ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 մարտի 2018 թ. |
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյանի,
համաձայն Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հուլիսի 12-ին Սինգապուրում ստորագրված՝ Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով դիմումը, սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017թ. հուլիսի 12-ին՝ Սինգապուրում: Համաձայնագրի նպատակն է խթանել միջազգային ավիացիոն համակարգը, նպաստել միջազգային օդային հաղորդակցությունների հնարավորությունների ընդլայնմանը, հնարավոր դարձնել հանրությանն առաջարկվող զբոսաշրջության և փոխադրողների ծառայությունների տարբերակների բազմազանությունը, խրախուսել մասնավոր ավիաընկերություններին՝ մշակել և կիրառել նորարարական և մրցակցային սակագներ, ինչպես նաև միջազգային օդային հաղորդակցություններում երաշխավորել թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձրագույն մակարդակ:
2. Համաձայնագրով, մասնավորապես, տրվում են Համաձայնագրի նպատակների համար կիրառվող հասկացությունների սահմանումները (հոդված 1), սահմանվում են Պայմանավորվող կողմերին վերապահված իրավունքները (հոդվածներ 2-4), օրենքների և կանոնակարգերի կիրառման հետ կապված կարգավորումները (հոդված 5), ուղիղ տարանցման և վկայականների ու լիցենզիաների ճանաչման վերաբերյալ դրույթները (հոդվածներ 6 և 7), ավիացիոն ապահովության և անվտանգության հետ կապված դրույթները (հոդվածներ 8 և 9), օգտագործման համար վճարները և մաքսատուրքերը (հոդվածներ 10 և 11), արդար մրցակցության, սակագներին և եկամուտների փոխանցմանը վերաբերող դրույթները (հոդվածներ 12-15), առևտրային գործունեությունը և համագործակցային կարգավորումները (հոդվածներ 16 և 17) և այլն:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Սինգապուրի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերություններին միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման հետ կապված իրավունք վերապահել իր տարածքի վրայով կատարել առանց վայրէջքի թռիչք, իր տարածքում վայրէջք կատարել ինչպես ոչ առևտրային նպատակով, այնպես էլ սահմանված երթուղու կետում ուղևորներին, ուղեբեռը, բեռը և փոստն օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու նպատակով (հոդված 2, կետ 1),
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության այն օրենքները և կանոնակարգերը, որոնք կարգավորում են միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված օդանավի՝ ՀՀ տարածք մուտք գործելը և այնտեղից մեկնելը կամ ՀՀ տարածքում գտնվելիս օդանավի նավիգացիան և շահագործումը, կիրառվեն Սինգապուրի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների նկատմամբ (հոդված 5, կետ 1),
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության այն օրենքները և կանոնակարգերը, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի և բեռի, ներառյալ փոստը, ՀՀ տարածք մուտք գործելը, այնտեղ գտնվելը և մեկնումը այնտեղից, ինչպիսիք են իմիգրացիոն, մաքսային, տարադրամային, առողջապահական և կարանտինային կանոնակարգերը, ՀՀ տարածքում գտնվելիս կիրառվեն Սինգապուրի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների օդանավերով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, բեռի և փոստի նկատմամբ (հոդված 5, կետ 2),
- ուղիղ տարանցմամբ փոխադրվող ուղեբեռները և բեռները ազատել մաքսատուրքերից և նմանատիպ այլ հարկերից (հոդված 6),
- դիմում ստանալու դեպքում Սինգապուրի Հանրապետությանը տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու համար օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք (հոդված 9, կետ 3),
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի բեռնումից առաջ, բեռնման կամ ուղևորների նստեցման ընթացքում պատշաճ միջոցառումներ իրականացվեն օդանավի պաշտպանության և օդանավի բեռնման և նստեցման ընթացքում ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների ստուգման համար, ինչպես նաև բարյացակամորեն քննության առնել Սինգապուրի Հանրապետության ցանկացած դիմում որոշակի սպառնալիքի արձագանքելու՝ անվտանգության հիմնավորված հատուկ միջոցառումների վերաբերյալ (հոդված 9, կետ 5),
- ապահովել, որպեսզի Սինգապուրի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների նկատմամբ չկիրառվի կամ չթույլատրի, որ կիրառվեն օգտագործման համար ավելի բարձր վճարներ, քան օգտագործման համար այն վճարները, որոնք կիրառվում են նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող իր սեփական ավիաընկերությունների նկատմամբ (հոդված 10, կետ 1),
- Սինգապուրի Հանրապետության նշանակած ավիաընկերությանն առավելագույն չափով ազատել մաքսատուրքերից, ակցիզային հարկերից, զննության վճարներից և այլ ազգային տուրքերից և գանձումներից, որոնք կիրառվում են օդանավերի, վառելիքի, վերգետնյա սարքավորումների, քսայուղերի, սպառվող տեխնիկական պաշարների, պահեստամասերի, ներառյալ շարժիչները, օդանավի հիմնական սարքավորումները, օդանավի պաշարների նկատմամբ, ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները, խմիչքը և ծխախոտը, որոնք սահմանափակ քանակությամբ վաճառվում կամ օգտագործվում են ուղևորների կողմից չվերթի ընթացքում (հոդված 11, կետ 1),
- Հայաստանի Հանրապետությունում գործող մրցակցային օրենքներին համապատասխան Սինգապուրի Հանրապետության նշանակած ավիաընկերություններին տրամադրել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման արդար և հավասար պայմաններ (հոդված 12),
- Սինգապուրի Հանրապետության նշանակված ավիաընկերությանն իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական ծախսերը, ներառյալ վառելիքի համար ծախսերը, վճարել տեղական արժույթով կամ իր ընտրությամբ՝ այդ ծախսերի դիմաց վճարել ազատ փոխարկելի արժույթով՝ համաձայն ՀՀ արժութային կանոնակարգերի (հոդված 16, կետ 4),
- Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված տարաձայնությունների ծագման դեպքում առաջին հերթին փորձել դրանք կարգավորել խորհրդակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով, իսկ նման կարգավորման անհնարինության դեպքում դրանց լուծումն իրականացնել Համաձայնագրի 21-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում և կարգով (հոդված 21):
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2017 թվականի հուլիսի 12-ին Սինգապուրում ստորագրված՝ Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 27 մարտի 2018 թվականի ՍԴՈ-1409
Հ. Թովմասյան