«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 մայիսի 2016 թ. ք. Երևան |
N 127-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ, 22-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 125-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրում և 1-ին կետում «մեթոդաբանությունը» բառը փոխարինել «մեթոդիկան» բառով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդաբանությունում (այսուհետ՝ Հավելված), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի վերնագրում, 1-ին, 3.1 և 4.3.3 գլուխներում «մեթոդաբանություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «մեթոդիկա» բառով և դրա հոլովաձևերով.
2) Հավելվածի 1-ին գլխի՝
ա. 1-ին պարբերությունում «10 ՄՎտ-ից ավելի» բառերը փոխարինել «30 ՄՎտ և ավելի» բառերով,
բ. 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն մեթոդիկայի 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.4, 3, 3.1, 3.2 գլուխները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի (մասնավորեցում, նոր արտադրական հզորությունների կառուցում) շրջանակում ստեղծված այն ընկերությունների վրա, որոնց համար նախատեսվել են սակագնային կարգավորման այլ մեխանիզմներ:».
3) Հավելվածի 2-րդ գլխում «տարեկան մաշվածությունն է» բառերը փոխարինել «մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի տարեկան մեծությունն է» բառերով.
4) Հավելվածի 2.1.1 գլխից հանել «այդ թվում սոցիալական ապահովագրության հիմնադրամի վճարումները» բառերը.
5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.3 գլխով.
«2.1.3 ՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԾԱԽՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ
Երկդրույք սակագնային համակարգում գործող ջերմային կայանների համար, որոնք էլեկտրական էներգիայի արտադրության համար վառելիքը ձեռք են բերում արտարժույթին համարժեք դրամով, իրականացվում է տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի տատանումներով պայմանավորված վառելիքային ծախսի փոփոխության (∆ՎՋ) հաշվարկ, որն ավելացվում է թույլատրելի ծախսերին կամ նվազեցվում այդ ծախսերից: ∆ՎՋ մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝
∆ՎՋ = ∆ՎՋ1 + ∆ՎՋ2 + ∆ՎՋ3:
∆ՎՋ1 մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝
n | ||||||
∆ՎՋ1 | = | ∑ | ԳԾՓi | * | (ԳՍՓi * EՓ(i-1 - ԳՍՀi* EՀi) | , |
i=1 |
որտեղ՝
i-ն հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի այն ամիսներն են, որոնց վերաբերյալ առկա են փաստացի տվյալներ,
ԳԾՓi-ն i-րդ ամսում էլեկտրաէներգետիկական համակարգի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար ջերմային կայանի կողմից փաստացի գնված բնական գազի ծավալն է (հազար խորանարդ մետր),
ԳՍՓi-ն i-րդ ամսում ջերմային կայաններին վաճառվող բնական գազի գործող սակագինն է՝ արտահայտված արտարժույթով (արտարժույթի միավոր/հազար խորանարդ մետր),
EՓ(i-1) -ն i-րդ ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ),
ԳՍՀi-ն i-րդ ամսում ջերմային կայանների սակագների հաշվարկներում ներառված՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագինն է՝ արտահայտված արտարժույթով (արտարժույթի միավոր/հազար խորանարդ մետր),
EՀi-ն հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի i-րդ ամսվա սակագնի հաշվարկներում ընդունված տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ):
∆ ՎՋ2 մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝
∆ՎՋ2 = ԳԾՀ * ԳՍՀ *(EՓ - EՀ),
որտեղ՝
ԳԾՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար գործող սակագնի հաշվարկներում ընդունված` ջերմային կայանի կողմից գնվող բնական գազի ծավալն է (հազար խորանարդ մետր), հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց վերաբերյալ առկա չեն փաստացի տվյալներ,
ԳՍՀ-ն ջերմային կայանների գործող սակագնի հաշվարկներում ընդունված ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագինն է՝ արտահայտված արտարժույթով (արտարժույթի միավոր/հազար խորանարդ մետր),
EՓ-ն հաշվարկային տարվան նախորդող ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի այն ամսվա 25-ին տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ), որի վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված վերջին տեղեկատվությունը,
EՀ-ն ջերմային կայանի գործող սակագնի հաշվարկներում ընդունված տվյալ արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի մեծությունն է (դրամ/պայմանական արտարժույթ):
Ջերմային կայանի համար առաջին անգամ ∆ՎՋ մեծությունը հաշվարկելիս ∆ՎՋ3-ն ընդունվում է հավասար զրոյի: Երկրորդ և հաջորդ հաշվարկների ժամանակ ∆ՎՋ3 մեծությունը որոշվում է որպես հաշվարկային տարվան նախորդող տարվա սակագնի հաշվարկներում ներառված ∆ՎՋ2-ի փաստացի տվյալների հիման վրա ճշգրտված մեծության և նույն սակագնի հաշվարկներում ներառված ∆ՎՋ2-ի տարբերություն:».
6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.4 գլխով.
«2.1.4 ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԾԱԽՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ
Ատոմային կայանի համար իրականացվում է արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի տատանումներով պայմանավորված վառելիքային ծախսի փոփոխության (∆ՎԱ) հաշվարկ, որն ավելացվում է թույլատրելի ծախսերին կամ նվազեցվում այդ ծախսերից: ∆ՎԱ մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝
∆ՎԱ = ՎԱՓ - ՎԱՀ ,
որտեղ՝
ՎԱՓ-ն հաշվարկային տարվան նախորդող տարվա միջուկային վառելիքի համար փաստացի վճարումներն են՝ համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակացույցի (դրամ),
ՎԱՀ-ն հաշվարկային տարվան նախորդող տարվա սակագնի հաշվարկներում ընդունված միջուկային վառելիքի արժեքն է՝ համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակացույցի (դրամ):».
7) Հավելվածի 2.2 գլխում՝
ա. «տարեկան մաշվածության (Մ) գումարները» բառերը փոխարինել «մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի տարեկան գումարները (Մ)» բառերով,
բ. «հիմնական միջոցների» բառերից հետո ավելացնել «ու ոչ նյութական ակտիվների» բառերը.
8) Հավելվածի 2.3 գլխում «մաշվածությունն» բառից հետո ավելացնել «(ամորտիզացիան)» բառը, իսկ «մաշվածության» բառից հետո՝ «(ամորտիզացիայի)» բառը.
9) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3.1 գլխով.
«2.3.1 ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ
Ընկերության ակտիվների ֆինանսավորման աղբյուրներից, պայմաններից և հնարավորություններից ելնելով` սույն մեթոդիկայի 2.2 և 2.3 գլուխներով նախատեսված մաշվածության և թույլատրելի շահույթի փոխարեն կարող է կիրառվել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի հատուցման սկզբունքը: Այս սկզբունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում: Այդ ծրագրերի շրջանակում ստեղծվող ոչ ընթացիկ ակտիվների մասով մաշվածության (ամորտիզացիայի) և շահույթի փոխարեն անհրաժեշտ հասույթի հաշվարկում ընդգրկվում են հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված փոխառու միջոցների սպասարկման (տոկոսավճարներ) և մարման ծախսերը, որոնք որոշվում են ընկերության առկա պարտքերի սպասարկման և մարման ժամանակացույցից:».
10) Հավելվածի 3.2 գլխի՝
ա. 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հաստատուն ծախսերում ներառվում են նաև սույն մեթոդիկայի 2.1.3 և 2.1.4 գլուխների համաձայն հաշվարկվող ծախսերը:»,
բ. 4-րդ պարբերությունից հանել «մասամբ» բառը.
11) Հավելվածի 4.3.2 գլխի վերջին՝ 6-րդ, պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պայմանագրային պատրաստական հզորությունների մեծությունը որոշվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |