ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 մարտի 2016 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 24.02.2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերի 18-ին` հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորելու նպատակով:
2. Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարումը», Առդիր 3 և Հավելված: Ծրագրի նպատակն է ֆինանսական հանրային հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը: Ծրագիրը բաղկացած է չորս մասերից՝ Մաս 1. «Պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր», Մաս 2. «Ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված էլեկտրոնային կառավարման լուծումներ», Մաս 3. «Կարողությունների զարգացում և կարողությունների ստեղծման փոքր միջամտություններ» և Մաս 4. «Ծրագրի կառավարում»:
3. Համաձայնագրին համապատասխան` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ՝ Բանկ) Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 21.000.000 (քսանմեկ միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք վարկ (այսուհետ` Վարկ) Համաձայնագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:
4. Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի վճարման): Վարկի տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR+ փոփոխական մարժա: Մայր գումարի մարումները կատարվելու են կիսամյակային հավասար մասնաբաժիններով` սկսած 2030 թվականի մայիսի 1-ից մինչև 2040 թվականի մայիսի 1-ը:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
1) Վարկի մարումը կատարել կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին,
2) իրականացնել Ծրագիրը Համաձայնագրի դրույթներին և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ժամանակացույցներին և Հավելվածին համապատասխան,
3) վճարել սկզբնավճար Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով,
4) վճարել Պարտավճար Վարկի գումարի չառհանված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով,
5) Ծրագրի պատշաճ վերահսկողությունը, համակարգումը և կատարումն ապահովելու նպատակով Ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերապահել Պետական կառավարման հատվածի բարեփոխումների հանձնաժողովին, որը պետք է՝ ա) հանդես գա որպես Ծրագիրը համակարգող խորհուրդ, բ) գլխավորվի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից, ով նաև Ծրագրի տնօրենն է, և գ) պատասխանատու լինի Ծրագրի ռազմավարական ուղղորդումն ապահովելու և Ծրագրի Գործառնական ձեռնարկը, Ծրագրի տարեկան բյուջեները և ֆինանսական կառավարման և գնումների հիմնական փաստաթղթերը հաստատելու համար,
6) յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից ոչ ուշ Բանկին ներկայացնել տարեկան մոնիտորինգի, գնահատման հաշվետվության և Գնումների վերանայման պլան՝ Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ,
7) ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
10 մարտի 2016 թ. ՍԴՈ-1261 |