ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2561/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2561/02/08 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ Դատավորներ՝ |
Դ. Խաչատրյան Ն. Տավարացյան |
Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Ումուրշատյանի ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Արսեն Ումուրշատյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արսեն Ումուրշատյանից բռնագանձել 1.799 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար` որպես պատճառված վնասի փոխհատուցում։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 20.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2012 թվականի որոշմամբ Արսեն Ումուրշատյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Ումուրշատյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 52-րդ, 53-րդ և 94-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան ուղարկված հաղորդագրության մեջ նշված է, որ Արսեն Ումուրշատյանը տարիներ առաջ ժամանակավոր բնակվել է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանում այն դեպքում, երբ համաձայն Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 27.10.2012 թվականի թիվ 1 և բնակչության պետական ռեգիտրում հաշվառման մասին 29.10.2012 թվականի թիվ 328177 տեղեկանքների` Արսեն Ումուրշատյանը ծնված օրվանից հաշվառված է և բնակվում է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի թիվ 7/3 տանը, երբևիցե նշված հասցեի հաշվառումից չի հանվել և փաստացի բնակության վայրը չի փոխել, իսկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան ուղարկված հաղորդագրության մեջ նշված հասցեն (Քաջազնունի (Կուզնեցովի) փողոց 7-րդ շենքի թիվ 3 բնակարան) բազմաբնակարան շենքի հասցե է, իսկ Արսեն Ումուրշատյանի հաշվառման և փաստացի բնակության հասցեն` Երևանի Քաջազնունի (նախկին Կուզնեցովի) փողոց տուն 7/3` սեփական տան հասցե է: Հետևաբար Արսեն Ումուրշատյանը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և չի մասնակցել գործի քննությանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն իր ուշադրությանը չի արժանացրել և չի գնահատել այն հանգամանքը, որ Բանկը չի ներկայացրել որևիցե ապացույց, որով կհիմնավորվեր Արսեն Ումուրշատյանի մեղքը կատարվածի մեջ կամ կհիմնավորվեր այն հանգամանքը, թե ինչ պետք է կատարեր Արսեն Ումուրշատյանը, որը չի կատարել ու պատճառել է վնաս և դրանց միջև պատճառահետևանքային կապը, ավելին` Դատարանը որպես Արսեն Ումուրշատյանի մեղքի բացակայության ապացույց չի գնահատել թիվ 1-26 քրեական գործի 01.03.2006 թվականի դատավճիռը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.12.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 02.12.2009 թվականին դատական ծանուցագիր է ուղարկվել Արսեն Ումուրշատյանին` Երևանի Կուզնեցովի 7/3 հասցեով, որը հետ է վերադարձվել ծրարի վրա «դուռը փակ է» նշումով (հատոր 1, գ.թ. 32-34):
2) Դատարանի 12.05.2011, 15.06.2011 թվականներին նշանակված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող Արսեն Ումուրշատյանին ուղարկված ծանուցագրերը հետ են վերադարձվել 13.04.2011, 17.05.2011 թվականներին՝ ծրարի վրա «դուռը փակ է» նշումով (հատոր 1, գ.թ. 77-81):
3) Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, 20.06.2011 թվականին ծանուցում է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ.Գյանջումյանին պատասխանող Արսեն Ումուրշատյանին 13.07.2011 թվականի դատական նիստի մասին ծանուցելու խնդրանքով (հատոր 1, գ.թ. 89-91):
4) 06.07.2011 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան է ուղարկվել հաղորդագրություն, որով հավաստվել է, որ պատասխանող Արսեն Ումուրշատյանը տարիներ առաջ ժամանակավոր բնակվել է Քաջազնունի (Կուզնեցովի) փողոց 7-րդ շենքի թիվ 3 բնակարանում, այժմ նա նշված բնակարանում չի բնակվում, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ուստի ծանուցել նրան կայանալիք դատական նիստի վերաբերյալ հնարավոր չէ (հատոր 1, գ.թ. 92):
5) Դատարանի 12.08.2011 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող Արսեն Ումուրշատյանին ուղարկված ծանուցագիրը 20.07.2011 թվականին հետ է վերադարձվել ծրարի վրա «տունը փակ է մշտապես» նշումով (հատոր 1, գ.թ. 95-106):
6) Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 27.10.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արսեն Ումուրշատյանը, 1970 թվականից սկսած, ապրում է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7/3 տանը (հատոր 2, գ.թ. 15):
7) Արսեն Ումուրշատյանի անձնագրի պատճենի և բնակչության պետական ռեգիստրի անձնագրային և վիզաների վարչության 29.10.2012 թվականի թիվ 328177 տեղեկանքի համաձայն` 12.02.1991 թվականից Արսեն Ումուրշատյանը հաշվառված է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7/3 տուն հասցեում (հատոր 1, գ.թ. 141, հատոր 2, գ.թ. 16-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն գործը վարույթ ընդունելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյոք պահպանվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։
Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես՝ Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի և մյուսների թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, Արսեն Ումուրշատյանի բացակայությամբ վերջինիս իրավունքները չի խախտել, ավելին, Դատարանը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները` Արսեն Ումուրշատյանին դատական նիստի վայրի և ժամանակի մասին տեղեկացնելու համար, և երբ սպառվել են բոլոր միջոցները, գործը քննել է վերջինիս բացակայությամբ:
Վճռաբեկ դատարանն ըստ էության համաձայնում է Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշմանն այն առումով, որ Դատարանը ձեռնարկել է միջոցներ Արսեն Ումուրշատյանին ծանուցելու վերաբերյալ, այդուհանդերձ նման միջոցների ձեռնարկումն ինքնին չի կարող բացառել դատավարական իրավունքի խախտումը, եթե այդպիսին այնուամենայնիվ տեղ է գտնում: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բավարար չափով հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Դատարանը դատավարական իրավունքի խախտում թույլ չի տվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արսեն Ումուրշատյանին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումները, համաձայն Դատարանի ուղարկած ծանուցագրերի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 06.07.2011 թվականի գրության, Արսեն Ումուրշատյանին են ուղարկվել Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարան հասցեով, մինչդեռ Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 27.10.2012 թվականի և բնակչության պետական ռեգիստրի անձնագրային և վիզաների վարչության 29.10.2012 թվականի թիվ 328177 տեղեկանքների, ինչպես նաև Արսեն Ումուրշատյանի անձնագրի պատճենի համաձայն` Արսեն Ումուրշատյանը հաշվառված է և բնակվում է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7/3 տուն հասցեում, որպիսի հանգամանքը, սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արսեն Ումուրշատյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել նշանակված դատական նիստերի մասին, ինչի արդյունքում խախտվել է Արսեն Ումուրշատյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի պատճառաբանություններին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ գործը քննվել և վճիռը կայացվել է Արսեն Ումուրշատյանի դատավարական իրավունքների սահմանափակումների պայմաններում, որի արդյունքում վերջինիս փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձվել։ Հետևաբար, այդ պատճառաբանությունները չեն կարող լինել քննության առարկա նաև Վճռաբեկ դատարանում։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |