Գլխավոր տեղեկություն
Համար
N 1395-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1123
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1395-Ն

 

ԴՆԹ-Ի ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 554.1-ին կետով.

«554.1. ԴՆԹ-ի թեստավորման եզրակացություն     մշտ.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 8
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1395-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ Ը  ԵՎ  Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր Ը

 

ԴՆԹ-Ի ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ)

 

1. ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) կարգով և ժամկետներով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են փոխնակ մոր, նրանից ծնված երեխայի և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց ԴՆԹ-ի որոշման (ներառյալ՝ նմուշառման) հետ կապված հարաբերությունները:

2. Փոխնակ մայրը, փոխնակ մորից ծնված երեխան և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք ենթակա են ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորման: Փոխնակ մորից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխնակ մայրության մասին պայմանագիր կնքած՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց է հանձնվում, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է, որ ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը երեխայի կենսաբանական ծնողն է, և փոխնակ մայրը երեխայի կենսաբանական ծնողը չէ:

3. ԴՆԹ-ի որոշման նպատակով կենսաբանական նյութի նմուշառումն իրականացվում է ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից, իսկ համապատասխան մասնագետի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության մասնագետի հրավիրումը և նմուշառումը կազմակերպվում են ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինության կողմից:

4. Հետազոտվող անձանցից նմուշառումը պետք է իրականացվի միաժամանակ հետազոտության ենթակա բոլոր անձանց ներկայությամբ: Եթե վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը չի կարողացել ներկայանալ, և դրա համար արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքը (անհաղթահարելի ուժ), ապա այս դեպքում երեխան շարունակում է մնալ ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունում: Ընդ որում, այս դեպքում, եթե առկա չեն բժշկական ցուցումներ, ապա երեխան ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունում գտնվում է վճարովի հիմունքներով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

5. ԴՆԹ-ի որոշման նպատակով կենսաբանական նյութի նմուշառումն իրականացվում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող 4 աշխատանքային օրվա ընթացքում:

6. ԴՆԹ-ի թեստավորման միջոցով արյունակցական կապը որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններում: ԴՆԹ-ի թեստավորման մասին եզրակացությունը ներկայացվում է ոչ ուշ, քան կենսաբանական նյութի նմուշառումից հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Մինչև ԴՆԹ-ի թեստավորման մասին եզրակացության ստացումը և կենսաբանական ծնողին հանձնելը երեխան պահվում և խնամվում է ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունում: Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված ժամկետի գերազանցման և բժշկական ցուցումների բացակայության դեպքում երեխան շարունակում է մնալ ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունում` սույն կարգի 4-րդ կետով սահմանված դրույթին համապատասխան:

8. ԴՆԹ-ի թեստավորման մասին եզրակացությունը պատրաստվում է 6 հավասարազոր օրինակից (իսկ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացրած կազմակերպության և ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության համընկնման դեպքում` 5 հավասարազոր օրինակից) և տրամադրվում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացրած կազմակերպությանը, փոխնակ մորը, ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությանը, մեկ օրինակը պահվում է ԴՆԹ-ի թեստավորում իրականացնող կազմակերպությունում, իսկ երկու օրինակը տրվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտված անձանց, որից մեկ օրինակը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմին ներկայացնելու համար:

9. Երեխայի ծնունդը գրանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի հետ միասին կենսաբանական ծնողը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին է ներկայացնում նաև ԴՆԹ-ի թեստավորման մասին եզրակացության մեկ բնօրինակը, որը վերադարձման ենթակա չէ:

10. ԴՆԹ-ի թեստավորման մասին եզրակացության հետ անհամաձայնության առկայության դեպքում այն կարող է բողոքարկվել դատական կարգով:

11. ԴՆԹ-ի թեստավորման մասին եզրակացությունը պահվում է ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունում և ԴՆԹ-ի թեստավորում իրականացնող կազմակերպության փաստաթղթային պահոցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշմամբ սահմանված ժամկետով:

12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին պայմանագիրը կարող է կնքվել սույն կարգի ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____________________________________________________

(թվերով և տառերով)

__________________________________________________________________________________

 

Բժշկական կազմակերպության լրիվ անվանումը______________________________________

__________________________________________________________________________________

(այսուհետ` կազմակերպություն)` ի դեմս տնօրեն _____________________________________

________________________________________________________________________________- ի,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, անձինք` ______________

___________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

և _________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

(այսուհետ համատեղ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք),

և որպես փոխնակ մայր հանդես եկող անձը` _____________________________________________

   (անունը, հայրանունը, ազգանունը)

 

________________________________________________________________ (այսուհետ` փոխնակ

մայր) (այսուհետ բոլորը միասին` կողմեր), կնքեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՅՆ, ՈՐ՝

• կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից (գրանցման (հաշվառման) համարը՝ ____________________և գրանցման (հաշվառման) ամսաթիվը՝ __________________), որը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա (լիցենզիայի համարը՝ _________________և տալու ամսաթիվը՝ _________________) մատուցում է որոշակի տեսակների բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված,

• փոխնակ մայրը կազմակերպության կողմից ենթարկվել է բժշկագենետիկական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտության, որի արդյունքում հաստատվել է նրա` փոխնակ (սուրոգատ) մայր (դոնորական սաղմն իր արգանդում կրած կին, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը) հանդիսանալու հակացուցումների բացակայությունը,

• վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք ցանկություն են հայտնում օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիայից` փոխնակ մոր արգանդում ներպատվաստելով փորձանոթում բեղմնավորված իրենց սաղմը,

• փոխնակ մայրը համաձայն է փոխնակ մայր հանդիսանալ սույն պայմանագրով սահմանված պայմաններով,

 

ԿՈՂՄԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագիրը կարգավորում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր հարաբերությունները՝ կապված վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց՝ փորձանոթում բեղմնավորված սաղմը փոխնակ մոր արգանդում ներպատվաստելու հետ, փոխնակ մոր կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց երեխային ծննդաբերելու նպատակով (այսուհետ գործընթացն ամբողջությամբ` վերարտադրողականություն)։

1.2. Սույն պայմանագիրը կարգավորում է նաև կազմակերպության գործառույթները՝ վերարտադրողականության ընթացքը վերահսկելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով:

1.3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք և փոխնակ մայրն ընդունում են, որ վերարտադրողականության գործընթացը կարող է կատարվել, վերահսկվել և ավարտվել բացառապես կազմակերպության կողմից և կազմակերպության պատասխանատվությամբ, ինչի կապակցությամբ պարտավորվում են առանց կազմակերպության համաձայնության զերծ մնալ վերարտադրողականության հետ կապված որևէ հարցով Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա որևէ այլ կազմակերպություն դիմելուց:

1.4. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք և փոխնակ մայրն ընդունում են, որ կազմակերպությունը, որպես վերարտադրողականության գործընթացի կազմակերպիչ, պետք է տեղեկացված լինի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր միջև վերարտադրողականության գործընթացին վերաբերող ցանկացած պայմանավորվածության, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր ցանկացած գործողության մասին, որն առնչվում է վերարտադրողականության գործընթացին կամ կարող է ազդեցություն ունենալ դրա վրա:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ

 

2.1. Փոխնակ մայրը հայտարարում և հավաստում է, որ նա՝

2.1.1. սույն պայմանագրի կնքման պահին հղի չէ և սույն պայմանագրի ստորագրումից հետո (ներառյալ` սաղմի ներպատվաստման գործընթացի ընթացքում) մինչև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց երեխային (երեխաներին) ծննդաբերելը կամ սույն պայմանագրի լուծումը զերծ կմնա սեռական հարաբերությունից.

2.1.2. ծննդաբերել է առնվազն մեկ անգամ և հանդես չի եկել որպես փոխնակ մայր՝ մեկից ավելի անգամ.

2.1.3. սույն պայմանագիրն ստորագրում է սեփական կամքով՝ առանց հարկադրանքի, գիտակցելով փոխնակ մայրության գործընթացի էությունը.

2.1.4. գիտակցում է սույն պայմանագրի համաձայն իրականացվելիք բեղմնավորման, հղիության և երեխային վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց փոխանցելու գործողությունների էությունը, ընդունում է և պատրաստ է ստանձնել սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները.

