06.2013 թվականի վճիռը վերաբերում է Նարինե Համբարձումյանի և Վարդան Ներսեսյանի ամուսնալուծության և գույքային հարցերին, իսկ ինչ վերաբերում է «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետական համարանիշի ավտոմեքենան Վարդան Ներսիսյանի կողմից լիազորագրով Անահիտ Մելքոնյանին հանձնելուն ապա այդ պարագայում «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետական համարանիշի ավտոմեքենան գրավ դնելու համար որպես համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք անհրաժեշտ էր նաև Նարինե Համբարձումյանի համաձայնությունը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ... :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Ընդ որում, փոխառուի պարտավորության կատարումը կարող է ապահովվել ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված եղանակներով, այնպես էլ` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը` պատճառաբանել է, որ Դատարանի վճիռը բողոք բերած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու փաստը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված հետևությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստերի համաձայն` 23.10.2012 թվականին Անահիտ Մելքոնյանը փոխառությամբ Վարդան Ներսեսյանին տվել է 7.000 ԱՄՆ դոլար` 20.12.2012 թվականին վերադարձնելու պայմանով, և ի ապահովումն այդ պարտավորության կատարման Անահիտ Մելքոնյանին ի պահ է թողվել Վարդան Ներսեսյանին սեփականության իրավունքով պատկանող «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետհամարանիշի ավտոմեքենան, 22.10.2012 թվականին Վարդան Ներսեսյանի փոխարեն Անահիտ Մելքոնյանի կողմից «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ-ին է վճարվել «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետհամարանիշի ավտոմեքենայի արժեքի մի մասը` 1.695.500 ՀՀ դրամ, ավելին, 14.03.2012 թվականին Վարդան Ներսեսյանի կողմից Անահիտ Մելքոնյանին տրվել է լիազորագիր, որով Անահիտ Մելքոնյանին լիազորել է լինել իր ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությունում, նոտարական գրասենյակում, իր անունից կնքել «Լադա 21214» մակնիշի 50NN045 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, ստանալ վաճառքի գումարը և այլն:
Վերը թվարկված փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանի 07.06.2013 թվականի վճիռն առերևույթ վերաբերում է Անահիտ Մելքոնյանի իրավունքներին:
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Մելքոնյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մաuնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար uահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Ե. Սողոմոնյան
Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան