Գլխավոր տեղեկություն
Համար
N 313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.08/20(1109) Հոդ.250
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2015 թվականի N 313-Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի նկատմամբ պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 3
 Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 26-ի N 313-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրային հատվածի կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություններ) հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հանրային հատվածի կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի նկատմամբ:

3. Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագիրը համարվում է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանող, եթե այն ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը`

1) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.

2) կրկնակի գրանցման եղանակով` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի հիման վրա մշակված հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանին (այսուհետ` հաշվային պլան) համապատասխան.

3) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:

4. Համակարգչային ծրագիրը պետք է հնարավորություն ընձեռի նաև, որպեսզի`

1) անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները համապատասխանեն միմյանց.

2) բոլոր գործառնությունների, դեպքերի և իրադարձությունների արդյունքները հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որոնց վերաբերում են:

5. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով հաշվապահական հաշվառումը պետք է վարվի Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի պահանջներով՝ կիրառելով հաշվային պլանում ներկայացված հաշվապահական թղթակցությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 26-ի N 313-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման հիմնական նպատակն է ավտոմատացնել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի հիմքում ընկած իրավական ակտերի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ հաշվապահական հիմնական գործառույթները, մասնավորապես՝

1) հաշվային պլանի համաձայն տրվող հաշվապահական թղթակցությունների գրանցումը (սինթետիկ հաշվառումը).

2) պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների անալիտիկ հաշվառումը.

3) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ամորտիզացվող ակտիվների անալիտիկ հաշվառումը.

4) գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառումը (դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը).

5) աշխատողների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառումը (աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների հաշվարկը):

2. Գործառնությունների, դեպքերի և այլ իրադարձությունների հետ կապված հարկային հետևանքների դեպքում հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է հնարավորություն ընձեռի ապահովելու կիրառելի հարկային օրենսդրության պահանջները, իսկ աշխատողների հատուցումների գծով հաշվառումն իրականացնելիս՝ աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջները:

3. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը նվազագույնը պետք է ունենա հետևյալ ենթահամակարգերը (մոդուլները).

 

Ենթահամակարգը

Նկարագրությունը

Սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգ

Այս ենթահամակարգը պետք է ապահովի հաշվային պլանի հաշիվների (սինթետիկ, անալիտիկ ու ենթաանալիտիկ հաշիվների) թղթակցությունների գրանցումը և ամփոփումը:

Պաշարների և այլ ընթացիկ ակտիվների անալիտիկ հաշվառման ենթահամակարգ

Այս ենթահամակարգը պետք է ապահովի պաշարների (ինչպես նաև սպառվող կենսաբանական ակտիվների և այլ ընթացիկ ակտիվների) քանակագումարային հաշվառումը, ինչպես նաև պաշարների շարժի և մնացորդների ամփոփումը՝ ըստ դրանց գտնվելու վայրերի (պահեստների):

Հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների անալիտիկ հաշվառման ենթահամակարգ

Այս ենթահամակարգը պետք է ապահովի հիմնական միջոցների, բարձրարժեք ակտիվների, չարտադրված (բնական ծագում ունեցող) ակտիվների, կենսաբանական ակտիվների, ներդրումային գույքի, ոչ նյութական ակտիվների և այլ ոչ ընթացիկ ակտիվների (բացառությամբ ֆինանսական գործիքների) անալիտիկ հաշվառումը՝ ըստ նույնականացված առանձին ակտիվների:

Գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառման ենթահամակարգ

Այս ենթահամակարգը պետք է ապահովի գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառումը, ինչպես նաև այդ հաշվարկների շարժի և մնացորդների ամփոփումը:

Աշխատողների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառման ենթահամակարգ

Այս ենթահամակարգը պետք է ապահովի աշխատողների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառումը, ինչպես նաև այդ հաշվարկների շարժի և մնացորդների ամփոփումը:

 

Ստորև ներկայացվում են հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ենթահամակարգերի միջև հիմնական կապերը.

 

Ներմուծեք նկարագրությունը_7221

 

A՝ ձեռք բերված պաշարներ և այլ ընթացիկ նյութական ակտիվներ.

B՝ ձեռք բերված հիմնական միջոցներ և այլ ոչ ընթացիկ ակտիվներ.

C՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հետ կապված հաշվապահական ձևակերպումներ.

D՝ պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների հետ կապված հաշվապահական ձևակերպումներ.

E՝ հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հետ կապված հաշվապահական ձևակերպումներ.

F՝ աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների հաշվապահական ձևակերպումներ:

4. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է բավարարի հետևյալ ընդհանուր պահանջները.

 

Արտարժույթով հոդվածներ

ա. արտարժույթով արտահայտված դրամային հոդվածների ավտոմատ վերագնահատում.
բ. փոխարկում մի արժույթից մեկ այլ արժույթի.
գ. արտարժույթով գործարքի դրամային համարժեքի ավտոմատ հաշվարկում և գրանցում.
դ. արտարժույթի փոխարժեքների մուտքագրում՝ ըստ ամսաթվերի

Փաստաթղթեր

փաստաթղթերի սահմանված ձևերի լրացման և տպման հնարավորություն

Ստանդարտ (տիպային) թղթակցություններ

ստանդարտ հաշվապահական թղթակցությունների նկարագրման գործիքի առկայություն

Աշխատանքային լեզու

Աշխատանքային լեզուն պետք է լինի հայերեն:

 

5. Սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգը պետք է ապահովի կազմակերպության կողմից իրականացվող գործառնությունների, դեպքերի և այլ իրադարձությունների հաշվապահական գրանցման համար անհրաժեշտ հաշվապահական թղթակցությունների վարումը հաշվային պլանի հաշիվների համապատասխան մակարդակով, ինչպես նաև այդ տեղեկատվության ամփոփումը հաշվային պլանի տարբեր մակարդակների հաշիվների մնացորդների և շարժի տեսքով՝ ըստ տարբեր արժույթների: Այս ենթահամակարգի նկատմամբ հիմնական պահանջներն են՝

1) հաշվային պլանի ծածկագրերը պետք է ունենան առնվազն 12 նիշի հնարավորություն.

2) հաշվային պլանի հաշիվների անվանումները պետք է ունենան առնվազն 50 նիշի հնարավորություն.

3) հնարավորություն ընձեռի ըստ անհրաժեշտության փոփոխություն կատարելու հաշվային պլանում.

4) հնարավորություն ընձեռի իրականացնելու արտարժույթով հոդվածների ավտոմատ վերագնահատման գրանցում.

5) ապահովի հաշվապահական հաշիվների հետ հետևյալ գործողությունները`

ա. ստացված ծառայությունների գրանցում դրամով և արտարժույթով,

բ. ծառայությունների մատուցման գրանցում դրամով և արտարժույթով,

գ. հաշվային պլանի հաշիվների արտարժույթով մնացորդների վերագնահատում,

դ. հաշվային պլանի հաշիվների արտարժույթի փոխարկում,

ե. դրամարկղի մուտքի օրդերի ստեղծում,

զ. դրամարկղի ելքի օրդերի ստեղծում,

է. վճարման հանձնարարականի ստեղծում,

ը. սինթետիկ հաշիվների թղթակցության գրանցում.

6) ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ բովանդակությամբ հաշվետվությունների ստացումը`

ա. հաշվային պլանի տարբեր մակարդակների հաշիվների մնացորդներն ընտրված ամսաթվի դրությամբ՝ դրամով և (կամ) արտարժույթով,

բ. հաշվային պլանի տարբեր մակարդակների հաշիվների շրջանառությունն ընտրված ժամանակահատվածում՝ դրամով և (կամ) արտարժույթով,

գ. հաշվային պլանի վերջին մակարդակի հաշիվների հետ կատարված գործողություններն ընտրված ժամանակահատվածում՝ դրամով և (կամ) արտարժույթով,

