ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7268/05/14 2015 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/7268/05/14 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ռ. Հակոբյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի հուլիսի 15-ին
քննարկելով ըստ հայցի Հովհաննես Չամսարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն)` վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.02.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Հովհաննես Չամսարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ վարչական դատարան (այսուհետ՝ Դատարան)` Հովհաննես Չամսարյանը պահանջել է Ոստիկանության 31.12.2013 թվականի թիվ ԱԷ 643088 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը (այսուհետ` Վարչական ակտ) ճանաչել անվավեր, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել ու վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) 24.12.2014 թվականի որոշմամբ մերժվել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Չամսարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 24.12.2014 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Չամսարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածները և 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` հայցվորի խախտված իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի, 19-րդ հոդվածով երաշխավորված` գործի արդարացի քննության իրավունքները, այլև ՀՀ Սահմանադրության 1-ին և 6-րդ հոդվածներով երաշխավորված`օրենքի որոշակիության սկզբունքը:
Վերաքննիչ դատարանն առանց հետազոտելու գործում եղած ապացույցները հաստատված է համարել մի փաստ, որի ապացուցումը պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ. մասնավորապես թե´ Դատարանը, թե´ Վերաքննիչ դատարանը հաստատված են համարել, որ 31.12.2013 թվականի թիվ ԱԷ 643088 վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ առկա ստորագրությունները պատկանում են իրեն:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելը մերժելու վերաբերյալ Դատարանի դիրքորոշմանը, չի պարզել, թե արդյոք առկա են բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար հիմնավոր պատճառներ: Այնինչ վարչական ակտի վրա առկա ստորագրություններն իրենը չեն, և վարչական ակտի մասին ինքը տեղեկացել է 28.12.2014 թվականին` կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու արդյունքում:
Վերոգրյալի հիման վրա պնդելով, որ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար` բողոք բերած անձը պահանջել է «վերացնել թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 27.02.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ վիճարկման հայցադիմումի վարույթ ընդունելու փուլում վարչական ակտի մասին անձի իրազեկված լինելու վերաբերյալ փաստը վիճելի լինելու դեպքում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բավարարման իրավական հնարավորության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`
1. վիճարկման հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում վարչական ակտի մասին անձի իրազեկված լինելու վերաբերյալ փաստը հաստատելու իրավական հնարավորության բացակայության պատճառով հայցադիմումի ընդունումը մերժելու միջոցով դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն արդյո՞ք համատեղելի է անձի դատական պաշտպանության իրավունքի հետ,
2. վիճարկվող վարչական ակտի մասին անձի իրազեկված լինելու վերաբերյալ փաստը վիճելի լինելու հետևանքով այդ ակտի ուժի մեջ մտնելու օրը որոշելու և դատավարական ժամկետը հաշվարկելու անհնարինության պարագայում արդյո՞ք առկա է ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու ու այն բավարարելու անհրաժեշտություն և հիմք:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ նշել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մաս):
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե´ նորմաստեղծ, թե´ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից:
Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով: Բացի դրանից, դատական իշխանությունն է, որ անկախ է բոլոր այլ մարմիններից և պարտավոր է վերահսկել իշխանության մյուս ճյուղերին պատկանող բոլոր մարմինների կողմից իրավաչափ գործելու իրենց պարտականության կատարումը, վերացնելով այդ մարմինների այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնք խախտում են անձանց սուբյեկտիվ իրավունքները կամ, այլ կերպ` ոտնձգում են Սահմանադրությամբ երաշխավորված իրավակարգի դեմ»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե′ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի` դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Ազգային-դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ 12.05.2004թ. R (2004)6 հանձնարարականում սահմանվել է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հնարավոր խախտման վերաբերյալ հայցերի քննության առարկա դարձնելու չափանիշները. Մասնավորապես`
- անդամ երկրները պետք է արդյունավետ ընթացակարգեր նախատեսեն ըստ էության քննության առնելու և լուծում տալու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ դատական բողոքներին,
- բողոքների ընդունման և քննության ընթացակարգերը պետք է դիտարկվեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման համատեքստում,
- ներպետական համակարգերում դատական բողոքները պետք է հանգամանալից ու հիմնավոր քննության առարկա դառնան,
- Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ազգային-իրավական համակարգում պետք է արդյունավետ ձևով երաշխավորված լինի և այլն:
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Հայց ներկայացնելու ժամկետները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետ սահմանելով` օրենսդիրը թեև նախատեսել է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմք, այդուհանդերձ այդ ժամկետները բաց թողնված լինելու կամ չլինելու հարցի գնահատումը թողել է դատարանի հայեցողությանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
Վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները սահմանելու հետ միաժամանակ օրենսդիրը սահմանել է ինչպես դատավարական ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքները, այնպես էլ այդ ժամկետները վերականգնելու ինստիտուտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը նշված իրավակարգավորումները կիրառելի են այն պարագայում, երբ վիճարկման հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում վիճարկվող վարչական ակտի մասին անձի իրազեկված լինելու փաստն անվիճելի է: Մինչդեռ այն դեպքերում, երբ անձը վիճարկում է վարչական ակտն առձեռն ստորագրությամբ ստանալու փաստը, ինչի պարզումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտական գիտելիքների օգնությամբ, մասնավորապես` փորձաքննության կատարմամբ, վերը նշված իրավակարգավորումները կիրառելի չեն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռoրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մաuնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոuտով, այդ թվում` uտանալու մաuին ծանուցմամբ, հաuցեատիրոջը uտորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպեu նաև` oրենքով uահմանված այլ եղանակներով:
Նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մաuին` նույն oրենքի 59-րդ հոդվածով uահմանված կարգով իրազեկելուն հաջորդող oրվանից, եթե oրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեuված չէ:
Ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների իրազեկման հանգամանքով, ինչը նշանակում է, որ ակտի հասցեատիրոջ համար ևս վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելու հաջորդող օրվանից, եթե oրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեuված չէ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավոր վարչական ակտի ընդունումը բավարար չէ, գրավոր վարչական ակտի իրավական համակարգում ի հայտ գալու և գործելու համար անհրաժեշտ է նաև, որ օրենքով սահմանված կարգով այդ վարչական ակտը մտնի ուժի մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու օրենքով սահմանված ժամկետի հոսքը պայմանավորել է ոչ թե վարչական ակտի ընդունմամբ, այլ այդ ակտի օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ, գտել է, որ վարչական ակտի վիճարկման պարագայում անձի` դատարան դիմելու համար սահմանված ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ վարչական ակտի հասցեատերը տեղեկացել է իր նկատմամբ տվյալ վարչական ակտի ընդունման մասին, այլ խոսքով, օրենքով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո (տե°ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը):
§Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին¦ ՀՀ օրենքի 59-րդ, 60-րդ հոդվածների և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցադիմումը դատավարական ժամկետների պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը հնարավոր է անսխալ որոշել միայն այն դեպքում, երբ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվա մասին փաստն անվիճելի է:
Ցանկացած այլ դեպքում, երբ դատական պաշտպանություն հայցող անձը վիճարկում է վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը և դատարանին տեղեկություն հայտնում իր իրազեկման օրվա մասին, որը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ըստ էության, դատարանին հայտնի միակ տեղեկությունն է լինում, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, որպես իրազեկման օր, դատարանը պետք է հիմք ընդունի նշված օրը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետների հաշվարկն էլ պետք է կատարվի այդ օրվանը հաջորդող օրվանից և, եթե այդ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց չի թողնվել, այն վերականգնելու միջնորդությունը դառնում է առարկայազուրկ, որի պատճառով միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանն ի հավելումն նշել, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել և գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետև այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումները լրացուցիչ երաշխիք են հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը չսահմանափակելու իրավաչափ նպատակի իրագործման համար, քանի որ դատավարական նորմերի ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում գործնականում ապահովվում է դատավարական ժամկետները բաց չթողնելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները քննարկելու և համապատասխան եզրահանգում կատարելու օբյեկտիվ հնարավորություն:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև 72-րդ հոդվածը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված` վերը նշված հիմնարար իրավունքների և ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Հովհաննես Չամսարյանը 19.12.2014 թվականին Դատարան է ներկայացրել վիճարկման հայց` խնդրելով անվավեր ճանաչել Ոստիկանության Վարչական ակտը, և միաժամանակ միջնորդել է հարգելի համարել և վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետն այն հիմնավորմամբ, որ Ոստիկանության կողմից Վարչական ակտն իրեն երբևիցե տրամադրված չի եղել ո´չ առձեռն և ո´չ էլ փոստային ծառայության միջոցով, իսկ Վարչական ակտի` վարորդի կողմից ստորագրելու համար նախատեսված տեղում թեև առկա է ստորագրություն, սակայն այն իրեն չի պատկանում:
Դատարանը 24.12.2014 թվականի որոշմամբ մերժել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Հովհաննես Չամսարյանի միջնորդությունն ու հայցադիմումի ընդունումը` գտնելով, որ հայցվորի կողմից Վարչական ակտը ստորագրությամբ 31.12.2013 թվականին ստանալու փաստն ակնառու է, հետևաբար հայցվորը 31.12.2013 թվականից տեղեկացված է եղել վիճարկվող որոշման մասին և բաց է թողել վիճարկման հայցով դատարան դիմելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետը (գ.թ. 18-19):
Դատարանի վերը նշված պատճառաբանությունը Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել, գտնելով, որ «Ոստիկանության 31.12.2013 թվականի թիվ ԱԷ 643088 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կայացվել է 31.12.2013 թվականին, մինչդեռ հայցադիմումը ներկայացվել է 20.12.2014 թվականին և բաց է թողնվել նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Դատարան դիմելու երկամսյա դատավարական ժամկետը, հետևաբար հայցվորը կորցրել է նաև նշված ժամկետով պայմանավորված դատավարական գործողություններ կատարելու իրավունքը», 27.02.2015 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 24.12.2014 թվականի որոշման դեմ Հովհաննես Չամսարյանի բերած վերաքննիչ բողոքը (գ.թ. 37-40):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում նշել է` «վիճարկվող որոշումն ընդունվել է Հովհաննես Չամսարյանի վերաբերյալ, հետևաբար, ստորագրությամբ առձեռն հանձնումն ուղղակիորեն հանգում է այն իրողությանը, որ վիճարկվող որոշումը հանձնվել է հենց հասցեատիրոջը, տվյալ պարագայում` Հովհաննես Չամսարյանին, ինչն էլ նշանակում է, որ Դատարանն օբյեկտիվորեն կարող էր վստահ լինել, որ վերջինս պատշաճ տեղեկացված է եղել վիճարկվող վարչական ակտի մասին դեռ 31.12.2013 թվականին: Հետևաբար անհիմն է բողոքաբերի այն պնդումը, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել այն փաստը, որ վարչական ակտի վրա առկա ստորագրությունն իրեն է պատկանում»:
Վերաքննիչ դատարանը Վարչական ակտի մասին Հովհաննես Չամսարյանի իրազեկված լինելու փաստի պարզումը, ըստ էության, կապել է Դատարանի «օբյեկտիվ» ենթադրության հետ: Այնինչ, ենթադրությունը չի կարող դրվել դատական ակտի հիմքում, քանի որ Վարչական ակտն առձեռն` ստորագրությամբ Հովհաննես Չամսարյանի կողմից ստանալու փաստը տվյալ դեպքում կարող էր քննարկման առարկա դառնալ միայն գործի քննության ընթացքում:
Նման պայմաններում մերժելով Դատարանի 24.12.2014 թվականի որոշման դեմ Հովհաննես Չամսարյանի բերած վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը, սահմանափակել է Դատարանի մատչելիության իրավունքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վարչական ակտը Հովհաննես Չամսարյանի կողմից ստորագրված լինելու, ուստիև վիճարկման հայցադիմումը դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված լինելու փաստը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով կարող էր հաստատվել բացառապես հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո իրականացված գործի քննության ընթացքում, որպիսի հանգամանքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով կարող էր հիմք հանդիսանալ գործի վարույթը կարճելու համար: Իսկ մինչ այդ հանգամանքի պարզումը և հաստատումը Դատարանը պարտավոր է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը տրամադրել Հովհաննես Չամսարյանին` ստեղծելով անհրաժեշտ պայմաններ անձի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար:
Վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը հաշվարկելու ելակետ է համարվում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը:
Ինչպես վերը նշվեց, վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների իրազեկմամբ, հետևաբար հայցադիմումը Հովհաննես Չամսարյանի կողմից դատավարական ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը Դատարանը կարող էր հաստատված համարել վարչական ակտն ուժի մեջ մտնելու փաստն անվիճելի լինելու դեպքում միայն:
Տվյալ դեպքում հայցադիմումին կից Դատարան ներկայացված միջնորդությամբ Հովհաննես Չամսարյանը հայտնել է, որ Վարչական ակտի մասին ինքը տեղեկացել է 22.10.2014 թվականին` հարուցված կատարողական վարույթի նյութերին 28.11.2014 թվականին ծանոթանալու արդյունքում: Փաստորեն, հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա մասին Դատարանին հայտնի միակ տեղեկությունը եղել է այն, որ Հովհաննես Չամսարյանի համար Վարչական ակտը կարող էր ուժի մեջ մտնել 29.11.2014 թվականին, հետևաբար այդ ժամկետից սկսած պետք է իրականացվեր դատավարական ժամկետի հաշվարկը, որպիսի պարագայում հայցադիմումը ներկայացնելու դատավարական ժամկետի վերջին օրը կհանդիսանար 29.01.2015 թվականը, ուստի մինչև այդ ժամկետի լրանալը վիճարկման հայցադիմում ներկայացնելու դեպքում դատավարական ժամկետը բաց թողնված չի կարող համարվել, ինչը նշանակում է, որ այդ ժամկետը հարգելի համարելու անհրաժեշտություն և հիմք առկա չի լինի:
Սույն գործով վիճարկման հայցադիմումը Հովհաննես Չամսարյանը փոստին է հանձնել 19.12.2014 թվականին (գ.թ. 17), որը Դատարանում ստացվել է 20.12.2014 թվականին (գ.թ. 2), այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված երկամսյա ժամկետում, հետևաբար հայցադիմումը ենթակա է եղել վարույթ ընդունման, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, տվյալ դեպքում, որպես առարկայազուրկ, ենթակա չէր քննարկման:
Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 27.02.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.02.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.12.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Վ. Ավանեսյան
Ե. Սողոմոնյան