ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հունիսի 2016 թ |
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլինում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների անդամների վարձատրվող աշխատանքի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի հունիսի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Քննության առարկա Համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլինում՝ դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների անդամների վարձատրվող աշխատանքի հնարավորությունների բարելավման նպատակով:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- փոխադարձության հիման վրա թույլատրել Համաձայնագրի 1-ին հոդվածում թվարկված դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքի անդամներին (այսուհետ՝ ընտանիքի անդամներ), կատարել վարձատրվող աշխատանք, ինչպես նաև հիշյալ անձանց վարձատրվող աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատել կացության կարգավիճակ ստանալու պարտականությունից (հոդված 2, կետ 1),
- եթե ընտանիքի անդամը ցանկանում է վարձատրվող աշխատանք կատարել, ապա ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով տեղեկացնի այդ մասին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությանը՝ նշելով ընտանիքի անդամի անունը, գործատուի անունը և հասցեն, ինչպես նաև ցանկալի զբաղմունքի անվանումը (հոդված 3, կետ 1),
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Համաձայնագրի դրույթների՝ ընտանիքի անդամի նկատմամբ կիրառելիությունը որոշելուն պես, անհապաղ գրավոր տեղեկացնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը, որ ընտանիքի անդամը վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն է ստանում (հոդված 3, կետ 2),
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը ծանուցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ընտանիքի անդամի՝ վարձատրվող աշխատանքի սկզբի և ավարտի մասին (հոդված 3, կետ 3),
- կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորությունից անձեռնմխելիության վերաբերյալ դրույթները նաև վարձատրվող աշխատանքի առնչությամբ կատարած ցանկացած արարքի նկատմամբ ընտանիքի այն անդամների դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական իրավազորության անձեռնմխելիությունից` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի կամ այլ կիրառելի միջազգային փաստաթղթի համաձայն (հոդված 5, կետ 1),
- քրեական արարք կատարելու դեպքում որպես ուղարկող պետություն՝ լրջորեն դիտարկել ընտանիքի համապատասխան անդամի՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության անձեռնմխելիությունից հրաժարվելու հարցը (հոդված 5, կետ 1),
- եթե Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվում ընտանիքի համապատասխան անդամի անձեռնմխելիությունից, ապա այդ անձի կատարած ցանկացած քրեական արարքի մասին տեղեկացնել քրեական հետապնդում իրականացնող ՀՀ մարմիններին և ծանուցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը քրեական վարույթի արդյունքների մասին (հոդված 5, կետ 2):
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և միտված են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլինում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների անդամների վարձատրվող աշխատանքի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող ՍԴՈ-1288
Գ. Հարությունյան
21 հունիսի 2016 թ.