Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.08.2013-05.03.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2009 թվականի N 892-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՎ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.07.11 N 619-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով`

(նախաբանը փոփ. 01.07.11 N 619-Ա)

1. Ստեղծել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա կանոնադրությունն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)

2. Խորհրդին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Ծրագրերի իրականացման մեխանիզմների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԿ) միջոցով ապահովել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի`

ա. առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման նպատակով խորհրդատվական ընկերության և ճանապարհային ծածկի միջազգային մասնագետի ընտրության մրցութային գործընթացները,

 բ. առաջին փուլի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը,

գ. առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի գործընթացը.

2.1) Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԳ) միջոցով ապահովել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի`

ա. առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի, շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ փուլի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը.

բ. առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր կապալառուների ընտրության մրցութային գործընթացը,

գ. առաջին փուլի ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը։

(2-րդ կետը փոփ. 17.08.10 N 646-Ա, փոփ., խմբ., լրաց. 01.07.11 N 619-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՎ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը փոփ. 01.07.11 N 619-Ա)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման համաձայն:

(1-ին կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի  ներդրումային ծրագրիր» և «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:

(2-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)

3. Խորհրդի և Ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Ծրագրերի վարկային համաձայնագրերով ու սույն կանոնադրությամբ:

(3-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)

4. Խորհրդի լրիվ անվանումն է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ:

(4-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Ծրագրերի իրականացման համար Ասիական զարգացման բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը համապատասխան համաձայնագրերի շրջանակներում տրամադրված միջոցների կառավարումն է:

(5-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա) 

6. Խորհուրդը կառավարման ընթացքում հանդես է գալիս որպես համակարգող և վերահսկող մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) Ծրագրերի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք համապատասխան պետական մարմինների կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԿ) և Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) Ծրագրերի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի մշակած Ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և Ծրագրերի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե Ծրագրերի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.

5) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված Ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու Ծրագրերի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) Ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերի, մրցույթների արդյունքների և կնքվող համաձայնագրերի հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

7) Ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

8) ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) Ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

10) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող Ծրագրերի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

11) Ծրագրերի իրականացման շրջանակներում պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ գործընկերության ապահովելը.

12) Ծրագրերի ավարտից հետո Ծրագրերի արդյունքներն ամփոփելը և Ծրագրերի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

(7-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 01.07.11 N 619-Ա)

8. ԾԻԿ-ը և ԾԻԳ-ը Ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

(8-րդ կետը փոփ., լրաց. 01.07.11 N 619-Ա)

9. Ծրագրերի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

(9-րդ կետը լրաց. 01.07.11 N 619-Ա)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` Ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ղեկավարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

(10-րդ կետը փոփ., լրաց. 01.07.11 N 619-Ա)

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է Ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի  ղեկավարի առաջարկությամբ:

(11-րդ կետը փոփ., լրաց. 01.07.11 N 619-Ա)

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում են խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրանց հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի ղեկավարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

(15-րդ կետը լրաց. 01.07.11 N 619-Ա)

16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատումով և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԿ-ի և ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, մրցութային փաստաթղթերի մասին ամփոփ տեղեկանքը, ներկայացված մրցույթային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

(20-րդ կետը լրաց. 01.07.11 N 619-Ա)

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթներ կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:

23. (կետն ուժը կորցրել է 23.08.13 N 736-Ա)

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

25. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են երկու ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, երկու ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից, մեկական ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և մեկ ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետարանից (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում):

(26-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:

29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան պետական մարմնի ղեկավարը:

30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան պետական մարմիններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

36. Ծրագրերի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(36-րդ կետը փոփ. 01.07.11 N 619-Ա)

 

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 01.07.11 N 619-Ա, փոփ. 23.08.13 N 736-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՎ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը փոփ. 01.07.11 N 619-Ա)

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

   

Վ. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

   

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

   

Դ. Սարգսյան

- ՀՀ ֆինանսների նախարար

   

Հ. Թովմասյան

- ՀՀ արդարադատության նախարար

   
Ե. Զախարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 

Տ. Մարգարյան

– Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)

 

Կ. Արեյան

– Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)

 

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորպի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

   
Ա. Սարգսյան

-«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

   
Ն. Մարտիրոսյան -Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
   
Վ. Նիկոյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 30.03.10 N 214-Ա, լրաց. 13.05.10 N 334-Ա, փոփ., լրաց. 14.04.11 N 324-Ա, 01.07.11 N 619-Ա, 07.11.12 N 1080-Ա, լրաց. 14.02.13 N 124-Ա, փոփ. 23.08.13 N 736-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան