ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0466/02/11 2011թ. |
Վարչական գործ թիվ ԵԷԴ/0466/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 05-ին,
քննարկելով Անիկ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2011 թվականի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Անիկ Մնացականյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուբիկ Ասատրյանի` առողջության քայքայմամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 10.05.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2011 թվականի որոշմամբ Անիկ Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անիկ Մնացականյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ դատարանի` 14.04.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Անիկ Մնացականյանի հայցն ընդդեմ Ռուբիկ Ասատրյանի` առողջության քայքայմամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, մինչդեռ հաշվի չի առել, որ վերը նշված գործով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Ռուբիկ Ասատրյանի կողմից Անիկ Մնացականյանին հասցված վնասվածքի և նրա մոտ ի հայտ եկած առողջական խնդիրների միջև բացակայում է պատճառահետևանքային կապը, իսկ սույն գործով պարզման ենթակա է Ռուբիկ Ասատրյանի հարվածից առաջացած կոտրվածքի հետևանքով Անիկ Մնացականյանի աշխատունակության կորստի աստիճանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.06.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռ։
Սույն գործով Վերաքննիչ դատարանի կարծիքով Դատարանն իրավացիորեն գտել է, որ նախկինում Անիկ Մնացականյանի կողմից նույն առարկայի շուրջ և միևնույն հիմքերով պահանջ է ներկայացված եղել Ռուբիկ Ասատրյանի դեմ, ինչի վերաբերյալ առկա են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.03.2005 թվականի վճիռը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2010 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշումը:
Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարզման ենթակա է այն իրավական հարցը, թե արդյո՞ք սույն գործով հայցի և Վերաքննիչ դատարանի վկայակոչած գործերով հայցերի առարկան ու հիմքը նույնն են։
Նշված հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ հայցի տարրերին` հայցի առարկային և հիմքին։ Այսպես` հայցի տարրերը նրա բաղկացուցիչ մասերն են, որոնք որոշում են նրա բովանդակությունը, նրա իրավական բնույթը և հնարավորություն են տալիս անհատականացնել հայցը, այն տարբերել նույնական հայցերից, հետևաբար և լուծել նույն կողմերի միջև, նույն տարրերով հարուցվող հայցերը կրկին անգամ վարույթ չընդունելու հարցը։
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է «հայցի առարկա» օրենսդրական եզրույթին և նշել, որ հայցի առարկան հայցվորի պահանջն է` ուղղված պատասխանողին կամ պատասխանողներին (տե՛ս թիվ ԵԷԴ/1373/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է նաև «հայցի հիմք» օրենսդրական եզրույթին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական և իրավական հիմքերի տարբերակիչ հատկանիշները, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերից:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:
Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերի համակցությունն է, որ կարգավորում է վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս ըստ հայցի Վիգեն Ուրուշանյանի ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և Սուրիկ Սեդրակյանի հայցի ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի` անհիմն հարստացմամբ ստացած գումարը վերադարձնելու պահանջի մասին թիվ ԵՇԴ/0473/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վերաքննիչ դատարանի կողմից նշված օրինական ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.03.2005 թվականի վճռի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գործերը վերաբերել են Ռուբիկ Ասատրյանի կողմից Անիկ Մնացականյանին վնաս պատճառելու հետևանքով վերջինիս առողջության վերականգնման համար կատարված բուժման ծախսերի հատուցմանը։ Մինչդեռ, սույն գործով ներկայացված հայցադիմումից հետևում է, որ հայցի հիմքում դրվել են Ռուբիկ Ասատրյանի գործողությունների հետևանքով Անիկ Մնացականյանի աշխատունակությունը կորցնելու կապակցությամբ աշխատավարձ (եկամուտ) չստանալու, ինչպես նաև վերջին երեք տարիներին բուժման ծախսեր կատարելու հանգամանքները: Այսինքն` սույն գործով բացի իրական վնասի հատուցման պահանջից ներկայացվել է նաև բաց թողնված օգուտի տեսքով վնասի հատուցման պահանջ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացրած հայցի և վերը նշված գործերով հայցերի առարկան ու հիմքը տարբեր են, այսինքն` տվյալ դեպքում բացակայում է նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.05.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Տ. Պետրոսյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |