ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 214-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 7-րդ» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ» բառերով.
2) որոշման հավելվածի 1-ին կետում «Սննդամթերքի անվտանգության մասին» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» բառերով.
3) որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից հանել «, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների» բառերը.
4) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ծառայության կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ ծառայության աշխատակազմի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից: Հսկիչ գնումը կատարվում է հսկիչ գնումից առաջ ստացված գումարով, որը ծառայության աշխատակազմի ֆինանսատնտեսական ստորաբաժանման կողմից փոխանցվում է հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձի հաշվին, իսկ հսկիչ գնումն անկանխիկ կատարելու անհնարինության դեպքում, տրամադրվում է կանխիկ, որի համար հսկիչ գնում կատարող պաշտոնատար անձը ներկայացնում է հսկիչ գնում կատարելու մասին հրամանը և զեկուցագիր, որտեղ նշվում է գնվող ապրանքի (ապրանքների) անվանումը, ապրանքանիշը, քանակը և կատարվելիք ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:».
5) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը հսկիչ գնումն ավարտելուց հետո մեկօրյա ժամկետում ծառայության աշխատակազմի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում է գնված ապրանքի (ապրանքների) և կատարած ծախսերի վերաբերյալ զեկուցագիր, հսկիչ գնման արդյունքում կազմված արձանագրության պատճենները, ինչպես նաև ապրանքի գնման հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնը կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ: Հսկիչ գնման արդյունքում կատարված ծախսը վերցված գումարից ավելի լինելու դեպքում, հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից ստանում է տարբերությունը, իսկ պակաս լինելու դեպքում՝ տարբերությունը վերադարձնում ծառայության աշխատակազմի ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 10 Երևան |