«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 դեկտեմբերի 2017 թ. |
թիվ 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետով և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի թիվ 110-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրության 38-րդ կետի դ) ենթակետով և հիմք ընդունելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի թիվ 11 կարգադրությունը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման նպատակով՝
1) ստեղծել մարդահամարի գործառնական ստորաբաժանում՝ վարչության կարգավիճակով (այսուհետ՝ վարչություն),
2) հաստատել վարչության կանոնադրությունն ու կառուցվածքը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ վարչությունը ենթակա է լուծարման մարդահամարի աշխատանքների ավարտից հետո։
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 28-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վարչությունը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) գործառնական ստորաբաժանում է, որը «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախապատրաստում և անցկացնում է հերթական մարդահամարը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև իրականացնում է հավաքագրված տվյալների վիճակագրական մշակումն ու ամփոփումը, մարդահամարի ամփոփ տվյալների հրապարակումը:
2. Վարչությունը ստեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ: Վարչությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը Ծառայության նախագահի ներկայացմամբ հաստատում է խորհուրդը:
3. Վարչության գործունեությունը դադարում է մարդահամարի ավարտից և արդյունքների հրապարակման աշխատանքների ավարտից հետո:
4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է «Մարդահամարի մասին», «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավարի հրամաններին և այլ իրավական ակտերին համապատասխան:
II. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչության հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարի նախապատրաստման, անցկացման և արդյունքների հրապարակման կազմակերպումն է:
6. Վարչությունն իր հիմնական խնդրին համապատասխան՝
1) մշակում է «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող հերթական մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորհրդի որոշումների նախագծերը,
2) մշակում է մարդահամարի նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և արդյունքների հրապարակման միջոցառումների ծրագրի նախագիծը,
3) կազմակերպում է սպառողների հետ մարդահամարի տվյալների կապակցությամբ խորհրդատվական, բացատրական ու իրազեկման աշխատանքները,
4) Խորհրդին է ներկայացնում առաջարկություններ՝ մարդահամարի անցկացման մեթոդի, հաշվառման ժամկետի և տվյալների հավաքագրման տևողության վերաբերյալ,
5) ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքների և 5000 ու ավելի բնակչություն ունեցող գյուղերի սխեմատիկ հատակագծերի, ինչպես նաև նախկին վարչական տարածաշրջանների քարտեզագրական նյութերի պատրաստման գործառույթները,
6) կազմակերպում է շենքերի, բնակելի տների և դրանցում տնային տնտեսությունների ցուցակների կազմման աշխատանքները,
7) ապահովում է մարզերում մարդահամարի կազմակերպման պլանների (նախագծերի) կազմումը,
8) ապահովում է մարդահամարի հարցաշարի և ելքային աղյուսակների ծրագրի նախագծերի մշակումը,
9) կազմակերպում և անցկացնում է փորձնական մարդահամար,
10) մշակում է մարդահամարի տվյալների հավաքագրման նպատակով ներգրավվելիք ժամանակավոր աշխատակազմի ուսուցման ծրագրեր,
11) Իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրով սահմանված ժամկետներում համատարած հաշվառման գործառույթների իրականացումը,
12) ապահովում է մուտքագրման, տվյալների ավտոմատ խմբագրման մեքենայական ծրագրերի մշակումը և իրականացնում վիճակագրական տվյալների մեքենայական մշակումը,
13) ապահովում է հավաքագրված և մուտքագրված տվյալների հիման վրա` մարդահամարի տվյալների բազաների կառուցումը,
14) ապահովում է ելքային աղյուսակների ստացումը և ամփոփ տվյալների հրապարակումը,
15) իրականացնում է մարդահամարի նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման, ամփոփման հետ կապված այլ գործառույթներ:
7. Իր հիմնական խնդրի իրագործման ընթացքում մարդահամարի վարչությանը գիտամեթոդական օժանդակության և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի կողմից:
III. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Վարչության կառուցվածքի մեջ մտնում են.
1) մարդահամարի պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժինը,
2) տվյալների մշակման և դասակարգումների բաժինը,
3) տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժինը,
4) կազմակերպական աշխատանքների բաժինը,
5) ֆինանսատնտեսական և կադրերի բաժինը:
9. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է վարչության պետը:
10. Մարդահամարին առնչվող գործառույթների մասով վարչության աշխատանքները համակարգում է Խորհրդի ժողովրդագրության, սոցիոլոգիայի և հասարակական գործունեության բնագավառը համակարգող անդամը (այսուհետ` համակարգող):
11. Վարչության պետը հաշվետու է Խորհրդին, Ծառայության նախագահին, համակարգողին և Ծառայության աշխատակազմի ղեկավարին:
12. Վարչության պետը.
1) ղեկավարում է Վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,
2) մարդահամարին առնչվող հարցերով առաջարկություններ է ներկայացնում համակարգողին,
3) ապահովում է աշխատանքային համագործակցությունը Վարչության և Ծառայության աշխատակազմի ստորաբաժանումների միջև, գիտամեթոդական գործառույթների մասով գործողությունները համաձայնեցնում է Ծառայության աշխատակազմի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի հետ,
4) միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու համար առաջարկություններ է ներկայացնում Համակարգողին վարչությունն աշխատակիցներով համալրելու անհրաժեշտության մասին,
5) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահին և աշխատակազմի ղեկավարին` Վարչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,
6) ապահովում է մարդահամարի փաստաթղթերի և արխիվացված նյութերի (լրացված հարցաթերթերի, ամփոփ տեղեկագրերի և հաշվետվական ձևերի) հանձնումը Ծառայության աշխատակազմին՝ Վարչության գործունեության դադարեցումից առաջ,
7) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով սահմանված կարգով և ժամկետներում Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն է ներկայացնում Ծառայության նախագահին և համակարգողին,
8) ապահովում է Ծառայության նախագահի, Ծառայության աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների, ինչպես նաև համակարգողի ցուցումների ու առաջադրանքների կատարումը:
13. Վարչության պետի բացակայության կամ նրա կողմից իր պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա պարտականությունների կատարումը դրվում է տեղակալի վրա:
14. Վարչության պետի տեղակալը.
1) աջակցում է վարչության պետին` վերը նկարագրված գործունեության բոլոր ուղղություններով,
2) հանդիսանում է առանձին ստորաբաժանումների և վարչության պետին կապող օղակը` իրենց ամենօրյա գործունեությունում:
15. Մարդահամարի պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժինը.
1) մշակում է հերթական մարդահամարի նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորհրդի որոշումների նախագծերը,
2) իրականացնում է մարդահամարի անցկացման մեթոդի ընտրությունը, որոշում է հաշվառման ժամկետն ու տևողությունը, ապահովում է վերահսկողական մեխանիզմների, մարդահամարի որակի բարձրացման և վերահսկման ծրագրերի պլանավորումը,
3) իրականացնում է մարդահամարի նախապատրաստման, անցկացման, նյութերի մեքենայական մշակման և հրապարակման աշխատանքների ժամանակացույցի, մարդահամարի հարցաշարի, մեթոդաբանական և հրահանգչական փաստաթղթերի, հաշվետվական ձևերի մշակումը,
4) նախապատրաստում և մշակում է մարդահամարի նախապատրաստման ու անցկացման աշխատանքների վերաբերյալ հասարակության իրազեկումն ու լուսաբանումն ապահովող տեղեկատվական նյութեր,
5) ապահովում է փորձնական մարդահամարի անցկացման մեթոդական և հրահանգչական փաստաթղթերի նախապատրաստումը,
6) իրականացնում է հիմնական հրահանգչական և հաշվետվական փաստաթղթերի վերախմբագրում` փորձնական մարդահամարի արդյունքների հիման վրա,
7) իրականացնում է մարդահամարի կազմակերպման և անցկացման նպատակով ներգրավված ղեկավար կադրերի հրահանգավորումները և մեթոդական աջակցության հետ կապված աշխատանքները մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ողջ ժամանակաշրջանում,
8) ապահովում է մարդահամարի նախնական արդյունքների ստացումը (բնակչության թվաքանակի)` ամփոփ ցուցանիշների համադրմամբ:
16. Տվյալների մշակման և դասակարգման բաժինը.
1) մշակում է մարդահամարի հարցաթերթի հարցերի հիման վրա ձևավորվելիք ելքային աղյուսակների ծրագիրը, նախապատրաստում ելքային աղյուսակների ստացման ֆայլերը, իրականացնում աղյուսակների կառուցման մեթոդի ընտրություն,
2) ապահովում է մարդահամարի ծրագրին համապատասխան տվյալների թվային ծածկագրման, դրանց համար անհրաժեշտ մեթոդական հրահանգների մշակման իրականացումը և սահմանում է համապատասխան դասակարգիչների կիրառման ցանկը,
3) ապահովում է ծրագրով հաստատված ելքային աղյուսակների ստացման համար տեխնիկական առաջադրանքների մշակումը` ըստ հաստատված ծրագրի,
4) նախապատրաստում է մարդահամարի հրապարակումները` թղթային և էլեկտրոնային կրիչներով:
17. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման բաժինը.
1) ապահովում է մարդահամարի հարցաթերթերից տվյալների մուտքագրման և դրանց ավտոմատ խմբագրման մեքենայական ծրագրերի մշակումը,
2) միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով իրականացնում է մարդահամարի տվյալների մեքենայական մշակման գործընթացը,
3) հավաքագրված և մուտքագրված տվյալների հիման վրա կառուցում է մարդահամարի միկրոտվյալների և մակրոտվյալների բազաները,
4) իրականացնում է տվյալների մեքենայական մշակման գործընթացի վերահսկման գործառույթները,
5) ապահովում է ելքային աղյուսակների ստացումը:
18. Կազմակերպական աշխատանքների բաժինը.
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքների և 5000 ու ավելի բնակչություն ունեցող գյուղերի սխեմատիկ հատակագծերի, ինչպես նաև նախկին վարչական տարածաշրջանների անհրաժեշտ ձևաչափերով քարտեզագրական նյութերի պատրաստումը,
2) կազմակերպում է շենքերի, բնակելի տների և դրանցում տնային տնտեսությունների ցուցակների կազմման աշխատանքները,
3) համակարգում է մարզերի (տարածաշրջանների) մարդահամարի կազմակերպման պլանների/նախագծերի կազմման աշխատանքները,
4) ապահովում է մարդահամարի դաշտային աշխատանքների սահմանված ժամկետներում և կարգով իրականացումը,
5) համակարգում է մարդահամարի հաշվառման աշխատանքների համար ներգրավվող աշխատակազմի հավաքագրման և պատշաճ ուսուցման գործառույթները՝ միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետներում,
6) կազմակերպում է մարդահամարը լուսաբանող զանգվածային բացատրական աշխատանքները մարզերում,
7) կազմակերպում է մարզերից մարդահամարի լրացված հարցաթերթերի և դրանց ուղեկցող ամփոփ և հաշվետվական ձևերի տեղափոխումը վարչություն` սահմանված կարգով և ժամկետներում:
19. Ֆինանսատնտեսական և կադրերի բաժինը.
1) կազմում է մարդահամարի վարչության բյուջետային հայտը և ապահովում ծախսերի մոնիթորինգային մեխանիզմները,
2) կազմակերպում է վարչության գործառույթներից բխող վարչական բնույթի աշխատանքները,
3) ապահովում է ծրագրով նախատեսված նյութերի տպագրման աշխատանքները` սահմանված կարգով և ժամկետներում,
4) ապահովում է ՀՀ ԱՎԾ մարզային և Երևան քաղաքի գործակալություններին` մարդահամարի նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ նյութերով, հրահանգչական և հաշվետվական փաստաթղթերով,
5) սահմանված կարգով կազմակերպում է մարդահամարի վարչության գույքի և նյութերի պահեստավորման գործընթացը,
6) ապահովում է մարդահամարի փաստաթղթերի և նյութերի (լրացված հարցաթերթերի, ամփոփ տեղեկագրերի և հաշվետվական ձևերի) արխիվացումը և դրանց հանձնումը Ծառայության աշխատակազմին` Վարչության գործունեության դադարեցումից առաջ,
7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների անհատական աշխատանքային հարաբերությունների ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, անհատական իրավական ակտերի նախագծերի կազմումը և Ծառայության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին տրամադրումը,
8) ապահովում է կադրային գործառույթներից բխող այլ աշխատանքների իրականացումը:
20. Մարդահամարի վարչության աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Վարչության պետի, տեղակալի և բաժինների պետերի հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են Ծառայության նախագահի կողմից` համակարգողի առաջարկությամբ: Վարչության մյուս աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են Ծառայության աշխատակազմի ղեկավարի կողմից` համակարգողի առաջարկությամբ:
21. Մարդահամարի վարչության հաստիքացուցակը հաստատվում է յուրաքանչյուր տարի` Ծառայության նախագահի հրամանով: