Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.895
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2003 թվականի N 1127-Ն

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 02.03.17 N 195-Ն)

 

Համաձայն «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 02.03.17 N 195-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 8-ի N 1127-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

(վերնագիրը լրաց. 02.03.17 N 195-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան) վարում և պահպանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

 

2. Գրանցամատյանում գրանցվում և հաշվառվում են`

ա) նախկին ԽՍՀՄ-ում և մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը Հայաստանի Հանրապետությունում շրջանացված բույսերի բոլոր սորտերն ու հիբրիդները` արտոնագրի գործողության մնացած ժամկետի հաշվով.

բ) «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 2000 թվականի մայիսի 3-ից հետո արտոնագիր ստացած սելեկցիոն նվաճումները` արտոնագրի գործողության մնացած ժամկետի հաշվով:

 

III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

3. Գրանցամատյանում սելեկցիոն նվաճման գրանցումը, հաշվառումը և գրանցումից հանումը կատարվում է արտոնագիր տալու կամ այն գրանցումից հանելու մասին որոշման ընդունումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 02.03.17 N 195-Ն)

4. Յուրաքանչյուր սելեկցիոն նվաճում գրանցվում և հաշվառվում է առանձին` լիազորված մարմնի կողմից հաստատված անվանմամբ: Եթե սելեկցիոն նվաճումն այլ երկրում արտոնագիր է ստացել այլ անվանմամբ, ապա փակագծերի մեջ գրվում է նաև այդ անվանումը, և այն երկրի երկնիշ ծածկագիրը, որտեղ իրավասու կազմակերպության կողմից սելեկցիոն նվաճմանը տրվել է արտոնագիր:

5. Սելեկցիոն նվաճումը գրանցվում է ցեղի կամ տեսակի բուսաբանական անվանմամբ` հայերեն և լատիներեն: Սելեկցիոն նվաճումը կարող է գրանցվել նաև Սելեկցիոն նվաճումների պահպանության միջազգային միության պաշտոնական լեզուներից մեկով:

6. Ոչ ավանդական եղանակներով բուծված սելեկցիոն նվաճումների ծագման մասին տեղեկությունները գրանցամատյանում գրանցվում են առանձին հավելվածի տեսքով` որպես սորտի նկարագրության բաղկացուցիչ մաս:

7. Գրանցվող սելեկցիոն նվաճմանը վերաբերող նյութերն ստորագրվում են լիազորված մարմնի ղեկավարի կողմից և պահպանվում արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում:

8. Եթե գրանցամատյանում տեղի են ունենում սույն կարգով սահմանված և հրապարակված տեղեկությունների փոփոխություններ, ապա այդ դեպքում լիազորված մարմինը դրանք գրանցամատյանում գրանցում է պաշտոնական փաստաթղթերն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(8-րդ կետը փոփ. 02.03.17 N 195-Ն)

9. Լիազորված մարմինը գրանցամատյանում սելեկցիոն նվաճումը գրանցելու, հաշվառելու, գրանցումից հանելու և տեղի ունեցած այլ փոփոխությունների մասին տեղեկություններ է հրապարակում «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

(9-րդ կետը փոփ. 02.03.17 N 195-Ն)

10. Սելեկցիոն նվաճումը գրանցամատյանից դուրս բերելու մասին լիազորված մարմնի որոշման պաշտոնական հրապարակումից հետո յուրաքանչյուր անձ, առանց սահմանափակումների կարող է դիմում ներկայացնել լիազորված մարմին` որոշման նյութերին ծանոթանալու համար:

(10-րդ կետը փոփ. 02.03.17 N 195-Ն)

11. Լիազորված մարմինը դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում դիմողին է տրամադրում պահանջված նյութերի կրկնօրինակները:

 

IV. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Գրանցամատյանում սելեկցիոն նվաճման վերաբերյալ արձանագրվում են հետևյալ տեղեկությունները`

ա) սելեկցիոն նվաճմանն արտոնագիր և օգտագործման թույլտվություն տալու մասին լիազորված մարմնի որոշման համարն ու ամսաթիվը.

բ) սելեկցիոն նվաճմանն արտոնագիր և օգտագործման թույլտվություն տալու մասին պաշտոնական տեղեկատվության աղբյուրն ու ժամկետը.

գ) արտոնագրի համարը, որը միաժամանակ հանդիսանում է գրանցամատյանում սելեկցիոն նվաճման գրանցման հերթական համարը.

դ) սելեկցիոն նվաճման արտոնագրի և օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերի ծածկագիրը (ծածկագրերը).

ե) սելեկցիոն նվաճման հաստատված անվանումը.

զ) արտոնագրատիրոջ ճշգրիտ անվանումը (անունը, ազգանունը).

է) սելեկցիոն նվաճման օգտագործման թույլտվության գոտին (գոտիները).

ը) սելեկցիոն նվաճման բուծման երկրի երկնիշ ծածկագիրը.

թ) այլ երկրների սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյաններում գրանցման ժամկետը.

ժ) սելեկցիոն նվաճման արտոնագրատեր չհամարվող հեղինակին (հեղինակներին) հանձնված հեղինակային իրավունքի վկայագրերի համարն ու հանձնման ամսաթիվը.

ժա) սելեկցիոն նվաճման պահպանությունը կազմակերպող ֆիզիկական կամ իրավաբանական անձի (անձանց) գտնվելու կամ բնակության վայրը.

ժբ) սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտում` հեղինակների մասին տեղեկությունները:

 

V. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Գրանցամատյանն ունի հավելված, որտեղ ըստ արտոնագրերի գրանցման հերթական համարների, պահպանվում են սելեկցիոն նվաճումների հաստատված նկարագրությունները և օգտագործման վերաբերյալ լիազորված մարմնում գրանցված լիցենզային պայմանագրերի կրկնօրինակները:

14. Լիազորված մարմինն ստեղծում և պահպանում է գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը: Գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում է լիազորված մարմնի պաշտոնական կայքում:

(14-րդ կետը լրաց. 02.03.17 N 195-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 02.03.17 N 195-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան