Գլխավոր տեղեկություն
Համար
N 350-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.03.2016-22.08.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.409
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2010 թվականի N 350-Ն

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. ապրիլի 9
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 1-ի N 350-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման գործընթացը:

 

II. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն

 

2. Արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնությունը ներառում է`

1) հոգեկան խանգարումներով տառապող անձանց հաշվառումը.

2) հաշվառման մեջ գտնվող` հոգեկան խանգարումներով տառապող անձանց դիսպանսերային հսկողությունը.

3) հոգեկան խանգարումներով տառապող անձանց խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը.

4) հոգեբուժական վկայարկումը.

5) ախտորոշումը ճշտելու նպատակով հետազոտումը.

6) փորձաքննությունը.

7) հարկադիր բուժումը և հսկողությունը.

8) հիվանդների սոցիալական, հոգեբանական և աշխատանքային վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները.

9) առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը:

 

2. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հաշվառումը

 

3. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հաշվառման հիմք են`

1) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպություն ներկայացված հոգեկան հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր քարտից քաղվածքը` հոգեկան և վարքային խանգարումների` գործող հիվանդությունների 10-րդ վերանայված միջազգային դասակարգչին (այսուհետ` միջազգային դասակարգիչ) համապատասխանող հոգեբուժական ախտորոշմամբ.

2) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպություն ներկայացված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության կրկնօրինակը` հոգեկան և վարքային խանգարումների` միջազգային դասակարգչին համապատասխանող հոգեբուժական ախտորոշմամբ.

3) արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպության գրավոր եզրակացությունը` միջազգային դասակարգչին համապատասխանող հոգեբուժական ախտորոշմամբ։

4. Հաշվառումից հանելու հիմք են`

1) հաշվառման մեջ գտնվող` հոգեկան խանգարումներով տառապող անձի մահը.

2) անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

3) հաշվառման մեջ գտնվող` հոգեկան խանգարումներով տառապող անձի առողջացումը` հաստատված արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական հաստատության գրավոր եզրակացությամբ:

5. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հաշվառման բժշկական փաստաթղթերի ձևերը և լրացման կարգը հաստատում է առողջապահության ոլորտի լիազոր մարմինը:

 

3. Հաշվառման մեջ գտնվող` հոգեկան խանգարումներով տառապող անձանց դիսպանսերային հսկողությունը

 

6. Դիսպանսերային հսկողությունն իրականացվում է արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպությունում հաշվառված անձանց նկատմամբ` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն:

7. Դիսպանսերային հսկողությունն իրականացնում է քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպությունը, իսկ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի դեպքում` հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացած ցանկացած այլ կազմակերպություն:

8. Դիսպանսերային հսկողությունը ներառում է`

1) հաշվառման մեջ գտնվող` հոգեկան խանգարումներով տառապող անձանց խորհրդատվությունը.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող հոգեմետ դեղերով անվճար ապահովումը: Այն դեպքերում, երբ հիվանդը կամ նրա հարազատն այս կամ այն հիմնավորված պատճառով հրաժարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող հոգեմետ դեղերի անվճար հատկացումից, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն ցուցաբերող հոգեբույժը, հիվանդի կամ նրա հարազատի համաձայնությամբ, կարող է դուրս գրել հոգեմետ դեղի դեղատոմս: Նշանակված դեղերի և դեղաչափի բժշկական հիմնավորումը գրառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի արտահիվանդանոցային (ամբուլատոր) բժշկական քարտում.

3) հաշվառման մեջ գտնվող` հոգեկան խանգարումներով տառապող անձանց բուժումը.

4) համապատասխան բժշկական ցուցումների դեպքում ուղեգրումը` հոգեբուժական ստացիոնար բուժման, հետազոտման կամ խնամքի նպատակով.

5) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում ուղեգրումը շուրջօրյա հիվանդանոցային խնամք չպահանջող բաժանմունքներ` բուժման կամ հետազոտման նպատակով.

6) հաշմանդամության նշանների առկայության դեպքում ուղեգրումը բժշկասոցիալական փորձաքննության.

7) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում բուժող բժշկի հիմնավորման պարագայում նեղ մասնագետների կողմից զննումը.

8) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում բուժող բժշկի հիմնավորման պարագայում լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպումը.

9) Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և հիվանդի հարազատների գրավոր դիմումների առկայության դեպքում, որոնց համաձայն` հոգեկան վիճակի սրացման պատճառով հիվանդը կարող է վտանգ ներկայացնել իր կամ շրջապատի համար կամ անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները, շտապ բժշկական օգնության ծառայությանը և անձի հաշվառման վայրի ոստիկանությանը գրավոր տեղեկացումն այն մասին, որ հիվանդին անհրաժեշտ է տեղափոխել հոգեբուժական կազմակերպություն` նրա հետագա բուժումը կազմակերպելու նպատակով:

 

4. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց ցուցաբերվող խորհրդատվական բժշկական օգնությունը

 

9. Արտահիվանդանոցային խորհրդատվական բժշկական օգնությունը ցուցաբերվում է հոգեկան խանգարում ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն, երբ բացակայում է միջազգային դասակարգչին համապատասխանող հոգեբուժական ախտորոշումը:

10. Արտահիվանդանոցային խորհրդատվական բժշկական օգնությունը ներառում է`

1) հոգեկան խանգարումներով տառապող անձանց ցուցաբերվող խորհրդատվությունը.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հոգեմետ դեղերով անվճար ապահովումը.

3) հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը.

4) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` հոգեկան խանգարումներով տառապող անձանց ուղեգրումը հոգեբուժական ստացիոնար բուժման կամ հետազոտման.

5) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` հոգեկան խանգարումներով տառապող անձանց ուղեգրումը շուրջօրյա հիվանդանոցային խնամք չպահանջող բաժանմունքներ` բուժման կամ հետազոտման նպատակով.

6) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում նեղ մասնագետների կողմից զննումը.

7) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպումը։

 

5. Հոգեբուժական վկայարկումը` առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության

 

11. Հոգեբուժական վկայարկման նպատակն է պարզել`

1) արդյոք, վկայարկվողը տառապում է հոգեկան խանգարմամբ, թե` ոչ.

2) կարիք ունի հոգեբուժական օգնության, թե` ոչ.

3) կարիք ունենալու դեպքում՝ հոգեբուժական օգնության տեսակը։

12. Հոգեբուժական վկայարկման հիմք են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստացված գրությունները, որոնց համաձայն` հոգեկան խանգարման պատճառով վկայարկվողը կարող է վտանգ ներկայացնել իր կամ շրջապատի համար կամ անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները:

13. Այն դեպքում, երբ հոգեբուժական վկայարկման արդյունքում պարզվում է, որ անձը կարող է վտանգ ներկայացնել իր կամ շրջապատի համար կամ անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները, արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպությունը շտապ օգնության ծառայությանը և անձի հաշվառման վայրի ոստիկանության տարածքային բաժնին գրավոր տեղեկացնում է այն մասին, որ հիվանդին անհրաժեշտ է տեղափոխել հոգեբուժական հաստատություն` նրա հետագա բուժումը կազմակերպելու նպատակով:

 

6. Հետազոտումը` ախտորոշումը ճշտելու նպատակով

 

14. Քաղաքացու հետազոտումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտահիվանդանոցային բուժհաստատությունների, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հաստատությունների կողմից տրված ուղեգրերի կամ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն: Հետազոտման ընթացքը և եզրակացությունը գրառվում են բժշկական փաստաթղթերում:

 

7. Հարկադիր բուժումը և հսկողությունը

 

15. Անձին արտահիվանդանոցային հարկադիր հսկողության ու բուժման ընդունելու համար հիմք է տվյալ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին դատարանի որոշումը, անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիրը, իսկ զինվորական ծառայողների համար` զինգրքույկը):

16. Արտահիվանդանոցային հարկադիր հսկողության ու բուժման ընդունվելիս` հոգեբույժն անձին տեղեկացնում է նրա իրավունքների, պարտականությունների, արտահիվանդանոցային հարկադիր հսկողություն ու բուժում ստանալու նպատակի և պատճառների մասին՝ նշում կատարելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի արտահիվանդանոցային (ամբուլատոր) բժշկական քարտում։

17. Բժշկական հաստատությունում այցերի հաճախականությունը սահմանվում է հիվանդի վիճակին համապատասխան, սակայն յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ:

18. Արտահիվանդանոցային հարկադիր հսկողություն ու բուժում իրականացնող հոգեբույժը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ հիվանդի վիճակի մասին մասնագիտական կարծիք է ներկայացնում բժշկական հանձնաժողովին` անձի նկատմամբ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով։ Հանձնաժողովը տալիս է եզրակացություն: Եզրակացությունը գրվում է առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված արտահիվանդանոցային (ամբուլատոր) բժշկական քարտում և ստորագրվում հանձնաժողովի անդամների կողմից:

19. Բժշկական հանձնաժողովի նախագահը հարկադրանքի տեսակը փոխելու կամ հարկադիր բուժումը դադարեցնելու նպատակով 10-օրյա ժամկետում միջնորդություն է ներկայացնում դատարան։

20. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցն արտահիվանդանոցայինից հիվանդանոցայինի փոխվելու դեպքում՝ անձին հարկադիր բուժման ընդունելու համար հիմք են դատարանի որոշումը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին, քաղվածքն ամբուլատոր քարտից:

21. Բնակավայրը փոխելու դեպքում արտահիվանդանոցային հարկադիր հսկողության ու բուժման ընթացքում անձին մեկ բժշկական կազմակերպությունից մյուսը տեղափոխելու դեպքում՝ նրան հարկադիր բուժման ընդունելու համար հիմք են տվյալ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին դատարանի որոշումը, անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիրը, իսկ զինվորական ծառայողների համար` զինգրքույկը), տեղեկանքը բնակավայրը փոխվելու մասին և քաղվածքն ամբուլատոր քարտից:

22. Արտահիվանդանոցային հարկադիր հսկողությունն ու բուժումը դադարեցնելու և հարկադրանքի միջոցը փոխելու դեպքում տվյալ բժշկական կազմակերպության տնօրինությունը նույն օրը դրա մասին տեղեկացնում է հիվանդի բնակության վայրի` ոստիկանության տարածքային բաժին:

23. Արտահիվանդանոցային հարկադիր հսկողության ու բուժման մեջ գտնվող անձի կողմից պարտականությունների չկատարման դեպքում՝ հարկադիր բուժումն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինությունը հայտնում է հարկադիր բուժումը նշանակած դատարանին, հիվանդի բնակավայրի` ոստիկանության տարածքային բաժին, իսկ հոգեբույժը գրավոր դիմում է բժշկական հանձնաժողովի նախագահին՝ հարկադրանքի տեսակը փոխելու նպատակով։

24. Հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց հաշվառումը կատարվում է կարված, համարակալված, կնքված և բժշկական հաստատության ղեկավարի ստորագրությամբ հաստատված առանձին մատյանում, որի ձևը հաստատում է առողջապահության ոլորտի լիազոր մարմինը:

25. Արտահիվանդանոցային հարկադիր հսկողության ու բուժման ավարտից հետո հիվանդի ամբուլատոր քարտը պահվում է բժշկական կազմակերպությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշմամբ սահմանված կարգով` բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդի նկատմամբ շարունակվում է իրականացվել դիսպանսերային հսկողություն` նրա կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն։ Այդ դեպքում քարտերը մնում են տվյալ բժշկական հաստատությունում` հետագա արտահիվանդանոցային հսկողություն իրականացնելու նպատակով։

 26. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի դադարեցման համար հիմք է դատարանի որոշումը:

 

III. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնությունը

 

27. Հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնությունը ներառում է`

1) հիվանդների ընդունելությունը.

2) հիվանդների հետազոտումը, բուժումը.

3) փորձաքննությունների իրականացումը.

4) հիվանդների տեղափոխումն այլ բժշկական կազմակերպություններ.

5) հիվանդների դուրսգրումը.

6) մահվան վկայարկումը` մահվան դեպքում.

7) հոգեկան հիվանդների խնամքը.

8) հարկադիր բուժումը` դատարանի որոշման առկայությամբ:

 

9. Հիվանդների ընդունելությունը

 

28. Հոգեբուժական հիվանդանոց ընդունվում են անձինք`

1) հոգեկան խանգարման առկայությամբ և հոգեբույժի հիվանդանոցային հետազոտության և (կամ) բուժման մասին եզրակացությամբ.

2) հարկադիր բուժման` դատարանի որոշմամբ.

3) ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության` իրավապահ մարմինների որոշմամբ.

4) ստացիոնար բժշկասոցիալական փորձաքննության` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի ուղեգրով.

5) զորակոչիկները` ստացիոնար փորձաքննության` Հայաստանի Հանրապետության տարածքային զինկոմիսարիատի ուղեգրով:

29. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք հոսպիտալացվում են պոլիկլինիկաների և դիսպանսերների հոգեբույժների ուղեգրով, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ տրված համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում կամ շտապ օգնության հոգեբուժական բրիգադների կամ հարազատների կողմից բերված` անհետաձգելի հոսպիտալացման ենթակա անձանց` տվյալ հոգեբուժական հաստատության հերթապահ բժշկի ուղեգրով:

(29-րդ կետը լրաց. 10.03.16 N 219-Ն)

30. Եթե հիվանդի մոտ բացակայում են հոգեբուժական ստացիոնար հոսպիտալացման ցուցումները, հերթապահ բժիշկը մերժում է հիվանդին հոգեբուժական հաստատություն ընդունելը` պատճառաբանված գրառում կատարելով մատյանում:

31. Հերթապահ բժիշկը հիվանդին ընդունելիս պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 ձևին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիրը և անձնագիրը կամ նույնականացման քարտը` բացառությամբ անհետաձգելի հոսպիտալացման կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքի հիման վրա իրականացվող հոսպիտալացման դեպքերի, մանրամասն զննում է հիվանդի հոգեկան և սոմատիկ վիճակը, հավաքում անամնեզը և գրառում հիվանդության պատմագրում:

(31-րդ կետը խմբ. 10.03.16 N 219-Ն)

32. Եթե ընդունվողի մոտ փաստաթղթեր չկան, և անհնար է նրա մասին որևէ տեղեկություն ստանալը, ապա նրա ընդունվելու մասին տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժնին:

 

10. Հիվանդների հետազոտումը, բուժումը և հիվանդանոցային ռեժիմի ապահովումը

 

33. Հոգեբուժական ստացիոնար ընդունված հիվանդը կամ հետազոտվողն առաջին օրվա ընթացքում զննվում է բուժող բժշկի, իսկ հանգստյան և տոնական օրերին ընդունվածները` հերթապահ բժշկի կողմից:

34. Ոչ հոժարակամ ընդունվածները 72 ժամվա ընթացքում հետազոտվում են հոգեբուժական հանձնաժողովի կողմից:

35. Հոգեկան խանգարմամբ տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու բուժումից, դադարեցնելու այն` բացառությամբ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:

36. Բուժումից հրաժարվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պետք է բացատրվեն բուժման դադարեցման հնարավոր հետևանքները` այն արձանագրելով հիվանդության պատմագրում` հոգեբույժի և հրաժարվողի ստորագրություններով։

37. Հոգեկան խանգարմամբ տառապող անձի հոգեկան, նյարդաբանական և սոմատիկ վիճակների հետազոտման, զննման արդյունքները, տվյալ հիվանդության հետ կապված տեղեկությունները (անամնեստիկ տվյալներ), նախկինում տարած հիվանդությունների մասին տեղեկությունները (կատամնեստիկ տվյալներ), նախնական ախտորոշումը, նշանակումները գրանցվում են հիվանդության պատմագրում և հաստատվում բուժող բժշկի ստորագրությամբ:

38. Հոգեկան խանգարման կլինիկական ախտորոշումը ձևակերպվում է ընդունումից 10-15 օրվա ընթացքում` միջազգային դասակարգչին համապատասխան:

39. Սնունդը կազմակերպվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմատիվների:

40. Հոգեբուժական հաստատություն, բացառությամբ տեսակցության սենյակների, կարող են մուտք գործել միայն հոգեբուժական հաստատության աշխատողները: Մնացած անձինք կարող են մուտք գործել բացառիկ դեպքերում` տնօրենի, կլինիկայի ղեկավարի, բաժնի վարիչի, իսկ նրանց բացակայության դեպքում` հերթապահ բժշկի թույլտվությամբ:

 

11. Հիվանդների տեղափոխումն այլ բուժհաստատություններ

 

41. Հոգեկան խանգարմամբ տառապող անձին այլ բուժհաստատություն տեղափոխում են նրա համաձայնությամբ, իսկ անչափահաս կամ դատարանով անգործունակ ճանաչվածին` նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:

42. Անհետաձգելի հոսպիտալացման ենթակա դեպքերում հիվանդի տեղափոխումից անմիջապես հետո դրա մասին տեղեկացվում են հարազատները կամ օրինական ներկայացուցիչները:

 

12. Հիվանդների դուրսգրումը

 

43. Հոժարակամ հոսպիտալացված` հոգեկան խանգարմամբ տառապող անձինք դուրս են գրվում լավացման և առողջացման դեպքում, ինչպես նաև նրանց դիմումի կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումների համաձայն` «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

44. Եթե բուժումից հրաժարման մասին դիմումի ստացման պահին պարզվում է, որ հիվանդն իր հոգեկան վիճակով անմիջական վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար, ապա նրա` ոչ հոժարակամ բուժման հարցը որոշվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

45. Դատահոգեբուժական փորձաքննության ընդունված կասկածյալները, մեղադրյալները դուրս են գրվում կամ տեղափոխվում են միայն նրանց փորձաքննության ուղարկող մարմինների թույլտվությամբ և հսկողությամբ:

46. Հարկադիր բուժման մեջ գտնվող հիվանդները դուրս են գրվում միայն դատարանի որոշմամբ, իսկ ոչ հոժարակամ հոսպիտալացվածները` հոգեբուժական հանձնաժողովի որոշմամբ:

47. Հիվանդանոցային ներքին կանոնակարգի կոպիտ խախտում թույլ տված հիվանդի դուրսգրման հարցը որոշվում է բժշկական հանձնաժողովի միջոցով:

(հավելվածը լրաց., խմբ. 10.03.16 N 219-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.09.2021, N 1546-Ն 04.10.2021, N 350-Ն
27.08.2020, N 1414-Ն 29.08.2020, N 350-Ն
15.08.2019, N 1034-Ն 22.08.2019, N 350-Ն
10.03.2016, N 219-Ն 26.03.2016, N 350-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան