ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2017 թվականի N 1199-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 14.1-ին կետի, 20-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 20.1-ին հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հոկտեմբերի 4 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1199-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 20.1-ին հոդվածի համաձայն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` օրենսգրքի և սույն կարգի համաձայն:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովը`
1) նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր թղթակցային և արձանագրային բաժնի պետից հայտերի բացման նիստից տասը րոպե առաջ ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերը.
2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած անձանց մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
3) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ներկայացրած հայտերի ուսումնասիրություն.
4) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ՝ ըստ հայտերի գրանցման հերթականության.
5) որոշում է մրցույթի արդյունքների ամփոփման օրը, որը չի կարող գերազանցել մեկ շաբաթը՝ հայտերի բացման օրվանից:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:
7. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, որն իր հրամանով կարող է հանձնաժողովի անդամին հանել տվյալ հանձնաժողովի կազմից:
8. Ամփոփման օրը հանձնաժողովը կազմում է արձանագրություն և ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը, որից հետո պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները:
9. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցչին՝ առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
10. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է հայտատուից պահանջել հայտին կից ներկայացված փաստաթղթերից ցանկացածի բնօրինակը:
11. Հայտին կից ներկայացված փաստաթղթերում վրիպակների կամ բացթողումների հայտնաբերման դեպքում, հանձնաժողովի որոշմամբ, մինչև տվյալ մրցույթի արդյունքների ամփոփման օրը հայտատուին տրամադրվում է ժամանակ` նշված վրիպակները կամ թերությունները մինչև մրցույթի անցկացման օրը վերացնելու համար:
12. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
2) հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, մրցույթի արդյունքների մասին արձանագրությունները:
13. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան