ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1609/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1609/02/11 2014 թ. |
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան |
Դատավորներ` |
Լ. Գրիգորյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի մայիսի 08-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Համլետ Մադոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նվարդ Ղուկասյանի ընդդեմ Համլետ Մադոյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նվարդ Ղուկասյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումը` պարտավորեցնել Համլետ Մադոյանին փակել տան հյուսիսային պատում` իր բակի կողմում, բացված պատուհանը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Միքայելյան) (այսուհետ` Դատարան) 18.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2013 թվականի որոշմամբ Համլետ Մադոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Մադոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 277-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` ՀՀ ժողովրդական դեպուտատների Կումայրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 03.11.1990 թվականի թիվ 20 արձանագրությունը, ինչպես նաև անհատական բնակելի տան վերակառուցման համար 1990 թվականին տրված Լենինականի Շիրակացի փողոցի թիվ 139ա տան վերաբերյալ բնակելի տան նախագիծը, որին համապատասխան վերակառուցվել է վերոնշյալ հասցեի բնակելի տունը և հենց այդ նախագծով վերակառուցված տան բացված պատուհանի մասով էլ ներկայացվել է հայցվորի պահանջը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանն առանց որևէ գնահատական և իրավական դիրքորոշում հայտնելու վերոգրյալ ապացույցների վերաբերյալ, վճռի հիմքում դրել է միայն ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի գրավոր կարծիքը, ըստ որի` բացված պատուհանը հայցվորի համար ստեղծում է անհարմարություններ և ոտնահարում է նրա իրավունքները և շահերը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե վեճի առարկա պատուհանն ինչ կերպով է խոչընդոտում հայցվորին իրականացնելու իր օգտագործման և տնօրինման իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ ժողովրդական դեպուտատների Կումայրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 03.11.1990 թվականի թիվ 20 արձանագրության քաղվածքի համաձայն` Սեդրակ Մադոյանին տրվել է թույլտվություն սեփական տունը քանդելու և նոր տուն կառուցելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 64).
2) Անհատական բնակելի ֆոնդի տան տեխնիկական անձնագրի համաձայն` Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 139ա բնակելի տունը պատկանել է Համլետ Մադոյանի հորը` Սերգեյ-Սեդրակ Մադոյանին (հատոր 1-ին, գ.թ. 66-69).
3) 04.09.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2400800 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների փողոցի թիվ 71 տունը 02.09.2009 թվականին կնքված թիվ 6077 նվիրատվության պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է Նվարդ Ղուկասյանին (հատոր 1-ին, գ.թ. 9-11).
4) 29.06.2010 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Համլետ Մադոյանը Գյումրի քաղաքի Շիրակացի թիվ 139ա բնակելի տան սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 19).
5) Գյումրու քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ 4267-Ա որոշմամբ ճանաչվել է Համլետ Մադոյանի սեփականության իրավունքը Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 139/1 հասցեի տնատիրության հողամասում ինքնակամ կառուցված բնակելի շինությունների նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 53).
6) ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ի. Վանոյանին հասցեագրված ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 09.11.2011 թվականի գրության համաձայն` ինքնակամ բացված պատուհանը գտնվում է Շիրակացի թիվ 139ա բնակելի տան այն պատի բացվածքում, որը սահմանակից է Նվարդ Ղուկասյանին պատկանող Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների թիվ 71 բնակելի տան հողամասին: Ինքնակամ կառույցի պատուհանից տեսանելի է հարևան բակի ամբողջ տարածքը, ինչն անհարմարություններ է ստեղծում Նվարդ Ղուկասյանի համար և ոտնահարում նրա շահերը` սահմանափակելով նրա սեփականությունից օգտվելու իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 21).
7) ՀՀ վարչական դատարանի 06.06.2012 թվականի վճռով Նվարդ Ղուկասյանի հայցը` Գյումրու քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ 4267-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.11.2012 թվականի որոշմամբ նշված վճռի դեմ Նվարդ Ղուկասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.01.2013 թվականի որոշմամբ Նվարդ Ղուկասյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 4-14).
8) Դատարանի 29.03.2013 թվականի տեղատեսության արձանագրության համաձայն` Համլետ Մադոյանի երկրորդ սենյակի պատուհանը բացվում է դեպի Նվարդ Ղուկասյանի հողամասը: Համլետ Մադոյանի տունը հյուսիսային կողմից սահմանակից է հայցվոր Նվարդ Ղուկասյանի բակին և անմիջականորեն կառուցված նրա հողամասի սահմանագծին: Այսինքն` պատուհանից ամբողջությամբ տեսանելի է հայցվոր Նվարդ Ղուկասյանի տան բակը (հատոր 3-րդ, գ.թ. 29):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյոք օրինական ճանաչված կառույցի վրա բացված պատուհանի առկայությունն ինքնին կարող է համարվել այլ սեփականատիրոջ իրավունքների իրականացման խոչընդոտ:
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը իրականացվում է իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, որը կապված է այդ իրավունքների իրականացման հետ:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով ամրագրվել է այնպիսի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունքը (նեգատոր հայց), որոնք, չզրկելով սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման իրավունքների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտն ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ Համլետ Մադոյանի տունը սահմանակից է Նվարդ Ղուկասյանին պատկանող 26 Կոմիսարների թիվ 71 բնակելի տան հողամասին և նրա տան հյուսիսային պատում բացված պատուհանից ամբողջությամբ տեսանելի է Նվարդ Ղուկասյանին պատկանող տան բակը, որն ուղղակի միջամտություն է նրա անձնական ու ընտանեկան կյանքին:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանի թիվ 25/25.1/5605-11 09.11.2011 թվականի գրությունը, ըստ որի` վիճելի պատուհանն իր գոյությամբ անհարմարություններ է ստեղծում Նվարդ Ղուկասյանի համար և ոտնահարում է նրա շահերը` սահմանափակելով նրա` սեփականությունից օգտվելու իրավունքը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «տվյալ դեպքում պատուհանի առկայությունն ինքնին վկայում է հայցվորի սեփականության իրավունքի խախտման մասին, վիճելի պատուհանն ի սկզբանե եղել է ինքնակամ կառույց և օրինականացվել է սույն գործի քննության ընթացքում, Դատարանի կողմից հայցի ապահովման մասին որոշում կայացված լինելու պարագայում, հետևաբար սույն քաղաքացիական գործով Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով և պատշաճ գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 139ա բնակելի տունը պատկանել է Համլետ Մադոյանի հորը` Սերգեյ-Սեդրակ Մադոյանին, ՀՀ ժողովրդական դեպուտատների Կումայրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 03.11.1990 թվականի թիվ 20 արձանագրության քաղվածքի համաձայն` Սեդրակ Մադոյանին տրվել է թույլտվություն սեփական տունը քանդելու և նոր տուն կառուցելու մասին: 04.09.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2400800 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների փողոցի թիվ 71 տան սեփականատերը Նվարդ Ղուկասյանն է: Գործում առկա` Գյումրու քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ 4252-Ա և 4267-Ա որոշումներով օրինական են ճանաչվել Համլետ Մադոյանին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Շիրակացի թիվ 139/1 հասցեի տնատիրության հողամասը և ինքնակամ կառուցված բնակելի շինությունները: ՀՀ վարչական դատարանի 06.06.2012 թվականի վճռով Նվարդ Ղուկասյանի հայցը` Գյումրու քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ 4267-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.11.2012 թվականի որոշմամբ նշված վճռի դեմ Նվարդ Ղուկասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.01.2012 թվականի որոշմամբ Նվարդ Ղուկասյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է: 14.12.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2885119 վկայականի համաձայն` Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 139/1 բնակելի տունն ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.04.2008 թվականի թիվ 2243, 29.06.2010 թվականի թիվ 4418 վկայագրերի և ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2010 թվականի վճռի, Գյումրու քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ 4252-Ա և 4267-Ա որոշումների հիման վրա` սեփականության իրավունքով պատկանում է Համլետ Մադոյանին:
Վերը նշված իրավական վերլուծությունները հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 139/1 բնակելի տան նկատմամբ 14.12.2011 թվականին Համլետ Մադոյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում դրվել է նաև Գյումրու քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ 4267-Ա որոշումը, որով օրինական են ճանաչվել վերոնշյալ հասցեի հողամասում ինքնակամ կառուցված բնակելի շինությունները:
Տվյալ որոշումը Նվարդ Ղուկասյանի կողմից դատական կարգով վիճարկվել է, սակայն ՀՀ վարչական դատարանի` 06.06.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով այն չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, հետևաբար Գյումրու քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ 4267-Ա որոշումն իրավաչափ է, որի հիմքով էլ օրինական են Համլետ Մադոյանին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Շիրակացի թիվ 139/1 հասցեի տնատիրության հողամասում գտնվող ինքնակամ կառուցված բնակելի շինությունները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճի առարկա պատուհանը գտնվում է Շիրակացի թիվ 139/1 հասցեի օրինական ճանաչված շինության` բնակելի տան պատի բացվածքում (ընդ որում, ինքնակամ շինությունն օրինական ճանաչելու պահին վիճելի պատուհանն առկա էր, որպիսի փաստն ընդունել է նաև Նվարդ Ղուկասյանը թիվ ՎԴ5/0093/05/12 վարչական գործով ներկայացված հայցադիմումով (տե՛ս ՀՀ վարչական դատարանի 06.06.2012 թվականի թիվ ՎԴ5/0093/05/12 վճռի «Հայցվորի իրավական դիրքորոշումը» մասը` հատոր 3-րդ, գ.թ. 69-70)), որը սահմանակից է Նվարդ Ղուկասյանի բնակելի տան հողամասին, այսինքն` խնդրո առարկա պատուհանի առկայությունն ինքնին չի կարող համարվել սեփականատիրոջ իրավունքների իրականացման խոչընդոտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար:
Նշվածը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանի 09.11.2011 թվականի գրությունը, ըստ որի` Գյումրի քաղաքի Շիրակացի թիվ 139ա տան երկրորդ հարկի հյուսիսային կողմում գտնվող պատուհանը սահմանակից է Նվարդ Ղուկասյանին պատկանող Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների թիվ 71 բնակելի տան հողամասին, որից տեսանելի է հարևան բակի ամբողջ տարածքը, ինչն անհարմարություններ է ստեղծում Նվարդ Ղուկասյանի համար և ոտնահարում նրա շահերը` սահմանափակելով նրա սեփականությունից օգտվելու իրավունքը, ինքնին բավարար չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի ուժով Նվարդ Ղուկասյանի սեփականության իրավունքի խախտման փաստը հաստատելու համար:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ սույն քաղաքացիական գործով Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով և պատշաճ գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` Նվարդ Ղուկասյանի հայցը մերժել:
2. Նվարդ Ղուկասյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.10.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |