Գլխավոր տեղեկություն
Համար
N 532-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.02.2018-15.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.963
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2002 թվականի N 532-Ն

 

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի երկրորդ ու երրորդ մասերին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

ա) ջրի ազգային խորհրդի կանոնակարգը`  համաձայն N 1 հավելվածի.

բ) ջրի ազգային խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 10-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2002 թ.
սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Ջրի ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:

2. Խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:

3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, այլ օրենքներին և սույն կանոնակարգին համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:

(3-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)

4. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

5. Խորհրդի նախագահը`

ա) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ: Իր բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորությունը հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից որևէ մեկին.

բ) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.

գ) խորհրդին է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը.

դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի աշխատանքը:

(5-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)

6. Խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար և ունի քարտուղարություն:

(6-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)

7. Խորհրդի քարտուղարը`

ա) ապահովում է խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի.

բ) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրության կազմումը.

գ) ապահովում է խորհրդի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

դ) խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ.

ե) ապահովում է քարտուղարության բնականոն գործունեությունը:

(7-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն, 02.02.18 N 67-Ն)

8. Խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) մասնակցելու խորհրդի նիստերին` վերջինիս իրավասությանը վերաբերող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) խորհրդի նիստերում հանդես գալու առաջարկություններով (այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի).

գ) խորհրդի որոշմամբ իրականացնելու այլ լիազորություններ:

(8-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)

9. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, այդ թվում՝ հարցման կարգով նիստ հրավիրելու միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

(9-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Խորհրդի անդամները նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ անում են մինչև հարցի զեկուցումն ու քվեարկությունից առաջ: Զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մյուս առաջարկությունները: Այն առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:

10.1. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում խորհրդի քարտուղարն օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում՝ հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ: Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:

(10.1-ին կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)

10.2. Հարցման կարգով նիստերի որոշումները համարվում են ընդունված, եթե հարցման կարգով «կողմ» է արտահայտվել խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:

(10.2-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)

11. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի 1 ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից: Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն:

12. Խորհուրդն իրավունք ունի իր լիազորությունների իրականացման համար պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ու քաղաքացիներից պահանջելու տեղեկանքներ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր:

13. Խորհրդի նիստերում, բացի խորհրդի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու խորհրդի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհուրդը կարևոր հարցերի վերաբերյալ կարող է կազմակերպել ընդլայնված լսումներ` հրավիրելով պաշտոնատար անձանց և մասնագետների: Խորհրդի քննարկումների բովանդակային խնդիրները ենթակա են հրապարակման: Խորհուրդը տարեկան մեկ անգամ հրապարակայնորեն հանդես է գալիս կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ:

Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի արձանագրության մեջ:

14. Խորհուրդն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների:

Քարտուղարության և աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետների վարձատրությունը խորհրդի ներկայացմամբ, սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում խորհրդին:

(14-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)

15. Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով: Քարտուղարության և խորհրդի աշխատանքները կազմակերպելու համար հատկացվում են անհրաժեշտ նյութեր, սարքեր, սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային տարածք և տրանսպորտային միջոցներ, որոնց տրամադրման կարգը խորհրդի ներկայացմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

(15-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)

(հավելվածը լրաց. 03.02.06 N 67-Ն, 02.02.18 N 67-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2002 թ.
սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Կ. Կարապետյան  - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
 
 Ա. Մինասյան  - ՀՀ բնապահպանության նախարար
 
 Դ. Լոքյան  - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
 
 Ի. Առաքելյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարար
 
 Վ. Արամյան  - ՀՀ ֆինանսների նախարար
 
 Ռ. Նազարյան  -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
 
 Ն. Սարգսյան  - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
 
 Ա. Հարությունյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
 
 Գ. Մարտիրոսյան  - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
 
 Կ. Մարգարյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ
 
 Ա. Սիմոնյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
 
 Վ. Նարիմանյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
 
 Վ. Դավթյան  - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
 
 Ա. Վանյան  - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն
 
 Լ. Վարդանյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն
 
 Յու. Ջավադյան  - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
 
 Հ. Թոքմաջյան  - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 19.08.03 N 390-Ն, լրաց. N 02.12.03 N 619-Ն, լրաց., փոփ. 12.04.04 N 203-Ն, փոփ. 20.07.05 N 553-Ն, 03.02.06 N 67-Ն, լրաց. 06.05.06 N 304-Ն, խմբ. 08.10.07 N 710-Ն, փոփ. 25.10.08 N 839-Ն, 21.03.11 N 208-Ն, խմբ. 17.01.13 N 24-Ն, 18.07.14 N 669-Ն, փոփ. 10.03.15 N 196-Ն, 03.06.15 N 458-Ն, 28.09.15 N 855-Ն, 30.12.15 N 1286-Ն, 25.07.16 N 667-Ն, խմբ. 31.01.17 N 71-Ն, փոփ. 02.02.18 N 67-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան