ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2018 թվականի N 383-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «իզ» ենթակետը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` հանդես գալով որպես «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 100 տոկոս պետական բաժնետոմսերի լիազոր կառավարում իրականացնող անձ, ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` ընկերության օգտին գրավադրված` «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` գործարան) հաշվեկշռում հաշվառվող` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցի 56/6 հասցեում գտնվող` 3961,8 քառ. մետր մակերեսով պահեստը, 24,8 քառ. մետր ծածկը և դրանցով զբաղեցված, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,7126 հեկտար հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ) (այսուհետ` գույք), ընկերության հանդեպ գործարանի ունեցած դեբիտորական պարտքի մի մասի դիմաց, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հունվարի 27-ի ԵՇԴ/0031/04/15 որոշմամբ թույլատրված գրավի առարկայի արտադատական բռնագանձման կարգով, անկախ գնահատողի կողմից գնահատված 301,300,000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շուկայական արժեքից 280,335,000 դրամ զուտ արժեքով ընկերության կողմից նշված երրորդ անձ` Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի) օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ, ընդ որում, գույքի օտարումն ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանն իրականացվում է անհատույց, և ընկերությունում ձևակերպվում է նախորդ տարիներին դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքի վերականգնումից 280,335,000 դրամի չափով հարկվող եկամուտ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կողմից գույքի անհատույց օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագիր:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերում նշված պայմանագրերի կնքման և դրանցից բխող իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 6 Երևան |