040.0408.14.05.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2001 թվականի N 408
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 29.12.11 N 1920-Ն)
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է) :
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 14-ի N 408 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև այդ նախագծերի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագիծը (այսուհետև` գոտևորման նախագիծ) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որով սահմանվում են բնակավայրերի փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:
3. Գոտևորման նախագծերը կարող են մշակվել բնակավայրերի, դրանց առանձին հատվածների, ինչպես նաև բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող` քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների համար` մանրամասն հատակագծման նախագծերի փոխարեն:
4. Գոտևորման նախագծերում հաշվի են առնվում հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, ինչպես նաև հողօգտագործման սխեմաներում ներառված դրույթները:
5. Եթե բնակավայրը չունի հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ապա, առկա իրադրության վերլուծության հիման վրա, գոտևորման նախագծի մշակման առաջադրանքում ամրագրվում են նաև ինժեներատրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրներին ներկայացվող պահանջները:
6. Բնակավայրի գոտևորման նախագիծը և բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը մշակվում են միաժամանակ: Համայնքի քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը սահմանված է սույն կարգի N 1 հավելվածով:
(6-րդ կետը լրաց. 04.06.15 N 680-Ն)
7. Գոտևորման նախագծի հիմքում դրվում է «Սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքը:
8. Գոտևորման նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման (կառուցապատման) տեսակները:
Տվյալ գոտում թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը) համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ և համաձայնեցումներ չեն կարող սահմանվել:
9. Գոտևորման նախագիծը ներառում է`
ա) գործառական գոտևորումը` հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման, որով սահմանվում են թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) տեսակներ` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ.
բ) ծավալատարածական գոտևորումը` կառուցապատման բնույթը և օգտագործման աստիճանն արտահայտող ցուցանիշների` կառուցապատման չափորոշիչների (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեսների հարաբերակցություն) ամրագրումն է` ըստ տվյալ հողատարածքի համար թույլատրելի չափաբաժինների:
10. Գոտևորմամբ սահմանված տարածքների օգտագործման ու կառուցապատման պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:
II. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Գոտևորման նախագծի առաջադրանքը:
Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի, պատվերով:
Գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը (այսուհետև` առաջադրանք) քննարկվում է համայնքի ավագանու նիստում և հավանության արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի համաձայնեցմանը: Ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել) տասն աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` սույն կետով սահմանված կարգով:
Մարզպետը գոտևորման նախագծի առաջադրանքն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում այն քննարկում է մարզի խորհրդի նիստում և, դրական եզրակացություն ստանալու դեպքում, համաձայնեցնում է առաջադրանքն ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` համաձայնեցման: Բացասական եզրակացության դեպքում մարզպետը գոտևորման նախագծի առաջադրանքը հետ է ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը թերություններն ուղղելու հնարավորության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղղում է դրանք և առաջադրանքը կրկին ներկայացնում մարզպետին:
Նշված պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում հաստատում է համաձայնեցված առաջադրանքը:
Հաստատված առաջադրանքը գոտևորման նախագծի մշակման հիմքն է: Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
(11-րդ կետը փոփ., լրաց. 09.04.09 N 369-Ն, 04.06.15 N 680-Ն)
12. Գոտևորման նախագծի մշակումը:
Պատվիրատուն`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) տրամադրում է նախագծային առաջադրանքը և նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը.
կատարողի հետ օրենքով սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը:
Գոտևորման նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները ներկայացված են սույն կարգի հավելվածում:
13. Գոտևորման նախագծի փորձաքննությունը:
Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գոտևորման նախագիծը ներկայացնում է փորձաքննության:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
(13-րդ կետը լրաց. 04.06.15 N 680-Ն)
14. Գոտևորման նախագծի մասին հասարակայնության իրազեկումը, համաձայնեցումը, հաստատումը և փոփոխումը:
Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացություն ստացած գոտևորման նախագծի մասին իրազեկում է հասարակայնությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի: Հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա համայնքի ղեկավարն անհրաժեշտության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է գոտևորման նախագիծը և ներկայացնում մարզպետին` համաձայնեցման: Մարզպետն այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պետական մարմիններին` համաձայնեցման: Փորձաքննության բացասական եզրակացության դեպքում գոտևորման նախագիծը համարվում է մերժված: Մարզպետը և պետական մարմինները յոթ աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում են գոտևորման նախագիծը կամ ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որը մարզպետը ներկայացնում է համայնքի ղեկավարին:
Նշված պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում գոտևորման նախագիծը: Համայնքի ավագանին հաստատում է գոտևորման նախագիծը, եթե դրա վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը, պետական մարմինների կողմից տրված եզրակացությունը դրական է, գոտևորման նախագիծը համաձայնեցված է մարզպետի հետ և պահպանված են սույն կարգով սահմանված պահանջները:
Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Գոտևորման նախագծերի համաձայնեցման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գոտևորման նախագծով առանձին գոտիների համար սահմանված թույլատրելի օգտագործման (կառուցապատման) անհրաժեշտ պահանջների, գոտիների սահմանների, ինչպես նաև ամբողջ նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
(14-րդ կետը խմբ. 09.04.09 N 369-Ն, խմբ., լրաց. 04.06.15 N 680-Ն)
Հավելված |
ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գոտևորման նախագիծը բաղկացած է գրաֆիկական և տեքստային մասերից:
2. Գոտևորման նախագծի գրաֆիկական մասերը մշակվում են 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթների վրա (առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշգրտվել պատվիրատուի առաջադրանքով):
3. Բնակավայրի, դրա նախագծային շրջանների, թաղամասերի և առանձին հատվածների գոտևորման նախագծերի գրաֆիկական մասերում տարածքի փաստացի օգտագործման հիմքի վրա ցույց են տրվում`
ա) բնակավայրի զարգացման համար անհրաժեշտ հողատարածքներն ու դրանց կառուցապատման հերթականությունը,
բ) տարածքի գործառական գոտևորումը` ըստ օգտագործման տեսակների, և դրանց տարբերակող նշանները,
գ) տարածքի ծավալատարածական գոտևորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների տեսակների, և դրանց տարբերակող նշանները,
դ) բնակավայրի կազմավորված քաղաքաշինական միջավայրի վերակառուցման, արդիականացման, կառուցապատման առկա ռեզերվների օգտագործման հնարավորությունները,
ե) տարածքի կառուցապատումը կարգավորող նախագծային կարմիր, կառուցապատման և այլ գծերը` հանգույցների կոորդինատային նշահարմամբ,
զ) պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գոտիները,
է) ճանապարհային հաղորդակցուղիների ցանցը, դասակարգումը, տրանսպորտային կառույցները, տրանսպորտային միջոցների մշտական և ժամանակավոր կայանման տեղերը, այդ թվում` ստորգետնյա,
ը) մշակութային, կենցաղային և կոմունալ սպասարկման ենթակառուցվածքը` սպասարկման գոտիների սահմաններով,
թ) ինժեներական ենթակառուցվածքի` մայրուղային ցանցերի, շինությունների և ստորգետնյա տարածքների օգտագործման գոտիները, տարածքի ինժեներական նախապատրաստման, վտանգավոր բնական և տեխնածին երևույթներից տեղանքի ինժեներական պաշտպանական գոտիների սահմանները,
ժ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները` դրա առկայության դեպքում:
(3-րդ կետը լրաց. 01.04.10 N 331-Ն)
4. Գոտևորման նախագծերի տեքստային մասը ներկայացվում է առանձին հոդվածների և աղյուսակների տեսքով, որոնց հիմնական բաժիններն են`
ա) ընդհանուր դրույթներ,
բ) գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները,
գ) կառուցապատման չափորոշիչները,
դ) կառուցապատման կանոնները:
5. «Ընդհանուր դրույթներ» բաժնում սահմանվում են`
ա) նախագծի մշակման հիմքերն ու ելակետային նյութերը,
բ) քաղաքաշինական այլ ծրագրային փաստաթղթերի և հողօգտագործման սխեմաների հետ փոխադարձ կապը,
գ) տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հաշվեկշիռները:
6. «Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները» բաժնում ներկայացվում են`
ա) գոտիների թվարկումն ըստ թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների),
բ) գոտիների օգտագործման պայմանները,
գ) քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական սահմանափակումները (այդ թվում` սերվիտուտները):
7. «Կառուցապատման չափորոշիչներ» բաժնում ամրագրվում են առանձին գոտիների կառուցապատման չափորոշիչները` հարկայնությունը, կառուցապատման տոկոսը և խտությունը, կանաչապատ, ոչ կանաչապատ մակերևույթների համամասնությունները և այլն: Յուրաքանչյուր գոտի ներկայացվում է առանձին պարբերությամբ, որտեղ ներկայացվում է գոտում թույլատրելի օգտագործման (կառուցապատման) մանրամասն ցուցակը` համապատասխան բնութագրերով:
8. «Կառուցապատման կանոններ» բաժնում սահմանվում են կանոններ` տեղական պայմաններից ելնելով, որոնք պարտադիր են բոլոր գոտիների համար: Դրանք ներկայացվում են առանձին հոդվածներով և կարգավորում են կառուցապատման և շահագործման հետ կապված հետևյալ խնդիրները`
գոտևորման ընդունված սկզբունքներին չհամապատասխանող շենքերի և շինությունների աստիճանական վերափոխման միջոցառումների իրականացման մեխանիզմները,
աղմուկից, շրջակա միջավայրի աղտոտումից, վիբրացիայից, արտացոլումներից պաշտպանության միջոցառումները,
տարածքներին, շենքերին, շինություններին, փողոցների ձևավորմանը, գովազդին, ցուցանակներին և այլ նշաններին ներկայացվող պահանջները,
այլ, այդ թվում` տեղական առանձնահատկություններից բխող պայմաններ,
քաղաքաշինական գործունեության իրականացման կանոնների սահմանումը:
Հավելված N 1
Բնակավայրերի տարածքների
գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման կարգի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՄԱՐԶԻ _______________
ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ
Սույն կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ---- մարզի --------- համայնքի տարածքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները` ելնելով համայնքի պատմականորեն ձևավորված ավանդույթների և պատմաճարտարապետական միջավայրի պահպանման անհրաժեշտությունից:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որպես կանոն, մշակվում և հաստատվում է գոտևորման նախագծի կազմում` հավելվածի տեսքով:
1.2. Համայնքի ավագանու որոշմամբ քաղաքաշինական կանոնադրությունը կարող է մշակվել նաև մինչև գլխավոր հատակագծի և (կամ) գոտևորման նախագծի մշակումը` որպես առանձին փաստաթուղթ: Այս դեպքում կանոնադրությունը կցվում է նախագծային առաջադրանքին և պարտադիր հաշվի է առնվում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման ընթացքում:
1.3. Համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո քաղաքաշինական կանոնադրությամբ ամրագրված պայմանները ներառվում են համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում` համապատասխան դրույթներ ամրագրելով առաջադրանքի ձևի «Լրացուցիչ պայմաններ» բաժնում:
II. ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
(Ճարտարապետության առանձնահատկությունները և շինարարության տեխնոլոգիաները)
2.1. Համայնքի տարածքում գտնվող կարևոր շենքերի և շինությունների ճարտարապետական ոճի, կրկնվող և հաճախ կիրառվող տարրերի, ճակատների ձևավորման առանձնահատկությունների, օգտագործված շինանյութի և կառուցման եղանակի նկարագրությունը:
2.2. Նկարագրությունը հիմնավորվում է համապատասխան լուսանկարներով, գծագրերով:
III. ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
3.1. Համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների նկարագրությունը, դրանց ներկայիս վիճակը, վերականգնման ու պահպանման հետ կապված խնդիրները:
3.2. Տվյալները հիմնավորվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներով, համապատասխան լուսանկարներով:
IV. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4.1. Նկարագրվում են համայնքի տարածքում գտնվող համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող շենքերը և շինությունները, բերվում են դրանց հետ առնչվող պատմությունները, ներկայացվում են շենքերի և շինությունների ներկա վիճակը, վերականգնման և պահպանման հետ կապված խնդիրները:
4.2. Տվյալները հիմնավորվում են համապատասխան լուսանկարներով, գծագրերով:
V. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
5.1. Թվարկվում են այն ճարտարապետական ոճերը, հնարքները, դեկորատիվ տարրերը, ճակատների ձևավորման առանձնահատկությունները, դռների, պատուհանների համաչափությունները, շինարարական նյութերը և կառուցման եղանակը, որոնք պահպանվելու են համայնքի տարածքում և խրախուսվելու են նոր շենքերի կառուցման ժամանակ:
1. Շենքերի և շինությունների ծավալային ու ճարտարապետահատակագծային լուծումներին, ինչպես նաև դրանց առանձին մասերին ներկայացվող պահանջները
ա. շենքի մասշտաբը, ճակատային լուծումներն ու դրանք շեշտադրող տարրերը (զարդաքանդակները, շքամուտքը (պորտալը), որմնախորշերը, շվաքարանները, քիվերը, կամարները և այլն),
………………………………..
բ. շենքի ճակատային մասի արտաքին բացվածքների (դռներ, պատուհաններ, ցուցափեղկեր) ձևավորումը,
………………………………..
գ. շենքի տանիքներն ու շենքերի հորիզոնական հարթությունները («հինգերորդ ճակատ»), ինչպես նաև ճակտոնները (ֆրոնտոնները), մանսարդները, ձեղնանցքները, եզրապատերը (պարապետները) և այլն,
………………………………..
դ. շվաքարանները (տենտերը, մարկիզաները),
………………………………..
ե. շենքի ճակատների և տանիքի հարդարման նյութերն ու երանգավորումը, արտաքին լուսավորությունը.
………………………………..
2. Փողոցների, անցումների, հետիոտն ճանապարհների ու հեծանվաուղիների (ճանապարհային ցանց), հրապարակների, ներքին բակերի, շքաբակերի (կուրդոնյերների) և հարթակների կառուցվածքին ու ձևավորմանը, ավտոկայանատեղիների կազմակերպմանը ներկայացվող պահանջները
ա. ճանապարհային ծածկույթը (նյութը, դեկորատիվ տարրերը և գունային լուծումները),
………………………………..
բ. համայնքն սպասարկող տրանսպորտի համար նախատեսված կանգառների ձևավորումը,
………………………………..
գ. հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի տեղաշարժման համար անհրաժեշտ կահավորանքը (թեքահարթակներն ու հատուկ հարմարանքները` լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով),
………………………………..
դ. ֆունկցիոնալ ձևավորումը, կանաչապատումը և կահավորանքը (փոքր ճարտարապետական ձևեր կամ դեկորատիվ արվեստի նմուշներ, զրուցարաններ, շվաքարաններ, նստարաններ, շատրվաններ, դեկորատիվ ջրավազաններ, կանաչ տնկարկներ, այդ թվում` ուղղահայաց կանաչապատում և այլն),
………………………………..
ե. ճանապարհային ցանցին հարող պարիսպների, ցանկապատերի (այդ թվում` դալար ցանկապատերի) կառուցվածքին, նյութին ու ձևավորմանը ներկայացվող պահանջները.
………………………………..
3. Լանդշաֆտին, այգեպուրակային շինարարությանը և կանաչապատմանը ներկայացվող պահանջները
ա. ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և հետիոտն շարժման ակտիվ գոտիների կանաչապատումն ու բարեկարգումը (փոքր ճարտարապետական ձևեր, ջրային մակերեսներ, շատրվաններ, նստարաններ, տաղավարներ, զրուցարաններ և բարեկարգման այլ տարրեր),
………………………………..
բ. այգեպուրակային շինարարության կազմը (հենապատեր, ծառուղիներ, հարթակներ, աստիճաններ, ինչպես նաև ծառեր, թփեր, սիզամարգեր, ծաղկաթմբեր և գալարվող բույսեր, դեկորատիվ բուսական ծածկույթ, բազմամյա և միամյա բույսերի տեսակներ, կանաչապատման և բարեկարգման այլ միջոցներ),
………………………………..
գ. անհրաժեշտության դեպքում` քամու դեմ պաշտպանական գոտու ստեղծման միջոցառումները (ծառատունկ, կանաչ ծածկույթների իրականացում տեղական ավանդական տնկանյութերի տեսակներից` տարբեր բարձրության բույսերի զուգակցմամբ),
………………………………..:
(հավելվածը լրաց. 04.06.15 N 680-Ն)
(կարգը փոփ., լրաց., խմբ. 09.04.09 N 369-Ն, լրաց. 01.04.10 N 331-Ն, լրաց., խմբ. 04.06.15 N 680-Ն)