ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1185-Ա
«ԱԲՈՎՅԱՆԻ N 2 ՀԱՏՈՒԿ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար 11.210.02221):
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. «Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած գույքն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 26 Երևան |