Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-15-Ո-11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.17/63(1243) Հոդ.806
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.07.2016
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-15-Ո-11

2016 թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արդարադատության խորհուրդը

 

հետեվյալ կազմով`

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
   
մասնակցությամբ` ԱԽ անդամներ Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,
Գ. Ղազինյանի, Ս. Չիչոյանի,
Ե. Սողոմոնյանի, Վ. Ստեփանյանի,
Ս. Օհանյանի
   
մասնակցությամբ` դատավոր Գ. Մազմանյանի
   

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 

էթիկայի և կարգապահական հարցերի 

հանձնաժողովի անդամներ

Մ. Մարտիրոսյանի, Մ. Պապոյանի
   
քարտուղարությամբ` Շ. Վարդանյանի

 

 2016 թվականի հուլիսի 27-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 27.06.2016թ. թիվ N-ԷԿ-3/2016 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հաղորդումը` հասցեագրված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

«2016 թվականի փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Դ.Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով խնդրել է հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու, ինչպես նաև հանձնումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանային դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով (երկու դրվագ) 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառել ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Գ. Մազմանյան) 2016 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Դ.Պետրոսյանի միջնորդությունը բավարարվել է: Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով: Կալանավորման սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 24-ից:

2016 թվականի փետրվարի 29-ին Կորյուն Եղիազարյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որով խնդրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի փետրվարի 25-ին կայացված թիվ ԵԿԴ/0051/06/16 որոշումը բեկանել և Կորյուն Եղիազարյանին ազատ արձակել:

2016 թվականի մարտի 2-ին ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով խնդրել է Կորյուն Եղիազարյանին ազատել կալանքից: Ընդ որում` նման միջնորդության հիմքում դրվել է այն, որ Կորյուն Եղիազարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև նա դատապարտվել է միջին ծանրության հանցանքի համար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Գ. Մազմանյան) 2016 թվականի մարտի 3-ի որոշմամբ որոշվել է Կորյուն Եղիազարյանին ազատել կալանքից` հանձնումը բացառող հանգամանքների առկայության պատճառով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Կորյուն Եղիազարյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի փետրվարի 25-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ժամանակավոր կալանավորման կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 478.3 հոդվածի 8-րդ մասով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2 հոդվածի համաձայն`

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով` հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:

2. Մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի` անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում` էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:

3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերից մեկը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3 հոդվածի 8-րդ մասի համաձայն` սույն հոդվածի և սույն օրենսգրքի 478.2 հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով: Փոխանցված քրեական գործը վարույթ ընդունելու պահից անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Վերոգրյալ իրավանորմերի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ հանձնման նպատակով կամ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով դատարանի կողմից 40 օր ժամկետով ժամանակավոր կալանավորում ընտրելու դեպքում նույն ատյանի դատարանն իրավասու չէ 7 օր անց կրկին` երկրորդ անգամ քննության առնելու կալանավորման հարցը և անձին ազատ արձակելու:

Տվյալ դեպքում հարկ է նկատել նաև որ դատարանը միևնույն հիմքերի և փաստական հանգամանքների առկայության պայմաններում մի դեպքում անձին կալանավորել է, իսկ օրեր անց` ազատ արձակել: Այսինքն` կայացվել է իրարամերժ, հակասական որոշումներ: Ընդ որում` դատարանը կալանքից ազատելու վերաբերյալ իր որոշումը հիմնավորել է ոչ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքով, այլև այն պատճառաբանությամբ, որ Կորյուն Եղիազարյանի կատարած արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ ժամանակավոր կալանավորումը ՀՀ քաղաքացիների նկատմամբ կարող է կիրառվել միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքներով, այն դեպքում, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի ապրիլի 28-ին թիվ ԵԿԴ/0051/06/16 որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ Կորյուն Եղիազարյանի կողմից կատարած արարքն ինչպես ՌԴ քրեական օրենսգրքով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ դասվում է ծանր հանցագործությունների շարքին:

Այսպիսով, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի մարտի 2-ին ներկայացված միջնորդությունը քննելու և Կորյուն Եղիազարյանին կալանքից ազատելու իրավասություն չի ունեցել:

ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք է արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:

Նույն օրենսգրքի 153.2 հոդվածի համաձայն`

1. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:

3. Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:

4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

5. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է կոպիտ անփութությամբ, եթե դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, այն է` օրենսդրությամբ նախատեսված լիազորություն չունենալով քննելու ՀՀ արդարադատության նախարարի վերոգրյալ միջնորդությունը` քննել և բավարարել է այն, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, արդյունքում նաև` ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը:

Ավելին` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը առաջին ատյանի դատարանի կողմից քննվել է այն ժամանակ, երբ նույն հիմքերով ներկայացված է եղել վերաքննիչ բողոք: Այսինքն` դատավոր Գայանե Մազմանյանը, վերստին քննելով, ստանձնել է վերաքննիչ դատարանի դեր` նույն հիմքերի պայմաններում կայացնելով նախորդ որոշմանն արմատապես հակասող նոր դատական ակտ: Այսպիսով, խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ, 45-րդ, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման և վերանայման վերաբերող բոլոր հոդվածները և ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ, 48-րդ հոդվածները:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ նշված դատավարական նորմերի խախտումները չեն կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ, ինչպես նաև կատարված են կոպիտ անփութությամբ, քանի որ գործի փաստական հանգամանքներից հստակ է, որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Վերոգրյալի արդյունքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, արձանագրելով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի մարտի 2-ին ներկայացված միջնորդությունը քննելու և Կորյուն Եղիազարյանին կալանքից ազատելու իրավասություն չի ունեցել, գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանն արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ (քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը) թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Այսպիսով, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Միաժամանակ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա խորությամբ և համակարգված չի ուսումնասիրել տվյալ խնդրի կապակցությամբ օրենսդրական կարգավորումները, չի պարզել, թե արդյոք ՀՀ արդարադատության նախարարը նման միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցել է, թե ոչ, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի կողմից քննված և լուծում ստացած հարցը նույն ատյանի դատարանի կողմից վերստին քննելու իրավասությունը, այնուամենայնիվ, քննել է դատարանի իրավասությանը ոչ ենթակա հարց` թույլ տալով դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավոր Գ. Մազմանյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«1) 2001-2009թթ. աշխատել եմ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2009-2016թթ. աշխատել եմ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ ՀՀ Նախագահի 30.01.2016թ. հրամանագրով նշանակվել եմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Առավելապես, իսկ վերջին 7 տարիներին բացառապես քննել եմ միայն քաղաքացիական գործեր:

2) Հանձնաժողովը գտել է, որ արդարադատություն իրականացնելիս իմ կողմից թույլ են տրվել դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

3) ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Դ.Պետրոսյանը 25.02.2016թ. միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով խնդրել է հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու, ինչպես նաև հանձնումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանային դատարանի 10.12.2009թ. դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով /երկու դրվագ/ 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառել ժամանակավոր կալանավորում` 40 /քառասուն/ օր ժամանակով:

Նույն օրվա որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Դ.Պետրոսյանի միջնորդությունը բավարարվել է, և Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում` 40 /քառասուն/ օր ժամկետով: Կալանավորման սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 24-ից:

Նշված որոշումը Կորյուն Եղիազարյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի կողմից 29.02.2016թ. բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 02.03.2016թ. ստացվել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` Կորյուն Եղիազարյանին կալանքից ազատելու մասին: Նշված միջնորդության քննարկումը հանձնարարվել է ինձ, իսկ 03.03.2016թ.` ժամը 17:00-ին, նշանակվել է դատական նիստ: 03.03.2016թ. իմ կողմից որոշում է կայացվել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարելու և Կորյուն Եղիազարյանին կալանքից ազատելու մասին` հանձնումը բացառող հանգամանքների առկայության պատճառով:

Մինչև դատական նիստը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կողմից վերջին 7 տարիների ընթացքում բացառապես քննվել են քաղաքացիական գործեր, ուսումնասիրել եմ դատական պրակտիկան, և ինձ համար պարզ է դարձել, որ դատական պրակտիկայում առկա են դատական ակտեր, երբ միջնորդություն ներկայացնողը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ դատարանները քննության են առել դրանք:

Այսպես.

1. Թիվ ԵԿԴ/0031/15/15 գործով 12.06.2015թ. որոշումը, որի համաձայն Դատարանը ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել է և Իոան Միհայիլի Բարանիկային կալանքից ազատել` Ռումինիայի իրավասու մարմինների կողմից վերջինիս հանձնումը այլևս չպահանջելու հիմքով:

2. Թիվ ԵԿԴ/0013/15/15 գործով 27.03.2015թ. որոշումը, որի համաձայն Դատարանը ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել է և Հասան Հոսսեյնի Արփանահիին կալանքից ազատ արձակել:

3. 09.08.2013թ. որոշումը, որի համաձայն Դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը և Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին ազատել է հանձնման նպատակով կիրառված ժամանակավոր կալանավորումից:

4. Թիվ ԵԷԴ/0048/15/12 գործով 02.11.2012թ. որոշումը, որի համաձայն Դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և Արսեն Վոլոդյայի Մնացականյանին ազատել կալանքից` հանձնումը բացառող հանգամանքների առկայության պատճառով:

Ինձ համար այժմ էլ հասկանալի է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարը նման միջնորդություն ներկայացնելու լիազորությամբ օժտված չէ, սակայն, հիմք ընդունելով դատական պրակտիկան և այդ դատական ակտերը բեկանված չլինելու փաստը, համարեցի, որ միջնորդությունն այնուհանդերձ ենթակա է քննարկման, և վերլուծելով դատարան ներկայացված նյութերը գտա, որ այն ենթակա է բավարարման:

4) Բացի վերը շարադրվածից` Հանձնաժողովի ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ իմ կողմից կայացված որոշմամբ, որով ազատ է արձակվել Կորյուն Եղիազարյանը, որևէ իրավական հետևանք չի առաջացել, առավել ևս` որևէ անձի իրավունք չի խախտվել, քանի որ

ա/ ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, մասնավորապես` 01.03.2016թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 26.02.2016թ. 22.8879 տեղեկանքից, Կորյուն Եզիազարյանին ՀՀ Նախագահի 28.06.2010թ. թիվ 143-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, հետևապես ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունից ակնհայտ է դարձել, որ նա ՀՀ քաղաքացի է և կատարել է միջին ծանրության հանցագործություն:

բ/ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը:

գ/ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հանձնման գործընթացը իրականացվում է 13.12.1957թ. Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայով:

դ/ 13.12.1957թ. Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պայմանավորվող կողմն իրավունք ունի մերժելու իր քաղաքացիների հանձնումը:

ե/ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` հանձնումը չի կատարվում, եթե անձը, որի հանձնումը պահանջվում է, հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է:

զ/ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կարող է կիրառվել ժամանակավոր կալանավորում` քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով:

Միջնորդության քննարկման ընթացքում, ուսումնասիրելով Կորյուն Եղիազարյանին ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով /խարդախություն/ առաջադրված մեղադրանքը, գտել եմ, որ այն միջին ծանրության հանցագործություն է, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 478.3-րդ հոդվածի 8-րդ կետը նրա նկատմամբ կիրառելի չէ:

է/ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով` հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:

ը/ Ինչպես երևում է սույն գործի փաստական տվյալներից, առկա էին հանձնումը բացառող հանգամանքները, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում /40 օր/ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել:

Հետևապես, իմ կարծիքով բոլոր դեպքերում Կորյուն Եղիազարյանը 40-օրյա ժամկետը լրանալուց հետո ենթակա էր կալանքից ազատման:

5) Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իմ կողմից 25.02.2016թ. կայացված դատական ակտը, որի օրինականությունը ստուգվել է վերաքննիչ դատարանում և համարվել իրավաչափ, մնացել է անկատար, ապա հարկ եմ համարում նշել, որ միևնույն է մինչև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտը Կորյուն Եղիազարյանը ենթակա էր կալանքից ազատման, քանի որ.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացվել է 28.04.2016թ., իսկ Դատարանի 25.02.2016թ. որոշմամբ կիրառված ժամանակավոր կալանավորման` 40 /քառասուն/ օր ժամկետով, սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 24-ից, այսինքն` 40-օրյա ժամկետն ավարտվում էր ապրիլի 5-ին` մինչ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում կայացնելը:

6) Հարգելի՛ Հանձնաժողով, ես ընդունում եմ, որ քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, թույլ եմ տվել դատավարական նորմերի խախտումներ, որի կապակցությամբ հայցում եմ Ձեր ներողամտությունը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) 2016 թվականի փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Դ. Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով խնդրել է հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու, ինչպես նաև հանձնումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանային դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով (երկու դրվագ) 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառել ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Գ. Մազմանյան) 2016 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Դ. Պետրոսյանի միջնորդությունը բավարարվել է: Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով: Կալանավորման սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 24-ից:

2) 2016 թվականի փետրվարի 29-ին Կորյուն Եղիազարյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որով խնդրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի փետրվարի 25-ին կայացված թիվ ԵԿԴ/0051/06/16 որոշումը բեկանել և Կորյուն Եղիազարյանին ազատ արձակել:

3) 2016 թվականի մարտի 2-ին ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով խնդրել է Կորյուն Եղիազարյանին ազատել կալանքից: Ընդ որում` նման միջնորդության հիմքում դրվել է այն, որ Կորյուն Եղիազարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև նա դատապարտվել է միջին ծանրության հանցանքի համար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Գ. Մազմանյան) 2016 թվականի մարտի 3-ի որոշմամբ որոշվել է Կորյուն Եղիազարյանին ազատել կալանքից` հանձնումը բացառող հանգամանքների առկայության պատճառով:

4) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Կորյուն Եղիազարյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի փետրվարի 25-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5) ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության մեջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին վերագրվում են, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ, 45-րդ, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման և վերանայման վերաբերող բոլոր հոդվածների և ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ, 48-րդ հոդվածների խախտումներ, որոնց հիմքերով, սակայն, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 27.06.2016թ. թիվ N-ԷԿ-3/2016 որոշմամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Գ. Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ.

1) ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Արդարադատության նախարարը կամ վճռաբեկ դատարանի նախագահը հարուցել է կարգապահական վարույթ, ապա այդ մասին, նշելով ենթադրյալ խախտումը, տեղեկացնում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, նշելով ենթադրյալ խախտումը, այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ էթիկայի կանոնների խախտման հիմքով՝ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կամ պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահին: Նույն խախտման կապակցությամբ անձի նկատմամբ միաժամանակ երկու վարույթ չի հարուցվում»:

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է վարույթ հարուցած անձին ներկայացնել գրավոր բացատրություններ»:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը»:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու դեպքում կազմվող եզրակացությամբ չպետք է դուրս գալ այն ենթադրյալ խախտումների շրջանակից, որոնց հիմքով դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության մեջ Դատարանի դատավոր Գ. Մազմանյանին վերագրվում են, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ, 45-րդ, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման և վերանայման վերաբերող բոլոր հոդվածների և ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ, 48-րդ հոդվածների խախտումներ, որոնց հիմքերով, սակայն, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 27.06.2016թ. թիվ N-ԷԿ-3/2016 որոշմամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված եզրակացությամբ Դատարանի դատավոր Գ. Մազմանյանին վերագրվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ, 45-րդ, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման և վերանայման վերաբերող բոլոր հոդվածների և ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ, 48-րդ հոդվածների խախտումների հիմքերով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 27.06.2016թ. թիվ N-ԷԿ-3/2016 որոշմամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել, ուստի Խորհուրդը գտնում է, որ դատավոր Գ. Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ, 45-րդ, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման և վերանայման վերաբերող բոլոր հոդվածների և ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ, 48-րդ հոդվածների խախտումներ թույլ տալու մասերով, ենթակա է մերժման:

2) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա»:

Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:

Նշված հարցին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-766 որոշմամբ` նշելով, որ «...պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր՝ համապատասխան մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ արդարադատության նախարարը 02.03.2016թ. միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով խնդրել է կալանքից ազատել Կորյուն Եղիազարյանին, ում նկատմամբ Դատարանի (նախագահող դատավոր` Գ. Մազմանյան) 25.02.2016թ. որոշմամբ կիրառվել էր ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով: ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիմքում դրվել է այն, որ Կորյուն Եղիազարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև նա դատապարտվել է միջին ծանրության հանցանքի համար:

Դատարանը (նախագահող դատավոր` Գ. Մազմանյան) 03.03.2016թ. կայացված որոշմամբ որոշել է ՀՀ արդարադատության նախարարի 02.03.2016թ. միջնորդությունը բավարարել և Կորյուն Եղիազարյանին ազատել կալանքից` հանձնումը բացառող հանգամանքների առկայության պատճառով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե՛ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, կետ 28):

Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանող այլ իրավական ակտերով նախատեսված չէ որևէ կարգավորում, որի համաձայն ՀՀ արդարադատության նախարարին վերապահված է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց ժամանակավոր կալանավորումից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելու, իսկ դատարանին` այն քննության առնելու իրավասություն:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի 02.03.2016թ. միջնորդությունը և Կորյուն Եղիազարյանին ազատելով ժամանակավոր կալանավորումից, չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ վերը նշված խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, հեղինակազրկում է արդարադատությունը և կատարված է կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Գ. Ղազինյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան