Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.29
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/4177/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/4177/05/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Սարգսյան

Դատավորներ՝   

Հ. Բեդևյան
 

Ա. Բաբայան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

 

 

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տեսչության ընդդեմ «ԳԳԿ Սիսթեմս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 657.119 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից բռնագանձել 619 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.09.2013 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.04.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 24-րդ, 27-րդ, 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչի հետևանքով հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՎԴ/5601/05/11 վճռով Ընկերությունից բռնագանձման ենթակա գումարը չի վճարվել վերջինիս կողմից, որի արդյունքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն ավելացել է տույժ` 268.000 ՀՀ դրամի չափով: Դատարանի կողմից չեն ձեռնարկվել ողջամիտ միջոցներ` պահանջելու որպես ապացույց ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.09.2013 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 09.09.2009 թվականին Ընկերությանը տվել է «Ելքային միջազգային ձայնային ծառայությունների մատուցման համար» թիվ 0641 լիցենզիան (հատոր 1-ին, գ.թ. 11).

2) Տեսչության կողմից կազմված տեղեկանքի համաձայն՝ 09.06.2012 թվականի դրությամբ Ընկերության պարտավորությունը պետական տուրքի գծով կազմում է 656.500 ՀՀ դրամ, որից ապառք՝ 200.000 ՀՀ դրամ, տույժ՝ 456.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 6-7).

3) ՀՀ վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2012 թվականի վճռով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայցն ընդդեմ Ընկերության բավարարվել է՝ Ընկերությունը պարտավորեցվել է հօգուտ պետական բյուջեի վճարել 09.09.2009 թվականից մինչև 15.09.2011 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված 388.500 ՀՀ դրամ պետական տուրքի գծով գումարը, այդ թվում ապառք` 200.000 ՀՀ դրամ, տույժ` 188.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 58-61).

4) Ընկերության 656.500 ՀՀ դրամ պարտավորությունն առաջացել է 2010-2011 թվականների տարեկան պետական տուրքերը սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով, որի արդյունքում հաշվարկվել է նաև տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով՝ ընդհանուր 456.500 ՀՀ դրամ.

5) Գործում առկա չէ ՀՀ վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2012 թվականի վճռի կատարման` 388.500 ՀՀ դրամ պետական տուրքի գծով գումարի վճարված լինելու փաստը հավաստող ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ և 24-րդ հոդվածները չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործի փաստերն ի պաշտոնե պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու լիազորության լիարժեք իրականացման հարցին:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 09.09.2009 թվականին Ընկերությանը տվել է «Ելքային միջազգային ձայնային ծառայությունների մատուցման համար» թիվ 0641 լիցենզիան: Տեսչության կողմից կազմված տեղեկանքի համաձայն՝ 09.06.2012 թվականի դրությամբ Ընկերության պարտավորությունը պետական տուրքի գծով կազմում է 656.500 ՀՀ դրամ, որից ապառք՝ 200.000 ՀՀ դրամ, տույժ՝ 456.500 ՀՀ դրամ: ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2012 թվականի վճռով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայցն ընդդեմ Ընկերության բավարարվել է՝ Ընկերությունը պարտավորեցվել է հօգուտ պետական բյուջեի վճարել 09.09.2009 թվականից մինչև 15.09.2011 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված 388.500 ՀՀ դրամ պետական տուրքի գծով գումար, այդ թվում ապառք` 200.000 ՀՀ դրամ, տույժ` 188.500 ՀՀ դրամ: Սույն գործում առկա չէ ՀՀ վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2012 թվականի վճռի պահանջը կատարելու մասին ապացույց:

Դատարանը Տեսչության հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով Ընկերության պետական տուրքի գծով պարտավորությունը հաշվարկվել է 09.09.2009 թվականին ստացած «Ելքային միջազգային ձայնային ծառայությունների մատուցման համար» թիվ 0641 լիցենզիայի համար` 2010-2011 թվականների ժամանակահատվածի համար։ ՀՀ վարչական դատարանի` 09.10.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել, որ Ընկերության պետական տուրքի պարտավորությունը հաշվարկվել է վերը նշված «Ելքային միջազգային ձայնային ծառայությունների մատուցման համար» 09.09.2009 թվականի թիվ 0641 լիցենզիայի հիման վրա։ Նշված լիցենզիայի հիման վրա պետական տուրքը ևս հաշվարկվել է 2010-2011 թվականների համար, և նշված գումարները բռնագանձելու հայց ներկայացվել է կարգավորողի` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսինքն` սույն գործով հաշվարկված և ՀՀ վարչական դատարանի 09.10.2012 թվականի վճռով բռնագանձված պետական տուրքի գումարները վերաբերում են նույն ժամանակաշրջանին և հաշվարկվել են միևնույն լիցենզիայի հիման վրա, ինչը հիմք է պետական տուրքի գծով 656.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Տեսչության հայցը մերժելու համար։

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները, գտել է, որ սույն գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ Տեսչության կողմից պետական տուրքի գծով Ընկերությանն առաջադրված պարտավորությունը վերաբերում է 09.09.2009 թվականի «Ելքային միջազգային ձայնային ծառայությունների մատուցման համար» թիվ 0641 լիցենզիայի համար սահմանված 2010-2011 թվականների տարեկան պետական տուրքերին և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերին, իսկ ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2012 թվականի վճռով Ընկերությունն արդեն իսկ պարտավորեցվել է հօգուտ պետական բյուջեի վճարել 09.09.2009 թվականից մինչև 15.09.2011 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված պետական տուրքերի գումարները և դրանց նկատմամբ այդ պահին հաշվարկված տույժերը։ Այսինքն՝ վերոնշյալ վճռով լիազոր մարմնի հայցադիմումի հիման վրա արդեն իսկ լուծված է նշված լիցենզիայի համար վերոգրյալ ժամանակաշրջանին վերաբերող Ընկերության ունեցած պարտավորության հարցը, սակայն Տեսչության ներկայացրած պահանջը վերաբերում է հենց այդ նույն լիցենզիային և ժամանակաշրջանին, որպիսի պարագայում Դատարանը հայցն իրավացիորեն մերժել է։

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նաև վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 09.10.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձման ենթակա գումարն Ընկերության կողմից չի վճարվել, որի արդյունքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ 09.06.2012 թվականի դրությամբ ավելացել է տույժ` 268.000 ՀՀ դրամի չափով, գտել է, որ նշված հիմնավորումն անհիմն է, քանի որ ՀՀ վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2012 թվականի վճռի պահանջները պետք է կատարվեին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե այլ մարմնի կողմից այդ նույն հիմքով նոր հայցադիմում ներկայացնելով։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների վերոնշյալ հետևությունները հիմնավոր են միայն 388.500 ՀՀ դրամը (09.09.2009 թվականից մինչև 15.09.2011 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված պետական տուրքերի գումարները և դրանց նկատմամբ այդ պահին հաշվարկված տույժերը) բռնագանձելու պահանջի մասով, իսկ մնացած` 268.000 ՀՀ դրամի (15.09.2011 թվականից մինչև 09.06.2012 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տույժերը) բռնագանձման պահանջի մասով դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով 09.10.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությանը պարտավորեցվել է հօգուտ պետական բյուջեի վճարել 09.09.2009 թվականից մինչև 15.09.2011 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված պետական տուրքերի գումարները և դրանց նկատմամբ այդ պահին հաշվարկված տույժերը, սակայն 15.09.2011 թվականից հետո ևս պետական տուրքի 200.000 ՀՀ դրամի նկատմամբ շարունակվել են հաշվարկվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված տույժերը, որոնց հաշվեգրման և բռնագանձման պահանջի իրավաչափությունը պայմանավորված է վերոնշյալ վճռի կատարման փաստով: Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործի նյութերում բացակայում է ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ/5601/05/11 վարչական գործով 09.10.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման և դրա կատարման ժամանակի մասին ապացույցը, քանի որ 200.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարմամբ պայմանավորված` վճարման օրվանից դադարում է դրա նկատմամբ տույժերի հաշվարկը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջականորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր էր ձեռնարկել ողջամիտ միջոցներ ի պաշտոնե պարզելու և Ընկերությունից պահանջելու ներկայացնել «Ելքային միջազգային ձայնային ծառայությունների մատուցման համար» թիվ 0641 լիցենզիայի համար սահմանված 2010-2011 թվականների տարեկան 200.000 ՀՀ դրամ պետական տուրքերի և դրանց նկատմամբ հաշվարկված 188.500 ՀՀ դրամ տույժերի վճարված լինելը հավաստող ապացույց, որի ուսումնասիրությունից հետո միայն Դատարանը հնարավորություն կունենար հայցի հիմնավորվածության վերաբերյալ կատարելու եզրահանգումներ, մասնավորապես` անդրադառնալու հայցի մնացած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի ուժով 09.06.2012 թվականի դրությամբ ավելացված 268.000 ՀՀ դրամ տույժի գումարի հիմնավորվածության հարցին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ թեև սույն որոշմամբ արձանագրվել են թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումներ, այդուհանդերձ սույն որոշման 4-րդ կետում նշված հանգամանքների պարզումը հնարավոր է տալ միայն առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.09.2013 թվականի որոշման` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության` 268.000 ՀՀ դրամի տույժերի բռնագանձման պահանջը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 04.04.2013 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը, և գործն այդ մասով ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

   

Վ. Աբելյան

    Ս. Անտոնյան
    Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

   

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան