ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2059/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2059/02/10 |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի մարտի 25-ին,
քննարկելով Արմինե Ահարոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Արմինե Ահարոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արմինե Ահարոնյանի ընդդեմ Ընկերության` գրավադրված գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արմինե Ահարոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.300.000 ՀՀ դրամ գումար։Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմինե Ահարոնյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հետ վերադարձնել 12.11.2007 թվականի վարկային պայմանագրով գրավադրված գույքը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) 22.10.2012 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.11.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 22.10.2012 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Ահարոնյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն Արմինե Ահարոնյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 21.11.2012 թվականի ժամը 14:15-ին նշանակված դատական նիստի մասին: Այդ ժամանակ նշանակված դատական նիստի մասին դատական ծանուցագիրն Արմինե Ահարոնյանը ստացել է միայն 21.11.2012 թվականին` ժամը 18:00-ին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերը նշված օրը դատական նիստում բացակայել է դատական ծանուցագիրն Արմինե Ահարոնյանի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»։
3. Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով)։
Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Նշված դրույթից հետևում է, որ վերաքննիչ վարույթում նիստին ներկա գտնվելու իրավունք թեև վերապահված է բացառապես բողոք բերած անձին, այդուհանդերձ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել ինքնուրույն այն առումով, որ գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են վերաքննիչ դատարանի նիստի մասին միայն, եթե առկա է բացատրություն տալու անհրաժեշտություն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածում ամրագրված վերաքննիչ դատարանի նիստին ներկա գտնվելու իրավունքը հավասարապես վերաբերում է գործին մասնակցող բոլոր անձանց, քանի որ օրենսդիրը նախատեսում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք բոլոր այն դեպքերի համար, երբ գործին մասնակցող անձանցից մեկը չի եղել պատշաճ ծանուցված: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արատահայտած այն դիրքորոշումը, որ այն դեպքերում, երբ դատաքննությունը ներառում է հակադիր մասնավոր շահեր, կողմերի հավասարության պահանջը, որը արդար դատաքննություն հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցներ, այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնում էականորեն ավելի նվազ բարենպաստ պայմաններում` համեմատած հակառակ կողմի հետ: Ավելին` իշխանությունների կողմից դատաքննության կողմերից մեկին չծանուցելը, այնպես որ նրան հնարավորություն ընձեռվի իրականացնելու իր ներկա գտնվելու իրավունքը, կարող է որոշ դեպքերում հարցեր առաջացնել կապված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ (տե՛ս նաև Նելսիդա Նիկողոսյանը և Գվիդոն Մելքոնյանը ընդդեմ Հայաստանի թիվ 11724/04 և 13350/04 գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը, պարբ. 37):
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում ու ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս նաև` Հասմիկ Էլոյանի դիմումով թիվ 3-15/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 21.11.2012 թվականի ժամը 14:15-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն Արմինե Ահարոնյանը ստացել է նույն օրը ժամը 18:00-ին (հատոր 2-րդ, գ. թ. 110):
Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պատշաճ ձևով չի տեղեկացրել Արմինե Ահարոնյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բողոքը քննել է նրա բացակայությամբ ու կայացրել որոշում։ Հետևաբար անձի դատական նիստին ներկա գտնվելու իրավունքի խախտման պայմաններում գործի նոր քննությունն անհրաժեշտ է անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 21.11.2012 թվականի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |