Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1034
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.04/32(906) Հոդ.804
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.06.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
22.06.2012
Дата вступления в силу
22.06.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունիսի 2012 թ. 

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գ. Ներսիսյանի` 17.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը, որոշում է կայացրել` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի, 74-րդ հոդվածի 4-րդ և 19-րդ մասերի պահանջների` գործն ընդունել քննության և գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանը:

Սահմանադրական դատարանում դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գ. Ներսիսյանի ներկայացուցիչներն են փաստաբաններ Տ. Եգորյանը և Լ. Հակոբյանը, իսկ որպես պատասխանող կողմ ներգրավված` թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներն են թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ա. Մարգարյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների գրավոր բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 48 ընտրական տեղամաս:

Թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 /չորս/ թեկնածու: Ըստ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 65020 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 44512 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 41917 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Տ. Կարապետյան` 7175, Մ. Հայրապետյան՝ 4500, Գ. Ներսիսյան` 2374, Կ. Պողոսյան` 27868: Անճշտությունների թիվը կազմել է 0:

Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ թիվ 17 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Կ. Պողոսյանը:

 

2. Դիմողը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել «Թիվ 17 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքները:

Դիմողի պնդմամբ` ընտրատարածքի բազմաթիվ տեղամասերում գյուղապետերը և գյուղական համայնքների մի շարք աշխատակիցներ հանդես են եկել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության և այդ կուսակցության մեծամասնական ընտրակարգով թեկնածուի վստահված անձինք և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ:

Դիմողը գտնում է, որ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, զուտ ձևական պատճառաբանությամբ, օրենսդրական ակտերով ամրագրված սկզբունքների և ընթացակարգերի խախտմամբ մերժել է իր վստահված անձի դիմումը թիվ 17/27 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Դիմողը վկայակոչում է մի շարք փաստեր, որոնք, իր կարծիքով, խոչընդոտել են քվեարկության գործընթացին: Որպես այդպիսիք նշվում են.

- թիվ 17/27 ընտրատեղամասում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի վստահված անձինք վեճեր են սադրել` «նպատակ ունենալով հեռացնել ՀՀԿ-ն չներկայացնող որոշ վստահված անձանց»,

- ընտրության ողջ ընթացքում մարդիկ ընտրատեղամաս են ներկայացել խումբ-խումբ և հատկապես քվեարկության առաջին երեք-չորս ժամերին, դիտարկվել են ընտրողների մեծ կուտակումներ,

- ՀՀԿ-ն ներկայացնող վստահված անձանց խմբերը «... կանգնել են տեղամասային կենտրոնների մուտքի մոտ, այն մասում, որտեղ փակցված են ընտրողների ցուցակները և քվեաթերթիկների օրինակները և ողջ ընթացքում իմպերատիվ ցուցումներ են տվել ընտրատեղամասերի ընտրողներին, թե ում օգտին քվեարկել»,

- արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձն օգնություն է ցուցաբերել մեկից ավելի «անօգնական» քաղաքացիների և այլ դեպքեր:

Դիմողը վկայակոչում է, որ անօրինականություններ են տեղի ունեցել նաև թիվ 17/11 ընտրական տեղամասում քվեարկությունների ընթացքում, սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովը դրանց պատշաճ չի արձագանքել:

Դիմողը բարձրացնում է ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածով նախատեսված բողոքարկման ընթացակարգի անարդյունավետության, մասնավորապես, բողոքարկման համար սահմանված ժամկետների ողջամտության խնդիր: Այս առնչությամբ դիմողը նշում է, որ 2012 թվականի մայիսի 11-ին դիմում է ներկայացրել թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Ըստ դիմողի` թեև դիմումը չի ներկայացվել նախքան ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի 5-րդ կետով նախատեսված վերջնաժամկետը, այնուհանդերձ, վերոնշյալ հոդվածով նախատեսված ժամկետը չի կարելի ողջամիտ համարել` հաշվի առնելով այն աշխատանքի ծավալը, որը պետք է կատարի դիմողը` հավաքելու, ամփոփելու և ներկայացնելու մի շարք ընտրատեղամասերում ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ:

Դիմողը նշում է, որ թիվ 17 ընտրատարածքի բոլոր տեղամասերում խախտվել է ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը և համապատասխան դրոշմակնքում չիրականացնելու արդյունքում չի գործել կրկնակի քվեարկության հնարավոր դեպքերի կանխմանն ուղղված իրավական երաշխիքը:

