Գլխավոր տեղեկություն
Համար
N 568-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2015-07.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.10/33(1122) Հոդ. 447
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015 թվականի N 568-Ն

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 1 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 1

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 27-ի N 568-Ն որոշման

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերություններն ու շահառուներին ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» և «պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված իմաստով:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներն են՝

1) անպտղության պատճառագիտության ախտորոշման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների շրջանակներում կիրառվելիք մեթոդի որոշման նպատակով իրականացվող համալիր հետազոտությունները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին).

2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող հետազոտությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով, եթե առկա է արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ բժշկի գրավոր հիմնավորումը.

3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով (առավելագույնը 6 փորձ, երեք դաշտանային պարբերաշրջանում մինչև 6 սերմնավորում):

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ըստ բժշկական ցուցումների, կարող է տրամադրվել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծավալների ցանկացած անհրաժեշտ համակցություն:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ծավալներն ընդգրկող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ուղեգիրը` համաձայն ձևի, միևնույն շահառուին տրամադրվում է միայն մեկ անգամ: Ուղեգիրը կարող է ներկայացվել բժշկական կազմակերպություն՝ տալու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում:

7. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն ներառում արտամարմնային բեղմնավորումն ու փոխնակ մայրությունը:

8. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված ծավալներին համապատասխան: Փոխհատուցումն իրականացվում է բժշկակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև կնքված պայմանագրային գումարի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված գներով:

 

II. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

10. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

11. Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին՝

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) առկա է ամուսինների գրավոր համաձայնությունը.

3) ամուսինները կամ նրանցից մեկը երկու և ավելի տարի տառապում են անպտղությամբ և առկա են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ` տրված վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից.

4) ամուսիններից` կինը պատկանում է 20-40 տարիքային խմբին:

12. Յուրաքանչյուր բյուջետային տարվա համար շահառուների խմբերի նկատմամբ ներկայացվող հատուկ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիների դիմումները քննարկելու և սույն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում նրանց համապատասխան բժշկական կազմակերպություններ ուղեգրելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

14. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացին (այսուհետ` դիմումատու) հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը.

2) սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված կատեգորիաներին պատկանելը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

3) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից երկու և ավելի տարի անպտղությամբ տառապելու փաստը և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի համապատասխան մեթոդի կիրառման անհրաժեշտությունը հավաստող փաստաթուղթը.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը (ամուսնության վկայական).

5) ամուսինների գրավոր համաձայնությունը հավաստող փաստաթուղթ.

6) կնոջ` անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ).

7) ամուսինների/ամուսիններից մեկի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները (անձնագիր, նույնականացման քարտ):

15. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերը հանձնաժողովն ուսումնասիրում և ուղեգիրը տրամադրում է կամ դրա տրամադրումը մերժում է առավելագույնը 20-օրյա ժամկետում: Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում հանձնաժողովը 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին, ով տեղեկացվելուց հետո 10-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնում է բացակայող փաստաթղթերը:

16. Դիմումը մերժվում է հետևյալ դեպքերում`

1) դիմումատուն չի բավարարում սույն կարգով սահմանված պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերը թերի են և սահմանված կարգով տեղեկացվելուց հետո դիմումատուն չի լրացրել դրանք:

17. Դիմումը բավարարվելու դեպքում դիմումատուին (ամուսիններին) տրամադրվում է ուղեգիր` պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ, ընդ որում ուղեգրում նշվում է այն ծավալը (ծավալները), որը (որոնց) ստանալու համար շահառուն ուղեգրվում է:

18. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընտրությունը կատարվում է շահառուի կողմից, ընդ որում, դա կարող է լինել միայն այն բժշկական կազմակերպությունը, որի հետ տվյալ տարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ունի պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի ծառայություն մատուցելու վերաբերյալ կնքված պայմանագիր:

19. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացնում են ըստ դիմելիության փաստի, հերթագրման եղանակով: Բժշկական կազմակերպությունները հերթագրումը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:

20. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման և պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով քաղաքացիների դիմումների հերթագրումը կազմակերպվում է առանձին-առանձին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անձից՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ (հանձնաժողովի անդամ).

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ (հանձնաժողովի անդամ).

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ).

5) այդ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություն, հիմնադրամ (հանձնաժողովի անդամ)` համաձայնությամբ.

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի անդամ).

7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):

22. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը:

23. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

24. Հանձնաժողովի հերթական նիստերը հրավիրվում են ըստ դիմումների ներկայացման փաստի, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

25. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

26. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

27. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են և նիստերի արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:

28. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

3) մասնակցում է եզրակացության մշակման գործընթացին.

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:

29. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի որոշմամբ նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

30. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

2) մասնակցում են եզրակացության մշակման գործընթացին.

3) իրենց իրավասության սահմաններում հանձնաժողովին են ներկայացնում քննարկման ենթակա դիմումները, առաջարկություններ դիմումի ընթացքի և հնարավոր արդյունքի վերաբերյալ.

4) ծանոթանում են հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

31. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունների կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման գործընթացը.

3) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

32. Շահառուների դիմումները քննարկվում են 7 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող դիմումները քննարկվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում: Շահառուն կարող է մասնակցել դիմումի քննարկմանը:

33. Հանձնաժողովի եզրակացությունն ընդունվում է բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայներով:

34. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:

35. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

36. Հանձնաժողովի կողմից դիմումը քննարկելու արդյունքում տրվում է եզրակացություն դիմումը բավարարելու և ուղեգիր տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ՝ նշելով մերժման հիմքերը: Դիմումը բավարարելու և ուղեգիր տրամադրելու վերաբերյալ կայացված եզրակացության հետ միաժամանակ սահմանվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Հանձնաժողովի եզրակացությունը 1-օրյա ժամկետում ներկայացվում է լիազոր մարմին: Եզրակացության հիման վրա լիազոր մարմինը 3-օրյա ժամկետում ընդունում է հրաման դիմումը բավարարելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ՝ նշելով մերժման հիմքերը: Դիմումը բավարարելու վերաբերյալ հրաման ընդունվելու դեպքում` հրամանի հիման վրա դիմումատուին տրամադրվում է ուղեգիր` հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

37. Հանձնաժողովի կողմից դիմումատուն գրավոր տեղեկացվում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիայի ընտրված մեթոդի արդյունավետության և հնարավոր ելքի վերաբերյալ: Դիմումատուն դիմումի դարձերեսին հատուկ գրառմամբ և ստորագրությամբ հաստատում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիայի ընտրված մեթոդի արդյունավետության և հնարավոր ելքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N

(կարող է ներկայացվել բժշկական կազմակերպություն՝ տալու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում)

 

 

---------------------------------------------------------------

 

(Բժշկական կազմակերպության անվանումը, տնօրենի անունը, ազգանունը)

Ուղեգրվում է ----------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)
պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկման տեսակի հետևյալ ծավալներն ստանալու նպատակով (նշել ստորև նշված երեք ծառայություններից անհրաժեշտ տեսակները)`

1) անպտղության պատճառագիտության ախտորոշման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների շրջանակում կիրառվելիք մեթոդի որոշման նպատակով հետազոտություններ.

2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող հետազոտությունների՝ օրենսդրությամբ սահմանված ծավալների ապահովում.

3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով:

 

Հանձնաժողովի նախագահի

ստորագրությունը, անունը, ազգանունը

օրը, ամիսը, տարեթիվը

 

Կ.Տ.