2.1.5. որքանով իրեն հայտնի է, առողջ է, չի տառապում քրոնիկ և (կամ) հոգեկան հիվանդություններով, չի ընդունում դեղեր, և նրան հայտնի չեն որևէ հոգեբանական կամ ֆիզիոլոգիական խոչընդոտներ՝ հղիության և ծննդաբերության ընթացքն անցնելու համար.

2.1.6. կազմակերպությանը տրամադրել է հավաստի և ամբողջական տեղեկատվություն և չի թաքցրել փոխնակ մայրության հետ կապված որևէ էական տեղեկություն, որը կարող էր ազդել նրա` փոխնակ մայր հանդիսանալու հանգամանքի վրա.

2.1.7. սույն պայմանագրի կնքման պահին փոխնակ մայր չէ որևէ այլ պայմանագրով, ինչպես նաև սույն պայմանագրի գործողության ընթացքում չի կնքելու փոխնակ մայրության վերաբերյալ այլ պայմանագիր.

2.1.8. ստացել է բժիշկ-գինեկոլոգի լիարժեք պարզաբանումը և խորհրդատվությունը փոխնակ մոր հղիության ընթացքի, այդ թվում՝ սաղմերի ներպատվաստման հետ կապված հնարավոր ֆիզիկական բարդությունների և հակազդեցությունների, ինչպես նաև փոխնակ մոր հղիության և ծննդաբերության ընթացքում հնարավոր բարդությունների և ոչ բարենպաստ հետևանքների վերաբերյալ.

2.1.9. ստացել է բժշկի պարզաբանումը հղիության ընթացքում անհրաժեշտ ստուգումների և բուժումների, ինչպես նաև դրանց հետ կապված ու դրանց զուգորդող բարդությունների վերաբերյալ և տալիս է իր համաձայնությունը հետազոտությունների ու բուժման համար: Փոխնակ մայրը գիտակցում է, որ փոխնակ մայրության գործընթացը կարող է ուղեկցվել ֆիզիկական անհարմարություններով և հղիությամբ պայմանավորված փոփոխություններով, որ հղիության ընթացքը կարող է լինել տարբեր, և փոխնակ հղիությունը կարող է տարբերվել փոխնակ մոր նախորդ հղիություններից.

2.1.10. համաձայն է անցնել հղիության և ծննդաբերության համար անհրաժեշտ բոլոր ստուգումները, բուժումները և հետազոտությունները՝ ներառյալ պտղաջրերի հետազոտությունը, գիտակցելով դրանց ընթացքը և հնարավոր բարդությունները.

2.1.11. տեղյակ է, որ բեղմնավորված սաղմերի ներպատվաստման ժամանակ ներպատվաստվում է մի քանի սաղմ և, հետևաբար, հնարավոր է բազմապտուղ հղիության զարգացում: Փոխնակ մայրը տեղյակ է, որ, եթե առաջանում է երկուսից ավելի սաղմով հղիություն, ապա, բժիշկների պատճառաբանված որոշմամբ, կարող է սաղմ հեռացվել, եթե դա վտանգավոր չէ փոխնակ մոր առողջության համար.

2.1.12. մինչև սույն պայմանագիրը կնքելն ստացել է իրավաբանական խորհրդատվություն, որի ընթացքում իրեն բացատրվել են սույն պայմանագրի բովանդակությունը և իմաստը, ստանձնած պարտավորությունները և դրանց խախտման հետևանքները։

2.2. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք հայտարարում և հավաստում են, որ նրանք՝

2.2.1. չեն տառապում այնպիսի քրոնիկ կամ հոգեկան հիվանդություններով, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք հանդիսանալու համար.

2.2.2. բժշկից ստացել են տեղեկատվություն և պարզաբանում արհեստական բեղմնավորման, փոխնակ մոր հղիության և ծննդաբերության գործընթացի վերաբերյալ.

2.2.3. տեղեկացված են՝ ինչպես արհեստական բեղմնավորման, այնպես էլ՝ հղիության և ծննդաբերության ընթացքում հնարավոր բարդությունների վերաբերյալ.

2.2.4. տեղյակ են, որ արհեստական բեղմնավորումը երկարատև և բարդ գործընթաց է, և կազմակերպությունը չի կարող դրական արդյունք երաշխավորել.

2.2.5. գիտակցում են, որ փոխնակ մոր հղիության ընթացքում որոշ բժշկական ստուգումներ և հետազոտություններ (օրինակ, պտղաջրերի հետազոտություն, սաղմերի թվի նվազեցում) կարող են վտանգ ներկայացնել պտղի համար.

2.2.6. տեղեկացված են, որ փոխնակ մոր արգանդում սաղմերի ներպատվաստման արդյունքում հնարավոր է բազմապտուղ հղիություն և համաձայն են ընդունել ծնված բոլոր երեխաներին.

2.2.7. պարտավորվում են ծննդաբերությունից անմիջապես հետո պատվիրել ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորում, որով պետք է հաստատվի, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից առնվազն մեկը փոխնակ մորից ծնված երեխայի (երեխաների) կենսաբանական ծնողն է, և փոխնակ մայրն այդ երեխայի (երեխաների) կենսաբանական մայրը չէ, և վճարել այդ փորձաքննության ծախսերը.

2.2.8. պարտավորվում են ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորումից անմիջապես հետո, որով պետք է հաստատվի, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից առնվազն մեկը փոխնակ մորից ծնված երեխայի (երեխաների) կենսաբանական ծնողն է, և փոխնակ մայրն այդ երեխայի (երեխաների) կենսաբանական մայրը չէ, ընդունել վերարտադրողականության արդյունքում փոխնակ մոր ծնած բոլոր երեխաներին՝ նրանց նկատմամբ ստանձնելով ծնողական պարտականությունները.

2.2.9. մինչև սույն պայմանագրի կնքումն ստացել են իրավաբանական խորհրդատվություն, որի ընթացքում իրենց բացատրվել են սույն պայմանագրի բովանդակությունը և իմաստը, ստանձնած պարտավորություններն ու դրանց խախտման հետևանքները:

 

3. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔԸ

 

3.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրա 4.7-րդ կետի 4.7.1-ին ենթակետում նշված վճարային պարտավորությունը կատարելուց հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց փորձանոթում բեղմնավորված սաղմը (սաղմերը) ներպատվաստվում են փոխնակ մոր արգանդում:

3.2. Կազմակերպության կողմից հակացուցումներ չհայտնաբերվելու դեպքում ներպատվաստումն իրականացվում է երկու կամ ավելի անգամ, եթե՝

3.2.1. ներպատվաստման նախորդ փորձն անհաջողությամբ է ավարտվել (եթե փոխնակ մոր օրգանիզմում հղիություն չի առաջացել).

3.2.2. ներպատվաստման ընթացքում առաջացած հղիությունն ընդհատվել է ոչ ուշ, քան հղիության 10 (տասը) շաբաթվա ընթացքում:

3.3. Ներպատվաստման բոլոր փորձերի անհաջողության դեպքում և, կազմակերպության կարծիքով, փոխնակ մոր հղիության հետագա անհնարինության դեպքում կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է մյուս կողմերին, և սույն պայմանագիրը համարվում է լուծված, իսկ կողմերի պարտավորությունները՝ դադարեցված, բացառությամբ սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.15-րդ ենթակետում նշված վճարային պարտավորությունների:

3.4. Ներպատվաստման արդյունքում հղիության առաջացման դեպքում փոխնակ մայրն անհապաղ բժշկական հաշվառման է կանգնում կազմակերպությունում և մշտապես գտնվում է հսկողության տակ:

3.5. Հղիության ընթացքում փոխնակ մայրն առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ այցելում է կազմակերպություն` բժշկական զննության ենթարկվելու համար:

3.6. Փոխնակ մոր կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց երեխայի ծնունդն իրականացվում է կազմակերպությունում:

3.7. Երեխայի ծնվելու պահից` ԴՆԹ-ի թեստավորման դրական արդյունքի դեպքում երեխայի ծնողներ են համարվում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք, և երեխան հանձնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց խնամքին, ովքեր այդ կապակցությամբ ստանձնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան պարտականություններ և իրավունքներ:

3.8. Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվելու վերարտադրողականության արդյունքում ծնված երեխային վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց հանձնելուց և երեխային վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց հանձնելու պահից երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում երեխայի հետ կապված որևէ պարտականություն:

3.9. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր համաձայնությամբ՝ փոխնակ մայրը հղիության ընթացքում ապրում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից առանձին և պարտավոր է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց պահանջով նրանց տեղեկացնել հղիության ընթացքի մասին: Փոխնակ մոր հղիության ընթացքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք կարող են այցելել նրան` նախապես համաձայնեցված օրերին ու ժամերին և ողջամիտ ժամանակահատվածներում:

3.10. Հղիության ընթացքում որևէ առողջական խնդրի առաջացման դեպքում փոխնակ մայրը պարտավոր է անհապաղ տեղեկացնել նախածննդյան հսկողությունն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգին և հետևել նրա բժշկական ցուցումներին:

3.11. Փոխնակ մայրը սույն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում (այդ թվում՝ սաղմի ներպատվաստման գործընթացի և դրա արդյունքում առաջացած հղիության ընթացքում) պարտավոր է զերծ մնալ սեռական հարաբերություններ ունենալուց, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ օգտագործելուց, կազմակերպության կողմից չնշանակված կամ չերաշխավորված դեղերի ընդունումից, ինչպես նաև ցանկացած այլ գործողությունից, որը կարող է վնաս պատճառել սաղմին:

3.12. Փոխնակ մայրը հղիության ընթացքում պարտավոր է հետևել նախածննդյան հսկողությունն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից հաստատված սննդակարգին:

3.13. Հղիության ընթացքում փոխնակ մայրը չի կարող դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից՝ առանց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց գրավոր համաձայնության։

3.14. Փոխնակ մայրը և կազմակերպությունը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց տեղեկացնում են ծննդաբերությունն սկսելու վերաբերյալ:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Փոխնակ մայրը պարտավոր է՝

4.1.1. հետևել կազմակերպության բժշկական ցուցումներին.

4.1.2. հղիության ընթացքում չկատարել որևէ գործողություն, որը կարող է վնաս պատճառել սաղմին (պտղին) կամ որևէ կերպ բացասաբար անդրադառնալ հղիության ընթացքի վրա.

4.1.3. որևէ կերպ չխոչընդոտել վերարտադրողականության արդյունքում ծնված երեխային վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց հանձնելուն.

4.1.4. կրել սույն պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:

4.2. Փոխնակ մայրն իրավունք ունի՝

4.2.1. ստանալու հատուցում՝ սույն պայմանագրով սահմանված չափով և կարգով.

4.2.2. կազմակերպության կողմից ստանալու պատշաճ բժշկական օգնություն՝ հղիության ամբողջ ընթացքում և ծննդաբերության ժամանակ:

4.3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք պարտավոր են՝

4.3.1. վճարել կազմակերպությանը, փոխնակ մորը՝ սույն պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարվելիք հատուցման, ինչպես նաև մատուցված բժշկական ծառայությունների դիմաց, կրել այն բոլոր ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, կազմակերպության բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ժամկետի գերազանցման պարագայում երեխայի՝ ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունում մնալու հետ կապված ծախսերը, եթե առկա չեն բժշկական ցուցումներ.

4.3.2. փոխնակ մոր կողմից երեխայի (երեխաների) ծննդաբերությունից հետո վճարել ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորման ծախսերը, որով պետք է հաստատվի, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից առնվազն մեկը փոխնակ մորից ծնված երեխայի (երեխաների) կենսաբանական ծնողն է, և փոխնակ մայրն այդ երեխայի (երեխաների) կենսաբանական մայրը չէ.

4.3.3. աջակցել փոխնակ մորը՝ հղիության ընթացքում առաջացած և վերարտադրողականության հետ կապված խնդիրների լուծման համար:

4.4. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն՝

4.4.1. կազմակերպությունից ստանալու տեղեկություն փոխնակ մոր բժշկագենետիկական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքների մասին.

4.4.2. փոխնակ մորից և կազմակերպությունից ստանալու տեղեկություն հղիության ընթացքի և փոխնակ մոր առողջական վիճակի մասին:

4.5. Կազմակերպությունը պարտավոր է`

4.5.1. բժշկական օգնությունն ու սպասարկումը մատուցել պատշաճ որակով.

4.5.2. վերահսկել փոխնակ մոր հղիության ընթացքը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցները՝ վերարտադրողականության գործընթացի բարեհաջող ավարտի համար:

4.6. Կազմակերպությունն իրավունք ունի՝

4.6.1. վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից ստանալու՝ ինչպես վերարտադրողականության ընթացքում, այնպես էլ՝ դրանից առաջ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մորը մատուցված բժշկական ծառայությունների (այդ թվում` բժշկագենետիկական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտության) դիմաց վարձատրությունը.

4.6.2. վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից և փոխնակ մորից պահանջելու ամբողջ տեղեկատվությունը, որը, կազմակերպության կարծիքով, անհրաժեշտ կլինի վերարտադրողականության ընթացքի կազմակերպման և անցկացման համար:

4.7. Պայմանագրի գինն այսպիսին է՝

4.7.1. սույն պայմանագրի համաձայն փոխնակ մորը վճարվում է հատուցում՝

____________________________________________________ դրամի չափով, որը ներառում է

(գումարի չափը՝ թվերով և տառերով)

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարման ենթակա եկամտային հարկը.

4.7.2. սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.1-ին ենթակետում նշված գումարից փոխնակ մայրն

ստանում է միանվագ _____________________________________________________________

(գումարի չափը՝ թվերով և տառերով)

դրամ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարման ենթակա եկամտային հարկը` փորձանոթում բեղմնավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց սաղմերի ներպատվաստման յուրաքանչյուր փորձի համար, բայց 3 (երեք) փորձից ոչ ավելի:

Սույն ենթակետում նշված գումարը ներառվում է 4.7-րդ կետի 4.7.1-ին ենթակետում նշված գումարի մեջ.

4.7.3. հղիության հաստատման պահից` սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.1-ին և 4.7.2-րդ ենթակետերում նշված գումարի տարբերությունը փոխնակ մորը վճարվում է հետևյալ կարգով՝

1) տարբերության գումարի 60 տոկոսը վճարվում է հղիության 8 ամսվա ընթացքում` հավասար ամսական վճարումներով` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա վերջին օրը,

2) տարբերության գումարի 40 տոկոսը վճարվում է ծննդաբերության ավարտից հետո քսան օրվա ընթացքում.

4.7.4. հղիություն չառաջանալու դեպքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք և կազմակերպությունը պարտավոր չեն փոխնակ մորը որևէ գումար վճարել՝ բացառությամբ մինչև հղիություն չառաջանալու փաստի արձանագրվելը վճարված գումարների.

4.7.5. եթե վերարտադրողականության արդյունքում փոխնակ մայրը ծննդաբերում է մեկից ավելի երեխա, ապա սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.1-ին ենթակետում նշված հատուցման գումարը և սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.2-րդ ենթակետում նշված համապատասխան վճարումներն ավելացվում են հետևյալ չափերով՝

1) երկու երեխա ծննդաբերելու դեպքում` 30 (երեսուն) տոկոսով,

2) երեք երեխա ծննդաբերելու դեպքում` 80 (ութսուն) տոկոսով.

4.7.6. սույն պայմանագրի համաձայն փոխնակ մորը հասանելիք գումարների բոլոր փոխանցումները կատարվում են կազմակերպության կողմից, որը եկամտային հարկը հաշվարկում, պահում և փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

4.7.7. վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից սույն պայմանագրի կնքումից 10 (տասը) օրվա ընթացքում սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.1-ին ենթակետում նշված գումարը, ինչպես նաև մինչև սույն պայմանագրի կնքումը կազմակերպության մատուցած բժշկական ծառայությունների (այդ թվում՝ բժշկագենետիկական, լաբորատոր ախտորոշիչ և այլ հետազոտությունների) արժեքն ամբողջությամբ վճարվում է կազմակերպությանը՝ ներկայացված հաշվի հիման վրա.

4.7.8. սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.3-րդ և 4.7.5-րդ ենթակետերում նշված գումարները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից փոխանցվում են կազմակերպությանը՝ համապատասխան գումարները փոխնակ մորը վճարելու պարտավորությունն առաջանալուց 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.

4.7.9. սույն պայմանագրի շրջանակներում փոխնակ մորը հնարավոր բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ ծննդաբերության հետ կապված բժշկական ծառայությունների արժեքը որոշվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված գնացուցակի, և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից վճարվում է համապատասխան կազմակերպությանը: Այն բժշկական ծառայությունները, որոնք մատուցվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, մատուցվում են ամբողջությամբ կամ մասնակի անվճար՝ ըստ համապատասխան պետպատվերի պայմանների:

Կազմակերպության մատուցած բժշկական ծառայությունների գնացուցակը տրամադրվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և ընդունելի է նրանց համար.

4.7.10. սույն պայմանագրի 3.3-րդ կետում նշված դեպքում փոխնակ մայրը չի ստանում դրամական հատուցում, և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից վճարվում է միայն կազմակերպության կողմից մատուցված բժշկական ծառայությունների (այդ թվում՝ բժշկագենետիկական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտության) արժեքը.

4.7.11. կազմակերպությունը պարտավոր է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց վերադարձնել այն գումարները, որոնք վերադարձվել են փոխնակ մոր կողմից, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից կազմակերպությանը վճարված, սակայն փոխնակ մորը դեռևս չփոխանցված գումարները: Կազմակերպությունը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց վերադարձնում է նաև նրանց կողմից՝ բժշկական ծառայությունների մատուցման դիմաց վճարված գումարները՝ բացառությամբ կազմակերպության կողմից փաստացի մատուցված բժշկական ծառայությունների համար ստացված գումարների.

4.7.12. եթե փոխնակ մոր հղիությունն ընդհատվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց ցանկությամբ, ապա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.10-րդ և 4.7.11-րդ ենթակետերի համաձայն վճարված գումարները չեն վերադարձվում, իսկ փոխնակ մայրն իրավունք ունի ստանալու սույն պայմանագրի 4.7-րդ կետի 4.7.2-րդ ենթակետով սահմանված՝ նախատեսված հատուցման գումարն ամբողջությամբ, սակայն ոչ ավելի, քան հղիության ընդհատման ժամանակահատվածի համար տրվող փոխհատուցման ենթակա գումարն է.

4.7.13. սույն պայմանագրով նախատեսված՝ փոխնակ մորը հատուցման ենթակա գումարները սույն պայմանագրի շրջանակներում փոխնակ մորը հասանելիք վերջնական գումարն են, և փոխնակ մայրն իրավունք չունի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից կամ կազմակերպությունից որևէ այլ հատուցում կամ վճարում պահանջելու.

4.7.14. սույն պայմանագրով կազմակերպության` փոխնակ մորը հատուցում կամ որևէ այլ տեսակի գումար փոխանցելու պարտավորությունն առաջանում է փոխնակ մոր հղիության հաստատման պահից և վճարման ենթակա համապատասխան գումարը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանցից ստանալուց հետո՝ 10 (տասը) օրվա ընթացքում.

4.7.15. սույն պայմանագրի շրջանակներում առաջացած բոլոր ծախսերի, այդ թվում՝ նոտարական վավերացման, բժշկական ծառայությունների, դեղերի գնման հետ կապված, ԴՆԹ-ի փորձաքննության, ինչպես նաև այլ անհրաժեշտ ծախսերի դիմաց վճարում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք.

4.7.16. վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք և փոխնակ մայրը տեղեկացված են, ընդունում են և համաձայն են, որ՝

1) կազմակերպությունը պատասխանատվություն է կրում բացառապես իր կողմից մատուցվող բժշկական օգնության և ծառայությունների համար և պատասխանատու չէ փոխնակ մոր և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց գործողությունների, այդ թվում՝ փոխնակ մոր կամ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից սույն պայմանագիրը խախտող որևէ գործողության կամ անգործության համար,

2) փոխնակ մոր կողմից սույն պայմանագրի խախտման դեպքում կազմակերպությունը պարտավոր չէ վերադարձնել իր կողմից ստացված բժշկական ծառայությունների գումարը, եթե վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք չեն ապացուցում, որ այդ բժշկական ծառայությունները չեն մատուցվել կամ մատուցվել են ոչ պատշաճ մակարդակով,

3) եթե փոխնակ մոր կողմից սույն պայմանագրի խախտման արդյունքում առաջացել է փոխնակ մոր կողմից ստացված գումարների վերադարձման, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից կրած բժշկական ծախսերի հատուցման պարտավորություն, ապա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրենց գումարային պահանջը պետք է ներկայացնեն անմիջապես փոխնակ մորը՝ առանց կազմակերպության ներգրավման,

4) եթե սույն պայմանագրի համաձայն փոխնակ մայրը ձեռք է բերում հատուցում կամ որևէ տեսակի այլ գումար ստանալու իրավունք, որը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց կողմից ենթակա է վճարման, և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք այդ գումարը չեն փոխանցել կազմակերպությանը, ապա փոխնակ մայրն իր բոլոր գումարային պահանջները պետք է ներկայացնի անմիջապես վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց` առանց կազմակերպության ներգրավման:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում եռակողմ ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները լրիվ կամ մասնակիորեն չկատարելու կամ ոչ պատշաճ մակարդակով կատարելու հետևանքով մյուս կողմին պատճառած վնասի համար:

 

7. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Վերարտադրողականության օժանդակ բոլոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բեղմնավորման և փոխնակ մայրության կիրառման մասին տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:

7.2. Կողմերը պարտավորվում են պահպանել սույն պայմանագրի շրջանակներում միմյանց վերաբերյալ ստացված ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը և զերծ մնալ երրորդ անձի որևէ կերպ (ուղղակի կամ անուղղակի) այդպիսի տեղեկատվություն տրամադրելուց կամ հասանելի դարձնելուց, ինչպես նաև ի շահ իրենց կամ երրորդ անձի կողմից այն օգտագործելուց` առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:

7.3. Գաղտնիության վերաբերյալ դրույթը չի տարածվում փոխնակ մայրության մասին տեղեկատվությունը սույն պայմանագրի կողմերին, նրանց ներկայացուցիչներին, իրավաբանական ծառայություն մատուցող անձի հայտնի դառնալու մասով:

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

8.1. Սույն պայմանագիրը մեկնաբանվում և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և պարտադիր է կողմերի համար:

8.2. Համաձայն սույն պայմանագրի՝ տարաձայնությունները և վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ կողմերի համաձայնությամբ դրանք լուծելու անհնարինության դեպքում ենթակա են լուծման դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.3. Սույն պայմանագիրը ենթակա է վավերացման՝ նոտարական կարգով:

8.4. Սույն պայմանագրում կատարվող բոլոր փոփոխությունները և լրացումները կողմերի միջև ձևակերպվում են գրավոր և վավերացվում նոտարական կարգով:

8.5. Կողմերի բնակության վայրի (գտնվելու վայրի) փոփոխման դեպքում կողմերը պարտավորվում են դրա մասին տեղեկացնել միմյանց:

8.6. Սույն պայմանագիրը կազմված է 4 (չորս) հավասար իրավաբանական ուժ ունեցող օրինակից, որոնցից մեկական օրինակ տրվում է կողմերից յուրաքանչյուրին, իսկ մեկ օրինակը պահվում է սույն պայմանագիրը վավերացրած նոտարի մոտ:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՏԱՐՐԵՐԸ

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԻՆՔ
1.____________________________________________________ անձնագիր _________, տրված՝ ______ թ., ____-ի կողմից
բնակության վայրը`______________________________
______________________________________________________
հեռախոսահամարը՝____________________________________
2._____________________________________________________
անձնագիր ________, տրված՝ _____թ. ______-ի կողմից
բնակության վայրը՝_______________________________
______________________________________________________
հեռախոսահամարը՝____________________________________

_________________________
(ստորագրությունը)

______________________
(ստորագրությունը)

ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐ _________________________________
անձնագիր ______, տրված՝ ___ թ., _____-ի կողմից
բնակության վայրը` ______________________________
________________________________________________
հեռախոսահամարը՝ ______________________________

__________________________
     (ստորագրությունը)

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
______________________________________________________

(լրիվ անվանումը)
______________________________________________________

գտնվելու վայրը (հասցեն)` ________________________________

                                             (մարզը, քաղաքը, փողոցը, տունը)  

_____________________________________________________
______________________________________________________

ՀՎՀՀ-ն՝ _______________________________________________
Հ/Հ-ն՝ _________________________________________________
Լիցենզիան՝ ____________________________________________
Պետական գրանցում (հաշվառում) _______________________
Լիազոր ներկայացուցիչ _________________________________

   (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________

(ստորագրությունը)

 

               Կ. Տ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան