ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1329-Ա
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի մասին» N 6 արձանագրության 40-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրի դրույթների կատարման նպատակով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 67-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Մյասնիկյան պող., 5/1, պետական գրանցման համարը` 264.140.00001):
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին և կողմ քվեարկել ընկերության լուծարման ու լուծարային ծրագիրը հաստատելու մասին որոշումների ընդունմանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
5. Սահմանել, որ`
1) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտվելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացորդային գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 22 Երևան |