դ. հաշվային պլանի կոնկրետ հաշվի քարտի վարում՝ ըստ արժույթների:

6. Պաշարների և այլ ընթացիկ ակտիվների անալիտիկ հաշվառման ենթահամակարգը պետք է ապահովի պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների քանակագումարային հաշվառումը, ինչպես նաև տրամադրի տեղեկատվություն դրանց մնացորդների և շարժերի վերաբերյալ՝ ըստ դրանց գտնվելու վայրերի (պահեստների): Այս ենթահամակարգի նկատմամբ հիմնական պահանջներն են՝

1) հնարավորություն ընձեռի հաշվառելու միևնույն պաշարը և այլ ընթացիկ նյութական ակտիվները՝ ըստ տարբեր գտնվելու վայրերի (ոչ պակաս, քան 20 պահեստ).

2) հնարավորություն ընձեռի հաշվառումը վարելու ըստ պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների առանձին անվանումների (ոչ պակաս, քան 10,000 անվանում).

3) ապահովի պաշարների ելքագրման «Առաջինը մուտք, առաջինը ելք» (ԱՄԱԵ) բանաձևի կիրառությունը.

4) ապահովի պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների հաշվառումը` ըստ ստացման և ծախսագրման եղանակների (փոխանակվող գործարքների գծով և չփոխանակվող գործարքների գծով).

5) հնարավորություն ընձեռի իրականացնելու պաշարների (մասնավորապես՝ ռազմավարական պաշարների) վերագնահատում և ապահովի վերագնահատման հետևանքների ավտոմատ ձևակերպումը.

6) ապահովի պաշարների և այլ ընթացիկ ակտիվների հետ կապված հետևյալ գործողությունները՝

ա. ձեռքբերում,

բ. տեղաշարժ գտնվելու վայրերի միջև,

գ. վաճառք,

դ. ծախսագրում,

ե. ձեռքբերման հետ կապված լրացուցիչ ծախսերի ավելացում արժեքին.

7) ապահովի հետևյալ բովանդակությամբ հաշվետվությունների ստացումը`

ա. պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների առկայությունն ընտրված ամսաթվի դրությամբ: Հաշվետվությունը պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի, ըստ հաշվային պլանում պաշարների հաշվառման առանձին հաշիվների, ըստ պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների անալիտիկ դասակարգման առանձին խմբերի և ըստ ստացման եղանակի,

բ. պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների շրջանառությունն ընտրված ժամանակահատվածում: Հաշվետվությունը պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի, ըստ հաշվային պլանում պաշարների հաշվառման առանձին հաշիվների, ըստ պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների անալիտիկ դասակարգման առանձին խմբերի և ըստ ստացման եղանակի,

գ. պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների հետ կապված գործողություններն ընտրված ժամանակահատվածում: Հաշվետվությունը կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի, ըստ հաշվային պլանում պաշարների հաշվառման առանձին հաշիվների, ըստ պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների անալիտիկ դասակարգման առանձին խմբերի և ըստ ստացման եղանակի,

դ. առանձին (կոնկրետ) պաշարի և այլ ընթացիկ նյութական ակտիվների քարտի քանակագումարային շարժն ընտրված ժամանակահատվածում: Հաշվետվությունը քանակագումարային շարժի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի և ըստ ստացման եղանակի.

8) հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է ապահովի պաշարների և այլ ընթացիկ ակտիվների անալիտիկ հաշվառման ենթահամակարգի կապն այլ ենթահամակարգերի հետ՝ հետևյալ ձևով`

ա. պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների հետ կապված՝ սույն կետի 6-րդ ենթակետում նշված գործողությունների գծով հաշվապահական թղթակցությունների ավտոմատ գրանցում սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում,

բ. պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների ձեռքբերման և իրացման հետ կապված գործողությունների ավտոմատ գրանցում գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառման ենթահամակարգում,

գ. ապահովի պաշարների և այլ ընթացիկ նյութական ակտիվների անալիտիկ հաշվառման տվյալների համապատասխանությունը սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում պաշարները և այլ ընթացիկ նյութական ակտիվները հաշվառող հաշիվների մնացորդների հետ:

7. Հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հաշվառում ենթահամակարգը պետք է ապահովի հիմնական միջոցների, բարձրարժեք ակտիվների, չարտադրված (բնական ծագում ունեցող) ակտիվների, կենսաբանական ակտիվների, ներդրումային գույքի, ոչ նյութական ակտիվների և այլ ոչ ընթացիկ ակտիվների (բացառությամբ ֆինանսական գործիքների) յուրաքանչյուր միավորի անալիտիկ հաշվառումը, դրանց հետ կապված գործողությունների գրանցումը, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի տեղեկատվության գրանցումն ու համապատասխան տեղեկատվությունը ներկայացնելը: Այս ենթահամակարգի նկատմամբ հիմնական պահանջներն են՝

1) հնարավորություն ընձեռի հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների անալիտիկ հաշվառումն իրականացնելու՝ ըստ դրանց առանձին միավորների (գույքային համարների) (ոչ պակաս, քան 15,000 միավոր ակտիվ).

2) հնարավորություն ընձեռի հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների յուրաքանչյուր միավորի համար զուգահեռաբար իրականացնելու առնվազն երկու անալիտիկ հաշվառում՝

ա. ֆինանսական հաշվառում, որն առնվազն պետք է ներառի յուրաքանչյուր միավորի համախառն հաշվեկշռային արժեքը, կուտակված մաշվածությունը, օգտակար ծառայությունը, նորմատիվային օգտակար ծառայությունը,

բ. հարկային հաշվառում, որն առնվազն պետք է ներառի յուրաքանչյուր միավորի համախառն հաշվեկշռային արժեքը, կուտակված մաշվածությունը, օգտակար ծառայությունը.

3) հնարավորություն ընձեռի իրականացնելու պայմանով ստացված ակտիվների գծով հետաձգված հասույթների հաշվառում: Հետաձգված հասույթների հաշվառման առումով անալիտիկ հաշվառումն առնվազն պետք է ներառի պայմանով ստացված յուրաքանչյուր ակտիվի միավորի գծով հետաձգված հասույթի համախառն գումարը, որպես հասույթ ճանաչված գումարների կուտակային մեծությունը, ակտիվների գծով սահմանված պայմանները.

4) ըստ առանձին անալիտիկ հաշվառումների հնարավորություն ընձեռի յուրաքանչյուր հիմնական միջոցի կամ այլ ոչ ընթացիկ ակտիվի համար սահմանելու այդ ակտիվի մաշվող կամ չմաշվող լինելու հայտանիշ, որպեսզի հնարավոր լինի նույն ակտիվի միավորի համար տարբեր անալիտիկ հաշվառումներում իրականացնել մաշվածության հաշվարկման տարբեր մոտեցումներ.

5) հնարավորություն ընձեռի փոփոխելու (ավելացնելու կամ նվազեցնելու) հիմնական միջոցի կամ այլ ոչ ընթացիկ ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքը, կուտակված մաշվածությունը և դրանց համապատասխան սինթետիկ գումարները՝ սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում.

6) հնարավորություն ընձեռի փոփոխելու հիմնական միջոցի կամ այլ ոչ ընթացիկ ակտիվի միավորի նորմատիվային օգտակար ծառայությունը.

7) հնարավորություն ընձեռի հիմնական միջոցները և այլ ոչ ընթացիկ ակտիվները հաշվառելու ըստ գտնվելու վայրի (ոչ պակաս, քան 200 գտնվելու վայր).

8) հնարավորություն ընձեռի հիմնական միջոցները և այլ ոչ ընթացիկ ակտիվները հաշվառելու ըստ նյութական պատասխանատու անձի.

9) հնարավորություն ընձեռի հիմնական միջոցները և այլ ոչ ընթացիկ ակտիվները հաշվառելու ըստ ստացման եղանակի (փոխանակվող գործարքների գծով և չփոխանակվող գործարքների գծով).

10) ապահովի հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հետ կապված հետևյալ գործողությունները`

ա. ձեռքբերում,

բ. տեղաշարժ գտնվելու վայրերի միջև,

գ. նյութական պատասխանատու անձի փոփոխություն,

դ. վերագնահատում,

ե. վաճառք,

զ. մաշվածության հաշվարկ,

է. շահագործման համար մատչելի դառնալու գործողություն,

ը. լուծարում (դուրսգրում),

թ. ձեռքբերման հետ կապված լրացուցիչ ծախսումների ավելացում արժեքին.

11) ապահովի հետևյալ բովանդակությամբ հաշվետվությունների ստացումը`

ա. հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների առկայությունն ընտրված ամսաթվի դրությամբ: Հաշվետվությունը հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի, ըստ նյութական պատասխանատու անձի, ըստ հաշվային պլանում հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման առանձին հաշիվների, ըստ հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների անալիտիկ դասակարգման առանձին խմբերի, ըստ հաշվառման տեսակների և ըստ ստացման եղանակի,

բ. հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների շրջանառությունն ընտրված ժամանակահատվածում: Հաշվետվությունը հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի, ըստ նյութական պատասխանատու անձի, ըստ հաշվային պլանում հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման առանձին հաշիվների և ըստ ստացման եղանակի,

գ. հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ամորտիզացվող ակտիվների գծով հաշվարկված մաշվածությունը (ամորտիզացիան) ընտրված ժամանակահատվածում: Հաշվետվությունը հիմնական միջոցների և այլ ամորտիզացվող ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի) վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի, ըստ նյութական պատասխանատու անձի, ըստ հաշվային պլանում հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման առանձին հաշիվների, ըստ հաշվառման տեսակների և ըստ ստացման եղանակի,

դ. հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հետ կապված գործողություններն ընտրված ժամանակահատվածում: Հաշվետվությունը կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրի առնվազն ըստ գտնվելու վայրի, ըստ հաշվային պլանում հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման առանձին հաշիվների, ըստ նյութական պատասխանատու անձի, ըստ հաշվառման տեսակների և ըստ ստացման եղանակի.

12) հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է ապահովի հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման ենթահամակարգի կապն այլ ենթահամակարգերի հետ՝ հետևյալ ձևով`

ա. հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների հետ կապված՝ սույն կետի 10-րդ ենթակետում նշված գործողությունների գծով հաշվապահական թղթակցությունների ավտոմատ գրանցում սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում,

բ. հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման և իրացման հետ կապված գործողությունների ավտոմատ գրանցում գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառման ենթահամակարգում,

գ. ապահովի հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ ակտիվների անալիտիկ հաշվառման տվյալների համապատասխանությունը սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում հիմնական միջոցները և այլ ոչ ընթացիկ ակտիվները հաշվառող հաշիվների մնացորդների հետ:

8. Գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառման ենթահամակարգը պետք է ապահովի կազմակերպության գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառումը, ինչպես նաև այդ հաշվարկների շարժի և մնացորդների ամփոփումն ըստ սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգի համապատասխան հաշիվների և արժույթների: Այս ենթահամակարգի նկատմամբ հիմնական պահանջներն են՝

1) դեբիտորների և կրեդիտորների անհատական քարտի վարում (ոչ պակաս, քան 400 գործընկեր).

2) դեբիտորների և կրեդիտորների անհատական քարտի վարում՝ ըստ հաշվային պլանում դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման առանձին հաշիվների (միևնույն գործընկերը հաշվային պլանի առնվազն 10 հաշվով).

3) դեբիտորների և կրեդիտորների անհատական քարտի վարում՝ ըստ տարբեր արժույթների (ոչ պակաս, քան 5 արժույթով).

4) ձեռքբերումների գրանցում՝ ըստ հաշիվ-ապրանքագրերի.

5) իրացումների գրանցում՝ ըստ հաշիվ-ապրանքագրերի.

6) դեբիտորների և կրեդիտորների գծով արտարժույթով հոդվածների ավտոմատ վերագնահատում.

7) ապահովի դեբիտորների և կրեդիտորների հետ հետևյալ գործողությունները`

ա. ստացված ակտիվների և ծառայությունների գրանցում՝ դրամով և (կամ) արտարժույթով,

բ. ծառայությունների մատուցման գրանցում՝ դրամով և (կամ) արտարժույթով,

գ. դեբիտորների և կրեդիտորների գծով արտարժույթով հոդվածների ավտոմատ վերագնահատում,

դ. դեբիտորների և կրեդիտորների արտարժույթի փոխարկում,

ե. դեբիտորների և կրեդիտորների պարտավորության մարում՝ դրամով և (կամ) արտարժույթով.

8) ապահովի հետևյալ բովանդակությամբ հաշվետվությունների ստացումը՝

ա. գործընկերների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մնացորդներն ընտրված ամսաթվի դրությամբ՝ ըստ հաշվային պլանում դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման առանձին հաշիվների՝ դրամով և (կամ) արտարժույթով,

բ. գործընկերների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի շրջանառությունն ընտրված ժամանակահատվածում՝ ըստ հաշվային պլանում դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման առանձին հաշիվների՝ դրամով և (կամ) արտարժույթով,

գ. գործընկերների հետ կապված գործողություններն ընտրված ժամանակահատվածում՝ ըստ հաշվային պլանում դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման առանձին հաշիվների՝ դրամով և (կամ) արտարժույթով,

դ. առանձին (կոնկրետ) գործընկերոջ քարտի շարժն ընտրված ժամանակահատվածում՝ ըստ հաշվային պլանում դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման առանձին հաշիվների՝ դրամով և (կամ) արտարժույթով.

9) հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է ապահովի գործընկերների հետ հաշվարկների անալիտիկ հաշվառման ենթահամակարգի կապն այլ ենթահամակարգերի հետ՝ հետևյալ ձևով`

ա. գործընկերների գծով սույն կետի 7-րդ ենթակետում նշված գործողությունների հետ կապված հաշվապահական թղթակցությունների ավտոմատ գրանցում սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում,

բ. ապահովի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկ հաշվառման տվյալների համապատասխանությունը սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում դեբիտորական և կրեդիտորական պարտքերը հաշվառող հաշիվների մնացորդների հետ:

9. Աշխատավարձի հաշվարկ ենթահամակարգը պետք է ապահովի աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների հաշվարկումը, ինչպես նաև ըստ առանձին աշխատողների՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկ հաշվառումը: Այս ենթահամակարգի նկատմամբ հիմնական պահանջներն են՝

1) հնարավորություն ընձեռի նկարագրելու աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների հաշվարկման հետ կապված օրենսդրական պահանջների գծով համապատասխան պարամետրեր.

2) իրականացնի աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների հաշվարկումը (ներառյալ համապատասխան պահումները)՝ համաձայն գործող օրենսդրության պահանջների.

3) ապահովի հարկային և աշխատանքային օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների ստացումը.

4) ապահովի աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների հաշվարկման հետ կապված հետևյալ գործողությունները՝

ա. աշխատաժամանակի վերաբերյալ փաստացի տվյալների մուտքագրում՝ ըստ օրերի,

բ. աշխատավարձի, պարգևավճարների և այլ հավելումների մուտքագրում (ներմուծում),

գ. աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների գծով համապատասխան պահումների մուտքագրում (ներմուծում),

դ. աշխատողների արձակուրդային վճարների հաշվարկ՝ համաձայն գործող օրենսդրության պահանջների,

ե. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկ՝ համաձայն գործող օրենսդրության պահանջների,

զ. աշխատավարձի և աշխատողների այլ հատուցումների գծով վճարացուցակների պատրաստում և փաստացի վճարումների գրանցում.

5) ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ բովանդակությամբ հաշվետվությունների ստացումը`

ա. կոնկրետ աշխատողի հաշվարկային թերթիկը՝ ըստ հաշվարկման ամիսների,

բ. աշխատողների համար հաշվարկված հավելումները և պահումները՝ ըստ տողերի ընտրված ժամանակահատվածում,

գ. աշխատողների համար հաշվարկված հավելումները և պահումները՝ ըստ սյուների ընտրված ժամանակահատվածում.

6) հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է ապահովի սույն կետի 4-րդ ենթակետում նշված գործողությունների գծով հաշվապահական թղթակցությունների ավտոմատ գրանցում սինթետիկ հաշվապահական ձևակերպումների գրանցման ենթահամակարգում:

10. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է ապահովի հաշվետվությունների ստացման հետ կապված հետևյալ հնարավորությունները՝

1) հանրային հատվածի կազմակերպությունների համար մշակված ֆինանսական հաշվետվությունների ստացումը.

2) հարկային օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների ստացումը.

3) օգտագործողի կողմից նոր հաշվետվություն նկարագրելու հնարավորություն (հաշվետվությունների գեներատոր)՝ հաշվային պլանի հաշիվների մակարդակով: Այն պետք է ունենա հետևյալ ստանդարտ գործառույթները`

ա. հաշվի մնացորդի ստացում,

բ. հաշվի դեբետային շրջանառության գումարի ստացում,

գ. հաշվի կրեդիտային շրջանառության գումարի ստացում,

դ. հաշվի թղթակցությունների գումարի ստացում.

4) հաշվետվությունների արտածումն այլ համակարգեր, օրինակ, Microsoft Excel, Microsoft Word.

5) հաշվետվությունների ստացման պարամետրերի նկարագրությունը (ֆիլտրման պարամետրեր):

11. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է բավարարի տվյալների անվտանգության և օգտագործողների իրավասությունների հետևյալ նվազագույն պահանջները՝

1) համակարգը պետք է պահանջի ցանկացած օգտագործողի մուտքի իրականացում՝ ըստ օգտագործողի անվանման ու գաղտնաբառի և (կամ) վերջինիս նույնականացման քարտի կիրառման միջոցով.

2) համակարգը պետք է խստորեն տարաբաժանի վերջնական օգտագործողների դերերը` ըստ նրանց շնորհված իրավասությունների աստիճանի և գործառույթների.

3) համակարգի յուրաքանչյուր օգտագործողի գործողությունների պատմությունը պետք է գրանցվի և զետեղված լինի նաև տվյալների հիմնական տվյալների շտեմարանում, ինչը պետք է հնարավորություն ընձեռի համակարգն սպասարկող իրավասու անձանց կողմից վերհանելու գործողությունների ամբողջ շղթան, այդ թվում՝ էջեր այցելությունները, կատարած գործողությունների ցանկը, մուտքի և ելքի ժամանակագրական տվյալները.

4) համակարգը պետք է հնարավորություն ընձեռի ժամանակագրական կտրվածքով հաշվետվություններ ձևավորելու գրանցված որոշակի օգտագործողի կողմից համակարգում կատարված տարբեր տեսակի գործառույթների, այդ թվում՝ համակարգի առաջնային կոդերում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

12. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է վերջնական օգտագործողներին հնարավորություն ընձեռի աշխատելու առնվազն Windows և UNIX/Linux ծրագրային պլատֆորմների ներքո գործող համակարգիչներով:

13. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է բավարար տեխնիկական հնարավորություն և ճկունություն ունենա ընդլայնելու պահանջվող բիզնես գործառույթների տեսակները՝ չվնասելով համակարգի հիմնական ճարտարապետական կառուցվածքը և լուծումները:

14. Հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը պետք է հնարավորություն ունենա համակցվելու և անհրաժեշտ տվյալների առցանց փոխանակում կատարելու հանրային ոլորտում գործող՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող՝ հեռահար տեղակայված այլ համակարգերի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան