ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 153-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր ենթակայության «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Կոմիտասի 49) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) (200 հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 200 հազ. դրամ:
3. Ընկերության բաժնետոմսերի (հաշվետու ժամանակահատվածի՝ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը կազմում է բացասական մեծություն:
4. Ընկերության ակտիվները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 62663,1 հազ. դրամ:
5. Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 63077,2 հազ. դրամ, այդ թվում՝
1) կարճաժամկետ փոխառություններ՝ 11622,0 հազ. դրամ.
2) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 81, 8 հազ. դրամ.
3) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 45000,0 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 124, 7 հազ. դրամ.
5) կրեդիտորական պարտքեր՝ աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 6248,7 հազ. դրամ:
6. Ընկերության գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
7. Ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 268,8 հազ. դրամ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 21,6 հազ. դրամի (ներառյալ ԱԱՀ-ն) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) իր միջոցների հաշվին վճարել մասնավորեցման պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները.
2) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում՝ բաժնետոմսերի ռեեստրի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում:
9. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 20 Երևան |