ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 հուլիսի 2016 թ. |
ԿԻՄ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողների ներկայացուցիչներ Տ. Եգորյանի և Գ. Պետրոսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Կիմ Մինասյանի, Լուսինե Հարությունյանի, Վարտգեզ Գասպարիի դիմումների հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Կիմ Մինասյանի՝ 2016 թվականի հունվարի 12-ին, Լուսինե Հարությունյանի` 2016 թվականի մարտի 2-ին և Վարտգեզ Գասպարիի՝ 2016 թվականի ապրիլի 27-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-18 և 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴԱՈ-33 աշխատակարգային որոշումներով որոշել է վերը նշված դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» վերտառությամբ՝ սույն գործով վիճարկվող 182-րդ հոդվածը սահմանում է.
«Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:
Սույն գործով վիճարկվող հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ (29.07.88թ., 02.09.93թ. ՀՕ-79, 16.12.05թ. ՀՕ-32-Ն, 21.02.07թ. ՀՕ-73-Ն, 09.02.12թ. ՀՕ-7-Ն, փոփ., լրաց. 07.02.12թ. ՀՕ-2-Ն):
Վիճարկվող հոդվածը՝ սանկցիայի մասով գործող խմբագրությամբ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի ՀՕ-73-Ն օրենքով:
2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
ա) Կիմ Մինասյանի դիմումի մասով.
դիմելով դատարան՝ ՀՀ ոստիկանությունը պահանջել է Կիմ Մինասյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ դիմողը պահանջել է ՀՀ ոստիկանության գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: ՀՀ վարչական դատարանի 22.07.2014թ. վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ վճռի դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.02.2015թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 22.07.2014թ. վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 01.07.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում,
բ) Լուսինե Հարությունյանի դիմումի մասով.
դիմելով դատարան՝ ՀՀ ոստիկանությունը պահանջել է Լուսինե Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: ՀՀ վարչական դատարանի 21.07.2014թ. որոշմամբ հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.04.2015թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 21.07.2014թ. որոշումը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 06.08.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում,
գ) Վարտգեզ Գասպարիի դիմումի մասով.
դիմելով դատարան՝ ՀՀ ոստիկանությունը պահանջել է Վարդգեզ Գասպարիին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: ՀՀ վարչական դատարանի 14.11.2014թ. որոշմամբ հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.06.2015թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 14.11.2014թ. որոշումը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 07.10.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:
3. Դիմողները գտնում են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը (սանկցիա նախատեսող դրույթի մասով) հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ (1-4-րդ մասեր), 71-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածների պահանջներին:
Դիմողները, վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող դրույթը, նշում են, որ սահմանված տուգանքը հնարավորություն չի ընձեռում իրավակիրառողին դուրս գալ նախատեսված սանկցիայի շրջանակներից կամ դրա շրջանակներում կիրառել այլընտրանքային պատասխանատվության միջոց` դրանով իսկ ապահովելով պատասխանատվության անհատականացումը և համաչափության սկզբունքի կիրառումը:
Դիմողներն արձանագրում են, որ անկախ նրանից, թե ինչ բովանդակության օրինական պահանջ է ներկայացվել քաղաքացուն ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի կողմից, ինչպես նաև անկախ պահանջը չկատարած քաղաքացու անձից, նրա մեղքի աստիճանից, գույքային դրությունից, մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունից` բոլոր զանցառուները, ըստ վիճարկվող դրույթի, պետք է ենթարկվեն միևնույն վարչական տույժի: Դիմողներն արձանագրում են նաև, որ վիճարկվող դրույթը համապատասխան իրավախախտման դեպքում չի սահմանում ոչ այլընտրանքային պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորություն և ոչ էլ տուգանքի նվազագույն և առավելագույն սահմաններ:
Ըստ դիմող կողմերի՝ համաչափության և հավասարության սկզբունքների խախտումն առավել ակներև է դառնում վիճարկվող դրույթով «օրինական պահանջի» հստակեցված չլինելու պայմաններում: Յուրաքանչյուր դեպքում ներկայացված օրինական պահանջը կարող է էապես տարբերվող բնույթի լինել, էականորեն տարբեր կարող են լինել այդ պահանջի կատարման հանրային նշանակությունը, պահանջի չկատարման զանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և հետևանքները: Հետևաբար, վիճարկվող դրույթով նախատեսված զանցանքի համար պատասխանատվությունն անհատականացնելու և պատժաչափի տարբերակման անհրաժեշտությունն էապես պայմանավորված է հատկապես կոնկրետ զանցանքի բնույթով, որը միանշանակ չէ և պայմանավորված չէ կոնկրետ փաստով:
Վկայակոչելով համաչափության սկզբունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` դիմողները եզրահանգում են, որ վիճարկվող դրույթով սահմանված զանցանքի առանձնահատկություններից ելնելով`դրա համար նախատեսված պատասխանատվությունը պետք է ընձեռի պատժաչափի տարբերակված կիրառման հնարավորություն:
4. Պատասխանող կողմն առարկելով դիմողների փաստարկներին՝ գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Ըստ պատասխանողի՝ պետությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով խնդրո առարկա արարքի համար օրենքով սահմանել է համաչափ պատասխանատվություն: Միաժամանակ, պետությունն ինքն է որոշում իրավակիրառողին տալ իրավաբանական պատասխանատվության համաչափության գնահատման հայեցողություն, թե՝ ոչ՝ կախված կոնկրետ զանցակազմի բնույթից և դրսևորման բազմազանությունից:
Պատասխանող կողմն արձանագրում է, որ մի շարք դեպքերում, երբ նորմի դիսպոզիցիայում նկարագրվող արարքները կարող են լինել բազմասեռ, հանրային վտանգավորության աստիճանով միմյանցից տարբերվող կամ կատարվեն մեղքի տարբեր ձևերով կամ այնպիսի տարբեր կարգավիճակ ունեցող անձանց կողմից, որոնց պատասխանատվության հարցում կոնկրետ արարքի դեպքում անձանց կարգավիճակով պայմանավորված տարբերակված պատասխանատվության անհրաժեշտություն է առկա, օրենսդիրը սահմանել է ոչ միայն պատասխանատվության միջոցի նվազագույն և առավելագույն չափեր, այլև շատ դեպքերում՝ պատասխանատվության այլընտրանքային միջոցներ: Իսկ երբ այդ անհրաժեշտությունն առկա չէ, օրենսդիրը սահմանել է համաչափ կոնկրետ պատասխանատվություն, ինչպես խնդրո առարկա դեպքն է: Խնդրո առարկա սանկցիայով պետությունն արդեն իսկ սահմանել է անձի իրավունքի համաչափ սահմանափակում՝ չթողնելով այն իրավակիրառի հայեցողությանը: Ըստ պատասխանողի՝ նման կարգավորումը պայմանավորված է «նշված զանցակազմի առանձնահատկություններով՝ նկատի ունենալով, որ զանցակազմը նյութական չէ, այն է՝ զանցանքի առկայությունը չի կապվում արարքի հետևանքով առաջացող որևէ վնասի կամ նրա չափի հետ, ինչպես նաև արարքը կատարման մեղքի ձևի առանձնահատկությունները կամ աստիճանը, կամ այն կատարած անձը էական չեն քննարկվող զանցակազմի դեպքում՝ ելնելով օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքից, օրենքների կարգադրագրերին հետևելու և ոստիկանության ծառայողի օրինական պահանջը կատարելու համընդհանուր պահանջից»: Բացի դրանից, քննարկվող սանկցիան տուգանքի նվազագույն և առավելագույն չափ չի սահմանում նաև այն պատճառով, որ ոչ թե ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի ցանկացած օրինական պահանջ չկատարելն է առաջացնում հոդվածով սահմանված պատասխանատվություն, այլ միայն նրանք, որոնք արվել են բացառապես հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման և օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում, ինչը նշանակում է, որ նորմի գործողության շրջանակը օրենսդրի կողմից սահմանափակված է, որի դեպքում արդարացված է կոնկրետ տուգանքի չափ սահմանելը:
Պատասխանող կողմը նաև փաստում է, որ, մինչև 2007 թվականի փետրվարի 21-ն ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-73-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, խնդրո առարկա հոդվածի սանկցիան ունեցել է հետևյալ տեսքը՝ «առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»՝ նախատեսելով տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր: Հետագայում օրենսդիրը փոխել է քննարկվող սանկցիան՝ նկատի ունենալով վարչական իրավախախտումների համար տուգանքների սահմանման և փոփոխման ընդհանուր կանոնները՝ արարքի լրջությունը, հաճախականությունը, այն հանգամանքները, որոնցում դրսևորվում է արարքը:
5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի սահմանադրականության հարցը բարձրացնում են միայն վերջինիս կառուցվածքային տարր հանդիսացող սանկցիայի մասով:
Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները և ելնելով սույն գործով դիմողների փաստարկներից և եզրահանգումներից, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող հոդվածի սանկցիայի մասով իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատել՝
ա) վիճարկվող հոդվածի դիսպոզիցիայում ամրագրված «օրինական պահանջ» եզրույթի և ոստիկանության զորքերի զինծառայողի, ոստիկանության ծառայողի հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության լիազորությունները սահմանող օրենսդրական ակտերի համադրված վերլուծության համատեքստում,
բ) համաչափության սկզբունքի և դրա բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այդ առումով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արարքի հանրային վտանգավորության գնահատման իր իրավասության շրջանակներում օրենսդիրը հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը որակել է որպես վարչական իրավախախտում՝ այն ամրագրելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 14-րդ գլխում:
Պետաիշխանական լիազորություններով օժտված յուրաքանչյուր մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում: Հիշյալ սուբյեկտների հանրային-իրավական վարքագծի իրավական հիմք հանդես են գալիս ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միազգային պայմանագրերը, ՀՀ օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը:
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով)՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Սահմանադրական հիշյալ իրավակարգավորման համատեքստում անդրադառնալով վիճարկվող հոդվածում ամրագրված «օրինական պահանջ» եզրույթի բովանդակային ծավալին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն, մասնավորապես, ընդգրկում է փոխկապակցված հետևյալ բաղադրատարրերը.
ա) պահանջը պետք է ներկայացվի իրավասու սուբյեկտի, կոնկրետ դեպքում` ոստիկանության զորքերի զինծառայողի, ոստիկանության ծառայողի կողմից,
բ) իրավասու սուբյեկտի կողմից ներկայացվող պահանջը պետք է ունենա համապատասխան իրավական հիմք, այսինքն՝ իրավասու սուբյեկտի հանրային-իրավական վարքագիծը պետք է բխի իր լիազորություններից, կոնկրետ դեպքում` հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության ոստիկանության զորքերի զինծառայողի, ոստիկանության ծառայողի լիազորություններից:
Քննության առարկա գործի շրջանակներում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի պահանջի օրինականությունն ապահովող իրավական գործիքակազմը բազմաբնույթ է: Որպես ոստիկանության զորքերի զինծառայողի և ոստիկանության ծառայողի գործունեության իրավական հիմք են հանդիսանում, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության խնդիրներից բխող և ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերը: Հետևաբար, ոստիկանության զորքերի զինծառայողի և ոստիկանության ծառայողի պահանջի օրինականությունը գնահատման ենթակա է հանրային իրավահարաբերություններում վերջիններիս մասնակցությունը և լիազորությունները սահմանող իրավադրույթների և փաստացի դրսևորված վարքագծի իրավահամեմատության հիման վրա, ինչը կարող է բացահայտվել կոնկրետ դատաքննության շրջանակներում` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում:
7. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարչական պատասխանատվության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում, մասնավորապես ամրագրելով, որ արարքի ֆինանսական պատասխանատվությունն այնպիսի զսպող միջոցի կիրառմամբ, ինչպիսին տուգանքն է, պետության հայեցողության տիրույթում է (Վալիկո ՍՊԸ-ն ընդդեմ Իտալիայի (Valico S.r.l. v. Italy) 2006թ. մարտի 21-ի որոշում):
ՀՀ սահմանադրական դատարանը՝ արձանագրելով, որ օրենսդրի իրավասության շրջանակներում է, մասնավորապես, որոշել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, սահմանել վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների, վարչական պատասխանատվության միջոցների ու չափերի շրջանակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել, որ հիշյալ հարցերում օրենսդրի հայեցողությունն ունի իր սահմանադրական շրջանակները: Նշված լիազորություններն իրացնելիս օրենսդիրը պետք է ղեկավարվի սահմանադրական սկզբունքներով: Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 71-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «…համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:
Սույն գործի շրջանակներում համաչափության սկզբունքի պահպանման կարևորությունը հատկապես ընդգծվում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ վարչական պատասխանատվության նախատեսված միջոցը ոչ թե հարաբերական-որոշակի կամ այլընտրանքային է, այլ` բացարձակ-որոշակի է: Այսինքն՝ օրենսդիրը սահմանել է ոչ թե տուգանքի նվազագույն և առավելագույն, այլ կոնկրետ չափ:
Վիճարկվող հոդվածի սանկցիայի մասով իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելով համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից՝ Սահմանադրական դատարանը սույն գործով վերաբերելի է համարում և վերահաստատում է 2013 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1130 որոշմամբ արտահայտած իր այն իրավական դիրքորոշումները, համաձայն որոնց` «…կախված զանցանքի բնույթից և լրջությունից, այսինքն` զանցանքի առանձնահատկություններից` ոչ բոլոր դեպքերում է, որ անհրաժեշտություն է առաջանում սահմանելու տվյալ զանցանքի համար նախատեսված պատժաչափի ստորին և վերին սահմանները` չբացառելով նշված դեպքերում այդպիսիք սահմանելու` օրենսդիր մարմնի բացառիկ հայեցողական իրավասությունը: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ զանցանքի բնույթը միանշանակ է ու պայմանավորված է կոնկրետ փաստով և ոչ որևէ այլ հանգամանքներով»: Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը փաստում է օրենքի խախտումը, որևէ հանգամանքով արդարացնելի չէ, նյութականացված չէ և դրա հետևանք հանդիսացող վնասի չափելիությունը բացակայում է, ինչպես նաև սուբյեկտից ակնկալվող վարքագիծը հստակ և աներկբա է` կատարել ոստիկանության զորքերի զինծառայողի, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը: Իսկ պահանջի օրինականության առնչությամբ անհամաձայնությունը, ինչպես նշվեց, կարող է դառնալ դատաքննության առարկա:
Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վիճարկվող հոդվածով նախատեսված արարքի բնույթը, տվյալ իրավակարգավորմամբ հետապնդվող նպատակը և նախատեսված տուգանքի չափը, գտնում է, որ վիճարկվող նորմում սահմանված վարչական իրավախախտման հետևանք հանդիսացող իրավական պատասխանատվությունն իրավաչափ նպատակ է հետապնդում, այն է`ապահովել հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը և օբյեկտների պահպանությունը: Ինչ վերաբերում է նախատեսված սանկցիային, ապա իրավակարգավորման առանձնահատկություններից ելնելով վերջինիս ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակներում է: Տվյալ իրավակարգավորմամբ օրենսդիրը գտել է, որ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջի հանրային նշանակությունը, պահանջի չկատարման զանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և հետևանքներն այնպիսին են, որ վիճարկվող դրույթով նախատեսված զանցանքի համար պատասխանատվությունն անհատականացնելու և տուգանքի չափի տարբերակման անհրաժեշտություն առկա չէ: Տվյալ պարագայում արարքը, դրա հանրային վտանգավորության աստիճանը, զանցանքի ու պատճառած վնասի բնույթը, մեղքի աստիճանը և այլ էական հանգամանքները որևէ ձևով չեն պայմանավորվում զանցանք կատարողի սոցիալական դրությամբ կամ հանրային դիրքով, զանցանքի բնույթը միանշանակ է ու պայմանավորված է կոնկրետ փաստով և ոչ որևէ այլ հանգամանքներով:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրն իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու փաստի առնչությամբ տարբերակված մոտեցում է դրսևորել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, մասնավորապես, 180.1-րդ և 182-րդ հոդվածներում, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումներում: Վերջինում (225-րդ, 258-րդ, 316-րդ և այլ հոդվածներ)` իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու բնույթից, հետևանքներից ու վտանգավորության աստիճանից ելնելով, այն համարում է քրեորեն պատժելի և պատասխանատվությունն անհատականացնելու ու պատժաչափի տարբերակման անհրաժեշտությունը հաշվի առնելով նախատեսում է համարժեք սանկցիաներ` իրավախախտման օբյեկտիվ կողմի բոլոր հստակ դրսևորումների առկայությունը նկատի ունենալով: Նման մոտեցումը միանգամայն բխում է նաև իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1291 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|