ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 դեկտեմբերի 2015 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 09.11.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի մայիսի 14-ին` Երևանում:
2. Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների ժողովուրդների կրթության և մշակույթի զարգացման գործում հետագա փոխգործակցության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը:
3. Համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են ճանաչվում 1997թ. օգոստոսի 29-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության և 2-ից 13-րդ հոդվածների գործողությունը, փոփոխված և լրացված՝ 2003 թվականի ապրիլի 23-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1997թ. օգոստոսի 29-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրով:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես ստանձնում է հետևյալ պարտավորությունները, որոնք են.
●
մշտական /անժամկետ/ օգտագործման իրավունքով Համալսարանին տրամադրել գործունեության իրականացման համար անհրաժեշտ հողամասերը՝ որպես Հայկական կողմի ներդրում (հոդված 6),●
աջակցել Համալսարանի նյութատեխնիկական բազայի զարգացմանը, որն անհրաժեշտ է Համալսարանի` Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հիմնական խնդիրների իրականացման համար (հոդված 6),●
լիազոր մարմինը /ՀՀ ԿԳՆ/ պարտավոր է ամեն տարի սահմանել ընթացիկ ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության բյուջեից Համալսարանին հատկացվող սուբսիդիաների ծավալները (հոդված 7, պարբերություն 1),●
նպաստել Համալսարանի և Կողմ պետությունների ու այլ երկրների կրթական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը, Համալսարանի ուսումնառուների, մանկավարժական, գիտական և այլ աշխատակիցների միջազգային ակադեմիական շարժունակությանը, այլ երկրների քաղաքացիների ներգրավմանը Համալսարանում ուսումնառելուն (հոդված 8, պարբերություն 2),●
Համալսարանի նյութատեխնիկական, ֆինանսական և ուսումնամեթոդական գործունեության ապահովման հարցերի լուծման համար ձևավորել հայ-ռուսական համատեղ մշտական աշխատանքային խումբ (հոդված 9),●
փոխադարձաբար ճանաչել Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և գիտական աշխատողների գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները` նպատակ ունենալով պահպանել նրանց իրավունքները Համալսարանի հետ հարաբերությունների շրջանակում, կողմերի օրենսդրության համաձայն նմանատիպ աշխատակիցների` Համալսարանի հետ աշխատանքային հարաբերությունների ձևակերպման պարագայում (հոդված 15),●
ձեռնարկել համապատասխան միջոցներ` Համալսարանի տարածքում իրավակարգի պահպանման ուղղությամբ (հոդված 16):Ինչպես իր` 01.12.2015թ. 01/05.1/14382-15 գրությամբ նշում է ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը՝ 1997թ. օգոստոսի 29-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման ժամանակ գործում էր ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 06.06.1992 թվականին ընդունված` «ՀՀ միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» ՀՕ-30 ՀՀ օրենքը, որի 9-րդ հոդվածը սահմանում է՝ «Վավերացման ենթակա են՝ համագործակցության և փոխօգնության …, որոնք պարտավորություններ են դնում պետության ֆինանսների վրա …», ինչը ենթադրում է, որ սույն Համաձայնագիրը նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պետք է ներկայացվեր ՀՀ Գերագույն խորհրդի վավերացմանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը կնպաստի Համալսարանում սովորողների կրթական, գիտական և արտադրական պրակտիկայի, Համալսարանում գիտամանկավարժական աշխատողների վերապատրաստման ու որակավորման բարձրացման կազմակերպմանն առաջատար ուսումնական կենտրոններում, ինչպես նաև ժողովուրդների լեզվի, մշակույթի, պատմական և ազգային ավանդույթների պահպանմանը, որը համահունչ է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
4 դեկտեմբերի 2015 թ. ՍԴՈ-1243 |