Գլխավոր տեղեկություն
Համար
N 268-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.07.16/20(623) Հոդ.159
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.07.2018
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 հուլիսի 2018 թվականի

ք. Երևան

N 268-Ն

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 103-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

      

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

Մ. Սողոմոնյան

         

   

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2018 թվականի հուլիսի 4-ի

N 268-Ն որոշման

  

«Հավելված N 1

Հաստատված է Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2005 թվականի

հուլիսի 26-ի N 103-Ն որոշմամբ

        

ԿԱՐԳ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

       

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձի (այսուհետ՝ լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) ֆինանսական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) ներկայացման ընթացակարգը:

2. Լիցենզավորված անձը հաշվետվությունները հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

3. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունների ներկայացման օր է համարվում հանձնաժողովում հաշվետվությունների և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ հաշվետվությունների և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացման դեպքում՝ հանձնաժողովի առցանց դիմումների և հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացրած անձին հաշվետվությունների ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը կամ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry)՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հաշվետվությունների ուղարկման օրը:

4. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ կամ հաշվետվություններին առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:

5. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում լիցենզավորված անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվութուններ: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված հաշվետվություններ:

6. Հանձնաժողովի առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման համակարգում գրանցվելու և այդ համակարգով էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է առձեռն կամ փոստային կապի միջոցով հանձնաժողով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (տեղեկատվությունը)՝

1) կազմակերպության ղեկավարի նույնականացման քարտի կամ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,

2) Լիցենզավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման՝ լիցենզիա ունեցող անձի անունից էլեկտրոնային հաշվետվություններ և տեղեկություններ ներկայացնելու իրավասու անձ լինելու վերաբերյալ, ինչպես նաև այդ անձի (անձանց) նույնականացման քարտի պատճենը,

3) Լիցենզավորված անձի էլեկտրոնային փոստի հասցեն:

7. Լիցենզավորված անձը սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (տեղեկատվությունը) հանձնաժողով է ներկայացնում մեկ անգամ: Փաստաթղթերում (տեղեկատվությունում) հետագա փոփոխություններ տեղի ունենալու դեպքում լիցենզավորված անձը դրանք հանձնաժողով է ներկայացնում փոփոխությունները կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման համակարգում հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձի և սույն կարգի 6-րդ կետով ներկայացման ենթակա փաստաթղթերի (տեղեկատվության) հետագա փոփոխությունների գրանցումը կատարվում է դրանք (կամ դրանց փոփոխումը հավաստող փաստաթղթերը) հանձնաժողով մուտքագրվելուց հետո 5 աշխատանքնային օրվա ընթացքում:

9. Հաշվետվություններն առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման համակարգով ներկայացնելու համար լիցենզավորված անձը մուտք է գործում հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգ, նույնականացման քարտի միջոցով մուտք է գործում էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի լիցենզիա ունեցող անձի համապատասխան դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, բեռնում այն, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում, կցում և ուղարկում հանձնաժողով՝ առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով, իսկ հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Սnicod) ձևաչափով: Առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով այլ տեղեկատվություններ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆտ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:

10. Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորված անձի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղարկվում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան