ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման, իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:».
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:»,
բ. 17.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորումը հավաստող բարձրագույն մասնագիտական կրթության վկայականի, ինչպես նաև հետբուհական կրթության վկայականի, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի պատճենները: Դեղերի արտադրության լիցենզիա ստանալուց հետո որակավորված անձի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:».
3) որոշման N 3 հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դեղատնային գործունեության լիցենզիաները տրվում են անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:»,
բ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր կամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստացած դեղագետների կամ դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել անձամբ:»,
գ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը դեղերի պատրաստում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր կամ մասնագիտական գործունեության հավաստագիր ունեցող դեղագետների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ՝ բացառությամբ այն դեպքի, երբ անհատ ձեռնարկատերը համապատասխանում է սույն կետով դեղագետին ներկայացվող պահանջներին:»,
դ. 43.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի բարձրագույն մասնագիտական կրթության վկայականի, հետբուհական կրթության վկայականի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի պատճենները, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի պատճենները:»,
ե. 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Լիզենզավորված անձի կողմից հայտում կամ սույն կարգի 43.1-ին կետով սահմանված փաստաթղթերում ներկայացված դեղատնային գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տեղեկացնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:».
4) որոշման N 5 հավելվածի`
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:»,
բ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորումը հավաստող միջին մասնագիտական կրթության կամ բարձրագույն մասնագիտական կրթության վկայականի, ինչպես նաև հետբուհական կրթության վկայականի, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի պատճենները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների: Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:»,
գ. N 1 ձևն ուժը կորցրած ճանաչել:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության պահանջը տարածվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հոկտեմբերի 6-ի օրենքի (ՀՕ-113-Ն) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունված մասնագիտական գործունեության իրավունք ունեցող բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման և հավաստագրման հինգ տարվա ժամանակացույցի համաձայն հավաստագրման ենթակա բուժաշխատողների վրա: Մինչև այդ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի պատճենի փոխարեն ներկայացվում է վերջին հինգ տարում մասնագիտական վերապատրաստում անցնելու վկայականի պատճենը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 1 Երևան |