Դիմողի կարծիքով` կրկնակի քվեարկությունը, այլոց փոխարեն ընտրությունները, բացակա, մահացած անձանց փոխարեն քվեարկությունները զանգվածային բնույթ են կրել, ինչը կարելի է շատ արագ փաստել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման միջոցով:

 

3. Պատասխանողն անհիմն է համարում թիվ 17 ընտրատարածքում քվեարկության արդյունքներով ընդունված որոշումը և ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջը:

Ի պատասխան գյուղապետերի կամ գյուղական համայնքների աշխատակիցների` որպես վստահված անձ կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ հանդիսանալու վերաբերյալ դիմողի պնդումներին, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածը, ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը, 39-րդ հոդվածի 2-րդ մասը, 149-154.6-րդ հոդվածները, պատասխանողը նշում է, որ վստահված անձանց` օրենքով սահմանված ցանկում ընդգրկված չեն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը և համայնքային ծառայողը, թիվ 17 ընտրատարածքի 48 տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված թվով 336 անդամներից որևէ մեկը նշանակված չի եղել ընտրական օրենսգրքի` վերը նշված հոդվածների պահանջների խախտմամբ, իսկ թիվ 17/27 ընտրական տեղամասի վերաբերյալ ներկայացված հանգամանքներն առանձին մասնավոր դեպք է, որը որևէ հիմնավորմամբ չի կարող ազդեցություն ունենալ անգամ նշված տեղամասում արձանագրված քվեարկության արդյունքների վրա:

Պատասխանողը նշում է նաև, որ դիմողը չի վկայակոչել փաստեր, հիմնավորումներ, ապացույցներ: Թիվ 17 ընտրատարածքի թվով 48 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 41-ի գրանցամատյաններում քվեարկության օրը խախտումների վերաբերյալ գրառումներ չեն կատարվել, իսկ մնացած թվով 7 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում առկա գրառումների ուսումնասիրմամբ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 11.05.2012թ. կայացրել է թիվ 39-Ա որոշումը, որով գտել է, որ 2012 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում թիվ 17 ընտրատարածքում տեղի ունեցած խախտումները որևէ ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա: Ընդ որում, նշված որոշումը չի բողոքարկվել ո՛չ վերադասության, ո՛չ էլ դատական կարգով:

Բողոքարկման գործընթացների արդյունավետության, բողոքարկման համար սահմանված ժամկետների առնչությամբ դիմողի հարցադրումների կապակցությամբ պատասխանողը նշում է, որ դրանք առնչվում են ընտրական օրենսգրքի նորմերի սահմանադրականության խնդրին, որը չի հանդիսանում սույն գործով քննության առարկա: Այդուհանդերձ, պատասխանողը տվյալ խնդրի առնչությամբ վկայակոչելով ընտրական օրենսգրքով նախատեսված` քվեարկության արդյունքների վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ինստիտուտները, նշում է, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության վերաբերյալ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված է եղել ընդամենը 2 դիմում, որոնք սահմանված կարգով և ժամկետներում քննության առարկա են հանդիսացել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում: Մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի որևէ դիմում ներկայացված չի եղել: Մեծամասնական ընտրակարգով ընտրության քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացվել է միայն 1 դիմում, այն էլ` ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների խախտմամբ: Ըստ պատասխանողի` բողոքարկման ժամկետներն իրական են ու ողջամիտ` հաշվի առնելով նաև ընտրությունների արդյունքներն ամփոփելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին օրենքով տրամադրված ժամանակի սահմանափակ լինելը:

Պատասխանողը նաև փաստեց, որ թիվ 17/27 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի ներկայացուցչի` թիվ 17 ԸԸՀ-ին փոստով ուղարկած դիմումն իրենց չի հասել:

 

4. Դիմողն իր խնդրանքը, ի թիվս այլնի, փաստարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և համայնքային ծառայողների` որպես ընտրատարածքում առաջադրված` Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի վստահված անձ և տեղամասային հանձնաժողովների անդամներ լինելու հանգամանքով:

Այս փաստարկի առնչությամբ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող լինել վստահված անձ, սպառիչ կերպով սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով: Այդ ցանկում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները կամ համայնքային ծառայողները ներառված չեն և նշված դրույթով սահմանված արգելքը չի տարածվում նրանց վրա: Հետևաբար, նշված անձանց հանդես գալը վստահված անձի կարգավիճակով` ինքնին օրենքի որևէ պահանջի խախտում չի նշանակում:

Դիմողն իր գրավոր բացատրություններում, ընդունելով, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և համայնքային ծառայողների համար վստահված անձ լինելու արգելք չի նախատեսում, միաժամանակ նշում է, որ «նման արգելքի բացակայությունից ամենևին չի բխում նման պրակտիկայի սահմանադրականությունը»:

Այս պնդման առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ, նախ` առկա պրակտիկայի սահմանադրականության վերաբերյալ հարցադրումը ներկայացնելի չէ քննության առարկա վեճի շրջանակներում, երկրորդ` վկայակոչված պրակտիկայի ենթադրյալ «հակասահմանադրականության» վերաբերյալ դիմողի դատողությունները դիմողի կողմից ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի սուբյեկտիվ ընկալման և մեկնաբանման արդյունք են: Սահմանադրական այդ դրույթում ամրագրված պահանջը վերաբերում է միայն այնպիսի գործողություններին, որոնք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է կատարեն ի պաշտոնե: Այն որևէ կերպ չի սահմանափակում պաշտոնեական պարտականությունների կատարումից դուրս այլ կարգավիճակում հանդես գալու և վերջինիս կապակցությամբ ոչ ի պաշտոնե գործողություններ կատարելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և համայնքային ծառայողների` ի խախտումն ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, թիվ 17 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ լինելու` առանց կոնկրետ հանձնաժողովների և վերջիններիս անդամների տվյալների մատնանշման, դիմողի վերացական պնդմանը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական այդ հանձնաժողովների անհատական կազմերը հայտնի են եղել քվեարկությունից դեռևս 25 օր առաջ և նրանց` ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ որևէ բողոք կամ բողոքարկման արգելք չի եղել ու սույն գործով ներկայացված չէ:

Վերոնշյալից ելնելով, սույն վեճի շրջանակներում սահմանադրական դատարանը մերժելի է համարում դիմողի խնդրանքը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկություններ պահանջել «...թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի անդամների վերջին հինգ տարվա ընթացքում կուսակցական պատկանելության և զբաղեցրած պաշտոնների /կատարած աշխատանքի/ մասին», ինչպես նաև «...թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովից տեղեկություններ պահանջել թվով 48 տեղամասային հանձնաժողովների անդամների, ՀՀԿ-ի և ՀՀԿ-ական վստահված անձանց վերջին հինգ տարիների ընթացքում կուսակցական պատկանելության և զբաղեցրած պաշտոնների /կատարած աշխատանքի/ մասին»:

 

5. ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածով նախատեսված` բողոքարկման ընթացակարգերի անարդյունավետության և, մասնավորապես, բողոքարկման ժամկետների ոչ ողջամիտ լինելու վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման հարցադրման միջոցով դիմողն ըստ էության բարձրացնում է այդ ընթացակարգերը սահմանող նորմերի սահմանադրականության վերաբերյալ խնդիր:

Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքներով կայացված որոշումների վերաբերյալ վեճերի շրջանակներում բարձրացվող` նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումներն է արտահայտել մասնավորապես իր` 2008թ. մարտի 8-ի ՍԴՈ-736, ինչպես նաև 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշումներում: Ընդգծվել է, որ «...ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն իրավասու չէ միաժամանակ քննության առնել օրենքների սահմանադրականության հարց, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ»: «Ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը չեն կարող դիտարկվել որպես իրավական նորմի սահմանադրականության վեճեր, քանի որ վերջիններիս լուծման համար սահմանադրական այլ պահանջներ ու ընթացակարգեր են նախատեսված»: Սահմանադրական դատարանը միաժամանակ իր ՍԴՈ-1028 որոշման մեջ նշել է քվեարկության արդյունքների բողոքարկման ժամկետների սահմանման, ինչպես նաև հարգելի պատճառներով բաց թողնված ժամկետների վերականգնման իրավակարգավորման հարցերի հետագա օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ընտրական գործընթացներում բողոքարկման ժամկետների ողջամտության և արդարացիության խնդրին բազմիցս անդրադարձել են նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը («Վենետիկի հանձնաժողով») և ԺՀՄԻԳ-ը: Մասնավորապես, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ընտրության մասին օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի 2011թ. հոկտեմբերի 17-ի համատեղ կարծիքում այդ առնչությամբ նշված է. «Կարևոր նշանակություն ունի ընտրական վեճերի առնչությամբ բողոքարկման և վեճերի քննության ձգձգվող, երկարատև ընթացքից խուսափելու հանգամանքը, ուստի անհրաժեշտ են ժամկետային սահմանափակումներ: Այնուամենայնիվ, այդ ժամկետային սահմանափակումները չպետք է լինեն այնքան սահմանափակող, որ կանխարգելեն արդարացի լուծման հասնելու հնարավորությունը: ... Բողոք ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետից բացառություն պետք է կատարվի այն դեպքում, երբ դիմողն այդ ժամկետում պատշաճ հետևողականության դեպքում չէր կարող իմանալ իրավախախտման մասին, և դա է պահանջում արդարության շահը»:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների տեսանկյունից գնահատելով թիվ 17/27 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի վստահված անձի` դիմումի նկատմամբ դրսևորած մոտեցումը, սահմանադրական դատարանը գտնում է, որ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է այդ դիմումը հիմնականում ձևական պատճառաբանություններով: Նկատի ունենալով, որ ընտրախախտումների վերաբերյալ առավել թվով արձագանքները վերաբերել են հենց այդ ընտրական տեղամասին, ընտրական հանձնաժողովը պարտավոր էր իր վերահսկողական լիազորությունների շրջանակներում ըստ էության պարզել իրավիճակը և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում` ընդհուպ անվավեր ճանաչել այդ տեղամասում քվեարկության արդյունքները: Անկախ այն բանից, որ դիմողը թիվ 17/27 տեղամասային ու թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները /անգործությունը/ իր կողմից բարձրացված հարցի տեսանկյունից դատական կարգով չի բողոքարկել, այնուամենայնիվ, գործի նյութերը վկայում են, որ թիվ 17/27 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների հետ կապված խնդիրներ առկա են:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ այլ ընտրատեղամասերում ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ դիմողի հայտարարություններն ընդհանուր բնույթ են կրում և իրավական հստակությամբ փաստարկված չեն: Թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով բոլոր թեկնածուների վստահված անձանց ընդհանուր թիվը կազմել է 247: Օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով նշված 247 քաղաքացիների կողմից որևէ ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության ընթացքին, ապա նաև արդյունքների ամփոփմանը հետևել են թվով 225 տեղական դիտորդներ` թվով 15 հասարակական կազմակերպություններից, որոնց կողմից նույնպես չի ներկայացվել որևէ դիմում-բողոք: Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված չեն եղել հատուկ կարծիքներ, և հանձնաժողովի անդամները չեն պահանջել իրականացնել վերահաշվարկ կամ քվեարկության արդյունքները ճանաչել անվավեր: Դիմողի կողմից ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների /անգործության/ վերաբերյալ որևէ դատական հայց չի ներկայացվել ՀՀ վարչական դատարան:

Սահմանադրական դատարանն անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների, նրանց վստահված անձանց, ինչպես նաև ընտրական գործընթացում վերահսկողական լիազորությամբ օժտված այլ սուբյեկտների կողմից ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքներից օգտվելու առկա իրավիճակին, հարկադրված է կրկին ու կրկին ընդգծել, որ պասիվ ընտրական իրավունքի իրացման` ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված իրավական երաշխիքներն ընտրական իրավունքի գործիքակազմի կարևոր բաղադրիչներն են, որոնցից օգտվելը չի կարող դիտարկվել որպես զուտ պատգամավորի թեկնածուի և նրա վստահված անձանց կամ վերահսկողական գործառույթ իրականացնող այլ անձանց հայեցողությանը թողնված լիազորություն: Այն ժամանակին ու օրենքով սահմանված կարգով չիրականացնելն իմաստազրկում է այդ լիազորությունը, իսկ իրավունքի պաշտպանությունը դառնում է անհնար:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2008թ. մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...որևէ ընտրատեղամասում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու կամ ընտրական գործընթացի օրինականությունն ամբողջությամբ կասկածի տակ դնելու համար: Ընտրությունների արդյունքում ընդունված որոշումն անվավեր ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ միայն օրենքով սահմանված կարգով փաստարկված այն կոնկրետ խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա»:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշմանը համապատասխան գնահատելով դիմողի ներկայացրած փաստարկները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի մատնանշած կոնկրետ խախտումները, ինչպես նշվեց, հիմնականում վերաբերում են թիվ 17 ընտրատարածքի 17/27 ընտրական տեղամասին:

Նշված տեղամասում, մասնավորապես, դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդը քվեարկության ընթացքում աջակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա թեկնածուին և հանդես է եկել նրանց օգտին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիտորդի չեզոքության և այս կամ այն թեկնածուին աջակցելու կամ սատարելու անթույլատրելիության պահանջն անուղղակի կերպով նախատեսված է ՀՀ ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում: Վերջինիս համաձայն` դիտորդի կողմից որևէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

Թիվ 17/27 տեղամասում արձանագրվել է կրկնակի քվեարկության փորձ, որի կապակցությամբ, ըստ դիմողի, Արարատի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշված տեղամասում դիմողի վստահված անձանց նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ դիմողի ներկայացուցիչները հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի կապակցությամբ ևս նյութեր են նախապատրաստվում Արարատի ոստիկանության բաժնում: Այս տեղամասը թիվ 17 ընտրատարածքի թվով 48 ընտրական տեղամասերից միակն է, որի կապակցությամբ դիմողի վստահված անձի կողմից, թեև օրենքով սահմանված ժամկետի խախտման շուրջ առկա վեճին, ներկայացվել է տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ, և այդ պահանջը մերժելու վերաբերյալ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Թիվ 17/27 ընտրական տեղամասում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ պատասխանողն իր բացատրություններում, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է թիվ 17/27 ընտրական տեղամասի վերաբերյալ ներկայացված առանձին հանգամանքներին, ապա հարկ է նկատել, որ նախ նշվածն առանձին մասնավոր դեպք է, որևէ հիմնավորմամբ չի կարող ազդեցություն ունենալ անգամ նշված տեղամասում արձանագրված քվեարկության արդյունքի վրա»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերանում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Վերոհիշյալ օրենքի այսպիսի իրավակարգավորմանը համապատասխան գնահատելով պատասխանողի բացատրություններում 17/27 ընտրական տեղամասի վերաբերյալ արտահայտված վերոհիշյալ դիրքորոշումը` սահմանադրական դատարանը գտնում է, որ պատասխանողը չի հերքել դիմողի կողմից նշված տեղամասում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ պնդումները և, հաշվի առնելով նաև վերոգրյալ հանգամանքները` տվյալ տեղամասում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ դիմողի պնդումները համարում է հաստատված և կողմի վկայությամբ լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն չի առաջանում, ինչի վերաբերյալ սահմանադրական դատարանին միջնորդություն էր ներկայացրել դիմողը: Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանն իր` 2003թ. ապրիլի 16-ի ՍԴՈ-412 և 2008թ. մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան` թիվ 17/27 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները համարում է ոչ հավաստի:

Ձևավորված իրավակիրառական պրակտիկային համապատասխան` սահմանադրական դատարանն ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա քվեարկության ոչ հավաստի արդյունքների ազդեցությունը գնահատելու նպատակով նման ընտրատեղամասերում առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով կրճատում է քվեարկության արդյունքում թեկնածուներին տրված ձայների ընդհանուր տարբերությունը` այդ ձայները գումարելով անճշտություններին:

Թիվ 17 ընտրատարածքում առավել ձայներ ստացած պատգամավորի առաջին և երկրորդ թեկնածուների ձայների տարբերությունը 20639 է, իսկ դիմողն առավել ձայներ ստացած թեկնածուից պակաս է ստացել 25494 քվե կամ 11.7 անգամ պակաս: Ձայների նման հարաբերակցության պայմաններում, հաշվի առնելով նաև թե՛ ընտրողների և թե՛ պատգամավորի մյուս թեկնածուների ընտրական իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը, գնահատելով դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումները, նրանց կողմից ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները, ուսումնասիրելով թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 10-ի N 35-Ա, մայիսի 11-ի N 39-Ա, N 40-Ա և N 41-Ա որոշումները` եթե նույնիսկ վերոհիշյալ մոտեցմամբ ոչ հավաստի ճանաչվեն ոչ միայն հիմնական վեճի առարկա թիվ 17/27 ընտրական տեղամասի, այլև թիվ 17/11 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները /որոնցում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի ձայները համապատասխանաբար կազմել են 659 և 900/, միևնույն է, ընտրության ընդհանուր պատկերը չի փոխվում:

 

7. Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտման և ընտրողների կողմից ստորագրված ցուցակների ոչ հրապարակային լինելու հանգամանքի բացասական հետևանքների վերաբերյալ դիմողի փաստարկներին, ապա այդ փաստարկները գրեթե նույնությամբ ներկայացվել են ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով կայացված որոշումները վիճարկելու վերաբերյալ սահմանադրական դատարան ներկայացված դիմումներում, որոնց առնչությամբ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՍԴՈ-1028, 1029, 1030, 1031, 1033 որոշումներում, և այդ դիրքորոշումները հավասարապես կիրառելի են սույն գործի շրջանակներում մատնանշված փաստարկների առնչությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Թիվ 17 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Թիվ 17/27 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի վստահված անձի` փոստով ուղարկած դիմումի անհետացման, ինչպես նաև այդ ընտրատեղամասում` դիմողի կողմից վկայակոչված ընտրախախտումների փաստերի վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

22 հունիսի 2012 թ.

ՍԴՈ-1034