Գլխավոր տեղեկություն
Համար
N 1192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.07.2014-16.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.23/46(780) Հոդ.1076
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1192-Ն

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 4-րդ կետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 18

 Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 3-ի N 1192-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ուղարկելու, հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու, հաշվառումից հանելու և հաշվառման փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգչի հիման վրա.

2) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալներն ինֆորմացիոն կենտրոնի քարտադարան մուտքագրելու համար.

3) հաշվառում` հետախուզվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունման, դրանում նշված տեղեկությունների մշակման, համակարգման ու պահպանման գործողություններ.

4) հետախուզվող տրանսպորտային միջոցների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը:

(2-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քրեական գործով վարույթի ընթացքում տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը:

(3-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

4. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար:

(4-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), քրեական հետապնդման մարմնի անվանումը, հետախուզվող տրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալները` մակնիշը, մոդելը (ընդունված միջազգային անվանումներով), թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի տեսակը, համարանիշը, համարանիշի հիմնագույնը, սեփականության ձևը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, առուվաճառքի պայմանագիր և այլն) տվյալները, համարակիր ագրեգատների (շարժիչի, հենասարքի, թափքի (կցորդի) համարները, նույնացման համարը` (VIN), բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը, տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը, հաշվառման վկայագրի համարը, ինչպես նաև առանձնահատկությունները (վնասվածքները, վերանորոգման հետքերը, պիտակները, տեղակայված լրացուցիչ սարքերը և այլն), տրանսպորտային միջոցի հետախուզման համար հիմք հանդիսացած դեպքի կատարման ամսաթիվը և վայրը, տրանսպորտային միջոցի պատկանելությունը, այսինքն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումները, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, քաղաքացիությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը, դեպքի կատարման նկարագրությունը:

6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված քարտերն ստուգվում են` անհրաժեշտ տեղեկատվության (պարտադիր դաշտերի` մակնիշի և համարակիր ագրեգատների) առկայությունն ապահովելու համար:

7. Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քարտը հետ է ուղարկում քրեական հետապնդման մարմին, որը քարտում համապատասխան ուղղումներ կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն:

8. Ինֆորմացիոն կենտրոնը քարտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է քարտադարան:

(8-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

9. Ինֆորմացիոն կենտրոնը հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տվյալները, հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում, եթե տրանսպորտային միջոցը հաշվառումից չի հանվում, հաշվառում են Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) մասնակից պետությունների միջպետական ինֆորմացիոն բանկում:

10. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթի կարճումից հետո դրա արխիվային պահպանման ժամկետը լրանալը.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի վաղեմության ժամկետի լրանալուց հետո 10 տարի անցնելը, բայց ոչ շուտ, քան քրեական գործի արխիվային պահպանման ժամկետը լրանալը:

(10-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

11. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված հիմքի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար` նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:

(11-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

12. Ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանում է քրեական հետապնդման մարմնի գրության հիման վրա, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիմքերի առկայության դեպքում` ինքնուրույն:

(12-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

13. Ինֆորմացիոն կենտրոնը հաշվառումից հանված` հետախուզվող տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հանում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական ինֆորմացիոն բանկի հաշվառումից:

14. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 19.06.14 N 594-Ն)

15. Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ առկա տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումները ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

(15-րդ կետը լրաց. 19.06.14 N 594-Ն)

16. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրությամբ: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(16-րդ կետը լրաց. 19.06.14 N 594-Ն)

17. Հարցումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալներն էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Քարտադարանի ավտոմատացված համակարգից էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(17-րդ կետը լրաց. 19.06.14 N 594-Ն)

18. Հետախուզվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ քարտադարանում առկա` սույն կարգի N 1 ձևի քարտի 4-17-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

(18-րդ կետը լրաց. 19.06.14 N 594-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

1. Քրեական գործի համարը _____ 2. Հարուցման ամսաթիվը (օօ/աա/տտ) ______

3. Քրեական հետապնդման մարմնի անվանումը ______________________

 

4. Մակնիշը, մոդելը ______ 5. Թողարկման տարեթիվը

 

6. Տրանսպորտային միջոցի

տեսակը

 

7. Համարանիշը ___________ 8. Համարանիշի հիմնագույնը

 

 9. Սեփականության ձևը

 

Ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, առուվաճառքի պայմանագիրը և այլն) տվյալները _____

10. Շարժիչի համարը ___________ 11. Հենասարքի (շասսի) համարը _____________

12. Թափքի (կցորդի) համարը ________ 13. Բեռնատար ՏՄ թափքի (խցիկի) գույնը
 

14. Նույնացման համարը (VIN)

                                 

15. Գույնի լրիվ անվանումը _________16. Հաշվառման վկայագրի համարը ______ N _____

17. Առանձնահատկությունները ________________________________________

______________________________________________________

18. Դեպքի կատարման ամսաթիվը____________ 19. Դեպքի կատարման վայրը
 

 

Քարտի դարձերեսը

20. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, _______________

իրավաբանական անձի անվանումը ______________________________

 

21. Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը _____________________

 

22. Ծննդյան ամսաթիվը (օօ/աա/տտ) ______________ 23. Անձնագրի համարը ______

24. Պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմնի, կամ

_____________

(հանրապետությունը)

__________
(մարզը)

___________
(բնակավայրը)

իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը  

______________
(փողոցը)

__________
(շենքը)

__________
(բնակարանը)

25. Քաղաքացիությունը ________________________

 

26. Դեպքի նկարագրությունը ______________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

 

Քարտի լրացման ամսաթիվը ___________

 

Քարտը լրացրեց _______________

(պաշտոնը, կոչումը)

          _________________

             (ազգանունը, ստորագրությունը)

 

 

Պետ _____________________

(կոչումը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հեռախոսահամարը _______________

 

 

   

 

 Ձև N 2

 Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԻ

 

Համարը

Ծածկագիրը

Քարտի բաղադրիչների անվանումները

1

թիվ

քրեական գործի համարը

2

ամսաթիվ

քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը

3

տեքստ

քրեական հետապնդման մարմնի անվանումը

4

տեքստ

տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը

5

թիվ

թողարկման տարեթիվը

6

 

տրանսպորտային միջոցի տեսակը`

 

01

 մարդատար ավտոմեքենա

 

02

 բեռնատար ավտոմեքենա

 

03

 ավտոբուս

 

04

 մոտոցիկլետ, մոտոսայլակ, մոտոռոլլեր

 

05

 կցորդ (կիսակցորդ)

  06

տրակտորներ և ինքնագնաց մեքենաներ

7

թիվ

հաշվառման համարանիշը

8

 

հաշվառման համարանիշի հիմնագույնը (ֆոնը)`

 

01

 սպիտակ

 

02

 սև

 

03

 դեղին

 

04

 կարմիր

 

05

 կապույտ

 

06

համարանիշ չի տրվել

 

07

համարանիշ չի ունեցել

9

 

սեփականության ձևը`

 

01

 պետական

 

02

 մասնավոր

 

03

 համայնքային

10

թիվ

շարժիչի համարը

11

թիվ

հենասարքի (շասսի) համարը

12

թիվ

թափքի (կցորդի կամ կիսակցորդի) համարը

13

 

բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը`

 

01

 սպիտակ

 

02

 կարմիր

 

03

 դեղին

 

04

 կանաչ

 

05

 կապույտ

 

06

 շագանակագույն

 

07

 սև

 

08

 բազմագույն

 

09

 այլ գույն

14

թիվ, տառ

տրանսպորտային միջոցի նույնացման համարը (VIN)

15

տեքստ

տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը

16

թիվ

հաշվառման վկայագրի համարը (տեխ. անձնագիր)

17

տեքստ

առանձնահատկություններ (վնասվածքներ, վերանորոգման հետքեր, լրացուցիչ սարքավորումներ և այլն)

8

ամսաթիվ

դեպքի կատարման օրը, ամիսը, տարեթիվը

19

 

դեպքի կատարման վայրը`

 

01

 փողոց

 

02

 հրապարակ, զբոսայգի, պուրակ

 

03

 բակ

 

04

 պահպանվող ավտոկանգառ

 

05

 չպահպանվող ավտոկանգառ

 

06

 ավտոկայան, երկաթուղային կայարան

 

07

 օդանավակայան

 

08

 խանութ, շուկա

 

09

 ճանապարհ, մայրուղի

 

10

 մերձքաղաքային գոտի

 

11

 այլ վայրեր

20

տեքստ

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի անվանումը

21

տեքստ

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը

22

ամսաթիվ

ֆիզիկական անձի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

23

թիվ

ֆիզիկական անձի անձնագրի համարը (սերիա, համար)

24

տեքստ

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը

25

տեքստ

ֆիզիկական անձի քաղաքացիությունը

26

տեքստ

դեպքի նկարագրությունը

(ձևը լրաց. 19.06.14 N 594-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 19.06.14 N 594-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2023, N 1816-Ն 30.10.2023, N 1192-Ն
08.07.2015, N 745-Ն 16.07.2015, N 1192-Ն
19.06.2014, N 594-Ն 07.07.2014, N 1192-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան