ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1968/02/10 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1968/02/10 Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան
2011թ.
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 10-ին,
քննարկելով ըստ հայցի «Շանթ պլյուս» ՍՊԸ-ի ընդդեմ Մարուս Բոչոլյանի` պայմանագրից հրաժարվելու հիմքով գույքը հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով գործին մասնակից չդարձված անձ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «Շանթ պլյուս» ՍՊԸ-ն պահանջել է պարտավորեցնել Մարուս Բոչոլյանին հետ վերադարձնել «Շանթ պլյուս» ՍՊԸ-ի սեփականությունը համարվող մեկ հատ «ШТ 352» մոդելի «Սենոջակ 315լ» տեսակի սառնարանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.05.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2011 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, 207-րդ հոդվածի 5-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ այն ներկայացվել է դատական ակտի բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետի բացթողնմամբ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Դատարանում «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն չի ներգրավվել որպես երրորդ անձ և նրան չի առաքվել Դատարանի 25.05.2011 թվականի վճիռը: Հետևաբար վերջինս Դատարանի նշված վճիռը կարող էր բողոքարկել այդ դատական ակտի կայացման մասին իմանալուց սկսած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված երեքամսյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։
Գործին մասնակից չդարձված այն անձանց համար, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավական հնարավորություն։ Միաժամանակ վերոնշյալ հոդվածի իմաստից բխում է, որ նման դեպքերում այդ անձինք վերաքննիչ բողոքում պետք է հիմնավորեն, որ բողոք են ներկայացրել այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկման ժամկետը պահպանված լինելու հանգամանքը պետք է հիմնավորի վերաքննիչ բողոք բերող անձը (տես ըստ դիմումի Գագիկ Մանուկյանի` փաստացի տիրապետման եղանակով բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԱԴԴ/0684/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 12-ի որոշումը)։
Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ չի պահպանվել դատական ակտի բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետը:
Սույն գործով «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով գործին մասնակից չդարձված անձանց համար վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավական հնարավորությունից, Դատարանի 25.05.2011 թվականի վճռի դեմ 01.07.2011 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք`պահպանելով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված եռամսյա ժամկետը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնիսկ եթե «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն Դատարանի 25.05.2011 թվականի վճռի կայացման մասին իմացել է նույն օրը, ապա այդ օրվանից հաշված 3 ամսվա ընթացքում վերջինս կարող էր օգտվել վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը` նշելով, որ Դատարանի 25.05.2011 թվականի վճռի դեմ 01.07.2011 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանողի ներկայացուցիչ Կարինե Լալաբեկյանը, մինչդեռ Դատարանի 25.05.2011 թվականի վճռի դեմ 01.07.2011 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն` որպես գործի քննությանը մասնակից չդարձված անձ, որի ներկայացուցիչն է Կարինե Լալաբեկյանը, այլ ոչ թե պատասխանողի ներկայացուցիչը:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2011 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ս. Անտոնյան Վ. Աբելյան Վ. Ավանեսյան Գ. Հակոբյան Ե. Սողոմոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան