ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0245/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0245/02/14 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի մարտի 16-ին,
քննարկելով ըստ հայցի Ալբերտ Հովհաննիսյանի ընդդեմ Լորիկ Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Լորիկ Վարդանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ալբերտ Հովհաննիսյանը պահանջել է Լորիկ Վարդանյանից բռնագանձել 445.000 ՀՀ դրամ:Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 09.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Խառատյան, Կ. Հակոբյան, Լ. Գրիգորյան) 01.06.2015 թվականի որոշմամբ Դատարանի 09.02.2015 թվականի վճռի դեմ Լորիկ Վարդանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է` բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չպարունակելու հիմքով: Նշված որոշմամբ միաժամանակ մերժվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2015 թվականի որոշմամբ Դատարանի 09.02.2015 թվականի վճռի դեմ Լորիկ Վարդանյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն անհիմն լինելու հիմքով, իսկ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը չի քննարկվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լորիկ Վարդանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ, 205-րդ, 207-րդ և 228-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործի նյութերից ակնհայտ է, որ Լորիկ Վարդանյանը պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստերի մասին, և Դատարանի վճիռը ստացել է առձեռն՝ 09.04.2015 թվականին, հետևաբար վերաքննիչ բողոքը ներկայացրել է մեկամսյա ժամկետում` 05.05.2015 թվականին: Այսինքն` Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է սահմանված դատավարական ժամկետը լրանալուց հետո, անհիմն է: Երկրորդ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 26.06.2015 թվականին, որում մանրամասնորեն շարադրված են ժամկետը բաց թողնելու պատճառները և ներկայացվել է նաև միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ, 207-րդ հոդվածների խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):
ՄԻԵԴ-ն իր մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
Ընդ որում այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, 01.06.2015 թվականի որոշմամբ Լորիկ Վարդանյանի կողմից 05.05.2015 թվականին բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելով, հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 77-78):
Վերաքննիչ դատարանը, 02.07.2015 թվականի որոշմամբ Լորիկ Վարդանյանի կողմից 26.06.2015 թվականին բերված վերաքննիչ բողոքը կրկին վերադարձնելով, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը և պատճառաբանել է, որ օրենքով սահմանված ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ Լորիկ Վարդանյանը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը ներկայացրել է առանց վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառ հանդիսացող հանգամանքի վկայակոչման և առանց որևէ պատճառաբանության (հատոր 2-րդ, գ.թ. 92):
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի կողմից Լորիկ Վարդանյանին գրանցման` ք. Երևան, Նորագավիթ, Արտաշատի խճուղի, թիվ 26 տան հասցեով ուղարկված դատական նիստերի ծանուցագրերը փոստային առաքում իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են՝ «տեղափոխված է» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 11, 25): Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերով` դատական նիստի մասին ծանուցագիրն ուղարկել է վարչական շրջանի ղեկավարին և միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 2-րդ, գ.թ. 29-33): Դատարանի վճիռը հրապարակվել է 09.02.2015 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 54) և պատվիրված նամակով ուղարկվել է Լորիկ Վարդանյանին` գրանցման հասցեով, սակայն վերադարձվել է Դատարան՝ կրկին «տեղափոխված է» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 60): Սույն գործում առկա է Լորիկ Վարդանյանի կողմից 07.04.2015 թվականին Դատարան մուտքագրված դիմումը՝ գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, որի վրա առկա է նշում՝ «ստացա» 09.04.2015 թվականին մակագրությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 62):
Սույն գործում առկա` Լորիկ Վարդանյանի կողմից 26.06.2015 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում, նշվել է, որ դատական նիստերի մասին Լորիկ Վարդանյանը տեղյակ չի եղել, դրանց չի մասնակցել և գործն ըստ էության լուծող դատական ակտն ստացել է հետագայում՝ այն օրինական ուժ ստանալուց հետո (հատոր 2-րդ, գ.թ. 87-89):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Լորիկ Վարդանյանին հանձնված և այն նրա կողմից ստացված լինելու փաստը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:
Սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, որ Լորիկ Վարդանյանը գործն ըստ էության լուծող դատական ակտը ստացել է հրապարակման օրը: Ավելին, պատվիրված նամակով ուղարկված վճիռը վերադարձվել է Դատարան՝ «տեղափոխված է» նշումով: Լորիկ Վարդանյանը 07.04.2015 թվականին դիմում է ներկայացրել դատարան` գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, որից հետո վերջինս 09.04.2015 թվականին առձեռն ստացել է հիշյալ վճռի օրինակը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված հանգամանքները պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Լորիկ Վարդանյանը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը ներկայացրել է առանց վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառ հանդիսացող հանգամանքի վկայակոչման, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն անհիմն է, քանի որ Լորիկ Վարդանյանի կողմից 26.06.2015 թվականի ներկայացված վերաքննիչ բողոքում նշվել է, որ դատական նիստերի մասին վերջինս տեղյակ չի եղել, դրանց չի մասնակցել և գործն ըստ էության լուծող դատական ակտը ստացել է հետագայում՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո (հատոր 2-րդ, գ.թ. 88):
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգման իրավունքի ուժով (ex jure):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լորիկ Վարդանյանի կողմից վերաքննիչ բողոքի ներկայացման համար դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը հիմնավոր էր և ենթակա էր բավարարման:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ, անտեսելով սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, առանց հիմնավոր պատճառաբանության հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու հանգամանքը և վերաքննիչ բողոքը վերադարձրել է:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Լորիկ Վարդանյանի կողմից 05.05.2015 թվականին բերված վերաքննիչ բողոքում (հատոր 2-րդ, գ.թ. 66-68) ներկայացվել է նաև միջնորդություն՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը, 01.06.2015 թվականին վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ որպես միջնորդության հիմնավորում նշված Լորիկ Վարդանյանի տարիքային թոշակառու լինելու փաստը դեռևս չի վկայում անձի գույքային ծանր դրության մասին:
Լորիկ Վարդանյանի կողմից 26.06.2015 թվականին կրկին բերված վերաքննիչ բողոքում (հատոր 2-րդ, գ.թ. 87-89) ներկայացվել է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդություն: Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 02.07.2015 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում Լորիկ Վարդանյանի՝ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը, քանի որ վերաքննիչ բողոքն արդեն իսկ ենթակա է վերադարձման այլ հիմքով:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լորիկ Վարդանյանի՝ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է որոշել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ա. Բարսեղյան Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան