Գլխավոր տեղեկություն
Համար
N 985-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.30/54(1329) Հոդ.831
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 985-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջներն ու չափանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. օգոստոսի 11
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 10-ի N 985-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտներ) անվտանգության ապահովման և անվտանգ կառավարման նպատակով սահմանվում են դրանց կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջներ և չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն այդ օբյեկտների կառավարման գործընթացների բոլոր փուլերում: Օբյեկտների կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները ներկայացվում են օբյեկտների նախագծային փաստաթղթերում:

2. Օբյեկտների կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջներն են՝

1) օբյեկտների սեյսմակայունության ապահովումը.

2) օբյեկտի շահագործման, փակման փուլերում օբյեկտի կայունության և կառուցվածքային ամբողջականության ապահովումն ու մոնիթորինգի իրականացումը, որպեսզի հայտնաբերվեն փոփոխությունները և կանխարգելվեն հնարավոր վթարները.

3) օբյեկտի դիտանցումը՝ վերահսկելով լանջերը և ծածկերի կայունությունը, մակերեսային ու ստորգետնյա ջրերի որակը, ստորգետնյա ջրերի կուտակումը շինության տակ և շուրջը.

4) հարստացման ընթացքում կիրառվող ռեագենտների քանակի կրճատումը (օրինակ՝ ռեագենտների կիրառման ավտոմատացված համակարգեր, երկհարկ պարզարանների ստեղծում, արտահոսքերում ցիանիդների չեզոքացում՝ պերօքսիդների կիրառմամբ և այլն).

5) օբյեկտների տարածքների ջրային էրոզիայի կանխումը (օրինակ՝ դրենաժային համակարգի կառուցում, հնարավորության դեպքում օբյեկտների մակերեսների և թեքությունների կայունացման և ռեկուլտիվացիայի լեռնատեխնիկական կամ կենսաբանական մեթոդների կիրառում).

6) օբյեկտի շահագործման և փակման փուլերում ժամանակակից անվտանգության կառավարման համակարգերի և սարքավորումների կիրառումը.

7) օբյեկտի համար արտակարգ իրավիճակների ծրագրի մշակումը՝ ներառելով հիմնական տեխնիկական պահանջները և չափանիշները, որոնք կբացառեն փլուզման անցանկալի դեպքերը.

8) պոչամբարների պատվարի վթարման սպառնալիքի կամ վթարի դեպքում հնարավոր տիղմապատվող տարածքների հաշվարկի իրականացումը:

3. Օբյեկտների կառավարմանը ներկայացվող չափանիշներն են՝

1) արդյունաբերական արտահոսքերի կայուն կառավարումը (օրինակ՝ ջրի շրջանառու համակարգերի կիրառում, արտահոսքերի մաքրման կենսաբանական մեթոդներ).

2) օբյեկտների մակերեսներից փոշեգոյացման կանխումը կամ նվազեցումը (օրինակ՝ փոշենստեցման նպատակով ջրցանի ավտոմատ կառավարվող համակարգերի կիրառում, փոշեգոյացնող մակերեսների կայունացում՝ բնական պոլիմերային միացությունների և կոմպոզիտների կիրառմամբ և այլն).

3) խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի կենսաբանական մեթոդների կիրառումը՝ նպաստելով հողերի արգասաբերության վերականգնմանը.

4) ընդերքօգտագործողների կողմից օբյեկտների հարակից տարածքներում շրջակա միջավայրի մոնիթորինգի պարտադիր իրականացումը՝ ժամանակակից լավագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով.

5) օբյեկտի գործարկման վերանայումը՝ տարեկան կտրվածքով, փաստացի գնահատումը, նախագծով նախատեսված ռիսկերի նվազեցման միջոցառումների շտկումը և իրականացումը.

6) շահագործման փուլում, անհրաժեշտության դեպքում, օբյեկտի փակման չափանիշների վերանայումը, ինչպես նաև համապատասխանաբար ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի վերանայումը.

7) օբյեկտի դիտանցման ժամանակ նորագույն ճշգրիտ սարքավորումների և արդյունքների վերլուծության համար ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 10-ի N 985-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) վերամշակումը բխում է աղտոտումից շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:

2. Թափոնների կառավարման ոլորտում քաղաքականության հիմնական սկզբունքները ներառում են՝

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը թափոնների վնասակար ներգործությունից.

2) հումքային արժեք ունեցող թափոնների՝ ուղղակի, կրկնակի կամ այլընտրանքային առավելագույն օգտագործումը.

3) նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների պատշաճ օգտագործման ապահովումը.

4) թափոնների գործածության ոլորտում հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը:

3. Թափոնների վերամշակմանը ներկայացվող չափանիշներն են՝

1) վերամշակումը, որի հիմքը պետք է կազմի մարդու կողմից գիտակցաբար կազմակերպված` հումքի, ապրանքների և թափոնների շրջապտույտը.

2) թափոնների քանակի նվազեցմանն ուղղված՝ սկզբունքորեն նոր տեխնոլոգիական գործընթացների մշակումը և ներդրումը.

3) տարածքային առումով մոտ գտնվող մի կազմակերպության թափոնները կարող են որպես հումք հանդիսանալ մյուս կազմակերպության համար.

4) նոր տեխնոլոգիական գործընթացի տեխնոլոգիական միավորների (փուլեր և սարքավորումներ) քանակի նվազեցումը` գործընթացի միջանկյալ փուլերում թափոնների և հումքի կորուստների նվազեցման նպատակով.

5) շարունակական սխեմաների, տեխնոլոգիաների և գործընթացների կիրառումը (փակ տեխնոլոգիական ցիկլեր).

6) արտադրական գործընթացների ինտենսիվացումը, դրանց ավտոմատացումն ու օպտիմալացումը.

7) բարձր արդյունավետությամբ մաքրման մեթոդների, սկզբունքորեն նոր, մի շարք գործընթացներ միավորող սարքավորումների ներդրումը.

8) նոր կառուցվածքային նյութերի օգտագործումը, որոնք թույլ են տալիս բարձրացնել սարքերի երկարակեցությունը:

4. Թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջներն ու չափանիշներն են՝

1) բոլոր կառույցների պարբերական ստուգումը և պահպանումը, ինչը պահանջվում է աղտոտիչների արտահոսքը կանխելու համար.

2) ոչ իներտ թափոնների ժամանակավոր պահեստավորման դեպքում՝

ա. վերահսկման տակ գտնվող ջրերի աղտոտման կանխարգելման նպատակով թափոնների ժամանակավոր պահեստավորումն իրականացնել անջրաթափանց կամ ցածր ջրաթափանցելիություն ունեցող տարածքներում,

բ. խտացնել ժամանակավոր պահեստավորված թափոնները՝ հոսքերը խթանելու նպատակով,

գ. հավաքել ժամանակավոր պահեստավորված թափոնների հոսքերը՝ նախքան դրանց արտահոսքը.

3) թափոնների վերամշակման դեպքում՝

ա. եթե թափոնը իներտ չէ, ապա ստորգետնյա ջրերի պաշտպանության նպատակով պետք է կառուցվեն հավաքման ավազաններ կամ պարզարաններ, որպեսզի բացառվի աղտոտված ջրերի արտահոսքը թափոնների ժամանակավոր պահեստավորման տարածքից,

բ. եթե ավազաններն օգտագործվում են լուծույթից մնացուկների առանձնացումն արագացնելու համար կամ եթե նրանց պարունակած թափոնները վտանգավոր են, ապա ավազանները պարտադիր կերպով պետք է լինեն անջրանցիկ, որպեսզի կանխվի վտանգավոր և ոչ վտանգավոր նյութերով մակերեսային ու ստորգետնյա ջրերի աղտոտումը.

4) համապատասխան վայրերում փոշու նստեցման միջոցառումներն են՝

ա. երթևեկության պատճառով փոշի առաջանալու դեպքում հոսքային մակերեսը ծածկել բիտումային ծածկույթով կամ բետոնով,

բ. թափոնների օբյեկտի մոտակայքում տեղադրել ցածր արագության նշաններ՝ նպատակ ունենալով նվազեցնել օբյեկտի ճանապարհներից առաջացող փոշին,

գ. չոր եղանակի ժամանակ ճանապարհների վրա և գործառնական տարածքներում ջուր ցանել.

5) թափոնների հետ աշխատանքների արդյունքում ճանապարհների վրա ցեխի առաջացումը վերահսկելու նպատակով իրականացնել հետևյալ միջոցառումները՝

ա. կատարել անիվների լվացում՝ արտադրողի ցուցումներին համապատասխան,

բ. ապահովել, որ ճանապարհների ջրատարներից արտանետվող կեղտոտ ջուրը վերամշակվի տիղմի նստեցման գործընթացների միջոցով՝ նախքան դրա հեռացումը.

6) թափոնների օբյեկտներից ոչ իներտ թափոններով աղտոտված մակերեսային ջրերը նվազեցնելու նպատակով իրականացվող միջոցառումները ներառում են՝

ա. տարածքը, որտեղից նյութերը կարող են հողմահարվել, պետք է հնարավորինս փոքրացվի՝ ոչ ակտիվ տարածքները լցոնելով իներտ կույտերով,

բ. փակված տարածքներում վերականգնել բուսականությունը,

գ. ստեղծել պատշաճ կերպով նախագծված մակերեսային ջրերի դրենաժի համակարգ (համակարգեր).

7) մակերեսային հոսք մուտք գործող վտանգավոր նյութերի ծավալները չպետք է գերազանցեն այդ նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.

8) կոշտ, ոչ իներտ թափոնների պարագայում վտանգավոր և (կամ) ոչ վտանգավոր նյութերի առկայության դեպքում ստորգետնյա ջրերի պահպանության նպատակով կարող է պահանջվել ցածր անցանելիությամբ պատնեշների ստեղծում թափոնների օբյեկտներում՝ նպատակ ունենալով կանխել դրանց թափանցումն ստորգետնյա ջրեր:

5. Թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները ներկայացվում են թափոնների կառավարման և վերամշակման նախագծային փաստաթղթերում:

6. Թափոնների վերամշակման ընթացքում հումքին և նյութերին ներկայացվող պահանջներն են՝

1) թափոնների վերամշակում կազմակերպելիս՝ անհրաժեշտ է հումքի լիարժեք օգտագործում.

2) հումքի և նյութերի որակի համապատասխանումը տեխնոլոգիական գործընթացի մակարդակին.

3) հումքի նախնական վնասազերծումը.

4) բարձր թունունակությամբ օժտված նյութերի փոխարինումը նվազ թունունակությամբ նյութերով.

5) հումքի ավանդական տեսակների փոխարինումը ոչ ավանդական տեսակներով.

6) հումքի բոլոր բաղադրիչների համալիր օգտագործումը.

7) երկրորդային հումքի առավելագույն օգտագործումը և առաջնային հումքի փոխարինումը երկրորդայինով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան