Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.06.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0326/01/09

գործ թիվ ԵԿԴ/0326/01/09

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

                 Դատավորներ` Մ. Պետրոսյան

                 Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

 

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ

 

դիմողի ներկայացուցիչ

Զ. Հակոբյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամ Ստեփանի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ դիմող Գայանե Իսրայելյանի ներկայացուցիչ Զ. Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2006 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13137806 քրեական գործը:

2006 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13143406 քրեական գործը:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 13137806 քրեական գործը միացվել է թիվ 13143406 քրեական գործին:

 Նախաքննության մարմնի 2007 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Արամ Ստեփանի Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2007 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է, իսկ 2008 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ քրեական գործով կասեցված վարույթը` վերսկսվել:

2008 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ լրացվել է Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը:

Նախաքննության մարմնի 2008 թվականի օգոստոսի 20-ի մեկ այլ որոշմամբ Ա.Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2008 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է:

2009 թվականի մայիսի 6-ին Ա.Մկրտչյանը ձերբակալվել է:

2009 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ վերսկսվել է քրեական գործով կասեցված վարույթը:

2009 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

 2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Մկրտչյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Տուժող Մեժլում Երիցյանի քաղաքացիական հայցը բավարարվել է` ամբաստանյալ Ա.Մկրտչյանից հօգուտ տուժող Մ.Երիցյանի վճռվել է բռնագանձել 4000 (չորս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Տուժող Արաքսյա Հայրապետյանի քաղաքացիական հայցը բավարարվել է և ամբաստանյալ Ա.Մկրտչյանից հօգուտ տուժող Ա.Հայրապետյանի վճռվել է բռնագանձել 3000 (երեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Տուժող Ա.Հայրապետյանի` 9000 (ինը հազար) ԱՄՆ դոլարի մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության, իսկ քաղաքացիական հայցվորներ, տուժողներ Էդուարդ Խաչատրյանի, Վյաչեսլավ Պետրոսյանի, Մելանյա Բադալյանի, Արմենուհի Մելքոնյանի, Վահան Դուրինյանի, Սվետլանա Միքայելյանի քաղաքացիական հայցերի հարցը համարվել է լուծված` ամբաստանյալի կողմից հանցագործությամբ նրանց պատճառված նյութական վնասը վերականգնված լինելու պատճառաբանությամբ:

Տուժող Հովհաննես Գևորգյանի քաղաքացիական հայցի հարցը համարվել է լուծված` քաղաքացիական դատավարության կարգով այն արդեն լուծված լինելու պատճառաբանությամբ:

Բացի այդ, Գայանե Իսրայելյանի անվամբ ձևակերպված և փաստացի ամբաստանյալ Ա.Մկրտչյանին պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա տարածվել է բռնագանձում` տուժողներ Մ.Երիցյանին, Հ.Գևորգյանին, Ա.Հայրապետյանին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար:

3. Ամբաստանյալ Ա.Մկրտչյանի պաշտպան Տ.Քիշմիրյանի, մեղադրող Հ.Բաբայանի և տուժող Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Ա.Մկրտչյանի պաշտպան Տ.Քիշմիրյանը, տուժող Ա.Հայրապետյանը և դիմող Գ.Իսրայելյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Մկրտչյանի պաշտպան Տ.Քիշմիրյանի, տուժող Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են, իսկ դիմող Գ.Իսրայելյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ բողոքարկված լինելու հիմքով:

5. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Ա.Մկրտչյանի վերաբերյալ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը համապատասխանեցվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ 143-Ն օրենքին, արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

6. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ բավարարվել է Գ.Իսրայելյանի ներկայացուցիչ Զ.Հակոբյանի` Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը բողոքարկելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բողոքարկման համար սահմանված՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը:

Դիմող Գ.Իսրայելյանի ներկայացուցիչ Զ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` ավտոմեքենայի բռնագանձման մասով օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը:

7. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Գ.Իսրայելյանի ներկայացուցիչ Զ.Հակոբյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակից` տուժող Հ.Գևորգյանի ներկայացուցիչ Մ.Մելիքսեթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել դիմող Գ.Իսրայելյանի ներկայացուցիչ Զ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Ամբաստանյալ Ա.Մկրտչյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2004 թվականի փետրվար ամսից մինչև 2006 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն և իրականացրել ռիելթորական` անշարժ գույքի առքուվաճառքի գործունեություն: Նա, տեղեկանալով, որ Երևանի մերձակայքում` 16-րդ թաղամասի հարևանությամբ գտնվող «Հույսի ավան» կոչվող թաղամասում, բարեգործական հիմունքներով կառուցվում են բնակարաններ, որոշել է այդ պատրվակով տարբեր քաղաքացիներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Մի շարք քաղաքացիների մոտ ձեռք բերելով վստահություն` Ա.Մկրտչյանը նրանց խոստացել է շուկայականից ցածր արժեքով «Հույսի ավան» կոչվող թաղամասում ապահովել բնակարաններով: Նրանց մի մասը, վստահելով Ա.Մկրտչյանին, վաճառել են իրենց բնակարանները և գումարները հանձնել նրան` մի քանի ամսից նոր բնակարաններ ունենալու ակնկալիքով, իսկ քաղաքացիների մյուս մասը նույն նպատակով Ա.Մկրտչյանին են հանձնել իրենց խնայած գումարները: Վերջինս ինը քաղաքացիներից հափշտակել է շուրջ 51.844.185 ՀՀ դրամին համարժեք 125.950 ԱՄՆ դոլար գումար, իսկ հետագայում` 3 տարի շարունակ խուսափել է նրանցից, այնուհետև՝ թաքնվել քննությունից:

Այսպես` Ա.Մկրտչյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Սվետլանա Միքայելյանի վստահությունը, իբրև «Հույսի ավան» կոչվող թաղամասում նրա համար բնակարան գնելու խոստումով 2004 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Երևանի Թումանյան 8 հասցեում գտնվող իր ընկերության գրասենյակում տուժող Ս.Միքայելյանից պարբերաբար խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 7.460.910 ՀՀ դրամին համարժեք 13.500 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործարքին օրինական տեսք տալու և հավատարժան դարձնելու նպատակով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Ս.Միքայելյանին հանձնել է իր` «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի և «Տանիք» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրենի անունից տրված ստացական:

Այնուհետև, Ա.Մկրտչյանը, կրկին խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Վահան Դուրինյանի վստահությունը, իբրև «Հույսի ավան» թաղամասում բնակարան գնելու խոստումով 2004 թվականի վերջից մինչև 2005 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում իր ընկերության գրասենյակում Վ.Դուրինյանից պարբերաբար խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 5.486.075 ՀՀ դրամին համարժեք 11.500 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործարքին օրինական տեսք տալու և հավատարժան դարձնելու նպատակով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Վ.Դուրինյանին հանձնել է իր` «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի և «Տանիք» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրենի անունից տրված ստացական:

Բացի այդ, Ա.Մկրտչյանը, կրկին խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Մելանյա Բադալյանի վստահությունը, 2005 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում իր ընկերության գրասենյակում նրանից պարբերաբար խաբեությամբ հափշտակել է 18.000 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործարքին օրինական տեսք տալու և հավատարժան դարձնելու նպատակով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Մ.Բադալյանին հանձնել է իր` «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի և «Տանիք» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրենի անունից տրված ստացական:

Այնուհետև, Ա.Մկրտչյանը, կրկին հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով տուժող Հ.Գևորգյանի վստահությունը, իբրև Երևանի արվարձաններում բնակարան գտնելու և գնելու խոստումով, 2005 թվականի ապրիլի 14-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իր ընկերության գրասենյակում տուժող Հ.Գևորգյանից պարբերաբար խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 4.476.300 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործարքին օրինական տեսք տալու և հավատարժան դարձնելու նպատակով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Հ.Գևորգյանին հանձնել է իր` «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի և «Տանիք» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրենի անունից տրված ստացական:

Բացի այդ, Ա.Մկրտչյանը, կրկին հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Արաքսյա Հայրապետյանի վստահությունը, իբրև «Հույսի ավան» կոչվող թաղամասում բնակարան գտնելու և գնելու խոստումով 2005 թվականի սեպտեմբերի 20-ին իր ընկերության գրասենյակում տուժող Ա.Հայրապետյանից ստացել է 5.391.240 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործարքին օրինական տեսք տալու և հավատարժան դարձնելու նպատակով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Ա.Հայրապետյանին հանձնել է իր` «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի և «Տանիք» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրենի անունից տրված ստացական: Հետագայում Ա.Մկրտչյանը տուժող Ա.Հայրապետյանի ամուսնուն վերադարձրել է գումարի մի մասը` 9000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած խոշոր չափի հասնող` 1.347.810 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակել է:

Այնուհետև, Ա.Մկրտչյանը, կրկին հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Արմենուհի Մելքոնյանի վստահությունը, իբրև նույն թաղամասում բնակարան գնելու խոստումով, 2005 թվականի հունիս ամսից մինչև 2006 թվականի հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում իր ընկերության գրասենյակում տուժող Ա.Մելքոնյանից պարբերաբար խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 5.147.170 ՀՀ դրամին համարժեք 11.500 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործարքին օրինական տեսք տալու և հավատարժան դարձնելու նպատակով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Ա.Մելքոնյանին հանձնել է իր` «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի և «Տանիք» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրենի անունից տրված ստացական:

Բացի այդ, Ա.Մկրտչյանը, կրկին հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Մեժլում Երիցյանի վստահությունը, իբրև բնակարան գտնելու և գնելու խոստումով, 2005 թվականի նոյեմբերի 5-ին իր ընկերության գրասենյակում տուժող Մ.Երիցյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 6.900.000 ՀՀ դրամ գումար և տիրացել այդ գումարին: Վկա Ս.Երիցյանի միջոցով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Մ.Երիցյանին վերադարձրել է 11.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 4.000 ԱՄՆ դոլարը չի վերադարձրել:

Այնուհետև, Ա.Մկրտչյանը, կրկին հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Էդուարդ Խաչատրյանի վստահությունը, իբրև Երևանի արվարձաններում բնակարան գտնելու և գնելու խոստումով, 2006 թվականի փետրվարի 20-ին իր ընկերության գրասենյակում տուժող Է.Խաչատրյանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 4.256.280 ՀՀ դրամին համարժեք 9.450 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործարքին օրինական տեսք տալու և հավատարժան դարձնելու նպատակով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը տուժող Է.Խաչատրյանին հանձնել է իր` «Ա ընդ Վ գրուպ» ՍՊԸ-ի և «Տանիք» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրենի անունից տրված ստացական:

Բացի այդ, Ա.Մկրտչյանը, կրկին հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով տուժող Վյաչեսլավ Պետրոսյանի վստահությունը, իբրև «Հույսի ավան» կոչվող թաղամասում բնակարաններ գտնելու և գնելու խոստումով, 2006 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում իր ընկերության գրասենյակում տուժող Վ.Պետրոսյանից պարբերաբար խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 14.869.560 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար գումար և տիրացել այդ գումարին: Գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Մկրտչյանի հարազատները վերականգնել են տուժողներ Է.Խաչատրյանին, Ա.Մելքոնյանին, Հ.Գևորգյանին, Մ.Բադալյանին, Վ.Դուրինյանին, Ս.Միքայելյանին Վ.Պետրոսյանին պատճառված նյութական վնասը (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջեր 388-390):

9. Գործի նյութերում առկա է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Բալասանյանի գրությունը հետևյալ բովանդակությամբ. «(…) ք.Երևանի Հալաբյան 31շ. 45 բն. բնակիչ Արամ Ստեփանի Մկրտչյանի անունով գրանցված ավտոմեքենա չկա» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 218):

10. Գործի նյութերում առկա են նաև`

10.1. ավտոմեքենայի կոշտ գրավի պայմանագիր, որով «Յունիբանկ» ՓԲԸ-ն Գայանե Իսրայելյանին տրամադրում է 13000 ԱՄՆ դոլար վարկ` որպես գրավի առարկա դիտելով Գ.Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 141),

10.2. «Յունիբանկ» ՓԲԸ-ի և Գ.Իսրայելյանի միջև կնքված վարկային պայմանագիրը, որով բանկը վարկառուին տրամադրում է 13000 ԱՄՆ դոլար գումարի վարկ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 142),

 10.3. Գույքի վրա կալանք դնելու մասին 2009 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը, որով կալանք է դրվել «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 152),

 10.4. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի 2011 թվականի հունվարի 14-ի գրությունը հետևյալ բովանդակությամբ. ««Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենան քննիչի կողմից գույքի վրա կալանք դնելու մասին 2006 թվականի սեպտեմբերի 5-ի որոշում կայացնելուց հետո չի օտարվել (…):

Մինչ որոշում կայացնելը, այն Գայանե Իսրայելյանը 2006թ.ապրիլի 7-ին նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել Գայանե Ավագյանից: Այնուհետև` Գ.Իսրայելանն առանց նոտարական վավերացման, ներքին առուվաճառքի պայմանագրով նշված ավտոմեքենան 2006թ. հուլիսի 20-ին վաճառել է Գևորգ Տիգրանյանին, և ներկայումս այն գտնվում է վերջինիս մոտ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ18),

10.5. Գայանե Ավագյանի և Գայանե Իսրայելյանի միջև կնքված՝ «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ41):

11. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` կատարողական թերթը պարզաբանելու մասին 2011 թվականի օգոստոսի 2-ի որոշման համաձայն` «(…) Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007թ. հունվարի 19-ի վճռով վճռվել է պատասխանող Արամ Մկրտչյանից հօգուտ հայցվոր Հովհաննես Գևորգյանի բռնագանձել 4.482725 ՀՀ դրամ` որպես չկատարված պարտավորության հիմնական գումար, ինչպես նաև 848.625 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ: (…) Հովհաննես Գևորգյանին վերադարձվել է գումարի մի մասը: Այժմ Արամ Մկրտչյանից հօգուտ Հովհաննես Գևորգյանի բռնագանձման ենթակա է 1.425.000 ՀՀ դրամ, սակայն բռնագանձման ենթակա չեն բանկային տոկոսների համար հաշվարկված գումարները» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 636):

12. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Գ.Իսրայելյանը սույն գործի շրջանակներում քաղաքացիական պատասխանող չի ճանաչվել:

13. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Քրեական գործի նյութերով հիմնավորված է համարվել, որ «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենան ձեռք է բերվել ամբաստանյալ Արամ Ստեփանի Մկրտչյանի կողմից, պատկանում է նրան: Պաշտպանական կողմի այն պատճառաբանությունը, որ այդ ավտոմեքենան վաճառվել է այլ անձի և վաճառված գումարներով պարտքեր են փակվել, հիմնավոր չէ: Գործի նյութերից երևում է, որ վերոհիշյալ ավտոմեքենայի առուվաճառքի գործարք իրականում չի կատարվել, չի պահպանվել նման գործարքների ձևակերպման օրենքով սահմանված պայմանները: Հետևաբար դատարանը գտնում է, որ այդ գործարքը չի կատարվել: Նկատի ունենալով, որ դատարանի կողմից տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար դատարանը քաղաքացիական հայցերը բավարարել է, դատարանը գտավ, որ բռնագանձումը պետք է տարածել «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա` տուժողներ Արաքսյա Հայրապետյանին, Մեժլում Երիցյանին, Հովհաննես Գևորգյանին պատճառված նյութական վնասը հատուցելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 399):

14. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ մերժել է դիմող Գ.Իսրայելյանի ներկայացուցիչ Զ.Հակոբյանի վերաքննիչ բողոքը և այն պատճառաբանել է հետևյալ կերպ. «Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ընդհանուր իրավասության դատարանը, հիմնավորված համարելով, որ «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենան ձեռք է բերվել ամբաստանյալ Արամ Ստեփանի Մկրտչյանի կողմից, պատկանում է նրան, իսկ պաշտպանական կողմի այն պատճառաբանությունը, որ այդ ավտոմեքենան վաճառվել է այլ անձի և վաճառված գումարներով պարտքեր են փակվել, հիմնավոր չէ, քանի որ գործի նյութերից երևում է, որ վերոհիշյալ ավտոմեքենայի առուվաճառքի գործարք իրականում չի կատարվել, չի պահպանվել նման գործարքների ձևակերպման օրենքով սահմանված պայմանները, հետևաբար իրավացիորեն հանգել է այն հետևության, որ այդ գործարքը չի կատարվել և նկատի ունենալով, որ դատարանի կողմից տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար դատարանը քաղաքացիական հայցերը բավարարել է, բռնագանձումը հիմնավոր կերպով տարածել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքեանայի վրա` տուժողներ Արաքսյա Հայրապետյանին, Մեժլում Երիցյանին, Հովհաննես Գևորգյանին պատճառված նյութական վնասը հատուցելու համար:

Վերը նշվածի պայմաններում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ավտոմեքենան կանխավճարով ձեռք է բերել Արամ Մկրտչյանը: Պատճառված վնասից խուսափելու համար այն ձևակերպել է իր քեռու կնոջ` Գայանե Իսրայելյանի անվամբ, ապա ներքին պայմանավորվածությամբ այն ձևակերպել Արամ Մկրտչյանի քրոջ ամուսնու` Գևորգ Տիգրանյանի անվամբ, որից ելնելով էլ դատարանը որոշել է բռնագանձումը տարածել նաև այդ ավտոմեքենայի վրա» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, էջեր 147-148):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

15. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի, 396-րդ հոդվածի պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանին ներկայացվել են մի շարք ապացույցներ և փաստաթղթեր, որոնք հիմնավորում են Գ.Իսրայելյանի սեփականության իրավունքը «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ, ինչպես նաև այն փաստը, որ հետագայում այն վաճառվել է Գ.Տիգրանյանին: Հետևաբար, բռնագանձում է տարածվել Ա.Մկրտչյանին չպատկանող գույքի վրա:

Վերոշարադրյալից բողոքաբերը եզրակացություն է արել այն մասին, որ խախտվել են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածների և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածների պահանջները:

16. Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա բռնագանձում տարածելու մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Գույքի վրա բռնագանձում տարածելիս անձի սեփականության իրավունքի պաշտպանությունը

 

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է` քաղաքացիական հայցի հիման վրա տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա բռնագանձում տարածելու արդյունքում խախտվե՞լ են արդյոք դիմող Գ.Իսրայելյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքները:

18. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: (…)»:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

(…)

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

(…)»:

Մեջբերված սահմանադրական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության են ենթարկվել Ա.Հայրապետյանի գործով որոշման մեջ, որտեղ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահը ունենա բացառիկ նշանակություն: Սեփականության իրավունքի սահմանադրական արժեքի կարևորությամբ է պայմանավորված մասնավորապես ՀՀ Սահմանադրության մեջ (31-րդ հոդվածում) հետևյալ երաշխիքների ամրագրումը`

1) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից անձը կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված հիմքերով,

2) սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ» (տե՛ս Արթուր Հայրապետյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 19-րդ կետը):

19. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ (…)»:

Թեև անձի սեփականության իրավունքն ուղղակիորեն երաշխավորված չէ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքն արդեն իսկ նշանակում է, որ 1-ին հոդվածը երաշխավորում է ըստ էության անձի սեփականության իրավունքը, որին համապատասխանում է սեփականության իրավունքի պաշտպանության պետության պոզիտիվ պարտականությունը: Այսպես` Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «Սեփականության իրավունքի իրական և արդյունավետ իրականացումը կախված չէ լոկ պետության` չմիջամտելու պարտականությունից, այլ պահանջում է նաև պաշտպանության որոշակի պոզիտիվ միջոցառումներ, մասնավորապես, երբ առկա է անմիջական կապ անձի գույքային իրավունքներն արդյունավետորեն իրացնելու և այլ միջոցառումների միջև, որոնք անձը կարող է իրավաչափորեն ակնկալել իշխանությունից (տե՛ս Öneryildiz v. Turkey գործով 2004 թվականի նոյեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետ 134):

20. Վերոնշյալ սահմանադրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծության հիման վրա անձի սեփականության իրավունքը դիտարկելով պետության` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պոզիտիվ պարտականությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքը ենթադրում է ոչ միայն յուրաքանչյուր անձի իրավունքը պահանջելու, որպեսզի այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև պետության պարտականությունը` սեփականության իրավունքը պաշտպանելու ցանկացած անօրինական ոտնձգություններից:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Իսրայելյանը «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի սեփականատերն է (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Հետևաբար, վերջինս օգտվում է Ա.Հայրապետյանի գործով որոշման մեջ ամրագրված և սույն որոշման 18-րդ կետում վերահաստատված երաշխիքներից:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Քաղաքացիական հայցը հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն մեղադրյալի գործողությունների համար (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար»:

23. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով պատասխանատվության սուբյեկտ են ինչպես կասկածյալը և մեղադրյալը, այնպես էլ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում քրեական օրենսգրքով արգելված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար: Մեղադրյալի գործողությունների համար պատասխանատու անձանց թվին են դասվում, մասնավորապես, ծնողները, որդեգրողները, խնամակալները, շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեություն իրականացնող անձինք, որոնք օրենքի ուժով պատասխանատու են մեղադրյալի գործողությունների համար:

24. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հայցի քննության և բավարարման արդյունքում բռնագանձում կարող է տարածվել կամ հանցանք կատարած անձի, կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող ֆիզիկական կամ իրավաբանական անձի, այսինքն` քաղաքացիական պատասխանողի գույքի վրա: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ գույքային պատասխանատվության սուբյեկտ է հանդես գալիս երրորդ անձը, անհրաժեշտ է հիմնավորել մեղադրյալի գործողությունների համար պատասխանատվություն կրելու նրա պարտականությունը: Ընդ որում, եթե դատարանը գտնում է, որ հնարավոր բռնագանձումը կարող է տարածվել քաղաքացիական պատասխանողի գույքի վրա, ապա պարտադիր է որպեսզի վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ճանաչված լինի քաղաքացիական պատասխանող և հնարավորություն ունենա օգտվելու քաղաքացիական պատասխանողի՝ ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված իրավունքներից:

25. Հիմք ընդունելով սույն որոշման 18-24-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա չի հանդիսանում մեղադրյալի գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չի ներգրավվել որպես քաղաքացիական պատասխանող, ապա վերջինիս գույքի վրա բռնագանձում տարածելը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված՝ սեփականության իրավունքի խախտման:

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Գ.Իսրայելյանը սույն գործի շրջանակներում չի ներգրավվել որպես քաղաքացիական պատասխանող (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով քաղաքացիական հայցերը և հիմնավորված համարելով, որ «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենան ձեռք է բերվել ամբաստանյալ Ա.Մկրտչյանի կողմից, պատկանում է նրան, միաժամանակ արձանագրելով այն փաստը, որ վերը նշված ավտոմեքենան ձևակերպված է դիմող Գ.Իսրայելյանի անվամբ, սակայն միայն փաստացի է պատկանում ամբաստանյալ Ա.Մկրտչյանին տուժողներ Մ.Երիցյանին, Հ.Գևորգյանին, Ա.Հայրապետյանին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար բռնագանձում է տարածել «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (տե՛ս սույն որոշման 2-րդ և 13-րդ կետերը):

Իր հերթին Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դիմող Գ.Իսրայելյանի ներկայացուցիչ Զ.Հակոբյանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան կանխավճարով ձեռք է բերել Ա.Մկրտչյանը և միայն պատճառված վնասից խուսափելու համար այն ձևակերպել է իր քեռու կնոջ` Գ.Իսրայելյանի անվամբ, ապա ներքին պայմանավորվածությամբ այն ձևակերպել Արամ Մկրտչյանի քրոջ ամուսնու` Գևորգ Տիգրանյանի անվամբ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ ստորադաս դատարանները չեն հիմնավորել, որ դիմող Գ.Իսրայելյանը հանդիսանում է Ա.Մկրտչյանի գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձ, իսկ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վրա բռնագանձում տարածելը հիմնավորվել է միայն այն եզրահանգմամբ, որ սույն ավտոմեքենան փաստացի պատկանում է ամբաստանյալ Ա.Մկրտչյանին:

27. Սույն որոշման 18-25-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 26-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցի հիման վրա տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա բռնագանձում տարածելու արդյունքում խախտվել են դիմող Գ.Իսրայելյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքները:

 

II. Հանցագործությամբ պատճառված նյութական վնասը վերականգնելու համար գույքի վրա բռնագանձում տարածելը

 

28. Սույն գործով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. իրավասո՞ւ էին արդյոք ստորադաս դատարանները տուժողներ Մ.Երիցյանին, Հ.Գևորգյանին, Ա.Հայրապետյանին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար, քաղաքացիական հայցի հիման վրա բռնագանձում տարածել «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:

29. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: (…)»

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը` (…)

10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել:

(…)

12) ինչ անել իրեղեն ապացույցները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` «Հարկադիր կատարման ենթակա են` (...)

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքի բռնագանձումների մասով. (...)»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` «(...)

3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

4. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածվում է հետևյալ հերթականությամբ.

(...)

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա) շարժական գույք,

բ) անշարժ գույք:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: (...)»:

30. Վերոշարադրյալ նորմերի համակարգային վերլուծությունից երևում է, որ հանցագործությամբ պատճառված նյութական վնասի առկայության դեպքում դատավճռով ենթակա են լուծման քաղաքացիական հայցին և վնասի հատուցմանը վերաբերող որոշակի հարցեր՝ կապված քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու, մերժելու կամ առանց քննության թողնելու, ինչպես նաև պատճառված գույքային վնասը հատուցելու հետ:

Վկայակոչված նորմերի վերլուծությունից երևում է նաև, որ հանցագործությամբ պատճառված նյութական վնասի առկայության դեպքում դատավճիռ կայացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալ բռնագանձման ենթակա գույքի տեսակի, հերթականության, բռնագանձման կարգի սահմանմանը վերաբերող հարցերին: Նշված հարցերի լուծումը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորման առարկայից և համարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկա: Այլ կերպ՝ քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցի քննության արդյունքում դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է սահմանափակվի միայն քաղաքացիական հայցի լրիվ կամ մասնակի բավարարման, դրա չափի սահմանման, ինչպես նաև այն անձի մատնանշմամբ, ումից ենթակա է գույքի բռնագանձումը: Ինչ վերաբերում է բռնագանձման ենթակա գույքի տեսակին, առաջնահերթությանը և այլ հարցերին, ապա դրանք լուծվում են դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների կողմից դատական ակտն ի կատար ածելու փուլում:

31. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով տուժողներ Մ.Երիցյանի, Ա.Հայրապետյանի քաղաքացիական հայցերը և սահմանելով բռնագանձման ենթակա գումարի չափը, տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար բռնագանձում է տարածել «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա: Իր հերթին, Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, օրինական ուժի մեջ է թողել այն (տե՛ս սույն որոշման 13-14-րդ կետերը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով դատավճիռ կայացնելիս, ի թիվս այլ հարցերի, լուծել է նաև այն հարցը, թե հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու համար ինչ գույքի վրա պետք է բռնագանձում տարածել:

32. Սույն որոշման 29-30-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 31-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանն իրավասու չէր քաղաքացիական հայցի հիման վրա տուժողներ Մ.Երիցյանին, Հ.Գևորգյանին, Ա.Հայրապետյանին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար բռնագանձում տարածել «Տոյոտա Պրադո» 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա: Մինչդեռ սույն գործով դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել քաղաքացիական հայցի լուծման ընթացքում իր լիազորությունների շրջանակներից: Իր հերթին Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, օրինական ուժի մեջ է թողել այն` չանդրադառնալով և չվերացնելով քրեադատավարական օրենքի վերոնշյալ խախտումը:

33. Հիմք ընդունելով սույն որոշման 17-32-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)»:

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով էական են և հիմք են հանդիսանում Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա բռնագանձում տարածելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան