Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.160
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0052/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0052/02/11
2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ն. Հովսեփյան

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

 

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թորոս Սակերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Սամվել Պողոսյանի հայցի ընդդեմ Թորոս Սակերյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 1. Գործի դատավարական նախապատմությունը

 Դիմելով դատարան` Սամվել Պողոսյանը պահանջել է Թորոս Սակերյանից բռնագանձել 37.845.680 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, 41.441.020 ՀՀ դրամ` որպես տույժի գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 25.12.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2011 թվականի որոշմամբ Թորոս Սակերյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.11.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ն. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 12.01.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.04.2012 թվականի որոշմամբ Թորոս Սակերյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.01.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թորոս Սակերյանը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետը, 335-րդ հոդվածը, 337-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 3-րդ հոդվածները, 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 75-րդ հոդվածի 2-րդ կետը և 92-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ Սամվել Պողոսյանի կողմից ներկայացված պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը լրացել է 25.12.2009 թվականին, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր 27.04.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը դատարանում ընդունված է համարել 22.01.2010 թվականին: Այսինքն` Սամվել Պողոսյանը դատարան է դիմել հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների համաձայն` Սամվել Պողոսյանի ներկայացրած հայցադիմումը գրասենյակում ստացվել է 21.01.2010 թվականին և նույն օրն էլ մակագրվել է դատավոր Ա. Բաբայանին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սամվել Պողոսյանի ներկայացրած հայցադիմումի վրա առկա է միայն դրոշմակնիք և ամսաթիվ, մինչդեռ բացակայում է դատարանի գրասենյակի պատասխանատու դատական ծառայողի ստորագրությունը` տվյալ հայցադիմումը ստանալու վերաբերյալ, որով խախտվել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թվականի թիվ 23-Լ որոշման 3-րդ մասի 3-րդ կետը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սամվել Պողոսյանի և Թորոս Սակերյանի միջև 01.11.2006 թվականին կնքվել է «փողի փոխառության պայմանագիր», որի համաձայն` Սամվել Պողոսյանը Թորոս Սակերյանի սեփականությանն է հանձնում 37.845.680 ՀՀ դրամ գումար, իսկ Թորոս Սակերյանը պարտավորվել է մինչև 25.12.2006 թվականը նշված գումարը վերադարձնել Սամվել Պողոսյանին (հատոր 1, գ.թ. 13).

 2) Սամվել Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` վերը նշված փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումարը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարը բռնագանձելու պահանջների մասին (հատոր 1, գ.թ. 12).

3) նշված հայցադիմումի վրա առկա է այն 25.12.2009 թվականին դատարանում ստացվելու վերաբերյալ դրոշմակնիք, ինչպես նաև հայցադիմումը դատարանի դատավոր Ա. Բաբայանին հանձնելու վերաբերյալ դատարանի նախագահի 21.01.2010 թվականի մակագրությունը (հատոր 1, գ.թ. 12).

4) datalex.am ինտերնետային կայքում որպես վերը նշված հայցադիմումը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացված լինելու ամսաթիվ նշված է 21.01.2010 թվականը (հատոր 2, գ.թ. 52).

5) 22.01.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է (հատոր 1, գ.թ. 11).

6) 23.02.2010 թվականի որոշմամբ վերադարձվել է կրկին ներկայացված հայցադիմումը (հատոր 1, գ.թ. 18,19).

7) նույն դատարանի դատավոր Ա. Բաբայանը, որոշելով վարույթ ընդունել կրկին ներկայացված հայցադիմումը, որպես այն դատարանում ընդունված համարելու ամսաթիվ նշել է 22.01.2010 թվականը (հատոր 1, գ.թ. 1).

8) Թորոս Սակերյանը և նրա ներկայացուցիչը դիմում են ներկայացրել դատարան հայցային վաղեմություն կիրառելու մասին (հատոր 1, գ.թ. 59, 103):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը

 որն է համարվում օրենքի պահանջներին համապատասխան հայցի հարուցում և, հետևաբար, հիմք հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցադիմումը ներկայացվում է գրավոր: Նույն հոդվածը սահմանում է նաև հայցադիմումին ներկայացվող պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցի հարուցման համար էական է համարում հայցադիմում ներկայացնելը: Ընդ որում, օրենսդիրը հայցի հարուցման համար ներկայացնում է մի շարք պահանջներ, որոնց առկայության դեպքում այն համարվում է հարուցված: Այդ պահանջների չպահպանման դեպքում դատավորը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ կամ 92-րդ հոդվածների հիման վրա, համապատասխանաբար, մերժում է հայցադիմումի ընդունումը կամ վերադարձնում այն: Հետևաբար, եթե հայցադիմումը վերոնշյալ հոդվածների հիման վրա չի վերադարձվել կամ դրա ընդունումը չի մերժվել, ապա հայցը համարվում է օրենքով սահմանված կարգով հարուցված:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցադիմումի ներկայացումը կարող է կատարվել ինչպես կապի կազմակերպությանը համապատասխան փաստաթուղթը հանձնելու, այնպես էլ անմիջականորեն դատարան հայցադիմումը մուտքագրելու ձևով:

Այդ նպատակից ելնելով՝ դատարաններում դատավարական փաստաթղթերի ընդունման համար ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիման վրա սահմանել է Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնները:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թվականի թիվ 23Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնների 1-ին բաժնի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնները պարտադիր են դատավորների և աշխատողների համար:

Նույն կանոնների 3-րդ բաժնի 11-րդ կետի համաձայն`դատարան ստացված փաստաթղթի վրա դրվում է գրանցման դրոշմը, նշվում է ստացման ամսաթիվը և մուտքի հերթական համարը:

Վերոնշյալ նորմերից հետևում է, որ դատարանների գործավարության կանոններով կանոնակարգված են այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն դատարանների կողմից հայցադիմումի ընդունման ժամանակ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցային վաղեմություն կիրառելու հարցը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի` օրենքով սահմանված ժամկետում դատարան դիմելու հանգամանքը պարզելու համար էական է, թե երբ է հայցադիմումը մուտք արվել դատարան, որը հնարավոր է պարզել դատարան ստացված փաստաթղթի վրա գրանցման դրոշմի, ինչպես նաև ստացման ամսաթվի ուսումնասիրությամբ: Այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը հայցային վաղեմության ընդհատման համար էական է համարում օրենքով սահմանված կարգով և ժամկետում հայցադիմումի ներկայացումը դատարան:

Սույն գործի փաստերի համաձայն` Սամվել Պողոսյանի և Թորոս Սակերյանի միջև 01.11.2006 թվականին կնքվել է «փողի փոխառության պայմանագիր», որի համաձայն` Սամվել Պողոսյանը Թորոս Սակերյանի սեփականությանն է հանձնում 37.845.680 ՀՀ դրամ գումար, իսկ Թորոս Սակերյանը պարտավորվել է մինչև 25.12.2006 թվականը նշված գումարը վերադարձնել Սամվել Պողոսյանին, Սամվել Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` վերը նշված փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումարը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարը բռնագանձելու պահանջների մասին, որի վրա առկա է այն 25.12.2009 թվականին դատարանում ստացվելու վերաբերյալ դրոշմակնիք, ինչպես նաև հայցադիմումը դատարանի դատավոր Ա. Բաբայանին հանձնելու վերաբերյալ դատարանի նախագահի 21.01.2010 թվականի մակագրությունը: Datalex.am ինտերնետային կայքում որպես վերը նշված հայցադիմումը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացված լինելու ամսաթիվ նշված է 21.01.2010 թվականը: 22.01.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, 23.02.2010 թվականի որոշմամբ վերադարձվել է կրկին ներկայացված հայցադիմումը, իսկ նույն դատարանի դատավոր Ա. Բաբայանը, որոշելով վարույթ ընդունել կրկին ներկայացրած հայցադիմումը, որպես այն դատարանում ընդունված համարելու ամսաթիվ նշել է 22.01.2010 թվականը:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Սամվել Պողոսյանը հայցադիմումը դատարան է ներկայացրել 25.12.2009 թվականին, մերժել է հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը` արձանագրելով, որ հայցադիմումը ներկայացվել է հայցային վաղեմության եռամյա ժամկետի պահպանմամբ: Ընդ որում, հայցադիմումը նշված օրը դատարան ներկայացված լինելու հանգամանքը հաստատված է համարել հայցադիմումի վրա դատարանի գրասենյակի դրոշմակնիքի և դրա վրա համապատասխան ամսաթվի առկայության փաստերով:

 Վերաքննիչ դատարանն իր հերթին, նշելով, որ «գործին է կցված Սամվել Պողոսյանի` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտք արված հայցադիմումը, որի վրա առկա է դատարանի համապատասխան դատական ծառայողի կողմից դրված շտամպ և ամսաթիվ` 25.12.2009թ.», «փաստաթղթի ընդունված և գրանցված լինելու հանգամանքը հավաստվում է համապատասխան պատասխանատու դատական ծառայողի կողմից մուտք եղած փաստաթղթի վրա ստացման դրոշմակնիքը, ամսաթիվը դնելով, ինչը տվյալ պարագայում առկա է սույն գործով հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումի վրա», արձանագրել է, որ սույն իրավահարաբերության նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտը կիրառելի չէ, ինչը իրավացիորեն կատարվել է դատարանի կողմից»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը լրիվ չեն հետազոտել Սամվել Պողոսյանի կողմից ներկայացված հայցադիմումի վրա առկա փաստաթղթերի ստացման դրոշմակնիքը` անտեսելով, որ այն չի հանդիսանում հայցադիմումը 25.12.2009 թվականին դատարանում ստացված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Դատարանների նախագահների խորհուրդը հաստատում է դատարանների գործավարության կանոնները:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թվականի թիվ 23Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնների 1-ին բաժնի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնները պարտադիր են դատավորների և աշխատողների համար:

Նույն կանոնների 3-րդ բաժնի 11-րդ կետի համաձայն`դատարան ստացված փաստաթղթի վրա դրվում է գրանցման դրոշմը, նշվում է ստացման ամսաթիվը և մուտքի հերթական համարը:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Սամվել Պողոսյանի կողմից ներկայացված հայցադիմումի վրա առկա է միայն ամսաթիվ, իսկ հայցադիմումի ստացման դրոշմակնիքը նշում չի պարունակում փաստաթղթի մուտքի հերթական համարի մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դրոշմակնիքը չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով հանդիսանալ հայցադիմումը 25.12.2009 թվականին դատարանում ստացված լինելու մասին տեղեկություն պարունակող (փաստը հաստատող) թույլատրելի գրավոր ապացույց, վերը նշված կանոնների 1-ին բաժնի 5-րդ կետի իմաստով պարտադիր լինել դատավորի համար և դատական ակտ կայացնելիս դրվել դատարանի հետևությունների հիմքում:

Փաստորեն, Դատարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը մերժելիս, իսկ Վերաքննիչ դատարանն այդ մերժումը համարելով իրավացի, որպես միակ հիմք ընդունել են վերը նշված պատճառաբանությամբ ոչ թույլատրելի հանդիսացող ապացույցը:

Միաժամանակ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թվականի թիվ 23Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնների 3-րդ բաժնի 3-րդ կետի համաձայն` փաստաթղթերն առձեռն ստանալիս գրասենյակի պատասխանատու դատական ծառայողն ստուգում է փաստաթղթի ամբողջականությունը` կից փաստաթղթերի ցանկի կամ որևէ փաստաթղթի, փաստաթղթի հավելվածի հետ: Ներկայացված փաստաթղթի ամբողջականությունն ստուգելուց հետո գրասենյակի պատասխանատու դատական ծառայողը փաստաթղթի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա դնում է փաստաթղթերի ստացման դրոշմակնիքը, նախատեսված մասում լրացնում ամսաթիվը (անհրաժեշտության դեպքում ժամը) և փաստաթղթի ստացումը հավաստում է իր ստորագրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործով չի պարզվել` արդյոք առկա է Սամվել Պողոսյանի կողմից առձեռն ներկայացված հայցադիմումի պատճենը կամ դրա երկրորդ օրինակը, ինչպես նաև չի հետազոտվել նշված փաստաթուղթը` պարզելու համար, թե արդյոք դրա վրա գրասենյակի պատասխանատու դատական ծառայողի կողմից դրված է այն ստանալու վերաբերյալ դրոշմակնիքը, նախատեսված մասում լրացված է այն ստանալու ամսաթիվը և փաստաթղթի ստացումը հավաստված է ստորագրությամբ, թե ոչ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան