Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.1027
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0031/01/13

ԵՇԴ/0031/01/13

Նախագահող դատավոր՝ Գ. Ավետիսյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

ա. պողոսՅԱՆԻ

   

Հ. Ասատրյանի

   

Ս. ԱՎԵՏԻՍյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Ս. Օհանյանի

   
  քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

  մասնակցությամբ
  դիմողի ներկայացուցիչ

Վ. Մնացականյանի

 

2016 թվականի մարտի 30-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ Քրիստինե Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի փետրվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 59100613 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ Քրիստինե Արմենի Փաշինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի մարտի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Ք.Փաշինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով:

Տուժողի օրինական ներկայացուցիչ Ա.Մուխսիկարոյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

Դատավճռով վճռվել է նաև Ք.Փաշինյանին պատկանող «Տոյոտա Վիտզ» մակնիշի 95 QՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ:

3. Տուժող Ս.Մուխսիկարոյանի և նրա օրինական ներկայացուցիչ Ա.Մուխսիկարոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունիսի 10-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 10-ի որոշումը դատավարության մասնակիցների կողմից չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

5. 2015 թվականի հունիսի 25-ին Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով լուծել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռում տեղ գտած անհստակությունը և վերացնել Ք.Փաշինյանին պատկանող «Տոյոտա Վիտզ» մակնիշի 95 QՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի դիմումը մերժվել է:

6. Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 22-ի որոշումը:

7. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանը:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է` տրամադրելով 15-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար:

Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

8. Ք.Փաշինյանի կողմից 2014 թվականի հուլիսի 10-ին Վ.Մնացականյանին տրված լիազորագրի համաձայն`

«Ես` Քրիստինե Արմենի Փաշինյանս (...) լիազորում եմ փաստաբան Վահե Թովմասի Մնացականյանին (...) լինելու իմ ներկայացուցիչը (...) ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով նախատեսվածները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 124):

9. Քրեական գործի նյութերում առկա ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրված 2012 թվականի հուլիսի N 1502 արտոնագրի համաձայն` Վահե Մնացականյանը փաստաբան է (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 125):

10. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռի եզրափակիչ մասի համաձայն` «(…) Քրիստինե Փաշինյանին պատկանող «Տոյոտա Վիտզ» մակնիշի 95 QՍ 555 համարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 36):

11. Առաջին ատյանի դատարանը, 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մերժելով Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի` դատավճռի անհստակությունները վերացնելու մասին դիմումը, արձանագրել է. «(...) Դատարանում դիմող Վ.Մնացականյանը դիմումը պնդեց և նախագահողի հարցին վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածը հայտնեց, որ փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և նոտարական վավերացման ենթակա չէ: Միաժամանակ հայտնեց, որ Քրիստինե Փաշինյանը բացակայում է հանրապետությունից:

Լսելով դիմողին, ուսումնասիրելով դիմումը և դրա վերաբերյալ դատարանում առկա փաստաթղթերը` դատարանը գտնում է, որ դիմումն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ դիմողի կողմից դատարանին չի ներկայացվել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, նշված քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 141):

12. Վերաքննիչ դատարանն իր 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման մեջ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավոր է:

(...) Առաջին ատյանի դատարանը գտել է, Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ առանց դիմողի ներկայության և ներկայացուցչի լիազորությունները հավաստելու մասին նրա հայտարարության, փաստաբան Վ.Մնացականյանի կողմից ներկայացված լիազորագրի հասարակ գրավոր ձևը բավարար չէ, հիմք ընդունելու վերջինիս լիազորությունները ճանաչելու համար: Նամանավանդ, որ վերջինս հայտնեց, որ ըստ իրեն` վստահորդը տևական ժամանակ բացակայում է հանրապետությունից:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ լիազորագրում մատնանշված ներկայացուցչի լիազորությունները` տարբեր մարմինների այդ թվում դատարանների հետ փոխհարաբերություններում սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված յոթ կետերի շրջանակով:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կամ վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները ճանաչելու մասին կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը, որ Վ.Մնացականյանը դատարան չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար:

Հիմնավոր է Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ բերած փաստարկը, որ քրեական դատավարությունում և կոնկրետ նման պահանջով դատարան դիմելու լիազորություն վստահորդը փաստաբան Վ.Մնացականյանին չի տվել: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 42-43):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 14-րդ, 18-րդ, 20-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ, 430-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների՝ բողոք բերած անձը նշել է, որ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանները իրենց որոշումներում չեն նշել` կոնկրետ որ նորմի պահանջից ելնելով են եկել եզրահանգման, որ փաստաբանը դիմողի շահերը դատարանում ներկայացնելու համար պետք է ունենա կա՛մ դիմողի` դատարանում հայտնած այդպիսի ցանկությունը, կա՛մ նոտարական վավերացմամբ լիազորագիր:

Ըստ բողոք ներկայացրած անձի` անհիմն է ստորադաս դատարանների այն հետևությունը, համաձայն որի՝ վստահորդը դատարանում ներկա գտնվելով պետք է հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները, կամ նրա բացակայության դեպքում փաստաբանին տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ, քանի որ ՀՀ օրենսդրության որևէ նորմ նման պայմաններ չի ներկայացնում իր խախտված իրավունքները վերականգնելու պահանջով դատարան դիմած անձի համար: Ավելին՝ ինչ վերաբերում է նոտարական կարգով վավերացման պահանջին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն` փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

Բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով դատարաններին ներկայացված է եղել դիմող Ք.Փաշինյանի կողմից փաստաբան Վ.Մնացականյանին տրված պատշաճ լիազորագիր: Որպես նշվածը լրացուցիչ հիմնավորելու փաստարկ Վ.Մնացականյանը վկայակոչել է, որ ինքը նույն լիազորագրով ներկայացրել է Ք.Փաշինյանի շահերը նաև դատարանում թիվ ԵՇԴ/2313/02/14 քաղաքացիական գործով:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ ստորադաս դատարանների որոշումները հիմնավորված ու պատճառաբանված չեն, և դրանով իսկ թույլ է տրվել դատական սխալ, որը էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա:

14. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի անհստակությունները լուծելու վարույթում դատապարտյալի պաշտպանի կարգավիճակը հաստատելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ փաստաբան Վ.Մնացականյանը դատարանում իրավասու չէ ներկայացնելու Ք.Փաշինյանի շահերը:

17. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ. «Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ (...)»:

Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ. «Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`

«1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: (...)»:

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձին երաշխավորված հիմնարար իրավունքներից մեկն է, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներից է: Քրեադատավարական իրավահարաբերություններում կասկածյալին և մեղադրյալին ցուցաբերվող իրավաբանական օգնությունը` կապված նրանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հետ, ունի որոշակի առանձնահատկություններ:

Այսպես` ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Մեղադրյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքը` որպես մեղադրյալին վերապահված իրավունքների համակցություն, նրան հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը: Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք (տե՛ս mutatis mutandis Նորիկ Սեդրակի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը):

Չնայած դատական ակտերի կատարման փուլի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի ընթացքում քրեական հետապնդումն արդեն իսկ ավարտված է (դատապարտյալը չի պաշտպանվում առաջադրված մեղադրանքից), սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դատապարտյալը նույնպես մեղադրյալ է, այն տարբերությամբ, որ նրա նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ: Թերևս վերջինիս հաշվառմամբ մեղադրյալի իրավավիճակի միասնականությունն ապահովելու նպատակով էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է դատական ակտերի ի կատար ածման փուլի շրջանակներում պաշտպանի օգնությամբ իր իրավունքներն իրականացնելու դատապարտյալի հնարավորությունը: Այլ խոսքով` օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու փուլում առաջացած հարցերի, այդ թվում` դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման վարույթում դատապարտյալը շարունակում է օգտվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության իրավունքից: Հետևաբար դատավարության այս փուլում դատապարտյալի օրինական շահերը ներկայացնող փաստաբանը նույնպես ձեռք է բերում պաշտպանի կարգավիճակ:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` «Իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու` ասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը»:

Մեջբերված նորմի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ մեղադրյալի (դատապարտյալի) պաշտպանի դատավարական իրավավիճակը հաստատելու համար քրեադատավարական օրենսդրությունը սահմանել է ներկայացվելիք փաստաթղթերի սպառիչ շրջանակ, այն է`

- անձը հաստատող փաստաթուղթ,

- փաստաբանի արտոնագիր,

- պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատում կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (պաշտպան նշանակելու ընթացակարգի վերաբերյալ մանրամանս տե՛ս Նորիկ Սեդրակի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 27-րդ կետը):

Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատման ձևին և բովանդակությանը վերաբերող վավերապայմաններ, այդ թվում` նոտարական վավերացման պահանջ: Այդպիսի վավերապայմաններ նախատեսված չեն նաև համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում, այդ թվում` «Փաստաբանության մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքներում:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար պաշտպանյալի հաստատումը բովանդակային առումով պետք է պարունակի մեղադրյալի (դատապարտյալի) համաձայնությունը կոնկրետ փաստաբանի կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին, իսկ ձևական առումով պետք է ունենա փաստաթղթային ձևակերպում և հաստատված լինի մեղադրյալի (դատապարտյալի) ստորագրությամբ: Նշված պահանջներին համապատասխանող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է գնահատվի որպես պաշտպանյալի կողմից տրված պատշաճ հաստատում, հակառակ դեպքում կխախտվեն ինչպես օրինականության սկզբունքը, այնպես էլ մեղադրյալի (դատապարտյալի) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

19. Գործի նյութերից երևում է, որ Ք.Փաշինյանի կողմից 2014 թվականի հուլիսի 10-ին Վ.Մնացականյանին տրված լիազորագրի համաձայն` «Ես` Քրիստինե Արմենի Փաշինյանս (...) լիազորում եմ փաստաբան Վահե Թովմասի Մնացականյանին (...) լինելու իմ ներկայացուցիչը (...) ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով նախատեսվածները (...)» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ, առանց բովանդակային քննարկման առարկա դարձնելու փաստաբան Վ.Մնացականյանի կողմից ներկայացված դիմումի հիմնավորումները, մերժել է դատավճռի անհստակությունները վերացնելու մասին պահանջն այն պատճառաբանությամբ, որ փաստաբան Վ.Մնացականյանը դատարանին չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Առաջին ատյանի դատարանի որոշումն այն պատճառաբանությամբ, որ Ք.Փաշինյանը փաստաբան Վ.Մնացականյանին լիազորել է պետական և դատական մարմիններում հանդես գալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու համար, և լիազորագրում մատնանշված ներկայացուցչի լիազորություները տարբեր մարմինների, այդ թվում` դատարանների հետ փոխհարաբերություններում սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված յոթ կետերի շրջանակով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորություները ճանաչելու մասին, կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ: Նշվածից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վ.Մնացականյանը դատարան չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ «վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները ճանաչելու մասին կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ» անհիմն է և չի բխում ՀՀ օրենսդրությունից: Պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար անհրաժեշտ` պաշտպանյալի փաստաթղթային հաստատմանը ներկայացնելով լրացուցիչ և որևէ իրավական հիմքից զուրկ պահանջներ` Վերաքննիչ դատարանը խախտել է օրինականության սկզբունքը և անհիմն սահմանափակել Ք.Փաշինյանի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Ինչ վերաբերում է այն պատճառաբանություններին, որ Ք.Փաշինյանի կողմից տրված լիազորագրով փաստաբան Վ.Մնացականյանի իրավունքները սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով սահմանված գործողություններով, և քրեական դատավարության շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություն չի պարունակում` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավորված չի համարում և արձանագրում է, որ նշված լիազորագրով Վ.Մնացականյանը լիազորված է եղել ի շահ Ք.Փաշինյանի ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսվածները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելու իրավունքը լիազորագրով Վ.Մնացականյանին վերապահված լիազորություններից մեկն է, սակայն` ոչ միակը, քանի որ նույն լիազորագրով Ք.Փաշինյանը լիազորել է (համաձայնություն է տվել) Վ.Մնացականյանին ի շահ իրեն ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա են նաև Վ.Մնացականյանի` որպես Ք.Փաշինյանի պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ փաստաբան Վ.Մնացականյանը դատարանում իրավասու չէ ներկայացնելու Ք.Փաշինյանի շահերը:

21. Ամփոփելով սույն որոշման իրավական և փաստական վերլուծություններն ու եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, եզրահանգելով, որ Վ.Մնացականյանը լիազորված չէ ներկայացնելու Ք.Փաշինյանի շահերը դատարանում, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ, 429-րդ հոդվածները: Արդյունքում` ստորադաս դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր: Նշված դատավարական իրավունքի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Քրիստինե Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի դիմումը մերժելու վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 22-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

    Հ. Ասատրյան
    Ս. Ավետիսյան
    Ե. Դանիելյան
   

Ս. Օհանյան